Ջրաձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ամասիայի շրջան

4452

Ջրաձոր գյուղը շուրջ 300 բնակչությամբ գյուղ է Ամասիա համայնքի կազմում, սահմանակից է Հողմիկ, ԱրեգնադեմԲանդիվան գյուղերին:

Նախկինում ունեցել է Ջալաբ, Ջալաբ կեչուտ, Թալինկի անունները, Ջրաձոր է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:

Ջրաձորը գտնվում է Երևանից 150, մարզկենտրոն Գյումրիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Ախուրյանի ձախակողմյան Հողմաջուր գետի աջ ափին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ Ջրաձորը, ըստ մարդահամարների և հաշվառումների, ունեցել է.

1831 թվական – 206 բնակիչ, բոլորը՝ հայ,

1873 թվական – 428 բնակիչ, բոլորը՝ հայ,

1886 թվական – 525 բնակիչ, բոլորը՝ հայ,

1897 թվական – 646 բնակիչ, բոլորը՝ հայ, Համառուսական մարդահամար

1908 թվական – 750 բնակիչ, բոլորը՝ հայ,

1914 թվական – 825 բնակիչ, բոլորը՝ հայ,

908 բնակիչ, ըստ Կովկասյան օրացույցի

1916 թվական – 751 բնակիչ, բոլորը՝ հայ,

1919 թվական – 657 բնակիչ, բոլորը՝ հայ,

1922 թվական – 273 բնակիչ, բոլորը՝ հայ,

1926 թվական – 490 բնակիչ, բոլորը՝ հայ, ԽՍՀՄ առաջին մարդահամար

1931 թվական – 587 բնակիչ, բոլորը՝ հայ:

Ամասիայի և Աշոցքի շրջանը կամ տարածքը, որը պատմագրության մեջ հանդիպում է նաև Աղբաբա ձևով, 1920-ին Հայաստանի Առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ “զիջումը” բացատրվում էր ոչ միայն հանուն “հայ-թուրքական բարեկամության” ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան:

1831-ի տվյալներով, որ բերում է Զավեն Կորկոտյանը իր “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ, Աղբաբայի շրջանում բնակչության քանակը եղել է 4.871, որից հայերը 1.420 հոգի, մուսուլմանները՝ 3.451 հոգի:

Կորկոտյանի աշխատության մեջ այն տվյալները, որոնք հիշատակված են զանազան աղբյուրներում առանց մանրամասնելու նրանց՝ ըստ բնակավայրերի, և հեղինակի համար հնարավոր չի եղել պարզաբանել, այդպիսի դեպքերում բնակչությունը գրված է բոլոր բնակավայրերից հետո առանձին տողով որպես “հաշվարկված բնակչություն”: Այդ պատճառով, Կորկոտյանի ցուցակներում նշվում են բնակավայրերի անունները, սակայն չի նշվում, թե որ բնակավայրում որքան է եղել բնակչությունը: Բացառություն են կազմում միայն հայկական գյուղերի մեծ մասը և մուսուլմաններից միայն մեկ գյուղ:

Ահա Կորկոտյանի ցուցակի այն գյուղերը այբբենական կարգով, որտեղ հստակ է և՛ բնակչության քանակը, և՛ թե ովքեր են բնակվում.

Բայթար                                                       27 հոգի, բոլորը՝ իսլամ

Բանդիվան ներքին                                     213 հոգի, բոլորը՝ հայ

Թաքնալի                                                     153 հոգի, բոլորը՝ հայ

Թորոս գյուղ                                                180 հոգի, բոլորը՝ հայ

Ղարաքիլիսա Իլլի                                       175 հոգի, բոլորը՝ հայ

Շիշթափա մեծ                                              175 հոգի, բոլորը՝ հայ

Չոռլի                                                              28 հոգի, բոլորը՝ հայ

Ջալաբ                                                          206 բնակիչ, բոլորը՝ հայ,

Սալուտ                                                         175 հոգի, բոլորը՝ հայ

Փալըթլի                                                       127 հոգի, բոլորը՝ հայ

Medion DIGITAL CAMERA
Բանդիվան

Աղբաբայի շրջանի մյուս տասնյակ գյուղերի մասին Կորկոտյանի ցուցակներում բնակիչների թիվը սկսվում է նշվել 1873-ի և հետագա մարդահամարներից: Այսպես, Աշոցք (Ղզլղոչ, Ղուկասյան) գյուղում առաջին անգամ բնակչության թիվը նշվում է 1873 թ. մարդահամարով՝ 438 հոգի, բոլորը՝ հայ:

Աղբաբայի շրջանը մտել է Կարսի մարզի մեջ, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին: Պարսկական տիրապետության շրջանում: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասը:

Ամասիայի շրջանը 608 քառակուսի կիլոմետր տարածքով կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերին, իսկ Ղուկասյանի շրջանը՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքով՝ 1937 թվականի դեկտեմբերին:

Դիտել նաև՝