Այգեպար. պատային վիճակ

1201

Այգեպարցի Լիդա Հովակիմյանը ցույց է տալիս իր տան՝ տուֆով փակված պատուհանները:

Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Այգեպար ավանը: Սահմանամերձ գյուղերի բնակիչները սովոր են ապրել, աշխատել, երեխա ունենալ, ուրախանալ ու տխրել հակառակորդի կրակոցների տակ արդեն քառորդ դար: Վերջի գնդակոծությունները, սակայն, տարբերվել են նախորդներից: Այգեպարցիները պատմեցին, որ 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր նման հրետակոծություն չէր եղել:

63-ամյա Սամվել Ուդումյանի հայրը եղել է Այգեպարի հիմնադիրներից: 1930-40-ական թվականներին, երբ հիմնադրվում էր Այգեպարը, նրա հայրը չէր կարող պատկերացնել, որ այն տունը, որ կառուցում է, տասնամյակներ անց ենթարկվելու է ռմբակոծության հարևան ադրբեջանական Ալիբեյլի գյուղի դիրքերից: Այն տարիներին հայ-ադրբեջանական եղբայրություն էր քարոզվում: Արդեն կես դար այդ արհեստական եղբայրությանը փոխարինել է թշնամությունը:

«Գնալով կյանքը դժվարանում է: Չենք բողոքում ոչ թոշակից, ոչ աշխատավարձից: Իհարկե, այդ խնդիրները կան: Մեզ առավել մտահոգում է անվտանգության խնդիրը: Այսպիսի ահավոր գնդակոծություն հրադադարի 20 տարիներին չէր եղել: Կրակում են ամենատարբեր զինատեսակներից: Վերջին կրակոցները ավելի մեծ տրամաչափի զենքերից էին, մենք ձայնից ու դղրդոցից արդեն տարբերում ենք: Մեր տունը ցնցվում էր: Բայց ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Գնալու տեղ էլ չունենք: Սա մեր գյուղն է, մեր հողն է, մեր հայրենքն է: Մենք մեր ներկայությամբ պահում ենք Հայաստանի սահմանը»,- ասում է Սամվել Ուդումյանը:

Ուդումյանի տունը հենց ադրբեջանական զինվորական դիրքերի դիմաց է` մի քանի հարյուր մետր հեռու: Վերջին կրակոցներից հետո, երբ փշրվեցին տան պատուհանների ապակիները, նա նոր ապակիներ այլևս չի դրել: Գնել է տուֆ և դեպի արևը և հակառակորդի դիրքերը նայող պատուհանները պատել տուֆով: Բացի այդ, քանի որ դիպուկահարները կարող են կրակել հենց Ուդումյանը տնից դուրս գա, նա հիմնական դռան դիմաց մի քանի մետր բարձրությամբ պատ է կառուցել: Գնացել է դրամատուն, 1000 դոլար վարկ վերցրել և տան առաջ պարիսպ կառուցել:

Հենց այդ պարսպի տակ մենք զրուցեցինք ու սուրճ խմեցինք: «Ես այս պատը կառուցել եմ իմ ապահովության համար և չեմ ակնկալում, որ պետությունը կամ որևէ մեկը պետք է ինձ օգնի: Այս պատը կառուցել եմ, որպեսզի գոնե տնից դուրս-ներս անելիս կրակի տակ չընկնենք: Իհարկե, ֆինանսական որոշակի դժվարություն եմ կրել»,- ասում է նա:

Այգեպարը, ի տարբերություն Հայաստանի մյուս գյուղերի, հողատարածքներ գրեթե չունի, որպեսզի գյուղացիները մշակեն և բերք ու բարիք ստանան: Գյուղի չափահաս և միջին տարիքի տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայող է և պաշտպանում է Հայաստանի սահմանի հենց Այգեպարի հատվածը: Աշխատատեղ ապահովող հիմնարկություններից են գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը և գինու գործարանը: Ծխախոտի և պահածոների գործարանները ավերվել են պատերազմի տարիներին հակառակորդի ռումբերից:

Ուդումյանն ասում է, որ հավերժական պատերազմներ չեն լինում. «Ոչ մենք ենք այստեղից գնալու, ոչ իրենք: Ճիշտ է, նման պայմաննրում այստեղ ապրելը դժվար է, բայց ամեն գնով չպետք է գնալ խաղաղության: Փոխադարձ զիջումներ պետք են, բայց ամեն գնով պետք չէ գնալ խաղաղության»: Նա ասում է, որ իշխանությունները սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության հարցում շատ բան չեն կարող անել, քանի որ հակառակորդն է կրակում: Բայց կարելի է որոշ գործեր անել: Օրինակ, գյուղի այն հատվածներում, որտեղ հակառակորդի դիպուկահարի անմիջական նշանառության տակ է, կարելի է պաշտպանական պատեր, պարիսպներ կառուցել:

Ուդումյանը պատմեց, որ բանվորական ավան Այգեպարը ստեղծվել է հարևան գյուղերից եկած բնակիչների հաշվին: Խորհրդային տարիներին այստեղ կառուցվեցին ծխախոտի, պահածոների ու գինու գործարաններ, ինչպես նաև օդանավակայան, որտեղից «Յակ-40» օդանավերը թռչում էին Երևան ու Բաքու:

Հենց այդ օդանավակայանում է աշխատել 73-ամյա Գառնիկ Սահակյանը նախքան պատերազմը: Երբ սկսվեց պատերազմը, թռիչքները դադարեցին: Սահակյանը, ինչպես գյուղի մյուս տղամարդիկ, զենք վերցրեց: Սահակյանի տունը Այգեպարի վերջին տունն է: Մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանցիներն են: Սահակյանենց տան պատշգամբից պարզ երևում են և՛ ադրբեջանական դիրքերը, և՛ տները:

Նա հումորով ասում է, որ իր տունը ամենալավ տեղն է պատերազմ դիտելու համար: Երբ ադրբեջանցիները կրակ են բացում Այգեպարի ուղղությամբ, հայկական դիրքերից անմիջապես պատասխան կրակ է բացվում Ալիբեյլիի ուղղությամբ:

«Մենք մեր հասակն առել ենք, սրանից հետո մեռնենք կամ զոհվենք, ոչինչ, մեր երեխաների ու թոռների համար է պետք խաղաղությունը: Պատերազմի ու այս կրակոցների պատճառով գյուղացիների մի մասը հեռացել է: Հայաստանի կառավարությունը անվտանգության առումով շատ բան չի կարող անել: Հնարավոր չէ սահմանամերձ մի հատվածում խաղաղություն ապահովել: Պետք է խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը»,- ասում է Սահակյանը:

Նրա տան պատերը, պատուհանները և տանիքը քրքրվել են ադրբեջանական փամփուշտներից: Անգամ տանկի արկի հետքեր կան: Ամբողջությամբ ինքն է վերանորոգում: Բայց վերանորոգումներից կարճ ժամանակ անց կրկին նոր հետքեր են հայտնվում, քանի որ հակառակորդը չի լռում: Սահակյանը որևէ մեկից օգնություն չի ակնկալում, սակայն եթե օգնող լիներ` ուրախ և շնորհակալ կլիներ: Նա էլ է տուֆով պատել-փակել այն պատուհանները, որոնք նայում են ադրբեջանական դիրքերին:

«Եթե այս գյուղում աշխատատեղ լինի, մարդիկ մի քիչ լավ ապրեն, այդ ժամանակ չեն մտածի հեռանալու մասին: Բայց առանց աշխատանքի, թշնամու կրակի տակ ի՞նչքան կարող են ապրել: Այս գյուղում ձգող բան չկա, բացի հայրենասիրությունը: Այո, հայրենիքը սիրում ենք, ուզում ենք հայրենասեր լինել, բայց ապրել էլ է պետք»,- բազմանշանակ ասում է Սահակյանը:

Գյուղում փողոցային լույսեր չեն վառում, քանի որ ադրբեջանական դիրքերից անմիջապես կրակում են: Գյուղացիները չեն վառում նաև իրենց տների այն լույսերը, որոնք տեսանելի են հակառակորդի դիրքերից: Այգեպարի մի շարք փողոցներում ցերեկը քայլելը վտանգավոր է, այդ պատճառով` ժամանակն է, որպեսզի որոշ հատվածներում կառուցվեն պաշտպանական պատեր ու պարիսպներ: Արդարացված կլինի նաև, եթե Այգեպարի դպրոցի ու մանկապարտեզի դիմաց կառուցվի պաշտպանական պարիսպ, որպեսզի երեխաների համար վտանգ չլինի:

«Եթե գյուղի երեխաներին տանեն բժշկի մոտ հետազոտության, մեծ մասի մոտ հիվանդություններ կգտնեն»,- ասում է Սահակյանը:

Լիդա Հովակիմյանի չորս որդիները տարբեր ժամանակներում Այգեպարից Ռուսաստան են հեռացել: Իրենց հայրական տան վերջին ռմբակոծության մասին նրանք տեղեկացել են հեռախոսով: Այս ընտանիքը ևս ստիպված է եղել իր միջոցներով մի քանի հարյուր հատ տուֆ գնել և փակել պատուհաններն ու տան բակի մի մասը:

«Իմ որդիները շատ են ուզում վերադառնալ Ռուսաստանից: Բայց այստեղ աշխատանք չկա: Հենց որ աշխատանք լինի, կվերադառնան: Աշխատանք լիներ, իմ որդիները չէին հեռանա»,- ասում է նա:

Նրա տնամերձ այգին, որտեղ նաև մեղուների փեթակներն են, հակառակորդի թիրախի տակ է: Ձեռքի ափի մեջ պահելով վերջին կրակահերթերից հավաքած փամփուշտները, Հովակիմյանը ասում է. «Կրակի տակ ապրում, աշխատում ենք: Լավ կլինի, որ Հայաստանի կառավարությունը մեզ վրա ուշադրություն դարձնի որպես երկրի ծայրամաս»: Ապա նա մեզ առաջնորդում է իր երկհարկանի տուն, որը վերջին կրակահերթերից բավականին տուժել է:

«Հակառակորդը չի թողնում, որ մեր տան մեջ մեկ րոպե հանգիստ ապրենք»,- ասում է Լիդա Հովակիմյանը՝ չհավատալով, որ առաջիկա տարիներին կարող է խաղաղություն հաստատվել:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթ կայքում՝ 2014թ հուլիսի 8-ին