1918-ի մայիսի 27. Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի քննարկումները Հայաստանի հռչակման շուրջ

3870
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը՝ առաջին անգամ արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը

Թիֆլիս հասնելով՝ Քաջազնունին և ես անմիջապես գնացինք Հայոց Ազգային խորհրդի շենքը, որ Արամյանցի հսկա տունն էր՝ Գոլովինսկի պողոտայի և Բարեատինսկայա փողոցի անկյունում: Մեզ անհամբեր սպասում էին, մանավանդ այն պատճառով, որ այդ պահին մի կողմից տեղի էին ունենում արյունահեղ կռիվներ Սարդարապատում և Ղարաքիլիսայում, իսկ մյուս կողմից, չափազանց կասկածելի էր դարձել վրացիների ընթացքը: Հայերը պարտավորված էին որոշել իրենց դիրքը:

Ճիշտ նույն առավոտյան, մայիսի 27-ին, զորավար Սիլիկյանից ստացանք մի հեռագիր, որով աղաչում էր փամփուշտ ուղարկել: Ազգային խորհուրդը անընդհատ նիստեր ուներ: Ջղերը ծայր աստիճան լարված էին: Ազգային խորհուրդը կազմող կուսակցությունները շատ տարբեր կերպ էին վերաբերվում Վրաստանի անկախության հայտարարությանը: Ոմանք կարծում էին, թե վրացիների այդ քայլը չպետք է մեզ հարկադրի ևս նույն քայլն անել, ոմանք էլ ասում էին՝ ժամանակն է եկել վերջնականապես մեր երկիրն էլ անկախ հայտարարելու:

Քաջազնունին և ես նույն օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, զեկուցում տվեցինք Բաթումի խորհրդաժողովի մասին: Նախորդ օրը Սեյմը ընդունել էր հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության խնդիրներում երևան եկան հիմնական տարակարծություններ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը կազմող ազգերի միջև, որով անկարելի է դառնում ամբողջ Անդրկովկասի համար հեղինակավոր մի իշխանության գոյությունը, Սեյմը արձանագրում է Անդրկովկասի քայքայման փաստը և վար է դնում իր լիազորությունները»: Այդ բանաձևից հետո Վրաստանը նույն օրն իսկ հայտարարել էր իր անկախությունը՝ ընտրելով կառավարություն Նոյ Ռամիշվիլու նախագահությամբ: Վրաստանի անկախության հայտարարությունը հեռագրով հաղորդվել էր 18 պետությունների:

Նույն պահին հաղորդվեց, որ թաթարները ևս պատրաստվում են մայիսի 28-ին հայտարարել Ադրբեջանի անկախությունը:

Այսպիսի պայմաններում հայոց ազգային խորհուրդը որոշեց հանձնարարել իր անդամներին անմիջապես ցրվել և մինչև հետևյալ օրը ժամը 10-ը բերել իրենց կուսակցությունների վճիռը Հայաստանի անկախության մասին: Հետևյալ օրը բոլոր կուսակցությունները Ազգային խորհուրդ եկան հայտնելու, թե իրենք կողմնակից են Հայաստանի անկախության հռչակմանը: Անմիջապես սկսեցին կազմել անկախության հայտարարության բանաձևը, որի խմբագրությունը հանձնվեց Ավետիս Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Քաջազնունուն և ինձ: Ի վերջո, ցերեկվա ժամը 12-ին, Հայոց Ազգային խորհուրդը ընդունեց հետևյալ պատմական բանաձևը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»:

Այս բանաձևը Հայոց Ազգային խորհրդի կողմից հրատարակվեց իբրև Հայաստանի անկախության հայտարարություն:

Այսպիսով, 1918 թվականի մայիսի 28-ի ցերեկվա ժամը 12-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Կառավարության կազմությունը հետաձգվեց մինչև հաշտության պատվիրակության Բաթում գնալն ու վերադառնալը, որովհետև Քաջազնունու և իմ մասնակցությունը կառավարության կազմում անհրաժեշտ էր նկատվում: Իսկ մենք պետք է նորից մեկնեինք Բաթում: Թուրքերի վերջնագրի պայմանաժամը լրանում էր հետևյալ օրը՝ մայիսի 29-ին երեկոյան ժամը 8-ին: Հետևաբար պետք էր շտապել:

Մեր՝ արդեն զուտ հայկական պատվիրակությունը կազմվեց երեք հոգուց: Նախագահը ես էի, իսկ անդամներն էին Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը: Պատվիրակությանը քարտ բլանշ տրվեց, և մենք մայիսի 28-ի գիշերվա ժամը 12-ին մեկնեցինք Բաթում, որտեղ հասանք հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս անգամ Բաթումում մնացինք 8 օր միայն՝ մինչև հունիսի 5-ը, և ամբողջ ժամանակը զբաղված էինք հաշտության դաշնագրի կազմումով: Առաջին միջազգային ակտն էր, որ պիտի կատարեր Հայաստանը, և մեծ ու խնամքոտ աշխատանք էր պետք այն ժամանակվա ծայրագույն պայմաններում, ըստ կարելվույն տանելի դաշնագիր կնքելու համար թուրքերի հետ: