«Հաց բերողը» մահանում էր դժվար, տառապանքով` ազատության ու բարոյականության համար

1344

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հաց բերողի» մահվան առիթով գրել է.

«Հաց բերողը» մահացավ:

Մահացավ:

Իրականում «Հաց բերողը» մահանում էր իր երկրորդ ձերբակալության և բանտային ռեժիմի դատապարտվելու օրվանից:

Մահանում էր դժվար, տառապանքով, և մահանում էր ազատության ու բարոյականության համար:

Իր, իմ, մեր հասարակության ազատության և մարդկային պարզ թվացող բարոյականության համար:

Ինչպես ապրել էր՝ այդպես էլ մահանում էր՝ ոչ մեկի և ոչինչ չդապարտելով, ոչ մեկի և ոչինչ չպարտադրելով, և ինչպես ապրելով էր ապրել հանուն կյանքի ու բարոյականության, այդպես էլ մահանում էր հանուն կյանքի ու ազատության:

Կյանքը, բարոյական նորմալ մարդկային կյանքը և անազատությունը անհամետեղելի են:

Անազատությունը նորմալ բարոյական մարդու համար այն հիվանդություններից է, որոնց բժիշկներն անվանում են «անհամատեղելի է կյանքի հետ»:

Նրա մահվան վկայականում հավանաբար կգրվի «աճուկային ճողվածքի բորբոքմամբ ծանր վիճակում վիրահատությունից հետո ուշքի չի եկել», և սա, հավանաբար, բժշկական ճշմարտությունն է:

Բայց սա միայն կիսաճշմարտությունն է, որովհետև ամբողջական ճշմարտությունը բժշկական ճշմարտությունից անդին է՝ «Հաց բերողը» մահանում էր երեք շաբաթ շարունակ, կյանքը զոհաբերելով բարոյական ազատությանը:

Բժշկական ճշմարտությունը հաղթաթուղթ կլինի բարոյական, նորմալ մարդուն երկրորդ անգամ անազատության դատապարտած պաշտոնական մարմինների ու անձանց համար:

Ես չեմ կասկածում, որ մի օր մեր իրավաբանական դասագրքերում այս դեպքը կներկայացվի որպես արդարադատության աղաղակող սխալ, ու ցավոք, երբեք չի գրվի, որ սա ոչ թե սխալ էր, այլ հաշվեհարդար բարոյականության դեմ:

Օրվա բոթը՝ արդարադատությունը հաղթեց բարոյականությանը: Անհնար թվացող նախադասություն: