Լապշինի դեպքում ցավում եք․ իսկ ե՞րբ եք խիղճ ունենալու Գևորգ Սաֆարյանի ու Վոլոդյա Ավետիսյանի համար

1087

Հայրենասիրական որդը մտել էր խորհրդարան

Բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հաջորդ առավոտյան Հայաստանի Ազգային ժողովը նման էր մեռելատան։ Բոլոր խմբակցություններն ու նրանց ներկայացուցիչները լուրջ ու սգավոր դեմքով դատապարտում էին Բելառուսին ու ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ձեռքի հետ էլ՝ Իլհամ Ալիևին։

Ինչ առաջարկ ասես, որ չէին անում․ խորհրդակցությունների համար շտապ Մինսկից հետ կանչել դեսպան Արմեն Խաչատրյանին, Առանջ գյուղից (այո, պարոնայք, Հայաստանում Բելառուսի դեսպանատունը Գագիկ Ծառուկյանի տան մոտ է, իսկ Ծառուկյանը շրջում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան համարանիշերով) վտարել բելառուս դեսպանին, բոյկոտել բելառուսական ապրանքները, խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ։

Հետո՞։ Հաշվարկ կատարել ե՞ք, թե դրանից ինչ կշահի և կկարցնի Հայաստանը։ Մտածել ե՞ք այն 20-25 հազար հայերի մասին, ովքեր ժամանակավոր աշխատանք են գտել Բելառուսում և այնտեղից կերակրում են Հայաստանում գտնվող ընտանիքներին։ Պատկերացնում ե՞ք չէ, որ Լուկաշենկոն այն տիպն է, որ կնեղի մեր հայրենակիցներին, որոնք արդեն նեղվել են Սերժ Սարգսյանից ու մյուս չընտրվածներից և հեռացել հայրենիքից։

Օ՜, կասեք, իսկ մեր արժանապատվությո՞ւնը։

Անկասկած, բլոգեր Լապշինին Բելառուսից Ադրբեջան արտահանձնումը նաև մեր արժանապատվության խնդիրն է։

Բայց արդյոք դեսպաններ վտարելն ու դեսպանատներ փակելը, դիվանագիտական կապերը խզելը համարժեք պատասխան է և արդյոք դրանից Լուկաշենկոն դաս կքաղի։

Երբ Հունգարիան Ադրբեջանին փոխանցեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։ Եվ ի՞նչ եղավ դրանից հետո։

Լավ, ընդունենք, որ դա էլ արժանապատվության խնդիր էր։ Եվ, իրոք, էր։

Ու հիմա ի՞նչ եք առաջարկում՝ արժանապատվությո՞ւնը դնենք մեր արտաքին քաղաքականության հիմքում։

Հնարավոր է, չէ՞, մի օր էլ Իլհամ Ալիևը մեր դեմ հանի ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ գտնվող Ղազախստանին, ապա՝ Ղրղզստանին։

Հնարավոր է, չէ՞, մի օր էլ մեր դեմ հանի մուսուլմանական աշխարհի երկրներին։

Հիմա էլ կարծես կարողանում է Ուկրաինային հանել մեր դեմ։

Եվ ի՞նչ, ամեն անգամ խորհրդարանը վերածելու եք մեռելատա՞ն, ամեն անգամ հայրենասիրական դասեր ե՞ք տալու, կուրծ ե՞ք ծեծելու, առաջարկելու եք դեսպանատներ փակե՞լ, դեսպաններ վտարե՞լ, դիվանագիտական հարաբերություններ խզե՞լ։

Հայրենասիրությունն ու արժանապատվությունը Ձեզ խեղդում է։ Իսկ ինչու էի՞ք պապանձվում, երբ Նազարբաևը հեռուստաէկրանների առաջ ստորացնում էր Ձեր շեֆին։ Ո՞ւր է Ձեր արժանապատվությունը, երբ մի գիշերվա մեջ Ձեր ղեկավարին ստիպում են առանց հարցեր տալու ստորագրել և  մտնել ԵԱՏՄ։

Որևէ երկիր ու որևէ առաջնորդ Ձեր հոխորտանքների վրա թքած ունի։

Հունգարիան, մարդասպանին Ադրբեջան փոխադրելով ոչ միայն ստացավ գումար, այլ վստահ էր, որ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարող է ցավ պատճառել իրեն։

Լուկաշենկոն, Լապշինին հանձնելով Ադրբեջանին, ոչ միայն ստացավ խոստում Ալիևից, այլ վստահ է, որ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարող է ցավ պատճառել իրեն ու երկրին։ Եթե փոքր-ինչ կասկած ունենար, հազար անգամ կմտածեր նախքան Լապշինին վաճառելը։

Ու քանի դեռ մենք չունենք ցավ պատճառելու գործիքներ, քանի դեռ Հայաստանին ու նրա առաջնորդներին արհամարհում են աշխարհում արհամարհված Լուկաշենկոյի, Նազարբաևի նման ավտորիտարներ, նման միջադեպերը կրկնվելու են։

Եվ վերջում․ Լապշինի համար ցավում՝ լավ եք անում, հայրենասիրական որդը ընտրություններից առաջ նորից կրծում է Ձեր խիղճը։

Իսկ ե՞րբ եք խիղճ ունենալու մեր ներքին հարցերում։ Երբ մեր բանտերում կան Գևորգ Սաֆարյանի ու Վոլոդյա Ավետիսյանի նման քաղբանտարկլյալներ։ Երբ Մարտի 1-ից հետո բանտերը լցրել էիք քաղբանտարկյալներով ու պատանդ էիք պահում նրանց։

Ե՞րբ եք ձայն հանելու Սերժ Սարգսյանի ու Հանրապետական վարչակարգի դեմ։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյանում կառուցած եկեղեցու դիմաց