«Մենք կարող ենք. հանուն ազատ և ուժեղ Հայաստանի». «Ազատ դեմոկրատներ»

1297

«Ազատ դեմոկրատներ»-ի նախընտրական քաղաքական ծրագիրը

26-ամյա անկախ պետականությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում է ներքին ու արտաքին բազմաթիվ սպառնալիքների, որոնք անհաղթահարելի են միգուցե երեկվա ու այսօրվա իշխանությունների համար, բայց ոչ ամենևին երկրի մտավոր ներուժ ու մասնագիտական կարողություններ ունեցող լայն շրջանակների համար:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լայն կոնսոլիդացված թիմը փաստում է, որ երկրում ահագնացած է աղքատությունն ու գործազրկությունը, տնտեսական, քաղաքական ու սոցիալական հետընթացը, Հայաստանից արտագաղթի տեմպերն ու ժողովրդագրական ճգնաժամը: Միջազգային հարաբերություններում և տարածաշրջանում պետության դիրքերը թուլացել են և աճել է ազգային անվտանգության խոցելիությունը, որոնց հետևանքով երկրի կախվածությունն ու մեկուսացումը ավելանում է օր օրի: Այս ամենի վտանգավորությունը ցցուն կերպով զգացվեց 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ու դրանից հետո:
Ապավինելով ՀՀ քաղաքացիների հավաքական ուժին՝ մենք համոզած ենք, որ այդ մարտահրավերների դիմակայումը միանգամայն իրատեսական է ինտելեկտուալ և պոտենցիալով անհատներից կազմված թիմի և կենսունակ ծրագրի իրագործման արդյունքում:

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ

Ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստան

1. Հայաստանի՝ ներառյալ Արցախի ներկայիս արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները մեր ներսում են, գրավականը՝ առաջին հերթին ազատ, իր բոլոր իրավունքներն ու ազատությունները լիովին իրացնող, ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունները ձևավորող, նրան վստահող ու սատարող քաղաքացուց մինչև ինքնիշխան քաղաքականություններ վարելու պետության անխոչընդոտ իրավունքը:

2. Ազատության ու անկախության հայ ժողովրդի բազմադարյա գերագույն իղձով, աշխարհագրական ու քաղաքակրթական պատկանելությամբ պայմանավորված՝ Հայաստանի տեղը համաեվրոպական ընտանիքն է, իսկ պետականության մոդելը՝ հայկական ինքնությամբ այնպիսի հզոր պետությունը, որտեղ մարդու կյանքը, աշխատանքը և ծերությունը արժանապատիվ ու բարեկեցիկ է, ընտրությունը և իրավունքները հարգվում են, որտեղ ամեն ինչ արվում է հանուն մարդու և նրա ապահովության:

3. Հայաստանը առաջին հերթին պետք է ապավինի իր ուժին և մրցունակությանը, որի հիմքը առաջանցիկ ու գիտելիքահեն ռազմական, պաշտպանական, տնտեսական, քաղաքական ու հասարակական համակարգերն են: Արտաքին և ներքին քաղաքականությունները պետք է լինեն փոխկապակցված ու պայմանավորեն մեկը մյուսին, հանդիսանան միմյանց շարունակությունն ու լրացումը:

4. Հայաստանի ինքնիշխանության ներքաղաքական խոչընդոտները կարող են վերանալ, երբ Հայաստանի իշխանությունները օրինակարգ են, վայելում են ժողովրդի աջակցությունն ու չեն վախենում ներքին ժողովրդավարական գործընթացներից, երբ իշխանության բոլոր ճյուղերում կառավարող վերնախավը անխոցելի է ցանկացած տեսակի շանտաժի ու կոմպրոմատի հանդեպ:

5. Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծումը (լուստրացիա) հրամայական է՝ երկրի անվտանգության ու պաշտպանության, տնտեսության և էներգետիկայի, արտաքին ու ներքին քաղաքականությունների կարևորագույն հարցերով ընդունվող որոշումների վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումները բացառելու նպատակով:

6. Երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք և վճռականություն, իսկ քաղաքացին էլ ապրում է բարեկեցիկ կյանքով, այլ ոչ թե անզոր ու անպաշտպան է կենսական հանրային ծառայություններ (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, տանսպորտային փոխադրումներ և այլն) մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական “սակագնային” շանտաժներին, մենաշնորհային ու գերշահութ ստանալու քաղաքականությանը դեմ հանդիման:

7. Երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի ինքնիշխանության իրավական և արտաքին քաղաքական խոչընդոտներ են հարուցում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունն ու Հայաստանի անորոշ հեռանկարը և պարտավորությունները: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է դադարեցվի, քանզի այն ոչ միայն տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլև վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչև տնտեսություն: ԵԱՏՄ անդամակցության երկու տարիների ընթացքում․

Ա) Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները․ եթե 2014թ․ Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ․, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները․ եթե 2014թ․ դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:

Բ) Էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը։ 2014-ի համեմատ 2016թ․ ներմուծումը պակասել է 28%-ով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը սակայն ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ այն նույնպես անկում է ապրել: Փոխարենը աճել է Հայաստանի պետական պարտքը․ եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26%-ով՝ հասնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Գ) ԵԱՏՄ անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։ ԵԱՏՄ անդամ-պետություններից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակով առաջատարն է՝ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը ձեռք է բերում ՌԴ-ից, երկրորդ տեղում ԵԱՏՄ անդամ Բելառուսն է։

8. Անվտանգության տարբերակված քաղաքականություններ վարելու իրավական սահմանափակումներ են ամրագրվել ՀԱՊԿ շրջանակներում, որոնք կիսել են Հայաստանի ինքնիշխանության իրավունքը հակաօդային պաշտպանության, ցամաքային զորքերի հրամանատարության, սահմանների վերահսկողության և այլ հարցերում:

9. Չավելացնելով մեր անվտանգության մակարդակը՝ վերոնշյալ կազմակերպություները փաստացի վեր են ածվել Հայաստանի վրա տնտեսական և ռազմաքաղաքական ճնշման հարթակի անգամ Ադրբեջանի համար: Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափում ենթակա են արմատական վերանայման՝ անվտանգության իր կենսական շահերի ու զգայուն խնդիրների վերաբերյալ փոփոխություններով:

Ազգային շահի վրա խարսխված և տարբերակված (դիվերսիֆիկացված) արտաքին քաղաքականություն

1. Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Նույնատիպ ռազմավարական նպատակ հետապնդող երկրների հետ Հայաստանի սերտ և փոխհարգալից համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:

2. Այլ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա:

3. Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձևաչափով, ըստ այդմ՝ դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: ԱՊՀ, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առացքային երկրների (Կանադա, լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, արաբական աշխարհի երկրներ և այլն) հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն:

4. ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարևոր են միջազգային, տարածաշրջանային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական կշռի և անվտանգության մակարդակի բարձրացման, հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու առումներով՝ այդ կառույցին անդամակցությունը որպես հեռահար նպատակ ունենալով։

5. Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է կառուցվեն ռազմավարական գործընկերության և համագործակցության սկզբունքների հիման վրա:

6. Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր:

7. Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունեն:

8. Տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով:

9. Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիր է:

10. Գլոբալացման ներկայիս գործընթացների ու վտանգների պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի շահախնդիր ու նպատակամետ, միջազգային հարթակներում մասնակցային, նախաձեռնող ու մարտահրավերները կանխարգելող:

Հարևանների հետ արժանապատիվ խաղաղություն հաստատատել, այլ ոչ թե “մուրալ”

1. Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելն ու անվտանգության կայուն և կանխատեսելի միջավայր ձևավորելը անհետաձգելի ռազմավարական խնդիր է:

2. Հայաստանի ու Արցախի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է, նրան անվերապահ զորակցող ու վստահող հասարակությունը, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ խորհրդարանական ու ժողովրդական ակտիվ դիվանագիտությունը, նրան մատակարարող հայրենական, առաջանցիկ ռազմարդյունաբերական համալիրը, մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը:

3. Հարևանների հետ խաղաղության հաստատման գին չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների ու վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը:

4. Խաղաղության հաստատումը բազմակողմ ու տևական գործընթաց է, որը պահանջում է բոլոր կողմերի հասարակությունների նախապատրաստում խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև՝ երկրների քաղաքական համակարգերի լիակատար ժողովրդավարացում ու ազատականացում:

5. Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախևառաջ քաղաքական մեթոդներով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում և քաղաքական միջոցներն այլևս սպառված են:

6. Ադրբեջանի հետևողական ու անշեղ սպառազինումը, նախկինում հակամարտության կարգավորման բոլոր տարբերակների մերժումը, բանակցություններով ու խաղաղ եղանակով հակամարտության լուծումը մերժելը, հայատյացության՝ պետական մակարդակի բարձրացված քարոզչությունը, հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու լոկալ պատերազմի սանձազերծումն 2016թ. ապրիլին և դրա մտադրությունն այժմ ու մոտ ապագայում, հրատապ է դարձնում Հայաստանի կողմից զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը: Այն ենթադրում է առաջնահերթության կարգով.

Ա) Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:

Բ) ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում:

Գ) 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում:

7. ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերի վերանայում՝ հասնելով նրան, որ ընդունվեն դրանց լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ու միացյալ հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է իրենց կենսունակությունն ապացուցեն ու ապահովեն Հայաստանի սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունը կանխելու, ագրեսիայի փորձ կատարող հարևանին խաղաղություն պարտադրելու համար:

8. Նշվածի անհնարինության դեպքում ՀԱՊԿ-ի նշանակությունը Հայաստանի անվտանգության համար ու դրան անդամակցելու նպատակահարմարությունը կասկածի տակ է:

9. Արցախյան ու Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը ետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում, առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ:

10. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացումը, ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունը, անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման, այդ ուղղութամբ միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման:

Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ

1. Արցախի հարցը միջազգային է այնքանով, որքանով այն վերաբերում է ԽՍՀՄ փլուզման արդյունքում ժողովուրդների ինքնորոշման ու հավասարության միջազգային իրավունքի իրացմանը և նրա առաջին ղեկավարների պատմական անարդար որոշումները չեղարկմանը, միջպետական է այնքանով, որքանով վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանային-տարածքային վեճին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, համազգային-համահայկական է այնքանով, որքանով վերաբերում է Հայաստանի կողմից նրա անվտանգության երաշխավորմանն ու ողջ հայության՝ այդ գործում ներգրավվմանը: Արցախի հարցին նման բազմամակարդակ մոտեցումը ոչ միայն կանխորոշում է այդ խնդրով շահագրգիռ և իրավասու դերակատարների շրջանակը, այլև նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու մանդատը:

2. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի ու անբեկանելի:

3. Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի կողմից, և եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը:

4. Արցախի Հանրապետության իշխանությունները նրա բնակչության կամքի օրինական ներկայացուցիչներն են թե՛ ներքին կյանքը ժողովրդավարության միջազգային չափանիշներով կառավարելիս ու որոշումներ ընդունելիս, թե՛ միջպետական հարաբերություններ հաստատելիս և նրա անվտանգությանն ու ապագային վերաբերող բանակցություններ վարելիս: Արցախի իշխանությունների այդ մանդատը նույնպես չի կարող ենթակա լինել որևէ պետության, առավել ևս Ադրբեջանի քաղաքական կամքին: Որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

5. Արցախի ու Հայաստանի ժողովրդի կամքը, որն արտացոլված է նրանց Սահմանադրությամբ ամրագրված դրույթներում և պայմաններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Արցախի սահմանների ճշգրտման ու տարածքային հարցերի կարգավորման վերաբերյալ, շրջանցող որոշումները իրավական ուժ և լեգիտիմություն չունեն:

6. Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական է:

7. Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Խրախուսել, որպեսզի կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) գրասենյակներ հիմնեն Արցախում: Զարգացնել ներքին զբոսաշրջությունը՝ հատկապես սուբսիդավորելով աճող սերնդի այցելությունները դեպի Արցախ։

8. Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում:

9. Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:

10. Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին:

Օրինականության և իրավունքի գերակայության հաստատում

1. Փոփոխված Սահմանադրությունը 6-րդ գումարման Ազգային ժողովի վրա է թողել խորհրդարանական կառավարման համակարգին անցման օրենսդրական հիմքերի ապահովումը, որտեղ առանցքային է իշխանության ճյուղերի միջև ճշգրիտ տարանջատումը։

2. Այդ համատեքստում անհրաժեշտ է կայացնել իրապես անկախ դատաիրավական համակարգ՝ բացառելով «վերևներից թելադրված» արդարադատությունը, ապահովել գործնականում օրենքի առջև բոլորի հավասարության և իրավունքի գերակայության կիրառելիության արդյունավետ մեխանիզմներ։

3. Հիմնովին բարեփոխել հատկապես քրեական արդարադատության համակարգը, հետևողական պայքար մղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ։

4. Բացահայտել 1999թ․ հոկտեմբերի 27-ի և 2008թ․ մարտի մեկի ոճրագործությունները, պատասխանատվության ենթարկել դրանց պատվիրատուներին, կազմակերպիչներին և իրականացնողներին։

5. Իրականացնել տնտեսական խոշոր հանցագործությունների ու յուրացումների անաչառ և թափանցիկ հետաքննություն։

6. Ուժեղացնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։

7. Վերանայել քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձանց գործերը, ազատ արձակել ակնհայտ քաղաքական պատվերով ազատազրկված անձանց։

8. Ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների աներկբա և ժամանակին կատարումը, ինչն էապես կզսպի դատարաններին ակնհայտ անարդար վճիռներ կայացնելիս։

9. ՄԻԵԴ-ի վճիռներով նախատեսված քաղաքացիներին փոխհատուցման բեռը պետության փոխարեն դնել անարդար վճիռ կայացրած դատավորի վրա։

10. Նվազեցնել ոստիկանության և ներքին զորքերի թվաքանակը, բարեփոխել ողջ համակարգն ու բացառել նրանց կողմից որևէ միջամտություն քաղաքական ու քաղացիական իրավունքների իրացման գործընթացներին։

Անզիջում պայքար կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ

1. Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհներն այլևս վտանգում են պետականության հիմքերն ու իսպառ փակում են երկրի և հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել պետական, հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում՝ ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ:

2. Տնտեսության մեջ վերացնել ստվերը (Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ հեղինակավոր կազմակերպությունների ու փորձագետների գնահատականով ՀՆԱ-ի նկատմամբ 30-50%, ՀՀ Ֆինանսների նախարության գնահատակով՝ 34%)՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով:

3. Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար:

4. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ու ստվերից այդ միջոցների պետական բյուջե մուտքագրման դեպքում հնարավոր կլինի առնվազն կրկնապատկել պաշտպանության, առողջապահության ոլորտների բյուջետային ծախսերը, այսինքն՝ բարձրացնել երկրի անվտանգության մակարդակն ու ունենալ առողջ հասարակություն:

5. Բացառել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին՝ գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման, պատվերների տեղադրման և գնումների գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև՝ նրանց արգելել հանքարդյունաբերությամբ զբաղվելը՝ արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ տրամադրելով պարտադիր կարգով վերագրանցվելու և §բաց¦ կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար:

6. Գույքագրել և քվոտավորել ընդերքի օգտագործումը, միջազգային և եվրոպական կառույցների հետ համագործակցաբար ներդնել ջրային, հանքային և բնական այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետ, խնայողական ու թափանցիկ համակարգեր:

7. Վերացնել մենաշնորհները և օլիգոպոլիաները, այդ թվում՝ պետական իշխանությունը տարանջատելով բիզնեսից, դադարեցնելով պետական խտրական և հովանավորչական քաղաքականությունը, վերադարձնելով օրենքի խախտումներով ձեռքբերված գույքը, խստացնել տնտեսական մրցակցության օրենսդրությունը:

8. Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագրերի դրույթները համալրել այնպիսի կարգավորումներով, որոնք Գազպրոմի համար պարտադիր կդարձնեն իրեն պատկանող գազատարով իրանական գազի տեղափոխությունը և տարանցումը:

9. «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին 2008թ. փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջ կնքված կոնցեսիոն պայմանագրի վերանայման ուղղությամբ բանակցություններ վարել, որը կոնցեսիոների համար Հայաստան-Իրան նոր երկաթուղային գծի կառուցման պարտավորություններ կսահմանի:

10. Իրանի հետ բանակցել գազի ներմուծման նոր պայմանագրի կնքման շուրջ՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը փոքրացնելու և բնագավառում մենաշնորհը վերացնելու նպատակով:

Մրցունակ տնտեսության քաղաքականության առաջնահերթություններ

1. ԵՄ հետ ստորագրելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն՝ դրանում ներառելով խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման, վիզաների ազատականացման բաղադրիչները: ԵՄ հետ ստորագրել §Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի¦ համաձայնագիրը, որպես լիիրավ անդամ անդամակցել Եվրոպական էներգետիկ համայնքին:

2. Ընդլայնել ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական, էներգետիկ և բնագավառներում համագործակցությունը՝ ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը:

3. Ակտիվորեն ներգրավվել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի կյանքի կոչման և իրականացման աշխատանքներին:

4. Իրանի հետ կնքել Ազատ առևտրի համաձայնագիր, Իրանի և շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցաբար իրականացնել Իրան-Հայաստան նավթամուղի և նավթային ապրանքի տերմինալի կառուցման նախագիծը: Քննարկել նաև փոքր հզորության նավթավերամշակող գործարանի կառուցման հնարավորությունները, Իրանի և շահագրգիռ այլ կողմերի հետ քննարկել Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանելու հնարավորությունները:

5. Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ ԱՄՆ դոլար) Հայաստանի տնտեսություն ուղղորդել §Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի¦ միջոցով:

6. Կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում դնել ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես՝ 2017-2021թթ. ընթացքում 3 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ճանապարհային շինարարության մեջ: Միջոցներ ներդնել §Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամից¦ (շուրջ 1.5 մլրդ դոլար, որից 500 միլիոնը՝ ՀՀ Կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից), պետական վարկային միջոցներից (300 մլն դոլար), երաշխքիներից (600 մլն դոլար) և մասնավոր ներդրողներից (600 մլն դոլար):

7. Շահագործել (ամբողջությամբ ու մասնակիորեն) կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածը (32 կամուրջով և 8 թունելով), սկսել Կիրանց-Ջուջևան և Իջևան-Նավուր թունելների շինարարությունը։ 2017-2021թթ․ կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը, ինչը թույլ կտա 300-500կմ-ով կրճատել ՀՀ հիմնական կայարաններից դեպի Բաթումի երկաթուղային ճանապարհը, իսկ ԼՂՀ տանող նոր ճանապարհի գործարկմամբ Արցախի տնտեսվարող սուբյեկտները 160 կմ ավտոճանապարհից հետո ՀՀ և արտերկրի տատեսվարող սուբյեկտների հետ երկաթուղային կապ կստանան։ 2017-2018թթ․ գործարկել շուրջ 200 մեգավատ հզորության ոչ ավանդական (արև և քամի) էներգահզորություն։ Այս նպատակով կառավարության երաշխիքներով ներգրավել շուրջ 400 լն դոլար։ 2018թ․ սկսել Հայկական ԱԷԿ-ի 600 մեգավատանոց էնարգաբլոկի շինարարությունը։

8. Իրականացնել դիվերսիֆիկացված հարկային և խթանող բյուջետային քաղաքականություն, որը ենթադրում է հարկային բեռի վերաբաշխում՝ էապես նվազեցնելով փոքր և միջին բիզնեսի բեռը, սահմանել շահութահարկի դիվերսիֆիկացված դրույքաչափեր, մասնավորապես՝ արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար՝ 5%, ծառայությունների ոլորտի համար՝ 6% և առևտրի ոլորտի համար՝ 7%, կիրարկել պրոգրեսիվ եկամատահարկի սանդղակ՝ առանձին գույքային համալիրների նկատմամբ գույքահարկի դրուքը սահմանելով դրա արժեքի 1%-ը, իջեցնել գործածարության տուրքերը և կրճատել գործունեության թույլտվությունները, գործունեության թույլտվություն ստանալու շուրջ 100 տեսակների ցանկը կրճատել երեք անգամ:

9. 2017-2021թթ․ շարունակել ՏՏ ոլորտի պետական օժանդակությունը՝ երկարաձգել այս ոլորտի հարկային արտոնությունները, որոնք հանված են «նոր» հարկային օրենսգրքով։ Պետության արտահանման խրախուսման, հարկային արտոնությունների, արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը, նախևառաջ, ուղղված կլինի (ՏՏ ոլորտից բացի) դեղագործության, ինովացիոն և բարձր տեխնոլոգիական արտադրանքների, ռազմական տեխնիկայի, ոչ ավանդական էներգետիկայի բազային տարրերի, գյուղմթերքների ու սննդարդյունաբերության ապրանքների արտադրությանն ու արտահանմանը։

10. 2017-2021թթ. Հայաստանում ու Արցախում հիմնել առնվազն 2 տասնյակ ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ, մարզերում բացել գործարարության աջակցության կենտրոններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորութուն տալով 2 տարի, առանց որևէ վճարման այդ կառույցներում զարգացնել իրենց ինովացիոն ձեռնարկատիրական ծրագրերը:

Ապահով մարդ և ընտանիք, հեռանկարով երիտասարդություն և սոցիալապես համերաշխ Հայաստան

1. Հայաստանի վարած քաղաքականությունները պետք է լինեն մարդակենտրոն և մարդու համար, արտացոլեն քաղաքացու, հանրային ու ժողովրդի շահերը. միայն այդպիսի քաղաքականություններով է հնարավոր ապահովել սոցիալական համերաշխությունը ու բացառել հարստության գերկենտրոնացումը, էապես կրճատել աղքատությունը, հանրային բոլոր ծառայությունները՝ սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային և այլն, դարձնելով մատչելի, որակյալ և հասու յուրաքանչյուրին:

2. 2017-2021թթ. գործազրկության մակարդակը 2016թ. 16.9%-ից 2021թ. իջեցնել 10.4%-ի, ինչը հավասար է 140.000 աշխատատեղ ստեղծելուն:

3. Նվազագույն աշխատավարձը 5 տարում կրկնապատկել մինչև 111.000 դրամ, միջին աշխատավարձը հասցնել 259.000 դրամ (462 դոլար՝ 2021թ․ կուրսով), իսկ միջին աշխատանքային կենսաթոշակները բարձրացնել մինչև առնվազն 73.000 դրամ:

4. Ընդհանուր աղքատության ցուցանիշը 2017-2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30%-ից իջեցնել առվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի քան 2%-ը:

5. Ներդնել սոցիալական համերաշխության մոդել, որը ենթադրում է բնակչության ազատ տեղաշարժի հնարավորություն սոցիալական մի խմբից մյուսը, եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանում, ինքնազբաղվածության աճ, սերունդների միջև համերաշխություն, տարբեր մասնագիտությունների հավասար գնահատում և տարածքային համաչափ զարգացում:

6. Աշխատանքից ազատվելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս:

7. Երեխաների ծնունդի միանվագ նպաստը սահմանել 1.5 միլիոն դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3 միլիոն դրամ:

8. 30-50%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն նախատեսել հայրերի համար:

9. Տնտեսության ու կենսագործունեության բոլոր բնագավառներում երիտասարդությանն ապահովել սեփական երկրում որակյալ կրթություն ստանալու, ընտանիք կազմելու, աշխատանքի, ինքնաիրացման ու ստեղծագործական ներուժի դրսևորման գործնական հնարավորություններով ու հեռանկարով:

10. Մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև պատշաճ պայմաններ ու հնարավորություններ ստեղծել դպրոցականների, երիտասարդության ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար:

Ընտանիքին, քաղաքին ու բանակին կերակրող գյուղատնտեսություն

1. Օրենսդրորեն սահմանել գյուղացիական, ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ տարբերակելով միկրոբիզնեսը, ՓՄՁ-երը և գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ նրանց հնարավորություն տալով օգտվել առաջարկվող դիվերսիֆիկացված ու խթանիչ քաղաքականություններից:

2. Սուբսիդավորել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, մասնավորապես ամեն տարի ՀՀ բյուջեում առանձին հավելվածով նշելով այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես՝ լեռնային ու ծայրամասային գյուղերում) անունները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում:

3. Մթերման համապատասախան փաստի դիմաց գյուղացուն սուբսիադիա տրամադրել յուրաքանչյուր միավոր արտադրված մթերթի հաշվով, լեռնային գյուղական բնակավայարերում սուբսիդավորման քաղաքականությունը զուգակցել երաշխավոված մթերման գների քաղաքակության հետ:

4. Բազմամյա տնկարկների, խոշոր եղջերավոր անասնապահության պարագայում նպատակահարմար է կիրառել արտադրված մթերքների վերամշակման հզորությունների աջակցման պրակտիկան՝ պետության մասնակցությունը բերելով այդ հզորությունների ստեղծմանը և սեփականության իրավունքը փոխանցելով կոոպերատիվի անդամ գյուղացիներին:

5. Խրախուսել փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը, պայքարել խոշոր հողատիրության դեմ, վերականգնել վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքները:

6. Պետության մասնակցությամբ ստեղծել 5-10 մեծածախ շուկաներ, և աջակցել գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնմանը:

7. Ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում ստեղծել գյուղատնտեսական փոխօգնության կոպերատիվներ՝ բարեփոխելով ոռոգման համակարգը:

8. Խրախուսել փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը:

9. Դուրս գրել կամ մասնակիորեն մարել գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերը:

10. Օրենսդրորեն կարգավորել հայկական կոնյակի նույնականացման հիմնախնդիրը, արգելել ներմուծված սպիրտի հաշվին հայկական կոնյակի ապրաքանշանի տակ շշալցումը, արտահանումն ու վաճառքը, ուժեղացնել տեղական խաղողի դերն ու նշանակությունը կոնյակագործության մեջ:

Պաշտպանություն և բանակի արդիականացում

1. Ստվերի կրճատման հաշվին կրկնապատկել պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, զինվորականության և արցախյան ազատամարտի մասնակիցների համար ընդլայնել սոցիալական արտոնություններն ու կենսական հանրային ծառայությունների մատչելիությունը:

2. Սահմանային հենակետերն ու ենթակառուցվածքները ապահովել հայրենական արտադրության ու ձեռքբերված նորագույն սարքավորումներով, զինվորի ծառայությունը դարձնել ոչ միայն արժանավայել, այլ նաև անվտանգ:

3. Բանակի արդիականացման հայացակարգի կարևորագույնը տարր է աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի՝ հաշվի առնելով առանձնահատկություններով ու միջավայրով Հայաստանին նման պետությունների փորձը:

4. Հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, շեշտակի բարձրացնել նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով: Ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, բանակ-հասարակություն կապը:

5. Բացահայտել ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցած հանցագործություները, այդ թվում ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների մահվան հանգամանքները, անցկացնել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննություն:

6. Վերանայել և առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը՝ բացառելով յուրացումները, չարաշահումները և կոռուպցիոն գործարքները:

7. Վերանայել սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգը՝ շեշտը դնելով ռազմավարական զինատեսակների ձեռքբերման կամ Հայաստանում համատեղ արտադրության վրա, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ու նրանց հետ:

8. Վերանայել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրեր, որոնք վավերացվել են առանց Հայաստանի համար կենսական ու անվտանգության զգայուն խնդիրներով փոխադարձ շահերը բազմակողմանիորեն հարգելու ու վտանգները չեզոքացնելու մասին վավերապայմանների:

9. Վերանայել անվտանգության ոլորտում այլ՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրների հետ հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը և ինքնիշխանությունը արգելափակող խոչընդոտները:

10. Զարկ տալ ռազմաարդունաբերական համալիրի զարգացմանը՝ այդ թվում առաջատար երկրների հետ համատեղ նախագծեր կյանքի կոչելով:

Առաջանցիկ գիտություն՝ հանուն անվտանգության և ինքնիշխանության

1. Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային անվտանգության ամրապնդման խնդիր է, այլև տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացման գրավական: Գիտության և կրթության արդի զարգացմանը համընթաց գնալու համար գիտակրթական տեղեկատվության ժամանակին ու տեղին օգտագործումն այլընտրանք չունի: Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման և համակարգման բնագավառում, կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը պետական բյուջեից` հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի: Սա համարում ենք ապագայում Հայաստանի մրցունակության և մարտունակության կարևորագույն գրավական:

2. Գիտակիրառական հիմնավորում չունեցող ձեռնարկներն ու ծրագրերը շարունակում են լուրջ փորձությունների մատնել երկիրը` հանգեցնելով գիտական ներուժի արտահոսքի և ինովացիոն հնարավորությունների նվազեցման, պրոֆեսորադասախոսական, ուսուցչական անձնակազմերի ծերացման:

3. «Կրթության մասին» ՀՀ օրենքով կրթության ոլորտի քաղաքականությունը պետք է առաջնորդվի «Կրթության զարգացման պետական ծրագիր 2016-2025թթ.» օրենքով, որը Կառավարության անհետևողականության պատճառով դեռևս Ազգային ժողովում ընդունված չէ: Ծրագիրը առաջիկա 10 տարվա տեսլականում պետք է որպես հիմք ունենա Գիտակրթական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը՝ եվրոպական կառույցների հետ ինտեգրման ու միջազգային պայմանագրերի ընդունմամբ` միաժամանակ պահպանելով մեզանում գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները:

4. ՀՀ գիտակրթական համակարգի բարեփոխումները պետք է ներառեն՝

ա) գիտական ենթակառուցվածքների գործունեության նկատմամբ պետական հոգածությունն ու աջակցությունը,

բ) կարևորագույն միջազգային և ազգային գիտական մշակումների, ծրագրերի, կառավարման համակարգի կատարելագործումն ու վարչարարական անհարկի միջամտությունների վերացումը,

գ) տարբերակված ֆինանսական մոտեցումը գիտական հայտնագործությունների խթանման նկատմամբ, գիտնականի աշխատավարձը պետք է կախված լինի նրա գիտական արդյունքի որակից,

դ) գիտական ու կրթական համակարգերի, տնտեսության մեջ դրանց արդյունքների ներդրման տարանջատվածության վերացումը,

ե) համալսարանական կրթության համակարգի հենքը պետք է լինի ուսանողներին տրվող ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլև նրանց ոլորտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները:

5. Ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումը ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահի պաշտոնում, գնահատման համակարգը դարձնել պատճառաբանված ու թափանցիկ, իսկ §Բարձրագույն կրթության մասին¦ ՀՀ օրենքի նախագծում նրանց կառավարման խորհուրդներում որոշակի համամասնությամբ ներգրավել գործատուներ:

6. Յուրաքանչյուր քաղաքացու բարձրագույն կրթություն ստանալու համար ապահովել հավասար հնարավորություններ, վերացնել բուհերի որոշ որակավորումների համար պետպատվերի 100% սահմանափակումը, ներդնել կրթության վարկավորման այնպիսի մեխանիզմ, որով կխթանվի ուսանողի ուսման վարձի խնդրով բանկ-ԲՈՒՀ համագործակցությունը:

7. Մագիստրոսական կրթության մակարդակի տևողությունը սահմանել 1 տարի, մասնագիտությունների որակավորումների ցանկը և կրթության որակի մակարդակը համապատասխանեցնել շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, մասնագիտական հիմնարկներից և ԲՈՒՀ-երից երիտասարդ տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ապահովել հետազոտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ՝ երկրի տնտեսության զարգացման ուղղություններին համապատասխան, կրկնապատկել պահանջարկ ունեցող մասնագիտացումների գծով ասպիրանտուրայի տեղերը:

8. ԲՈՒՀ-երում վերականգնել ռազմական ամբիոնները` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով: Առավել սերտ ու ակտիվ համագործակցություն հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի գիտական հաստատությունների միջև` փորձելով Հայաստանում արտադրել գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանը իջեցվող ռազմական պատվերների ծավալը: Դա նաև արտահանման ծավալների ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման խիստ հեռանկարային ուղղություն է:

9. Մշակել և ներդնել մեխանիզմներ, որոնք առավել շնորհալի ուսանողներին թույլ կտան իրենց ծառայությունը զինված ուժերում անցկացնել այնպիսի զորամիավորումներում կամ ռազմական արդյունաբերության գիտատար ոլորտներում, ուր հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել նրանց գիտելիքները և ներուժը` հանուն հայկական բանակի առավել հզորացման:

10. Նվազեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր ԲՈՒՀ-երի հանդեպ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին: Կրթության բնագավառում հարկային բեռի թեթևացման արդյունքում ԲՈՒՀ-երում մնացող հավելյալ ֆինանսական միջոցները կուղղվեն գիտակրթական գործընթացի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը:

Որակյալ և մատչելի հանրակրթություն՝ որպես ազգային անվտանգության երաշխիք

1. Սերունդների դաստիարակության ազգանվեր ու նվիրական գործում դպրոցի և ուսուցչի նկատմամբ պետական քաղաքականության վերանայումը պետականության հիմքերի ամրապնդման առանցքային խնդիրն է: Բարոյական բարձր արժեհամակարգ ունեցող Անհատի ու իր իրավունքներն ու պատասխանատու ՔԱՂԱՔԱՑՈՒ ձևավորման կարևորագույն օջախներից մեկը, ընտանիքից հետո, դպրոցն է: Համաշխարհային կրթական ասպարեզում նվաճումներ և հաղթանակներ գրանցելու գրավականը 21-րդ դարի հրամայականներին հարիր կրթական համակարգի ձևավորումն է, որում ցանկացած հաջողություն մեծապես կախված է ուսուցչի արհեստավարժությունից և բարեկեցությունից:

2. Կրթության ֆինանսավորման համար ապահովվելու է վերոնշյալ օրենքի նախագծով ըստ տարիների սահմանված ՀՆԱ-ի հետևյալ չափաքանակները` 2017թ. առնվազն ՀՆԱ 2.8%, 2021թ.՝ 3.3%, 2025թ.՝ 3.7%: Ընդ որում կրթության ոլորտին ուղղվող ծախսերը աճելու են տնտեսական աճին համընթաց, բայց ոչ այնպես ինչպես նախատեսված է Կառավարության 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ 2016թ. համար ՀՆԱ-ի 2.63 %-ը, 2017թ.` 2.54%-ը և 2018թ․` 2.45%-ը: Ըստ որում՝ սահմանամերձ գյուղերի աշակերտ-թվով ֆինանսավորման չափը պետք է կրկնապատկվի: Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու «Ավագ դպրոցների ռազմավարության մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանած աշխատավարձի 20% հավելավճարը:

3. Ապահովել

ա) ուսուցչին արժանապատիվ աշխատավարձով,

բ) սահմանադրորեն ամրագրված և 2017.թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտնող միջնակարգ պարտադիր կրթությունը` որպես քաղաքացու իրավունք, որի համար անհրաժեշտ է հանրապետության բոլոր մարզերում ունենալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ մարզի տնտեսական զարգացման հեռանկարին համապատասխան,

գ) որպեսզի ՊՈԱԿ-ի և ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխության միջոցով հանրակրթական ուսումնական հաստատության ընտրված տնօրենն աշխատանքային պայմանագիրը կնքի իրեն ընտրող կառավարման խորհրդի հետ՝ անդամների թիվը դարձնելով 7,

դ) հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքը իր բնակավայրում և իր հասակակիցների հետ,

ե) նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում,

զ) դպրոցներում արդի պահանջները բավարարող մանկավարժների մրցութային ընտրության օբյեկտիվությունը կամ վերադառնալ ուսուցչի նշանակման պրակտիկային՝ հենվելով Աշխատանքային օրենսգրքով սահմանվող եռամսյա փորձաշրջանի պահանջի վրա:

4. Անվերապահ կատարել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները,

ա) որի 26-րդ հոդվածի 8 և 9-րդ կետերի համաձայն՝ յուրաքանչյուր տարի դպրոցի ուսուցչական կազմի 20%-ը ուսումնական հաստատության միջոցների հաշվին պետք է պարտադիր վերպատրաստում անցնի՝ լիազորված մարմնի կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն ընտրելով վերապատրաստող կազմակերպությանը,

բ) վերապատրաստող կազմակերպությունները ԿԳ նախարարի հրամանով պետք է ընտրվեն կազմակերպության կողմից ներկայացված վերապատրաստման ծրագրի, մեթոդների ու գործընթացի արդյունավետությունը չափող գործիքների մրցակցության արդյունքներով,

գ) վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվում են վկայականներ, որոնք հավաստում էին միայն նրանց մասնակցությունը դասընթացներին, բայց դասընթացների ընթացքում ստացված գիտելիքները և հետագայում դասապրոցեսի վրա դրանց ունեցած ազդեցությունը պետք է գնահատվեն, որը կարող է դառնալ տարակարգ ստանալու հիմքը։

5. Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) պետք է ունենա հենակետային դպրոց՝ որպես մանկավարժական նորույթների ու մեթոդների ներդրման, փորձարկման դարբնոց և այսօրվա ՏՀՏ ընձեռած միջոցների շնորհիվ ԿԱԻ-ի մասնագետներն այնտեղ վարեն հեռավար դասեր: ԿԱԻ-ի մասնագետները պետք է ունենան «Մանկավարժական աշխատող»-ի կարգավիճակ:

6. Մարզային մանկավարժական համալսարաններում պետք է բացվեն համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունից բխող մասնագիտացումների որակավորում ապահովող ֆակուլտետներ։

7. Հանրակրթական դպրոցներում պետք է ապահովվի մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» գործող ՊՈԱԿ-ը պետք է տեղափոխվի ԿԳՆ և իր մասնաճյուղը պետք է ունենա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

8. Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18 ժամյա չափանիշը, որով թե՛ ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, թե՛ ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ:

9. Ավագ դպրոցների լաբորատորիաները, արհեստանոցները վերազինել արդի սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, ընդլայնել դպրոցների նյութատեխնիկական բազան` բյուջետային հատկացումների միջոցով:

10. Դպրոցների տնօրենների համար օրենքով նախատեսել վարչական տույժեր՝ օրենքով արգելվող քաղաքական քարոզչության համար:

Հայաստանն առաջ տանող ու արժանապատիվ ներկայացնող մշակույթ և արվեստ

1. Մշակույթը ցանկացած ազգի ինքնության հենասյուներից է, ոգու մարմնավորումը և մարդու հոգևոր պահանջմունքների անբաժանելի մասը, աշխարհին ներկայանալու այցեքարտ և սերունդների և ժողովուրդների միջև անխափան կամուրջ:

2. Մշակութային քաղաքականության ռազմավարությունը պետք է միտված լինի աշխարհին նաև մշակութային կապերով հաղորդակից ու ինտեգրված, մշակութային բազմազանությունը գնահատող, իր մշակութային ինքնությունը ճանաչող ազատ քաղաքացու ձևավորմանը:

3. Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ:

4. Մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, ներառյալ՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար:

5. Խթանել մշակութային համագործակցություն հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ, օգնելով մեր արվեստաետներին ու մշակութային գործիչներին ավելի լավ ինտեգրվելու եվրոպական ընդարձակ տարածքում, ներկայացնելու հայկական մշակույթը աշխարհում ու նրանց ինքնաիրացման համար բացելով ավելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ:

6. Ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները որպես նոր սերնդի ու երիտասարդության դաստիարակության և մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար, նպաստել աշխարհում հայկական մշակույթի և արվեստի գովազդմանը, աջակցել հայկական սփյուռքում մշակութային կյանքին ու Հայաստան-Սփյուռք սերտ և անխափան կապին:

7. Աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող ու մատաղ սերնդի և երիտասարդության մշակութային կրթության կենտրոններ:

8. Հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը:

9. Խթանել գրահրատակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը:

10. Բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսական զարգացման տեմպերին համընթաց, նրանց կատարած հայրենանվեր աշխատանքի արժանավույնս գնահատմամբ:

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ