Սա պետական մակարդակի կեղծարարություն է՝ Դանիել Իոաննիսյան. Ա1 պլյուս

3828

Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրելով ընտրողների ցուցակներ կազմել։

«Մենք զանգեցինք 136 դպրոցներ և մանկապարտեզներ՝ 103 դպրոց և 33 մանկապարտեզ։ Ներկայացանք Հանրապետական կուսակցությունից և սկսեցինք հարցեր տալ ցուցակների հետ կապված»,- ըստ Ա1 պլյուսի ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Տնօրենների ավելի քան 80%-ը  ասել  է, որ քաղաքացիների է հավաքագրում, որոնք խոսք են տվել քվեարկել ՀՀԿ-ի համար։ Իոաննիսյանն ասել է. «Երբ ասում էինք՝ Հանրապետականի կենտրոնական շտաբից Պողոսն է, օրինակ, դա կախարդական բառ է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների համար։ Իրենք պատմում են ամեն ինչ»։

Իրազեկ քաղաքացիների միավորումը  ռեկորդակիրը գնահատում է Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենին՝ Աստղիկ Ավետիսյանին, որին իր  ամուսնու հետ  հաջողվել է շուրջ 1700 հոգու հավաքագրել։

«Վստահելի՞ մարդիկ են իրենք»,- աշխատակցի հարցին Աստղիկ Ավետիսյանը պատասխանում է. «Լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են։ Իրենց հետ մենակ ես չէ որ խոսել եմ, իրենց հետ մի ամիս ա աշխատանք ենք տանում, ոնց ասեմ։ Կարող էինք 10 000 հոգի գրեինք, բայց հաստատ անիմաստ թվեր չէինք գրի։

Աշխատակիցը հետաքրքրվում է՝ որքանով Հանրապետականում վստահ լինեն, որ դպրոցի տնօրենի ցուցակում հայտնված  մարդիկ կքվեարկեն հօգուտ ՀՀԿ-ի։

«Լրիվ, իրենց հետ արդեն աշխատում են մի ամիս, ամեն օր, ամենավերջի ձևով վախեցնելով»,- պատասխանում է Աստղիկ Ավետիսյանը։

Մեկ այլ՝ Երևանի թիվ 43 դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանը խոստովանում է, որ ներկայացրել է մոտ 80 հոգուց կազմված ցուցակ։ Նաև հանձնարարել է ուսուցիչներին աշխատել ծնողների հետ։ «Ես ծնողներին ու դասղեկներին էլ եմ ասել, որ աշխատեն էդ ուղղությամբ, շուտով իրենք էլ կբերեն որոշ քանակի ցանկեր հավատարիմ մարդկանց՝ միջավայրից»։

Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է՝ իրենց 114 ձայնագրություններն ապացույցն են այն բանի, որ այս անգամ էլ է ՀՀԿ-ն ընտրակեղծիքների գնալու. «Սա պետական մակարդակի չարաշահում է, սա պետական մակարդակի կեղծարարություն է։ Միակ իրավական քայլը, որ արդար կլինի ու ընտրական օրենսգրքից կբխի, դա Հանրապետական կուսակցությանը ընտրապայքարից հանելն է, գրանցումը չեղյալ հայտարարելն է ԿԸՀ-ի կողմից»։

Իոաննիսյանն ասել է, որ թեև տնօրենների հետ խոսելիս սխալ են ներկայացել և առանց նախազգուշացնելու ձայնագրել խոսակցությունները, սակայն այդ կերպ  չենք խախտել  օրենսդրությունը: Այդ քայլին գնացել են որպես ծայրահեղ միջոց, քանի որ այս աշխատանքը իրականում պետք է անեն իրավապահները՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական հնարավորությունները: