Հայաստանի ազգային փոքրամասնությունները՝ հիմնականում ՀՀԿ-ի հետ

993

Նոր ընտրական օրենսգրքով Հայաստանի խորհրդարանում 4 տեղ հատկացվել է առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնություններին՝ եզդիներին, ռուսներին, ասորիներին և քրդերին:

Նոր խորհրդարանում պատգամավորների նվազագույն քանակը կլինի 105, որից 101-ը համամասնական ընտրակարգով, 4-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Վերջին՝ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝

եզդիներ – 35.308,

ռուսներ – 11.911,

ասորիներ – 2.769,

քրդեր – 2.162։

Ընտրություններին մասնակից 9 ուժերից հինգը՝ «Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի Կոմունիստական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները ազգային փոքրամասնությունների չեն ներկայացրել, «Հայկական վերածնունդը» և «Ծառուկյան» դաշինքը ներկայացրել են եզդիների, ռուսների ու ասորիների, իսկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը և իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են ազգային բոլոր չորս խմբերին։

Եզդիներ

ՀՀԿ-ն իր փոքրամասնական ցուցակով առաջադրել է 4 եզդիների՝ Ռուստամ Մախմուդյանին, Ռզգան Շամոյանին, Խդր Հաջոյանին և Ամո Շարոյանին, բոլորը՝ տղամարդիկ։ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը առաջադրել է Աշոտ Շավեշյանին, «Հայկական վերածնունդը»՝ Շամո Բաքոյանին, «Ծառուկյան» դաշինքը՝ Սաիդ Ավդալյանին, երեքն էլ՝ տղամարդ։

Ռուսներ

ՀՀԿ-ն առաջադրել է 4 ռուսների, որոնցից 3-ը տղամարդ, մեկը կին․ Յուրի Յակովենկո, Ելենա Վալեյկո, Արթուր Ռուդոմետկին և Ալեքսանդր Լեդյաև։ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը առաջադրել է երկու կանանց՝ Գայանե Մալիշենկոյի և Նարինե Կուրբետի, «Հայկական վերածնունդը»՝ Օլեգ Մորոզովի, «Ծառուկյան» դաշինքը՝ Տատյանա Միքայելյանի թեկնածությունը։

Ասորիներ

ՀՀԿ-ն առաջադրել է 4 ասորիների, որոնցից 3-ը տղամարդ, մեկը՝ կին․ Արսեն Միխայլով, Իրինա Գասպարյան, Ալբերտ Յակուբով և Բենյամին Ավդիշյան։ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը առաջադրել է Արտյոմ Սարգիզովի, «Հայկական վերածնունդը»՝ Կոնստանտին Իվանովի, «Ծառուկյան» դաշինքը՝ Արմեն Բաբաևի թեկնածությունը։

Քրդեր

ՀՀԿ-ն առաջադրել է 4 քրդերի թեկնածություն, որոնցից 3-ը տղամարդ, մեկը կին՝ Կնյազ Հասանով, Վաքիլ Ամիրյան, Լիաննա Մհոյան և Տիտալ Համեյան։ Չորս առաջադրվածներից միայն մեկն է ՀՀԿ-ական, մյուսները անկուսակցական են։ ՀՀԿ-ից բացի միակ ուժը, որ առաջադրել է քուրդ թեկնածու, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն է՝ Ռոման Ահմեդով։

Այսպիսով, ապրիլի 2-ի ընտրություններում ազգային փոքրամասնությունների ցուցակներով առաջադրվել են ընդհանուր առմամբ 27 թեկնածուներ, որոնցից 6-ը՝ կին։

Աշխարհագրական առումով 27 թեկնածուներից 13-ը Երևանից են, 6-ը՝ Կոտայքի, 2-ական՝ Արարատի, Արագածոտնի և Լոռու, 1-ական՝ Շիրակի և Արմավիրի մարզերից։

Թաթուլ Հակոբյան

www.civilnet.am