Հաց բերողի մահվան փաստը շահարկելը նախընտրական փուլում անընդունելի է. Շարմազանով

965
Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո անդրադարձել է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվանը, հաղորդում է Ազատությունը:

«Մեր ցավակցությունն եմ հայտնում, բոլորիս անունից: Ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է մեզ համար»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ անընդունելի է նախընտրական փուլում Սարգսյանի մահվան փաստը շահարկել:

«Կան մարդիկ, որ անկեղծորեն են ցավում: Սա ողբերգություն է, և սրա վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում»,- ասել է Շարմազանովը, ընդգծելով, որ կան ուժեր, մարդիկ, ովքեր փորձում են այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, կամ դիվիդենտներ շահելու:

«Ինչ վերաբերում է [իշխանության հասցեին] մեղադրանքներին, որքան ես տիրապետում եմ ինֆորմացիային, կարծում եմ՝ այդ ինֆորմացիան հնարավորինս մոտ է օբյեկտիվին, Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակ մի քանի անգամ նրա բուժող բժիշկները, շտապօգնությունը նրան առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, նա մերժել է: Այս ամենը արձանագրված է»,- ասել է ՀՀԿ խոսնակը: