Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ռիբրենդինգի կամավոր զոհերը, մարտիրոսները

1026

Հայաստանի հայաթափման իմաստով Սերժ Սարգսյանի ու իշխող ՀՀԿ-ի ինը տարիները որոշակի նմանություններ ունեն 1603-1605 թվականների հետ, երբ պարսից Սեֆյան դինաստիայից Շահ Աբասը Կարսից մինչև Նախիջևան՝ ողջ Արարատյան աշխարհը, հայաթափ արեց՝ բնիկ ժողովրդին քշելով Արաքսի այն ափ՝ դեպի իր նոր մայրաքաղաք Սպահան։ Մոտ 64 հազար հայ ընտանիքներ քշվեցին դեպի Պարսկաստանի կենտրոնական հատված կամ 300-350 հազար հայություն։

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանից հեռացել է 350 հազար հայ։ Անշուշտ, ոչ Սարգսյանը անձամբ, ոչ է ՀՀԿ-ն որպես կառույց Հայաստանի բնակիչներին ստիպողաբար պանդխտության չի քշել, ինչպես Շահ Աբասը երեք դար առաջ։ Բայց վերջնարդյունքը նույնն է։ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանը գրանցել է սարսափելի սոցիալ-տնտեսական արդյունքներ, ինչը, ինչպես նաև ապագայի հանդեպ հավատի բացակայությունը, հայաստանցիներին ստիպել է բռնել պանդխտության ճամփան։

Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ ընտրություններից առաջ չասոցացվի ՀՀԿ-ի հետ: Սա զարմանալի չէ, այլ բնական ու տրամաբանական, քանի որ, առաջին՝ մարդիկ չեն ուզում լսել ՀՀԿ, ՀՀԿ-ական, Հանրապետական անունը, երկրորդ՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության ինը տարիներին Հայաստանը արձանագրել է սոցիալ-տնտեսական աղետալի արդյունքներ:

«Անվտանգություն, առաջընթաց» կարգախոսով ժողովրդին ներկայացող ՀՀԿ-ն ու նրա պայծառ դեմքերը՝ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մյուսները իրականում կապ չունեն իշխող ՀՀԿ-ի անցյալի հետ։

Այդ մարդիկ ռիբրենդինգի կամավոր զոհերն են, եթե կուզեք՝ մարտիրոսները, նահատակները։

Այս պայծառ, լուսավոր դեմքերից յուրաքանչյուչրի հետևում պետք է տեսնել Սերժ Սարգսյանին ու միայն Սերժ Սարգսյանին։

Այս պայծառ, լուսավոր դեմքերի հետևում պետք է կարդալ կեղծված Հանրաքվեն ու տեսնել իշխող վարչակարգի ու Սերժ Սարգսյանի ցողունային բջիջները։

Նախընտրական այս օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ական թիմը շրջում է Հայաստանում և տալիս շռայլ խոստումներ, ինչպես մյուս կուսակցություններն ու առաջնորդները։

Մենք չգիտենք «Ելքի» և մյուս դաշինքների ու կուսակցությունների համը, բայց գիտենք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի համը։

Դա 350 հազար արտագաղթն է։

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմը տարածք չէր կորցրել։ Սերժ Սարգսյանի ժամանակ կորցրեց 800 հեկտար։ ՀՀԿ-ականները ոչ միայն չեն ուզում հիշել դա, այլև նախընտրական քարոզարշավում, իրենց նոր դեմք տալու համար չեն խորշում անգամ բեմ հանել զոհված, հերոս տղաների մայրերին։

Երբ Կարեն Կարապետյանը խոսում է 2017-ի համար 830 միլիոն ներդրումների մասին, մենք պարտավոր ենք հիշել ու հիշեցնել, որ այդպիսի թիվ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն ունեցել նախկին ինը տարիներից և ոչ մեկի ընթացքում, իսկ 2015-ին այդ թիվը կազմել է խղճալի 123 միլիոն դոլար։

Երբ Կարեն Կարապետյանը նախընտրական շռայլությունների մեջ է ընկնում, մենք պետք է հիշենք, որ ամեն օր Հայաստանից արտագաղթում է 100 մարդ, իսկ Հայաստանի արտաքին պարտքը ամեն օր ավելանում է 1․2 միլիոն դոլարով։ Դա Կարապետյանի, Սերժ Սարգսյանի պարտքը չէ, դա մեր՝ Հայաստանում մնացածների պարտքն է, որ մեզ վրա կուտակում է ՀՀԿ-ական վարչակարգը։

Երբ Կարեն Կարապետյանը Գյումրիում մուննաթ է գալիս՝ ինչու ե՞ք դիլխոր, նրա մտքի ծայրով իսկ չի անցնում, որ նույն Գյումրիում ամեն օր հազարավոր ընտանիքներ ու երեխաներ կիսաքաղց են մտնում անկողին։ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանում աղքատությունը 20 տոկոսից հասավ 30 տոկոսի։

Հարգարժան ՀՀԿ-ական ռիբրենդինգի կամավոր նահատակներ, Դուք, ինչպես մյուս կուսակցություններն ու գործիչները, իրավունք ունեք նախընտրական շռայլությունների մեջ լողալ, որովհետև ամենամեծ ստերը հնչում են հենց նախընտրական ժամանակ։

Մենք՝ լրագրողներս, իրավունք ունենք ամեն օր հիշեցնել, թե ինչ եք արել Դուք անցնող ինը տարիներին։ Մենք Ձեզ ամեն օր հիշեցնելու ենք այն, ինչ հիշելը Ձեզ ձեռնտու չէ։ Դա կանենք, քանի դեռ մյուս 350 հազար հայերի հետ չենք բռնել պանդխտության ճամփան։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի