ՀՀՇ-ն և «Առաքելությունը» միանում են «Ծառուկյան դաշինք»-ին

1212

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։ ՀՀՇ վարչության անդամ, գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը «Ազատությանը» փոխանցել է, որ այսօր կայացած նիստին ներկա՝ ՀՀՇ վարչության 11 անդամներն այս որոշումը միաձայն են կայացրել:

ՀՀՇ-ի նախագահը Արարատ Զուրաբյանն է: ՀՀՇ վարչության այսօրվա փակ նիստին միայն Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցել։ Նախկին արտգործնախարարը ավելի վաղ հայտարարել էր, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին, նաև կարծիք էր հայտնել, որ դաշինք կարելի է կազմել միայն գաղափարական ընդհանուր հենքի վրա:

2013 թվականին հիմնված՝ «Առաքելություն» կուսակցությունը ևս ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք»-ի հետ համատեղ։ Կուսակցության 3-րդ համագումարի ընթացքում քաղխորհուրդը միաձայն նման որոշում  է կայացրել։

«Առաքելության» քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, ըստ Ա1 պլյուսի ասել է, որ կուսակցության համար «առաջնահերթ է օր առաջ Հայաստանում ունենալ ժողովրդի կամքը, քվեն արտացոլող ընտրական համակարգ, ստեղծել ժողովրդի քվեով իշխանություն փոխելու նախադեպ»։