Հարգելի՛ հայրենակիցներ,
Դաշտում հունձ անող գյուղացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա, գործարարից մինչև նեղ ոլորտային մասնագետ, առհասարակ՝ ցանկացած աշխատավոր մարդ, ցանկացած մարդ պետք է լինի մեծարված, գնահատված և մշտապես գտնվի պետության ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք բոլորն իրենցից ներկայացնում են մեկ միասնական և արժանապատիվ կերպար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ անկախ պաշտոնից, դիրքից, մասնագիտացումից և սոցիալական կարգավիճակից: Հենց այս մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներն են մեր երազած ապագայի երաշխավորները՝ բանիմաց, ջանասեր, հպարտ և ապագային նայող, այսօր այդ ապագան իրենց տքնաջան աշխատանքով կերտող:
Մենք պատրաստ ենք աշխատելու յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար:
Մենք հավատում ենք մեր ժողովրդին, հավատում ենք աշխատելու, սովորելու, նորն ընկալելու և կիրառելու նրա ունակությանն ու պատրաստակամությանը:
Մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա: Այո՛, ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ և պետության առաջընթացի կարևոր խթան: Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ էլ հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները:
Փաստ է, որ մենք այսօր ունենք խնդիրներ և դժվարություններ, բայց այն պատմական ճանապարհը, որը մենք անցել ենք, այն դժվարությունները և խոչընդոտները, որոնք մենք միասին հաղթահարել ենք, պարզապես վերաիմաստավորելու դեպքում բավարար են, որպեսզի գիտակցենք, որ այսօրվա խնդիրները ոչ թե անհաղթահարելի են, այլ հե՛նց հաղթահարելի են: Եկե՛ք լինենք լավատես, լցվե՛նք ամուր հավատով և դժվարությամբ ձեռք բերած մեր պետությունն անվտանգ պահելով, առաջ ընթանալով՝ դարձնենք այն մեր երազած ՀԱՅԱՍՏԱՆԸ:
ԱՆՎՏԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ, մեծ է զինված բախումների հավանականությունը: Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը և դրա վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը կրկին ապացուցեցին, որ մեր երկրի անվտանգության մակարդակի անընդհատ և հետևողական բարձրացումն այլընտրանք չունի։
Ոչ մի ազգ և ոչ մի երկիր մեր կողմից չի ընկալվում իբրև թշնամի։ Նույն կերպ հայ ժողովուրդը պահանջել և պահանջելու է, որ հարևան երկու երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյության, ինքնիշխանության, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող ու սեփական հասարակությանը դեպի բռնություն և այլատյացություն մղող քաղաքականությունը:
Մեր գործողությունները շարունակելու ենք ուղղել առաջին հերթին ազգային անվտանգության ինչպես առկա, այդպես էլ հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների բացահայտմանն ու չեզոքացմանը, մեր ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը:
Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառել են և ներառելու են քաղաքական, դիվանագիտական, իրավական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և նպատակների իրականացումը շարունակելու է մնալ առաջնային: Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն է բերելու ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդման գործում:
Միաժամանակ շարունակվելու են խորանալ գործընկերային հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հետապնդելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինված ուժեր – հասարակություն համագործակցության խորացման, պաշտպանական համակարգի շարունակական բարեփոխման նպատակներ:
Անվտանգության բնագավառը ներառում է նաև սոցիալական պաշտպանությունը, մարդու կյանքի, սեփականության և այլ իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը, պարենային անվտանգությունը: Մենք հասնելու ենք նրան, որ մեր քաղաքացին վստահ լինի՝ վաղվա օրն այսօրվանից ապահով է լինելու: Մեր քաղաքացին, ծանր վիճակում հայտնվելով, պետք է զգա պետության աջակցությունը: Դրան հասնելու համար մենք շարունակելու ենք ներդնել աղքատության նվազեցման կայուն մեխանիզմներ, ապահովելու ենք նվազագույն աշխատավարձի շարունակական աճ և էապես բարեփոխելու ենք մարդկանց զբաղվածությունն ապահովող պետական քաղաքականությունը: Միաժամանակ ձգտելու ենք նրան, որ մարդը, լինելով աշխատունակ, նվազագույնս զգա պետական սոցիալական ապահովության կարիքը, քանի որ ի վիճակի է լինելու սեփական աշխատանքով ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը:
ՄԵՐ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ԽԱՐԻՍԽԸ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Մեր պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը և շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության հանդեպ ոտնձգություններին:
Մենք չենք մտնելու սպառազինությունների ինքնանպատակ մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն լավ պատկերացնում ենք մեր զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:
Մենք շարունակելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության։ Այս ուղղությամբ շատ կարևոր արդյունքներ ունենք, որոնք գալիք տարիներին միայն ավելանալու են։ Մեր բանակի արդիականացման ճանապարհին մենք ոչ մի միջոց չենք խնայելու:
Որևէ զենք կամ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն ու սպան են, որ բազմիցս ապացուցել են՝ մարտի դաշտում որոշիչը ոգին է, զենքը գործածելու կարողությունն ու մղումը, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումն ու առաքինությունը: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր քաջարի զինվորներն ու սպաներն են: Մեր ջանքերի հսկայական բաժինը շարունակելու է ուղղվել զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների հետագա կատարելագործմանը:
Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ:
Մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառաջադեմ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:
Սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացի մշտական կատարելագործումը մեր գերակայություններից է։ Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Սրան են ուղղվելու մեր քայլերը։
Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:
Մեր զինված ուժերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք հնարավորինս առավելություն ենք տալու հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ ստեղծվող նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են գտնելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ, և բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:
Եվ ամենակարևորը. կոռուպցիան արմատախիլ պետք է անել զինված ուժերից, և բանակի անձնակազմը վերջնականապես պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից` հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրա։ Սա թիվ մեկ խնդիրն է, որի ուղղությամբ վերջին շրջանում էական ձեռքբերումներ ունենք, և որը մենք հիմնովին լուծելու ենք գալիք տարիների ընթացքում։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու:
Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը:
Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:
Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը:
ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ՄԻՏՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն են, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Արդեն 25 տարի է մենք փաստացի գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ: Սա ընդունել ենք որպես փաստ և շարժվում ենք առաջընթացի ճանապարհով՝ անկախ այդ հանգամանքից:
Մենք նոր թափ ենք հաղորդելու Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերություններին, հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա, և շարունակելու ենք ամրապնդել ու զարգացնել մեր հարաբերությունները գործընկեր երկրների հետ:
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված: Մենք նոր մակարդակի ենք բարձրացնելու Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական գործընկերությունը։
Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր թափ հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը:
Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։
Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու ենք մեր գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար:
Մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ:
Հայ ժողովրդին բնորոշ են հյուրընկալությունն ու հանդուրժողականությունը, միաժամանակ՝ մեր ավանդական արժեքների պահպանումը, զարգացումը և խթանումը: Արտաքին աշխարհի և արտասահմանյան մեր գործընկերների հետ հարաբերություններում ազգային այս դիմագիծը մշտապես վերահաստատելու անհրաժեշտություն կա:
Արտաքին հարաբերություններում հատուկ կարևորելու ենք Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տնտեսական ներդրումների մուտքը դեպի մեր պետություն՝ նախապես բարենպաստ տնտեսական միջավայր ստեղծելով թե՛ տեղական գործարարի, ձեռներեցի, թե՛ օտարերկրյա ներդրողի համար:
Շարունակվելու են ջանքերը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար:
ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍՓՅՈՒՌՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի Հանրապետությունը համայն հայության Հայրենիքն է: Մենք ապահովելու ենք այնպիսի միջավայր, որ Հայաստանը լինի հայերի միավորման, հնարավորությունների և ողջ ներուժի իրացման կենտրոն:
Պատմության ընթացքում մեր ազգը ճակատագրական պահերին մշտապես ապացուցել է իր համախմբվածությունն ու միասնականությունը: Անկախացումից ի վեր մեր քույրերը և եղբայրները մշտապես Հայրենիքի կողքին են և ամեն օր պատրաստ են պաշտպանելու Արցախը:
Սփյուռքը մեր հպարտությունն է, իսկ սփյուռքի գոյությունը՝ մեր դժվարին պատմության արդյունքը: Սփյուռքի հետ մենք միասնական ենք, և Հայաստանը մեր միասնականության, ձգողականության ու համախմբման կենտրոնն է: Պետք է անենք հնարավորից ավելին, որ մեր բոլոր հայրենակիցները միավորվեն Հայրենիքի շուրջ:
Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները չպետք է իրենց զգան զուտ բարերարներ, և մենք չպետք է նրանց դիտարկենք որպես այդպիսին: Բազմաթիվ ոլորտներում նրանք ունեն հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց ներդրումը և կիրառումը մայր Հայաստանում կարող են ստեղծել հասարակական նոր որակներ, առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք: Հայաստանը պետք է բիզնես ստեղծելու, զարգացնելու և շահույթ ստանալու համար գրավիչ լինի նաև նրանց համար: Համատեղ աշխատանքի այս ճանապարհով ենք մենք առաջ գնալու։
Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաև աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության և երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել առկա ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է ընձեռվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հնարավորությունները:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ
Մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի կառավարման համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, լայն մտածող մարդկանց քաղաքական մշակույթին:
Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Սահմանադրության կենսագործմամբ Հայաստանը պետք է կայանա որպես երկիր և հասարակություն, որտեղ՝
– իշխանությունը թափանցիկ է և վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ներկա և ապագա բարեկեցությունն է,
– արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից և անկաշառ է։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգված աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում ծառայելու հայրենիքին ու ժողովրդին և պահանջում է համապատասխան մասնագիտական որակ,
– հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային ներուժի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները պետական արդյունավետ քաղաքականության միջոցով,
– շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,
– մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, ռուսները, ասորիները, քրդերը, հույները և մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն:
Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն նորովի կառուցելու ազատ, արդար և ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Այսօր աշխարհում հաջողակ են ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ և այլ բնական պաշարներ, այլ այն երկրները, որոնք ունեն մարդկային ներուժի լիարժեք իրագործման անհրաժեշտ պայմաններ և միջավայր: Հայաստանի ամենամեծ «բնական պաշարը», ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է:
Իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած մարդ կարողանա բացահայտել և իրացնել իր ողջ ներուժը: Այդ միջավայրը կատարելագործելու համար շարունակվելու են լայն բարեփոխումները՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումից մինչև առանձին քաղաքացու սոցիալական պաշտպանվածության երաշխիքների ավելացում:
Պետական ծառայության համակարգը պետք է համալրվի բացառապես պրոֆեսիոնալ կադրերով՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, իսկ ծառայության անցնելու գրավականը պետք է լինի հայրենիքին նվիրումով ծառայելը և դրա դիմաց արժանապատիվ վարձատրություն ստանալը:
Մեր ախտորոշումն է. Հայաստանի Հանրապետության գործող պետական կառավարման համակարգը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացուն բավարար ծավալով օգտվել ՀՀ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններից, քանի որ դրանք երբեմն խճճված են և բարդ: ՀՀ քաղաքացիները, գործարարները հաճախ հիասթափվում են պետական ապարատի հետ շփումներից՝ պետական չինովնիկների բյուրոկրատական, սպասողական և նախաձեռնություններից զուրկ վարքագծի պատճառով:
Մեր նպատակն է հետխորհրդային դասական բյուրոկրատիայի տարբերակից անցում կատարել դեպի ճկուն, արդյունավետ և նախաձեռնող պետական կառավարման համակարգ:
Դրան հասնելու ճանապարհին կվերանայվի ՀՀ օրենսդրությունը հետևյալ խնդիրները լուծելու համար՝
- առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումների բացառում,
- պետական կառավարման մարմինների հաշվետվողականության ու թափանցիկության ավելացում, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծում,
գործադիր մարմինների համար կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում, որոնք հնարավորություն կտան չափել արդյունքները և խթանել գերատեսչությունների ու պաշտոնյաների նախաձեռնողականությունը, ակտիվ դիրքորոշումն ու եռանդը:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մեր ախտորոշումն է. մարզպետարաններում և համայնքապետարաններում բավարար արդյունավետ չեն թե՛ ընդհանուր կառավարումը, թե՛ հատկապես գույքի կառավարումը: Համայնքների բյուջեները, եկամուտներն ու ծախսերը բավարար թափանցիկ և վերահսկելի չեն ավագանիների ու հանրության համար։ Ֆինանսական շուկաները և հոսքերը բավարար հասանելի չեն մարզերին և համայնքներին, դրանով իսկ համաչափ զարգացման լուրջ արգելակ են հանդիսանում։
Մեր նպատակն է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացման, արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման ապահովումը: Այդ ուղղությամբ նախատեսում ենք՝
- օրենքով ամրագրել Կառավարության կողմից նշանակվող մարզպետի թեկնածուին ներկայացվող պահանջներ՝ հստակ սահմանելով իրավունքները և պարտականությունները: Համայնքների միավորմանը զուգահեռ շարունակել ապակենտրոնացման գործընթացը՝ ավելի լայն ծավալով պետական լիազորություններ փոխանցելով համայնքներին։ Միաժամանակ կվերանայվեն մարզպետարանների գործառույթները՝ կտրուկ սահմանափակելով տնտեսավարման գործառույթները,
- կանոնակարգել տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը,
- հստակ սահմանել յուրաքանչյուր մարզի և համայնքի զարգացման ծրագրերը, ապահովել այդ ծրագրերի համատեղելիությունը, փոխլրացումը և նպատակայնությունը։ Հատկապես կարևորել մարզերի զարգացման ռազմավարությունների առկայությունը՝ դրանք դարձնելով մարզում իրականացվող պետական քաղաքականության, հատկապես ներդրումային քաղաքականության որոշիչ ուղեցույց,
- համայնքների միավորման գործընթացին զուգահեռ՝ խոշոր համայնքներում ապահովել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը և բյուջեի կազմման հարցերում ավագանու դերակատարության բարձրացում,
- հանրային ծառայության բարեփոխումների շրջանակում արդյունավետ մեխանիզմներ ներդնել մի կողմից համայնքային ծառայությունը բավարար գիտելիքներ ու փորձառություն ունեցող արհեստավարժ մասնագետներով համալրելու, մյուս կողմից՝ նրանց մասնագիտական ու պաշտոնեական աճի համար,
- տեղական հարկերի համակարգում արդարացիության սկզբունքի հետագա տարածում, միասնական անշարժ գույքի հարկի՝ 2018 թվականից ներմուծում։
Սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնությունները շարունակական են լինելու։ Ծրագրում ենք սահմանամերձ բնակավայրերի զարգացման տեսանկյունից նոր հարկային խթանների և նոր նախաձեռնությունների իրականացման համար ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխում, նոր ռեսուրսների հայթայթում:
Մեզ մտահոգում է մեր համաքաղաքացիների առօրյա կյանքը մայրաքաղաքից դուրս, հատկապես՝ գյուղական համայնքներում: Մարդկանց օգտակար զբաղմունքի պայմանների ապահովումը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների ամենօրյա հոգածության առարկան: Այստեղ լուծումների ամենատարբեր սցենարներ կառաջարկվեն:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը, պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատաիրավական համակարգը:
Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը:
Մեր լուծումներն են. սահմանել՝
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն,
- ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի կիրառումը,
- ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով,
- ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը,
- ներդնել ազդարարների պաշտպանության և շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգ։
Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատական համակարգ, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ վերաբերմունքից, ինչը կա մեր հասարակության մեջ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր դատական ակտի կայացումն իրապես ընկալվի որպես արդարադատության հաստատում, և կողմերից ոչ մեկի մոտ չմնան կասկածներ կայացված ակտի օրինականության, անաչառության և հիմնավորվածության վերաբերյալ։
Մեր ախտորոշումն է. դատական համակարգն ունի ցածր վարկանիշ, որը պայմանավորված է ոչ միասնական դատական պրակտիկայով և դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով: Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է և, անգամ դատավորների մեծամասնության զգալի ծանրաբեռնվածության պայմաններում, առկա է վստահության այդ մակարդակից բխող ցածր դիմելիություն:
Նման իրավիճակը հատկապես սրվում է երեք հիմնական գործոնների պատճառով՝
- դատավորների անկախության ոչ բավարար մակարդակ,
- արդարադատության ոչ պատշաճ իրականացման համար դատարանի և դատավորների պատասխանատվության արդյունավետ մեխանիզմների բացակայություն,
- դատական գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության պահանջներից շեղում:
Արդյունքում. ՀՀ քաղաքացիները և տնտեսավարողները հաճախ նախընտրում են գործ չունենալ դատարանների հետ և իրենց շահերը պաշտպանելու համար հաճախ փնտրում են ոչ օրինական ճանապարհներ: Դատական գործերի քննությունները չունեն ողջամիտ ժամկետներ, ինչի արդյունքում դատավարության մասնակիցներից քննությունը չափից ավելի մեծ ժամանակ և ռեսուրսներ է կլանում:
Մեր նպատակն է. ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում դեպի արդար, վստահելի և արդյունավետ դատական համակարգ:
Դատական համակարգի կայացման կարևորագույն խնդիրը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանող պրակտիկայի ձևավորումն է՝ անկախության սահմանադրական երաշխիքների լիարժեք ապահովման միջոցով: Առաջին հերթին սա ենթադրում է 2018 թվականին ձևավորվող բարձրագույն դատական խորհրդի՝ դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված լիազորությունների իրականացման գործուն մեխանիզմների մանրակրկիտ սահմանում և ամրագրում:
Երկրորդ խնդիրն օրենսդրության մեջ դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների հստակեցումն է՝ միաժամանակ այն հավասարակշռելով դատավորների գործունեության գնահատման պատշաճ ընթացակարգերի ներդրմամբ: Մասնավորապես, նախատեսվում են իրավական ակտով յուրաքանչյուր դատական ատյանի գործառութային լիազորությունների շրջանակի հստակ սահմանում և դատավորի կողմից թույլ տրված էական խախտումների համար կարգապահական պատասխանատվության գործուն մեխանիզմների սահմանում:
Դատաքննության՝ ողջամիտ ժամկետներում իրականացումն ապահովելու համար նախատեսվում է՝
- դատավորների օպտիմալ քանակի և տեղաբաշխվածության որոշում և այս հարցին պարբերաբար պարտադիր անդրադարձի ապահովում,
- դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- իրավական ակտերով դատավարական գործողությունների կատարման և որոշումների ընդունման հստակ ժամկետների սահմանում, որոշ գործերի պարզեցված կարգով լուծման ընթացակարգերի սահմանում,
- վեճերի լուծման արտադատական ընթացակարգերի զարգացում, մասնավորապես արբիտրաժային տրիբունալների զարգացում, դատարանի որոշ լիազորությունների վերապահում նաև այլ մարմինների (օրինակ՝ նոտարներին):
Դատախազության և քննչական մարմինների գործունեության արդյունավետության հետևողական բարձրացմանը ևս առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու։ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում կհստակեցվեն դատախազության լիազորությունները, կորոշակիացվեն քննչական մարմինների կարգավիճակը և նրանց գործունեությանը ներկայացվող պահանջները։
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Պատմականորեն հայ մարդը եղել է աշխատող և իր քրտինքով հավելյալ արժեք ստեղծող: Բարեխիղճ ձեռներեցին, գործարարին, աշխատող և աշխատանք ստեղծող մարդուն պետք է աջակցել, օգնել: Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ: Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, և մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք: Հետևաբար, մենք շարունակական և բոլորի համար շոշափելի բարեփոխումներ ենք իրականացնելու տնտեսության մեջ, հարկային և մաքսային ոլորտներում, ինչը ներառելու է փոփոխություններ օրենսդրական և կադրային քաղաքականության մեջ:
Այսօր Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ: Պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին:
Տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու՝
- մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումը,
- ներդրումային միջավայրի հետագա բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը,
- տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրումը,
տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը
ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ
Մեր ախտորոշումն է. չնայած գործարար միջավայրը գնահատող միջազգային կազմակերպությունների հարցման արդյունքներով արձանագրված առաջընթացին՝ Հայաստանում դեռևս՝
- առկա է վարչարարություն իրականացնող մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների անհամաչափ կամ անհավասար կիրառում,
- ցածր է դատական համակարգի արդյունավետությունը` վարչական կամ տնտեսական վեճերի, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերում:
Արդյունքում՝
- ցածր է «գործարար միտք – գործարար նախաձեռնություն – գործարար ծրագրերի իրականացում» շղթայի արդյունավետությունը,
- ՀՆԱ-ում ցածր է փոքր և միջին բիզնեսի մասնակցությունը,
- բարձր են բիզնես ծրագրերի անընդհատության ռիսկերը,
- ցածր է արդար ձեռնարկատիրության միջոցով հաջողության հասնելու հավատը:
Մեր նպատակն է. բիզնեսի համար անկանխատեսելի ռիսկեր պարունակող գործարար միջավայրից անցում ապահովել դեպի այնպիսի միջավայր, որտեղ պետության կարգավորումներն ունեն նվազագույն անհրաժեշտ ծավալ, բարձր հստակություն, համաչափ և հավասար կիրառություն, կայունություն և կանխատեսելիություն, իսկ բիզնես վեճերը կարգավորվում են արդար և արդյունավետ (հատկապես` ժամանակային առումով)։
Այս ուղղությամբ արագ անցում կատարելու նպատակով պետք է առաջնահերթ լուծվեն հետևյալ խնդիրները՝
- նոր գործարար նախաձեռնություններին պետական աջակցության մեխանիզմների լրացում նոր` արդյունավետ գործիքներով,
- ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես ծրագրեր դարձնելու գործընթացի` արդյունավետ պետական աջակցության մեխանիզմների ստեղծում,
- խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և դրանց առանձնահատուկ խնդիրների կարգավորում:
Ներդրումներ
Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը:
Մեր նպատակն է օտարերկրյա ներդրումների` ներկայիս անբավարար մակարդակի կտրուկ աճի ապահովումը։
Այդ ճանապարհին պետք է առաջնահերթ լուծվեն հետևյալ խնդիրները՝
- ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում,
- ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում,
- Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացում:
Առաջիկա քայլերը՝
- հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով կստեղծվի ներդրումային հիմնադրամ,
գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա կներկայացվի Հայաստանում «պետություն-մասնավոր» գործընկերության արդյունավետ մոդելը:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Հայաստանը, լինելով փոքր ներքին շուկայով երկիր, պետք է իր զարգացման մոդելը կառուցի՝ հիմք ընդունելով արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը:
Մեր ախտորոշումն է. դեռևս արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի անբավարար տեսակարար կշիռ: Շարունակում է խնդրահարույց մնալ արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես շուկաների, այնպես էլ արտահանվող ապրանքատեսականու մասով: Անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը։
Մեր նպատակն է. նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում դեպի դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարևան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսության:
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ արտահանման առաջընթացիկ աճը պետք է հանդիսանա տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ: Որպես առաջնային նպատակադրում՝ անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ–ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45 տոկոս տեսակարար կշռի ապահովում:
Նախանշված խնդիրների լուծման և արտահանմանն աջակցելու նպատակով աշխատանքներ են տարվում մինչ այժմ չօգտագործված կամ ոչ բավարար օգտագործված գործիքակազմի բացահայտման և դրանք կիրառելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով անհրաժեշտ հիմքեր ստեղծել արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման և ընդլայնման համար:
Նախանշված խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է՝
- Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի հնարավորությունների առավել լայն օգտագործում,
- տարածաշրջանային երկրների շուկաներում հայկական ապրանքների մուտքի ապահովում և արտահանման զգալի ավելացում՝ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները ճանաչելի դարձնելու, տարածաշրջանային հատուկ առևտրի գոտիների ստեղծման և մասնակցության միջոցով,
- գործարար կապերի խթանում, արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացում, արտահանման նոր շուկաների բացահայտում,
- արտահանման պետական աջակցության գործիքների ավելի լայն կիրառում,
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հայկական ապրանքների արտահանմանն աջակցելու՝ մինչ այժմ չօգտագործված նոր հնարավորությունները բացահայտելու և դրանք կիրառելու ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացում։
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային խնդիրներն են՝
- տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակը,
- ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայությունը,
- ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունը,
- տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հետագա զարգացման համար անհրաժեշտ պետական խթանիչ ծրագրերի և միջոցառումների ոչ բավարար մակարդակը,
- վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում խթանիչ ծրագրերի ու միջոցառումների ոչ բավարար մակարդակը,
- խմելու ջրի մատակարարման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը (ջրամատակարարման տևողություն, ջրի որակ և այլն),
- երկրից սահմանափակ ուղղություններով իրականացվող չվերթերը։
Մեր նպատակն է. Հայաստանի Հանրապետությունում համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան, որակյալ և անվտանգ կենսական ենթակառուցվածքների առկայություն և շարունակական զարգացում՝ ժամանակակից նորարարական գործիքների կիրառմամբ և միջազգային համագործակցության ծրագրերին ակտիվ մասնակցությամբ։
Այդ նպատակով պատրաստ ենք՝
- մշակել և իրականացնել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021 թթ.) ծրագիր,
- ստեղծել և ներմուծել ճանապարհային ակտիվների կառավարման նոր համակարգ՝ ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքների իրականացման միջոցով,
- ստեղծել և ներդնել ճանապարհաշինական ծրագրերի որակի ապահովման նոր համակարգ,
- իրականացնել տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հետագա արագընթաց զարգացման համալիր միջոցառումներ՝ վերացնելով առկա խոչընդոտները և գործածելով նոր խթանիչ մեխանիզմներ,
- «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում ավիաընկերությունների համար ապահովել ազատ, մրցակցային պայմաններ,
- ներքին շուկայի կարիքներից ելնելով և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով իրականացնել անցումը նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկայի,
- իրագործել խմելու ջրի մատակարարման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլային և շարունակական միջոցառումներ:
Առաջիկա քայլեր՝
- ճանապարհաշինական ծրագրերի որակի հսկողության առավել արդյունավետ՝ երկաստիճան մեխանիզմի մշակում և ներդրում,
- միջպետական և ներպետական ուղևորափոխադրումների գործընթացների կանոնակարգում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության չսպասարկվող բնակավայրերը հասանելի տրանսպորտով ապահովելու նպատակով նոր երթուղային ցանցի մշակում և ներդրում,
- «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների,
- ճանապարհների մաքրման ու սպասարկման աշխատանքների առցանց հսկողության և ծախսերի արդյունավետության հսկման համակարգի ներդրում։
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՅՈՒՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որն ապահովում է ՀՆԱ-ի և զբաղվածության կարևոր մասը։
Մեր ախտորոշումը. ոլորտում առկա են՝
- ժամանակակից ֆերմերների խավի ձևավորման խիստ ցածր տեմպեր, ձևավորմանն աջակցող կառույցների և գործընթացների անբավարարություն,
- ինտենսիվ գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների ոչ բավարար տարածվածություն,
- գյուղատնտեսության մեքենայացման ցածր մակարդակ,
- սուբսիդավորման մեխանիզմների ցածր արդյունավետություն,
- գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոչ արդյունավետ համակարգ,
- չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի առկայություն,
- գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի ցածր մակարդակ,
- տնտեսավարողների ժամկետանց վարկեր:
Արդյունքում՝
- ցածր արտադրողական բազմաթիվ տնտեսություններ ի վիճակի չեն ապահովել բավարար կենսամակարդակ,
- առկա է գյուղատնտեսության ներուժի ցածր իրացման մակարդակ,
- առկա է պարենի ներմուծման օպտիմալից բարձր մակարդակ:
Մեր նպատակն է ապահովել աստիճանական անցում արտահանմանն ուղղված բարձր արտադրողական և վերամշակված սննդի շղթային՝ ինտեգրված գյուղատնտեսության և զբաղվածության հնարավորինս բարձր մակարդակի պայմաններում:
Ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է՝
- 2018-2020 թվականներին բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների նպատակային օգտագործման մակարդակը,
- ստեղծել համապատասխան պայմաններ 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար,
- ստեղծել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի տեղեկատվական շտեմարան, իրականացնել մասնատված հողակտորների խոշորացման միջոցառումներ,
- խրախուսել ոռոգման արդյունավետ (այդ թվում՝ կաթիլային) եղանակների ներդրումը,
- ավելացնել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի մատչելիությունը,
- իրականացնել գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման հետևողական ծրագիր,
- մսի իրացման գործընթացում ստեղծել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջներ՝ 2017-2018 թվականներին մինչև 65 տոկոս սպանդանոցային մորթի անցման նպատակով,
- ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի նորացման, սպասարկման և մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրումը,
- բարելավել գյուղացիական տնտեսությունների խորհրդատվական և տեղեկատվական համակարգը,
- շարունակական դարձնել գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերի իրականացումը,
- գինեգործական որակյալ արտադրանք թողարկելու նպատակով հաստատել գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը, ներդնել որակի գնահատման իզոտոպային համակարգը և դրա վերաբերյալ մակնշման պահանջը:
Գերկարևորություն ենք տալու սննդամթերքի անվտանգության հարցերին։ Վերացնելու ենք վերահսկողական մեխանիզմների թերությունները և բարձրացնելու ենք արդյունավետությունը, որպեսզի խանութներում վաճառվող սննդի որակը անհանգստության պատճառ չհանդիսանա: Միաժամանակ ձգտելու ենք մեր երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ որպես ռազմավարական նշանակության նպատակ:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների համար մեր հայրենիքը լիարժեք բացահայտված չէ և, թերևս, թերագնահատված է: Այդ իսկ պատճառով մենք այսօր խնդիր ունենք արտաքին և ներքին շուկաներում ճիշտ ներկայացնելու Հայաստանը, մեր դիտարժան վայրերը, մեր բացառիկ պատմությունը և այն ամենը, ինչը գրավում է զբոսաշրջիկին որևէ վայր այցելելիս: Մենք պետք է զարգացնենք զբոսաշրջության մեծ ներուժ ունեցող նոր ուղղություններ, բարձրացնենք ճանաչելիության մակարդակը:
Մեր ախտորոշումն է. Հայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, ոչ հայկական ծագումով զբոսաշրջիկների թիվը դեռևս ցածր է, տուրիստական ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն: Ի հավելումն դեպի ծով ելքի բացակայության և ցամաքային չորս սահմաններից երկուսի փակ լինելուն՝ առկա է նաև օդային փոխադրումների մրցակցության և աշխարհագրական դիվերսիֆիկացիայի խնդիր:
Արդյունքում՝
- տուրիզմը չունի այն մասնակցությունը տնտեսության մեջ, որի ներուժն ունենք,
- տուրիզմի ազդեցությունը հանրապետության մարզերում սահմանափակ է:
Մեր նպատակն է. համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության շարունակական բարձրացման միջոցով ապահովել զբոսաշրջիկների քանակի շարունակական երկնիշ աճ և համաչափ տեղաբաշխում ամբողջ հանրապետությունում:
Այդ նպատակով պետք է իրականացնել՝
- թիրախային շուկաներում ակտիվ և արդյունավետ մարքեթինգային և խթանման միջոցառումներ,
- սահմանային անցման ընթացակարգերի պարզեցում, Ճապոնիայի, Կանադայի, Ծոցի որոշ երկրների քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանում,
- բաց երկնքի քաղաքականության արդյունավետ իրականացման միջոցով Հայաստանի հասանելիության շեշտակի մեծացում,
- ՀՀ օրենսդրության կատարելագործում` ուղղված ծառայությունների որակի չափանիշների ներդրմանը և բարենպաստ գործարար ներդրումային միջավայրի բարելավմանը:
Առաջիկա քայլեր՝
- կավելացվի աջակցությունը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին,
- հանրապետության մի շարք քաղաքներում և գյուղերում կիրականցվեն զբոսաշրջության հարմարավետության և գրավչության բարձրացմանը միտված ծրագրեր,
կիրագործվի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման համապարփակ ծրագիր։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մեր ժողովուրդը մշտապես արժևորել է կրթությունը: Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝ գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար: Որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված և զգան պետության աջակցությունը: Մեր խնդիրն է զարգացող աշխարհի պահանջներին ներդաշնակ կրթական ծրագրերի և միջազգային չափանիշներին համապատասխան դասագրքերի ապահովումը: Մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ մեր համալսարանները ճանաչված լինեն աշխարհի հեղինակավոր համալսարանների շարքում:
Պետությունների տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Տարիներ շարունակ մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել ենք տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նման հաջողությունների մենք այսօր ևս ականատես ենք լինում, սակայն Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհային նորարարությունների շուկայում: Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մասնավորապես, գտնվելով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում՝ մեր երկրի համար մեծ կարևորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում: Մենք պետք է ձևավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար:
Մեր ախտորոշումն է. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգում տեսանելի են հետևյալ խնդիրները՝
- նախադպրոցական կրթության ընդգրկվածության ցածր մակարդակ,
- հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության ցածր մակարդակ,
- գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համակարգը չի ապահովում արդյունավետ լուծումներ առկա խնդիրների համար,
- կրթության բովանդակությունը լիովին չի համապատասխանում հասարակության զարգացման արդյունքում առաջացող պահանջներին,
- գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների միջև անհամապատասխանություն,
- ճարտարագիտական և կիրառական հետազոտությունների ընդհանուր ծավալը շատ փոքր է ֆինանսավորվող գիտական հետազոտություններում։
Արդյունքում ունենք՝
- կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների հետ անհամապատասխանություն,
- դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանություն,
- կրթական գործընթացում նորարարական և տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալներ,
- գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարություն,
- բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցության ոչ բավարար մակարդակ։
Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ:
Այդ նպատակով պետք է՝
- մշակել ֆինանսավորման նոր մեխանիզմ «Միջին բեռնվածության դպրոց» և «Թերբեռնված դպրոց» կատեգորիաների դպրոցների համար,
- իրականացնել բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ՝ կապելով ֆինանսավորումը յուրաքանչյուր առարկայի, ոչ թե կիսամյակի հետ,
- ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը և ուսումնասիրել նախակրթարանները 12-ամյա կրթության համակարգում (1+11) ներառելու արդյունավետությունը,
- ապահովել առցանց դասընթացների, տեսադասերի և պարապմունքների մշակումը, ներդրումն ու հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում,
- ձևավորել ազգային կրթակարգ՝ միաժամանակ հանրակրթական ծրագրերում ավելացնելով շեշտադրումը օտար լեզուների, բնագիտական առարկաների և մաթեմատիկական առարկաների վրա,
- առարկայական ծրագրերը համապատասխանեցնել արդի պահանջներին, սահմանել դասագրքերի նոր չափորոշիչներ և վերանայել դասագրքերի բովանդակությունը,
- իրականացնել բուհական համակարգի կառուցվածքային բարեփոխումներ և ձևավորել ինժեներատեխնիկական ու բնագիտական կլաստերներ,
- ընդլայնել և բազմազանեցնել բուհերի միջազգայնացման գործընթացը,
- ապահովել Հայաստանի` եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գործընթացներին շարունակական ակտիվ մասնակցությունը համաեվրոպական և ազգային մակարդակներում, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի նպատակների ու խնդիրների հետևողական իրագործումը,
- գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ,
- գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական հետազոտությունների մասնաբաժինը։
Մեր երկրում կրթության առաջնայնության նպատակադրման հիմքում մեր մանկավարժներն են, ուստի պետությունը պետք է հստակ ընդգծված վերաբերմունք ունենա մանկավարժների հանդեպ: Մանկավարժները մեր երկրում պետք է լինեն գնահատված և զգան պետության հոգածությունը: Մանկավարժի աշխատանքը պետք է լինի պատվաբեր և պահանջված, մանկավարժը պետք է լինի հպարտ իր մասնագիտությամբ և կեցությամբ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Մեզ անհրաժեշտ է առողջ քաղաքացի, և պետության պարտավորությունների մեջ մտնում է հանրային առողջապահական ծառայությունների առավելագույն հնարավոր որակ ապահովելը: Առողջ ապրելակերպը պետք է դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այդ իսկ պատճառով մեր խնդիրն է ապահովել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստացող մարդկանց մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակ, ինչպես նաև բժշկական ապահովագրության ինստիտուտի աստիճանական ներդրում։ Անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա պետք է տրամադրվի անվճար բժշկական օգնություն: Միաժամանակ, պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին:
Մեր ախտորոշումը. Հայաստանի առողջապահական համակարգն ունի՝
- հատկացվող բյուջետային միջոցների և ստացված արդյունքների անհամաչափություն,
- առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի տարածքային անհամաչափ բաշխում,
- որակյալ բժշկական օգնության և սպասարկման միասնական ստանդարտների բացակայություն,
- առողջապահական ծառայությունների նպատակայնության ապահովման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման, որակի կառավարման գործուն մեխանիզմների արդյունավետության ցածր մակարդակ՝ պայմանավորված ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի բացակայությամբ։
Արդյունքում՝
- ՀՀ քաղաքացին հաճախ ստիպված է հավելյալ վճարել պետության կողմից անվճար սահմանված ծառայությունների համար,
- առավել խոցելի խավերի համար հաճախ չի պահպանվում սոցիալական արդարության սկզբունքի իրականացումը։
Մեր նպատակն է. ներկայում գործող բարձր ստվերայնությամբ, ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգից անցում նպատակայնության, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում:
ՀՀ առողջապահական համակարգի արդյունավետությունը և ծառայությունների որակը բարձրացնելու համար գալիք տարիներին անհրաժեշտ է հետևյալ քայլերի փուլային իրականացում՝
- վերանայել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Հիմնական առողջապահական ծրագրերով անվճար բժշկական օգնության շահառուների շրջանակը որոշելիս՝ հիմքում դնել անապահովության հանգամանքը և սոցիալական արդարության սկզբունքը,
- ներկայում գործող՝ բյուջետային միջոցների բուժհաստատությունների միջև փաստացի բաշխումից աստիճանաբար անցում կատարել առողջապահական ծառայությունների գնման մոդելի՝ միաժամանակ բժշկական ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման և գնային քաղաքականության մշակման նպատակով ուժեղացնելով կիրառվող մեթոդաբանական և վերլուծական մոտեցումները,
- տեղայնացնել առավել առաջադիմական համարվող եվրոպական և ամերիկյան բժշկական ասոցիացիաների վավերացված գործելակարգերը և դրանց հիման վրա ներդնել պացիենտների վարման կլինիկական ուղեցույցներ և պարտադիր կատարման գործելակարգեր,
- իրականացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային հատվածների գործառույթների հստակ տարանջատում և ներդնել բժշկական անձնակազմի մասնագիտական գործունեության ստանդարտների և գործունեության արդյունքներով խրախուսական մեխանիզմներ, մշակել և իրագործել պետական ամբուլատոր հաստատություններում առկա թերությունների և խնդիրների վերացմանն ուղղված կադրային, գույքային և մասնագիտական բարեփոխումների ծրագիր։
ՄՇԱԿՈՒՅԹ
Մենք հարուստ ենք մեր մշակութային արժեքներով և մեր պատմությամբ, սակայն այդ ամենը ոչ միայն պահպանելու, այլև աշխարհին ներկայացնելու և մեր մշակույթը հետաքրքիր դարձնելու խնդիր ունենք: Միաժամանակ մենք պետք է բաց լինենք այլ երկրների մշակույթն ուսումնասիրելու և ճանաչելու հարցում: Այդ իսկ պատճառով թե՛ մեր, թե՛ արտասահմանյան մշակույթը պետք է հասանելի դարձնենք մեր բոլոր քաղաքացիների համար:
Մեր ախտորոշումն է՝
- մարզերի մշակութային անհամաչափ զարգացում,
- աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսևորումների անբավարար մակարդակ,
- մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն,
- մշակութային ծրագրերի և հեռուստահաղորդաշարերի ցուցադրման սակավություն,
- այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն Հայաստանում,
- մշակութային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման գործընթացներում ժամանակակից տեղեկատվական և տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:
Մեր նպատակն է. մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը: Այդ նպատակով նախատեսվում է՝
- մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման համար իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը,
- արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի իրականացման և պետական պատվերի տեղադրման մեխանիզմները,
- նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին,
փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձևաչափն ու սկզբունքները. աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի և սփյուռքահայ գրականության), այլ գրողի և նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է նաև ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդու առողջության պահպանման և կյանքի որակի բարձրացման համար շարունակելու ենք ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ:
Պատշաճ բնապահպանական մոտեցումները լինելու են քաղաքաշինական կամ գործարար նախագծերի իրականացման պարտադիր պայման:
Շարունակելու ենք Uևանա լճի էկոլոգիական հավաuարակշռության վերականգնումը և պահպանությունը:
Մեր ախտորոշումն է՝
- ոլորտի օրենսդրության անբավարար իրավակիրարկման պատճառով համակարգային կոռուպցիոն ռիսկերի առկայություն,
- շրջակա միջավայրի և բնական պաշարների պետական մոնիթորինգի, տեղեկատվական և կառավարման միասնական համակարգի բացակայություն,
- բնապահպանական և բնօգտագործման վճարներից գոյացող ֆինանսական միջոցների օգտագործման ցածր հասցեականություն,
- բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի բացակայություն,
- բնապահպանական պետական վերահսկողության համակարգի գործունեության ցածր արդյունավետություն,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերի անբավարար արդյունավետություն:
Արդյունքում՝
Լիարժեք չեն ապահովվում ՀՀ քաղաքացիների իրավունքները շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման մասով:
Բնապահպանական թույլտվությունների տրամադրման համակարգի բարդացվածության և համակարգված չլինելու պատճառով ՀՀ քաղաքացիները և գործարարները հաճախ հրաժարվում են իրենց ձեռնարկատիրական գաղափարներից, ձևավորվում են կոռուպցիոն կամ ստվերային ռիսկեր։
Մեր նպատակն է. շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը խթանող քաղաքականության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման միջոցով իրական կայուն տնտեսական աճի ապահովում:
Ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվում է՝
- ամբողջացնել էկոլոգիական քաղաքականության օրենսդրությունը,
- մշակել կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգ,
- ձևավորել բնական ռեսուրսների բանական օգտագործման և շրջակա միջավայրի միասնական կառավարման համակարգ,
- ապահովել բնապահպանության բնագավառում տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգով, «մեկ պատուհանի» սկզբունքով և էլեկտրոնային եղանակով տրամադրումը,
- լրամշակել և ամբողջացնել ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը, ամբողջացնել ջրավազանային տարածքների կառավարման պլանները,
- ջրային պաշարների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման գործում ներգրավել մասնավոր հատվածին, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրային պաշարների ավտոմատ կառավարման, էներգախնայող և ջրախնայող համակարգեր,
ստեղծել մասնավոր, համայնքային և պետական մասնակցությամբ նոր ազգային պարկեր, վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերը, ամբողջացնել կառավարման պլանները, զարգացնել պահպանման մեխանիզմները և կարողությունները՝ ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Աշխատավոր մարդը պետք է նվազագույն չափով զգա պետության աջակցության կարիքը` ի վիճակի լինելով իր աշխատանքով ինքնուրույն ապահովելու իր և իր ընտանիքի արժանապատիվ կեցությունը, իսկ դրա համար պետությունն անելիք ունի: Մենք դա գիտակցում ենք և մենք դա կանենք: Մենք կանգնած ենք լինելու մեր աշխատավորի թիկունքին և զգալու ենք մեր աշխատավորի զորակցությունը մեր պետությանը:
Միաժամանակ, պետության առաջնային հոգածության հարցը պետք է լինի սոցիալական պաշտպանության ոլորտը։
Մեր ախտորոշումն է. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում տարիների ընթացքում ձևավորված համակարգը, չնայած վերջին տարիներին արձանագրած արդյունավետության աճին և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, դեռևս շարունակում է բնութագրվել արդյունավետության բարձրացման անմիջական կարիք ունեցող մի շարք երևույթներով: Դրանք են՝
- ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության ոչ բավարար մակարդակը, որի արդյունքում սոցիալապես իրարից ըստ էության քիչ տարբերվող ընտանիքները կարող են հայտնվել էապես տարբեր կարգավիճակներում,
- նպաստների համակարգի՝ տվյալների բազայի անկատարությունը և ժամանակակից կառավարման մեթոդներին ոչ համահունչ հասցեականության մակարդակը,
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների ոչ բավարար մակարդակը,
- աշխատանք փնտրողները և գործազուրկներն աշխատաշուկայում դժվարությամբ են հարմար աշխատանք գտնում,
- նպաստների առկա համակարգը չի խրախուսում աշխատանքի ակտիվ որոնումը,
- շատ անապահով ընտանիքներ դուրս են մնում սոցիալական աջակցության պետական ծրագրերից։
Մեր նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նպատակային, արդյունավետ, թիրախավորված և թափանցիկ կառավարման համակարգի ձևավորումը։
Այս ուղղությամբ նախատեսված են հետևյալ ծրագրերը՝
- զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և կառավարման արդյունավետության մեծացում,
- կամավոր աշխատանքի ինստիտուտի լիարժեք ներդրում,
- ներդրումային միջավայրի և կայուն զբաղվածության պայմանների բարելավման նպատակով աշխատավարձի և սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների համակարգի արմատական վերանայում,
- սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրում։
Ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության մակարդակի բարձրացման տեսանկյունից նախատեսվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխություն:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավումը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի, երեխայի և նրա ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման նպատակով՝
- կմշակվեն և կհաստատվեն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների ստեղծման պլան-ժամանակացույցը և հաստատությունների (երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ) վերակազմակերպմանը վերաբերող իրավական ակտերը,
- կվերակազմակերպվեն և կբեռնաթափվեն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, կստեղծվեն նոր վերականգնողական կենտրոններ։
Կենսաթոշակ և նպաստ նշանակելու ընթացակարգերը որպես հիմնական նպատակ դիտարկելով՝ շահառուի և պաշտոնյայի միջև շփումը նվազագույնի կհասցվի։ Այդ նպատակով նախատեսվում են կենսաթոշակ և նպաստ նշանակելու վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացի կենտրոնացում, էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնում կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության միասնական կիրառման ապահովում։
Սոցիալական պաշտպանության բնագավառի կառավարման համակարգի և ծառայությունների մատուցման գործընթացի կատարելագործման նպատակով նախատեսվում են՝
- դեպքի վարման համակարգի ինստիտուցիոնալացում՝ զբաղվածության ծրագրերը ևս դիտարկելով որպես դեպքի վարման բաղկացուցիչ,
- ընտանեկան նպաստների համակարգի վերանայում՝ դրանք ևս դիտարկելով որպես դեպքի վարման բաղադրիչ և ոչ որպես տրվող գոյության միջոց,
- ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում (ամբողջական կիրարկում):
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների բավարար մակարդակի ապահովման նպատակով նախատեսվում է իրավական դաշտի կատարելագործում՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրանից բխող օրենսդրության ընդունում,
- հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների ներդրում՝ հստակ սահմանելով և սահմանազատելով «հաշմանդամություն ունենալը», «հիվանդ լինելը», և համապատասխան ծառայությունների փաթեթների տրամադրում,
հաշմանդամության սահմանման նոր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործառույթների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրում։
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊՈՐՏ
Ապագայի նկատմամբ վստահություն ունեցող երիտասարդներն են ստեղծելու ամուր և առողջ ընտանիք, անվտանգ և առաջ ընթացող երկիր: Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ հասարակության ամենամեծ ներուժ ունեցողները՝ մեր երիտասարդները, կարողանան լիարժեք ինքնադրսևորվել, լինեն երջանիկ և իրենց քայլերում միշտ լինեն իրենց խղճին համահունչ: Այդ իսկ պատճառով կրթական միջոցառումների միջոցով պետք է ապահովել մեր երիտասարդ սերնդի հայկական ավանդականությունը և միաժամանակ «գլոբալ քաղաքացի» լինելու կարողությունը: Պետք է հետևողականորեն իրականացնել նաև երիտասարդության զբաղվածության ապահովման միջոցառումներ և սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքների համար հատուկ աջակցության ծրագրեր:
Երիտասարդների կրթության որակի և մատչելիության խնդիրները շարունակելու ենք համարել առաջնահերթ: Ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերող և ընդունակ երիտասարդը, անկախ իր սոցիալական վիճակից, մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է ունենալու: Շարունակելու ենք երիտասարդների գիտակրթական և ստեղծագործական հնարավորությունների առավելագույնս արդյունավետ դրսևորմանն աջակցելուն միտված պետական երիտասարդական քաղաքականությունը:
Երիտասարդների զբաղվածության խնդիրը շարունակելու ենք դասել այնպիսի առաջնահերթությունների շարքում, որոնք լուծվելու են նոր աշխատատեղերի ստեղծման, երիտասարդների ձեռներեցության խթանման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ճանապարհով:
Ընդլայնելու ենք երիտասարդների բնակարանային ապահովման ծրագրերի ծավալները:
Զբաղվելու ենք առողջ ապրելակերպի մշտական քարոզչությամբ: Ֆիզկուլտուրայի, սպորտի, բնության մեջ շատ ժամանակ անցկացնելու, համակարգիչներից ու էլեկտրոնային սարքերից հեռու ժամանցի կարևորությունն ենք ընդգծելու նաև պետական մակարդակով։
Սպորտի բնագավառում մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը շարունակելու է մնալ սպորտային խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության ընդլայնումը՝ դրանք հասանելի ու մատչելի դարձնելու միջոցով: Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումն ապահովելու նպատակով շարունակվելու է կիրառվել ֆինանսավորման նոր մոդել, որի հիմքում դրվելու է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության սկզբունքը:
Նախընտրական ծրագիրը MP3 աուդիո ֆորմատով
PFF տարբերակը՝
https://www.lovearmenia.am/file_manager/%20%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.pdf