«Ընտրակեղծարարների պատ». կեղծարար 72 անձանց տվյալների շտեմարան

772

Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։

Հանրությանն այն հասանելի է http://transparency.am/hy/elections/falsifiers կայքէջում և ներառում է  2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված 72 անձանց և նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։

Ընտրակեղծարարների ցուցակը ներառում է ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ինչպես նաև կողմնակի անձանց։ Ընտրակեղծարարների պատը պարունակում է ընտրակեղծարարների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ մասնագիտությունը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, լուսանկարը,  ընտրատեղամասը, որտեղ կատարվել է խախտումը, ընտրախախտման նկարագրությունը, խախտման փաստով բողոքարկումը կամ քրեական գործի հարուցումը և ընթացքը՝ փաստարկված համապատասխան  տեսանյութերով կամ լուսանկարներով:

Այնտեղ օգտագործվել են  ինչպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ընտրախախտումների դեպքերը և դրանց վերաբերյալ  իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տվյալները։

Հիմնվելով մեր կատարած հետազոտության տվյալների վրա՝

հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հիմք ընդունել ընտրակեղծարարների ներկայացված ցուցակը՝ բացառելու նրանց ներգրավումն ընտրական հանձնաժողովների կազմում և ընտրությունների հետ կապված որևիցե այլ դերակատարումը,

առաջարկում ենք լրատվամիջոցներին, դիտորդության մեջ ներգրավված կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր ընտրողներին օգտագործել սույն տվյալների շտեմարանը ապրիլի 2-ի Ազգային ժողովի, ինչպես  նաև հետագա ընտրությունների ընթացքում՝ բացահայտելու հիշյալ ընտրակեղծարարներին և պաշտպանելու ընտրական գործընթացները,

դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են հետամուտ լինել Հայաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ապահովելու գործին, հաշվի առնել «Ընտրակեղծարարների պատ»-ին գտնվող անձանց տվյալները՝ բացառելու նրանց որևէ ֆինանսավորման տրամադրումը, ինչպես նաև քննարկել այլ պատժամիջոցների կիրառումը:

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հաղորդակցության ու ջատագովության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 091439050 հեռախոսահամարով կամ haykak@transparency.am էլեկտրոնային փոստով: