Սերժ Սարգսյան. «Ինչ եմ անելու 2018 թվականից հետո՝ անընդհատ հարցնում են ինձ»

1237
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 25-ին, Արցախում:
2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին վերջերս պատրաստած ֆիլմում, լրագրողի հարցին՝ «Դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։