Բաթումում Վեհիբ փաշան քարտեզի վրա անձամբ գծեց Հայաստանի սահմանները. Ալեքսանդր Խատիսյան

3807
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը 2017-ին վերածել է արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության և 2018-ին առաջին անգամ այն հրատարակել Հայաստանում:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը

Հենց որ Բաթում հասանք, մեր առաջին գործը եղավ նամակով հայտնել Խալիլ բեյին Հայաստանի անկախության հայտարարման, ինչպես նաև՝ թուրքական վերջնագրի ընդունման մասին: Նամակը ստացվել էր մայիսի 29-ին, երեկոյան ժամը 7-ին, այսինքն՝ վերջնագրի պայմանաժամը լրանալուց մեկ ժամ առաջ: Իսկ վրացիները, իրենց հույսը դնելով գերմանացիների վրա, չէին շտապում: Միայն մայիսի 31-ին նրանք հարաբերության մեջ մտան Խալիլ բեյի հետ, թեև նրանց վերջնագրի պայմանաժամը ևս լրանում էր մայիսի 29-ի երեկոյան ժամը 8-ին: Այս պարագան շատ վատ տպավորություն թողեց թուրքերի վրա, բայց այս մասին՝ հետո:

Խալիլ բեյը նույն երեկոյան իսկ պատասխանեց ինձ, և մենք պայմանավորվեցինք նրա հետ նիստ գումարել հետևյալ օրը՝ մայիսի 30-ին, ցերեկվա ժամը 12-ին, ակուբի շենքում:

Բանակցությունները տեղի էին ունենում ֆրանսերենով: Առաջին նիստի ժամանակ Վեհիբ փաշան անձամբ գծեց Հայաստանի սահմանները այն պատմական քարտեզի վրա, որ իմ մոտ էր թե՛ Տրապիզոնում և թե՛ հետագայում Պոլսում, Ալեքսանդրապոլում ու Եվրոպայում: Երբ մենք նայեցինք քարտեզին, երկու սուր զգացումներ համակեցին մեզ. առաջին՝ հպարտություն, որ մենք էլ դարավոր պայքարից հետո վերջապես գեթ փոքր անկյուն ունեցանք աշխարհի քարտեզի վրա և երկրորդ՝ դառնություն, որ մեզ տրված այդ անկյունը հազիվ 9.000 քառակուսի կիլոմետր էր, որ բացարձակապես անբավարար էր մեր ժողովրդին իր մեջ առնելու համար:

Առաջին նիստը նվիրված էր սահմանների քննությանը: Ճիշտ է, թուրքերը խուսափում էին նկատի առնել մեր սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ: Նրանք գծում էին միայն մեր և Թուրքիայի սահմանները, թողնելով, որ մենք ինքներս հասկացողության գանք մեր հարևանների հետ, նրանց հետ ունեցած մեր սահմանների շուրջ: Բայց մենք գիտեինք արդեն, որ վրացիները մեզանից պահանջում էին խոշոր հայկական հողամաս մինչև Ղարաքիլիսա, իսկ ադրբեջանցիները՝ մինչև Երևան: Անվիճելի հողեր էին միայն Նոր Բայազետի գավառը և Ալեքսանդրապոլի լեռնային մասը, որոնց մեջ հազիվ 13 կիլոմետր երկաթուղի էր մնում:

Ամբողջ երեք նիստ նվիրեցինք սահմանների խնդրին: Վեհիբ փաշայից և Խալիլ բեյից լսեցինք շատ բաներ, որ, ինչպես այսօր, այնպել էլ վաղը առաջնահերթ նշանակություն են ունենալու հայ ժողովրդի բախտի համար: Ցույց տալով քարտեզը և նկարագրելով թուրքական ձգտումները, Վեհիբ փաշան ասաց. «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը Թուրքիային արևմուտքից քշում է դեպի արևելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը և մեր լեզուն: Եվ սա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքեստանում և Ադրբեջանում են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի այնտեղ: Եվ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին: Պահանջելով Վանը, դուք փակում եք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը, դուք արգելք եք դառնում մեր ճանապարհին՝ իջնելու Քռի հովիտը և գնալու դեպի Բաքու: Կարսն ու Ախալքալակը փակում են մեր ճամբան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք: Ահա թե որտեղ է մեր հիմնական վեճը: Մեզ պետք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարավորություն տան մեր բանակներին առաջ շարժվելու և պաշտպանվելու: Մի ճափբան ՝ Կարս–Ախալքալակ-Բորչալու–Ղազախն է, որը տանում է դեպի Գանձակ, մյուսը գնում է Շարուր–Նախիջևան–Զանգեզուրով Քռի հովիտը: Դուք կարող եք մնալ դրանց մեջտեղը այսինքն՝ Նոր Բայազետի և Էջմիածնի շուրջը»:

Մենք նկատել տվեցինք, որ Վեհիբ փաշան հաշվի չի առնում երեք պարագաներ. առաջին՝ հայերին թողնված հողամասը չափազանց փոքր է հայ ժողովրդին գոհացում տալու համար՝ նվազագույն չափով իսկ, երկրորդ՝ հայկական հարցը միջազգային խնդիր է և չի կարող այդ ձևով վերանալ, երրորդ՝ թուրքերի գծած Հայաստանի այժմյան սահմանները աղբյուր են դառնալու հայերի և թուրքերի միջև հավիտենական թշնամության:

Վեհիբ փաշան պատասխանեց. «Հայկական հողամասը այսօր փոքր է, որովհետև ձեզ մոտ շատ մահմեդականներ են բնակվում, տվեք նրանց մեզ և ձեր տեղը կմեծանա: Հայկական հարցը միջազգային է, ասում եք, և պիտի նկատի առնվի հաշտության ընդհանուր խորհրդաժողովում: Այդ բանը շատ լավ գիտենք, բայց հենց դրա համար էլ մենք առաջինն ենք հանձն առնում լուծելու այն և ընդունում ենք Հայաստանի անկախ գոյությունը: Գալով թշնամության զգացումներին հողամասի փոքրության պատճառով, պետք է ասեմ, որ բոլոր պետություններն էլ քչով են սկսել և աստճանաբար աճել: Կարևորն այն է, որ մենք բարեկամներ դառնանք և փոխադարձաբար պաշտպանենք իրար: Մեզ պետք է հայերի նպաստավոր քարոզչությունը արտասահմանում»:

Հետագայում մենք համոզվեցինք, որ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան աննահանջ կերպով պաշտպանում են իրենց մատնանշած սահմանները, որոնց համաձայն թուրքերի ձեռքը պետք է անցնեին ամբողջ Կարսի շրջանը, Ախալքալակի գավառը, Ալեքսանդրապոլ քաղաքը, Համամլու-Երևան խճուղին, Սուրմալուի գավառը, Երևանի գավառի կեսը և Ղարաքիլիսա–Ուլուխանլու ամբողջ երկաթուղին:

Մենք խնդրեցինք մեր բոլոր պատճառաբանությունները հեռագրով հաղորդել Պոլիս և նրանց համաձայնությամբ ընդարձակել սահմանները: Հունիսի 2-ին մենք ստացանք պատասխանը, որով՝ «հանուն սկսված լավ հարաբերությունների», թուրքերը համաձայնություն են տալիս զիջելու մեզ Համամլու–Երևան խճուղին, և սահմանը անցնելու Արագած լեռան գագաթով: Այս նոր սահմանագիծը Ջաջուռ կայարանից անցնում էր Արագածի գագաթով և իջնում դեպի Վաղարշապատ, որով մենք 1000 քառակուսի կիլոմետր տարածություն էինք ստանում: Դրանից ավելի զիջում թուրքերը չարեցին:

Գալով մեր բանակցությունների քաղաքական կողմին, Վեհիբ փաշան մեզ համոզում էր զինվորական դաշինք կնքել թուրքերի հետ, նրանց տալ 10.000 զորք, և միասին արշավել Բաղդադի վրա: Այս առաջարկի հեղինակն էր Էնվեր փաշան: Ոչ մի տեսակետով չէինք կարող ընդունել այս առաջարկը, և պատրվակ բերելով մեր ժողովրդի ծայրահեղ հոգնածությունը, մերժեցինք այն: Վեհիբ փաշան ցավ հայտնեց, նա ասաց, որ այդպիսի դաշինքը պիտի վերացնի շատ թյուրիմացություններ հայերի և թուրքերի միջև: