Սարգսյան. «Պատերազմը լուծման միջոց չէ՛. բանակցություններին այլընտրանք չկա»

706

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Ներկայացնում ենք որոշ հատվածներ: 

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը:

Վերջին տարիներին մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը:

Բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին և Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով:

Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:

Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:

Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ բերեմ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:

Հայաստանի տնտեսական զարգացումը մենք տեսնում ենք տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք:

Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար:

Արխիվային լուսանկար