Ֆարմանյանի պատասխանը «Սեյրան Օհանյանի հետ նույն ճամբարում գտնվող» Թաթուլ Հակոբյանին

1138

Երկար, շա՜տ երկար եմ մտածել այս հարցի շուրջ արտահայտվել-չարտահայտվելու նպատակահարմարության մասին: Հիմա էլ, հավանաբար, լավագույն օրերը չեն այս թեմայի շուրջ արտահայտվելու համար՝ պայմանավորված նախընտրական աղմուկով, առավել ևս այս հարթակում՝ սոցիալական ցանցերում, հետճշմարտային մշակույթի ցցուն, ճչացող տիրապետության պայմաններում: Ինչևէ, վիճակը գցված է…

1. Ժամանակ առ ժամանակ մամուլի տարբեր միջոցներում հրապարակվում, քննարկվում ու քննադատվում է պետական այս կամ այն բարձր պաշտոնն զբաղեցրած կամ զբաղեցնող անձի՝ զինված ուժերում ծառայած լինել-չլինելու, դրանով պայմանավորված՝ այս կամ այն պաշտոնյայի՝ «հայրենասեր» լինել-չլինելու հարցը: Գաղտնիք չէ, որ այդ շարքում, երբեմն, իր պատվավոր տեղն է գտնում նաև իմ ազգանունը (վերջին անգամ իմ կողմից շատ հարգված լրագրող, մեծ աշխատանք կատարող, բայց, ցավոք, նախընտրական շրջանում իր գրչի անաչառությունը (հուսանք ժամանակավորապես) մի կողմ դրած Թաթուլ Հակոբյանի կողմից): Մի կողմ եմ թողնում հանգամանքը, որ ինքս հասկանում եմ նման հրապարակումների փաստական հարուստ հենքը, խնդրի բարձրացման բարոյական ու ոչ միայն բարոյական ենթատեքստը ու կարևոր այլ հանգամանքներ, և ուզում եմ կենտրոնանալ կոնկրետ մեկ անձի՝ իմ օրինակի վրա, բնավ ցանկություն չունենալով հակադարձել այս թեման շահարկող որևէ մեկին կամ վիրավորել որևէ հեղինակի:

2. Ինքս ՀՀ զինված ուժերում, այո, ծառայություն չեմ անցել: Անկեղծորեն էլ ասեմ, որ, նույնիսկ, երբեք մտքովս էլ չի անցել ծառայություն անցնել զինված ուժերում: Ու պատճառը, որքան էլ զարմանալի թվա այդ թեման շահարկող ինչ-որ մարդկանց, ոչ թե այն է, որ ես խուսափել եմ զինվորական ծառայությունից, այլ այն, որ գործող օրենսդրության համաձայն, եթե որևէ մեկը իր ուսումնառությունը շարունակում է մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, կրթության շարունակականության իրավական հիմնավորմամբ ստանում է տարկետման իրավունք և թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո ազատվում պարտադիր զինծառայությունից:

Ի միջի այլոց, հատուկ Թաթուլ Հակոբյանի և թեմայով հետաքրքրված այլ լրագրողների համար արձանագրեմ, որ ոսկե մեդալով, մի քանի տարի անընդմեջ այդ շրջանում հանրապետության լավագույն դպրոց ճանաչված, Գյումրու ակադեմիական վարժարանն ավարտելուց հետո, 1995 թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ ընդունվել, իսկ այնուհետ գերացանցության դիպլոմով բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել, ապա նաև՝ նույն առաջադիմությամբ արտերեկրում կրթությունս շարունակել, ու հաջողությամբ ասպիրանտուրան ավարտել ու ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող մեր անվանի հայրենակից Ս.Ա. Արությունովի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսությունս պաշտպանել եմ բացառապես իմ երակներում հոսող ուսումնատենչության, տքնաջան աշխատանքի, սոցիալական բարդագույն պայմաններում մաքառման ու հաստատակամության արդյունքում, այլ ոչ թե այն պատճառով, որ ունեցել եմ ինչ-որ մեկին, ով կարող էր ինձ համար ճանապարհ հարթել և այս մասին գիտեն բոլոր-բոլորը, ովքեր ինձ գոնե մի քիչ ճանաչում են:

3. Ամենակարևորն այստեղ այլ բան է: Երբ ինքս հաղթահարում էի ուսումնական, թվում էր, անավարտ այդ ողջ ընթացքը, դիմակայելով այդ տարիներին բնորոշ սոցիալական բարդագույն պայմաններին՝ ուսման վարձի հայթայթումից մինչև մայրաքաղաքում վարձով բնակվելու հարուցած դժվարություններ, վստահ էի, ու այսօր էլ վստահ եմ, որ հաջողության ավելի վստահելի հենարան, քան ամուր գիտելիքներն ու լավ կրթությունն է, լինել չի կարող: Ավելին, ոչ միայն իմ, այլև, հավանաբար, իմ համակուրսեցի պատմաբաններից և ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ ի տարբերություն նրանց, ովքեր ուսանողական կյանքը նվիրում էին «կյանքին», իսկ բակալավրիատի ավարտին զորակոչվում բանակ, նրանք, ովքեր «գիրք էին կրծում», ապագա Գրիչների կողմից որակվելու են որպես «բանակից խուսափած անհայրենասերներ», իսկ իրենք՝ «հայրենասեր տղեք»:

4. Անշուշտ, Հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից և արժանի է ամենաբարձր հարգանքի: Չկա ավելի բարձր առաքելություն, քան Հայրենիքի պաշտպանությունն է: Չկա ավելի մեծ հարգանքի արժանի մարդ՝ քան հայ զինվորն ու սպան: Սակայն այդ ո՞ր մի տկարամտի մտքով է անցնում, որ Հայրենիքին ծառայում են միայն զինվորական ծառայություն անցնելով: Այդ ինչպիսի՞ կրթություն են ստացել կամ, հավանաբար, չեն ստացել, այդ էակները, որոնք, առանց մտքի մկանները լարելու, նման արձանագրումներ են կատարում: Ցավալին այստեղ այլ բան է և դա էլ պետք է արձանագրել: Մեր մտավորականությունը, մեր ակադեմիական ու բուհական էլիտան այսօր այնքան է խճռել իր հանրային բարձր առաքելությունը, որ նման արձանագրումներ, ցավոք, կամ չեն արվում կամ էլ արվում են կիսաձայն: Մինչդեռ, առավել քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության մեր բոլորիս երազած ապագան անցնում է բացառապես ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ճանապարհով: Բոլոր թերահավատներին՝ վերընթերցել Հայոց պատմությունը…

Հ.Գ. Հարգարժան Թաթուլ Հակոբյանը, իր հեղինակային սյունակում, նաև անդրադառնում է իմ՝ «ՀՀ Զինված ուժեր – 20 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրված լինելու փաստին: Նախ, արձանագրեմ, որ ես, որոշ բացառություններով, ընդհանրապես, ավելորդ եմ համարում, պետական ու գերատեսչական նման բոլոր տեսակի կոչումները, պարգևներն ու մեդալները, ինչի մասին արտահայտվել եմ նաև հրապարակայնորեն, և ինձ ճանաչողները լավ գիտեն, որ տարբեր առիթներով ձեռնպահ եմ մնացել «պարգևատրվելուց»: Պարզապես, 2012 թ. հունվարին, երբ ես ղեկավարում էի Հանրային հեռուստաընկերության լրատվական ու քաղաքական հաղորդումները, այն ժամանակվա ՊՆ պրն. Սեյրան Օհանյանի կողմից կայացվել էր նման որոշում՝ զինված ուժերի տեղեկատվական ապահովման գործում իմ ունեցած համեստ ներդրման հիմնավորմամբ, ինչի մասին ես տեղեկացել եմ պոստֆակտում և մեծամտություն համարել այն մերժելը: Այս մասին էլ գիտեն Հանրայինի իմ նախկին գործընկերները: Ի միջի այլոց, եթե Թաթուլ Հակոբյանին իսկապես մտատանջում է այդ հարցը, ապա ինչու՞ չդիմել պրն. Սեյրան Օհանյանին՝ հարցմամբ, թե ի՞նչ հիմնավորմամբ և ինչու՞ է ինձ պարգևատրել գերատեսչական այդ մեդալով: Մանավանդ, որ իրադարձությունների թելադրանքով Թաթուլ Հակոբյանն ու պրն. Օհանյանն այսօր գտնվում են նույն ճամբարում:

Սամվել Ֆարմանյան

ԱԺ պատգամավոր

Կարդալ նաև

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը