«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ծրագիրը

1212

Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին:

Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ սկզբունքները.

1. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:

Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:

Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:

2. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Հայաստանի այսօրվա պետական հաստատություններին բնորոշ է քաղաքացու եւ ձեռնարկատիրոջ նկատմամբ գիշատիչ վերաբերմունքը: Դրանք ծառայում են պետական իշխանությունը յուրացրած պաշտոնյաների նեղ շրջանակի շահերին, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ շրջանակի կողմից դիտարկվում է որպես անխնա կեղեքման ենթակա իրավազուրկ զանգված: Ոտնահարվում են ազատության, սեփականության եւ իրավական պաշտպանվածության հիմնարար իրավունքները: Իշխանության կամայականությունները, խամաճիկ դատարանները, վաշխառուական կապիտալը ունեզրկում են քաղաքացուն եւ ձեռնարկատիրոջը:

Մեր նպատակն է փոխարինել գիշատիչ պետական հաստատությունները զարգացումը խթանող, քաղաքացու անվտանգությունը, սեփականությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանող պետական հաստատություններով:

3. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք սպասարկում են ոչ թե իշխանավորների նեղշրջանակի, այլ պետության բոլոր քաղաքացիների շահերը: Պետության մեջ չպետք է լինի բարձրագույն պետական ղեկավարների մերձավորների եւ օրենքից վեր կանգնած արտոնյալների վերնախավ, որը տիրապետում է երկրի ողջ հարստությանը եւ օտարում մնացած բոլորին երկրի կառավարումից եւ ռեսուրսների բաշխումից: Ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ որեւէ այլ բնագավառում: Կարճ ասած, պետությունը պետք է ունենա ո’չ թե օտարող, վանող, այլ ներառող, ընդգրկող բնույթ՝ ստեղծելով պաշտպանվածության միջավայր, հավասար պայմաններ եւ հնարավորություններ բոլոր գաղափարական ուղղությունների, քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների, սոցիալական խմբերի, տնտեսվարող սուբյեկտների եւ անհատների համար:

4. ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բռնի ուժի, ընտրակեղծարարության, խաբեության, անգրագիտության եւ անբարոյականության վրա հիմնված ներկա ավազակապետական համակարգի փոխարեն, պետք է կառուցվի նոր՝ շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ: Դա այն համակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի, վաստակի: Պետությունը պետք է ղեկավարվի կրթված, խելացի եւ պարկեշտ, անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձառություն ունեցող անձանց կողմից: Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների եւ որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից եւ ԲՈւՀ-երից։

ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Վերոհիշյալ նպատակների եւ սկզբունքների իրագործման համար ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքն առաջարկում է կոնկրետ քայլերի հետեւյալ Ծրագիրը՝ ըստ համապատասխան բնագավառների:

Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն

  • Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։
  • Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։
  • Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։

Ազնիվ եւ արդյունավետ կառավարում եւ տնտեսական զարգացման խթանում

  • Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
  • Ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:
  • Հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դնել ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի  դրույքաչափերը սահմանել 15 տոկոս: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում:
  • Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:
  • Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
  • Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:
  • Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
  • Առնվազն երկու անգամ նվազեցնել երթեւեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները։
  • Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:
  • Ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:

Առողջապահություն եւ Սոցիալական Արդարություն

  • Մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (55000 դրամ): 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5 տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին:
  • Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:
  • Պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից եւ այլ բնական աղետներից։
  • Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը:
  • ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։
  • Վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Գիտություն, Կրթություն, Տեխնոլոգիաներ, Մշակույթ եւ Տուրիզմ

  • Անցնել կրթության հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ առնվազն 1 տոկոսի չափով, իսկ հանրակրթության, միջին և նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ 3 տոկոսի չափով:
  • ԲՈւՀը և մասնագիտությունն ընտրելու ազատ իրավունքը վերապահել դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ և կընտրի իր մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով և ըստ ԲՈւՀ-երի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին և ուսանողներին կրթական դրամաշնորհների տրամադրմամբ:
  • Գիտության բնագավառում կիրառել աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած` ԲՈւՀ-երը եւ գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականություն: Գիտությունների Ազգային Ակադմեիայի համակարգի գիտական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել միավորվելու համալսարանների և այլ հետազոտական կենտրոնների հետ, ելնելով գիտության տվյալ ոլորտի զարգացման շահերից։
  • Գիտական հետազոտությունների համար նախատեսված միջոցները պետական բյուջեից հատկացնել թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով, բազային ֆինանսավորման սխեման բացառության կարգով կիրառելով միայն ռազմավարական նշանակության գիտահետազոտական ծրագրերի դեպքում: Գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ առնվազն 1 տոկոսը:
  • Վերացնել իշխանությունների կողմից կիրառվող՝ համալսարանների եւ դպրոցների կուսակցականացման ապօրինի գործընթացը եւ օրենսդրորեն ամրապնդել համալսարանների իրական ինքնավարության ու ազատության երաշխիքները, մասնավորապես՝ արգելել պետական պաշտոնյաների ներգրավումը համալսարանների ղեկավար մարմիններում:
  • Պետականորեն աջակցել ժամանակակից համակարգչային, ծրագրային եւ ինտերնետային տեխնոլոգիաներում հայերենի կիրառման համար անհրաժեշտ սարքային եւ ծրագրային արտադրանքի ստեղծմանը։
  • Պետականորեն աջակցել տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, հատկացնելով տարեկան ՀՆԱ առնվազն 1 տոկոսը համապատասխան բիզնես-ինկուբատորների եւ վենչուրային կապիտալի զարգացման գործին:
  • Էականորեն կրճատել Հայաստանի էներգետիկայի կախվածությունը գազի եւ այլ ածխաջրածնային վառելիքից, խրախուսելով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես երաշխավորելով արեւային էներգիան էլեկտրականի փոխակերպող պանելների արտադրության եւ սպառողների կողմից դրանց ձեռքբերման վարկավորումը:
  • Կապիտալ ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ առնվազն 2 տոկոսի չափով զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջիկների համար գրավիչ մշակութային օջախների եւ օբյեկտների պահպանման եւ ստեղծման համար:
  • Պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով։ Բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։ Մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով:
  • Օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը։
    • Պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:
    • Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:

 Ազատություն եւ ժողովրդավարություն

  • Բացահայտել Մարտի 1-ի գործը եւ պատժել բոլոր մեղավորներին, պետական հատուցում տալ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, պետության կողմից ապօրինի բռնությունների ենթարկված բոլոր քաղաքացիներին։ Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։
  • Անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, հաստատել զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգ, բավարարել ընտրությունների դիտորդական վերահսկողության եւ լրագրողական լուսաբանման համար անհրաժեշտ քաղաքացիական հասարակության բոլոր պահանջները, վերացնել ընտրակաշառքի բաժանման հանցավոր պրակտիկան։
  • Վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական սահմանդրական մոդելը եւ 2018 թվականին անցկացնել ուղիղ նախագահական ընտրություններ։
  • Ազատել բոլոր այն ազատազրկվածներին, ովքեր համապատասխանում են ԵԽԽՎ-ի 1900 բանաձեւով սահմանված քաղբանտարկյալի չափանիշներին։
  • Գործարկել հանրային հեռարձակման համար 18 նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։
  • Իրականացնել կուսակցությունների պետական ֆինանսավորում խորհրդարանական ընտրություններում հավաքած ամեն ձայնի համար տարեկան հազար դրամի չափով, ինչը կապահովի իշխանություններից եւ օլիգարխիայից անկախ գաղափարական կուսակցությունների համակարգի ձեւավորումը։
  • Դադարեցնել տեղական ինքակառավարումը խաթարող` համայնքների խոշորացման գործընթացը, սահմանափակել համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը:

Սիրելի ընտրող, կառավարման տարբեր բնագավառներում Դաշինքի ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք www.anc.am կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթերը:

Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ

ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր

Մշակութային մանիֆեստ

Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր

Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ

Արդյունաբերության զարգացման ծրագիր

Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ