Բերդաշեն գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ամասիայի շրջան

2896

Բերդաշեն գյուղը Արփի համայնքի վարչական կենտրոնն է:

Արփի համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ 14 գյուղերը.

Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Գառնառիճ, Դարիկ, Եղնաջուր, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Շաղիկ, Պաղակն բնակավայրերը:

Բերդաշենը նախկինում ունեցել է Թափաքյոյ և Թափաքյանդ անվանումները, Բերդաշեն է վերանվանվել 1991-ի օգոստոսի 8-ին: Գյուղը կազմավորվել է 1951 թ-ին, նախկին Մեծ և Փոքր Թափաքյոյ գյուղերի միավորումից:

Հայաստանի ամենացուրտ բնակավայրերից է: Գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Մեծ Թափաքյոյը ունեցել է 199 բնակիչ, իսկ Փոքր Թափաքյոյը՝ 164, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:

Ինչպես Մեծ և Փոքր Թափաքյոյ, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին սուննի կարափափախներ, որոնք անվանվում էին նաև օսմանյան թուրքեր:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Մեծ Թափաքյոյը ուներ 303, իսկ Փոքր Թափաքյոյը՝ 206 իսլամ բնակիչ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ Մեծ Թափաքյոյ գյուղն ունեցել է համապատասխանաբար 321 և 357 բնակիչ, բոլորը՝ կարափափախ, իսկ Փոքր Թափաքյոյը՝ համապատասխանաբար 296 և 209 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Փոքր Թափաքյոյը նշված է ավերակ բնակավայրերի շարքում, իսկ Մեծ Թափաքյոյը ունեցել է 78 բնակիչ, որից 71-ը՝ թրքո-թաթար, 7-ը՝ հայ: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Մեծ Թափաքյոյը ուներ 147 բնակիչ, որից 138-ը՝ օսմանյան թուրք, 9-ը՝ հայ: Փոքր Թափաքյոյը ուներ 122 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Մեծ Թափաքյոյը ուներ 184 բնակիչ, որից 174-ը՝ թուրքական խումբ, 10-ը՝ հայ: Փոքր Թափաքյոյը ուներ 170 բնակիչ, որից 156-ը նշված է պարսիկ, իսկ 14-ը՝ թուրքական խումբ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Մեծ և Փոքր Թափաքյոյ գյուղերի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ, իսկ 1931-ին Փոքր Թափաքյոյ գյուղում բնակչության մեծամասնությունը նշվում է պարսիկ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Մեծ և Փոքր Թափաքյոյ գյուղերի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝