Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում է հնարավոր ստատուս քվոյի փոփոխություն

1268

Սերժ Սարգսյանը Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած ելույթում, անդրադառնալով Արցախյան խնդրին ասել է, որ «եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը հերթական անգամ հստակ հասկացնել է տվել, որ Ադրբեջանը հող հետ կստանա, եթե ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ ընդունի Արցախում անցկացվելիք հնարավոր հանրաքվեի արդյունքները: 

Ներկայացնում ենք Սարգսյանի ելույթի Արցախյան հատվածը:

_______________

2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ Այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն։

Ահավասիկ, ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:

Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:

Ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:

Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող:

Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին:

Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի:

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին:

Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն:

Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:

Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից: