Ճշմարիտ իրականութիւնը եւ պատասխանատուութիւնը

1554

Հատուած Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից, վերջին մաս

ՀԱՅ ԳՈՅԱՄԱՐՏԸ.- Մեր այսօրուայ եւ երէկուայ յորձանուտ կեանքի ալիքները որտեղի՞ց են գալիս, ո՞ր օրուանից սկզբնաւորում, ո՞ր ժամանակից ծագում առնում: Մեր կրած հազար ու մի աղէտների, բազմադիմի տառապանքների աղբիւրը ո՞ւր է. որտե՞ղ որոնել ճշմարիտ իրականութիւնը եւ իսկական պատասխանատուութիւնը:

Դրանց մանրամասն պատասխանը մեզ տալիս է Հայ Ազգի պատմութիւնը. ամէն լուսաբանութիւն, ամէն տեսակի բացատրութիւն այնտե՛ղ, նրա էջերի մէջն է բովանդակուած. իրականութիւնը այնտեղ է. ամէն պատասխանատութիւն այնտեղից պէտք է ճշդել:

Շատ քիչ ազգ կայ, որ իր գոյութեան կռուի համար այնքան յամառ, երկարատեւ կռիւ մղած լինի, որքան Հայ Ազգը: Նրա կեանքը, իսկապէս, անհատնում կռուի մի դիւցազներգութիւն է, լի հազարաւոր իրադարձութիւններով:

Երեք հազար տարուց աւելի է, որ այդ Ազգը կռւում, կռւում ու դեռ կռւում է: Նա տակաւին ո՛չ պարտութիւն է խոստովանել, ո՛չ էլ մարտադաշտից յետս ընկրկել եւ տեղի տուել.- ո՛չ: Նա դեռ իր մեջ կենսունակութիւն է զգում՝ սկսուած կռիւը շարունակելու, առաջ տանելու:

Այդպէս է անողոք իրականութիւնը, մեզ օղակող երկաթի օրէնքը:

Ով ուզում է կեանք ունենալ, աշխարհի երեսին տեղ բռնել.- պէտք է կռուի:

Դա մի օրէնք է, որին ենթակայ է թէ՛ բուսական եւ թէ՛ կենդանական աշխարհը. նիւթի մասնիկները, մարմիններն էլ փոխադարձ մարտ ունին:

Մարդկային ազգի կեանքը դրա է՛լ աւելի շօշափելի օրինակն է պարզում: Այստեղ կռիւը է՛լ աւելի անողոք ձեւ ունի առած. այստեղ ցեղ ցեղի, ազգ ազգի, մարդ մարդի յօշոտիչ գայլն է: Մարդկային իմացականութիւնը տակաւին անկարող եղաւ ո՛չ միայն ջնջել, այլ մեղմել անգամ կռուի այդ օրէնքը:

Երկընտրանքն է, ուրեմն, կա՛մ կռիւ, կա՛մ ոչնչութիւն, անէութիւն. միջին ճանապարհ թողնուած չէ:

Եւ ապրել ուզող Հայ Ազգը, գիտակից այդ ընդհանուր օրէնքին եւ տիրող իրականութեանը՝ կռւում ու կռւում է. կռւում է դարերից ի վեր, սերնդէ սերունդ՝ չուզելով ոչնչութեան գիրկն ընկնիլ:

Ահա՛ իրականութիւնը, որ ամեն ինչ լուսաբանում, բացատրում է: Պատասխանատութիւնը այսօրուան եւ երէկուան, իր բոլոր հետեւանքներով, իսկապէս, այդտեղից է գալիս:

Իրողութիւնն է, ուրեմն, որ երկար ժամանակներից, շա՜տ երկար ժամանակներից ի վեր՝ ծագում են առել, հանդէս են մտել ուժեր, զօրութիւններ. յառաջ են եկել ազգեր, ցեղեր, ժողովուրդներ, պետութիւններ, որոնք իրենց կեանքի, իրենց գործունէութեան ընթացքում, ջանացել են Հային սպանել, մահացնել, նրան գոյութեան իրաւունքից զրկել, կորստեան մատնել: Եւ Հայոց պատմութիւնը ասում է թէ դա ո՛ր օրուանից է սկսուել, ի՛նչ ազդակներ են եղել եւ ինչպիսի իրադարձութիւնների, անցքերի պատճառ դարձել:

Ու միւս իրողութիւնն էլ այն է,- եւ Հայ պատմութիւնը մեզ այդ մատնանշում է- որ յառաջ է եկել մի ուրիշ ուժ, ա՛յլ զօրութիւն՝ Հայկական Ուժ, Հայկական Զօրութիւն, Հայ Ազգ՝ որ յիշատակելի եւ անյիշատակ ժամանակներից ի վեր՝ կռւում ու կռւում է արտաքին այդ քայքայիչ, մահաբեր ուժի դէմ եւ թոյլ չի տալիս, որ իրեն սպանեն, մահացնեն, կորստեան դատապարտեն:

Ե՞րբ, ո՞ր օրուանից է դա մէջտեղ եկել:

Սերունդներ եկել, սերունդներ գնացել են. նրանք այդ իրականութեան մէջն են ծնուել, մեծացել՝ իրանց պարտականութիւնը թողել են յետնորդներին, գալիք պատասխանատութիւնը նրանց յանձնել:

Մեր սերունդն էլ, մեր ներկան էլ, մեր երէկն էլ այդ իրականութեան ազդակներից մէկն է կազմում. մեր ապագան էլ, հիմակուանից, ճանկուած, բռնուած է նրա մէջ:

Իրողութիւնն է, ուրեմն, որ իր կեանքի տեւողութեան ընթացքում, իրեն ուղղուած մարտագոչին Հայ Ազգը անտարբեր չի մնացել. նա առաջին օրից, առաջին շրջանից, առաջին սերունդից այդ մարտահրաւէրը ընդունել է եւ պատմական պատասխանատութիւն ստանձնելով՝ կռուի սկսել:

Իրողութիւն է, ուրեմն, որ Հայ Ազգը դրել է իր պատմական ԵՍ-ը եւ իր այդ ԵՍ-ը նա դարեր շարունակ մարտադաշտերից, յորդահոսան արեան գետերից հանելով՝ պահել, պահպանել է, առաջ տարել եւ նրանից ձեռք չի վեր առել ո՛չ մի գնով: Այն ուժը, այն զօրութիւնը, որ կոչւում է Հայութիւն, քայլել ու քայլել է: Սերունդ սերունդի է յաջորդել, կռիւ կռուի. բայց նա՝ Հայ Ազգը՝ դադար չի առել, տեղի չի տուել. ապրել եւ կռիւը շարունակել է՝ մի եզակի կամակորութեամբ, անընկճելի կամքով:

Իր գոյութեան ընթացքում՝ ե՞րբ է, որ Հայ Ազգը դադարել է կռուեցնել եւ վերջնական պարտութիւն խոստովանել. ո՞ր ազգի, ո՞ր ցեղի, ո՞ր պետութեան դէմ նա բազուկ չի բարձրացրել, երբ աշխատել են նրա գոյութեանը սպառնալ: Կա՞յ մի իրողութիւն, որ գար մեզ ասէր թէ պատմական մի որոշ վայրկեանի մէջ՝ Հայ Ազգը իր մէջ տկարութեան, անկման նշաններ տեսնելով՝ թոյլ է տուել որ արտաքին ուժերը իր հետ վարուէին՝ իրենց ուզածին պէս:  Մեր պատմութեան մէջ այդպիսի մի երեւոյթի հետքն անգամ չկայ:

Ընդհակառակը՝ իր ամենատկար, ամենաանպաստ պայմաններով շրջապատուած րոպէներին ի՛սկ Հայ Ազգը մարտահրաւէր ընդունել, կռուի դաշտն է դուրս եկել, երբ տեսել է, որ միայն կռուով կարելի է իր գոյութիւնը փրկել, իր կեանքը շարունակել: Եւ նա կռուել է այնպիսի վայրկեանների մէջ, երբ ուրիշ շատ ազգեր տեղի կը տային, եթէ նրա պայմանների մէջը գտնուած լինէին:

ՀԱՅ ԱՒԱՆԴԱՎԷՊԵՐԸ.- Մի ազգի գրականութիւնը նրա հոգու, սրտի, մտքի հայելին է. զգամունքի ամէն թրթռում, ամէն լար այնտեղ է պատկերացած:

Եւ սակայն չկայ մի գիծ, մի տող, հասարակ մի յիշատակութիւն, որ գար ապացոյց լինելու, թէ եղել է մի ժամանակ՝ երբ Հայը զէնքը վար է դրել իրեն մահ սպառնացող ուժի դէմ եւ իր անկման, մահուան գաղափարի հետ հաշտուել: Այդպիսի մի բան գոյութիւն չունի:

Պատմութեան ամենատխուր օրերի մէջ՝ Հայ երգը, հէքիաթը, տաղը, մտքի, սրտի ստեղծագործական բոլոր փշուրները, նրա մեծ ու փոքր պատմիչներով, ժամանակագիրներով, բարոյախօսումներով միասին, որքան որ երգել են Հայ Ազգի անհուն ցաւերը, նրա կրած տառապանքները, չարչարանքները, այնու ամենայնիւ, նրանք չեն դադարել ազատութեան, փրկութեան վերջնական յաղթութեան նուագը հնչեցնելուց: Իր ամենայաջող օրերին անգամ՝ Հայր ազատութեան կայծը իր սրտի, ուղեղի միջից չի հանել. նա միշտ դէպի լո՜յս, լո՜յս է բարձրացել, յուսոյ ջահը միշտ վառ պահել:

Եւ դա այն իրականութիւնն է, որով շաղախուել, համակուել է ամբողջ Հայութիւնը՝ իր կեանքի բոլոր փուլերի մէջ:

Մի ազգ, որ ստեղծագործում է «Հաւլունի Թուրը» ու այդ հմայիչ աւանդավէպը դարերի, սերունդների ժառանգութիւն է դարձնում.- այդպիսի մի ազգ մահուան գաղափարի հետ կարո՞ղ է հաշտուել: Ձախորդ օրերին իր ազատութեան սուրը Նազիկ լճի ալիքներին յանձնել, նրա պահպանութիւնը յուշկապարիկներին վստահել, մինչեւ որ իսկական տէրը՝ կտրիճ Հայ երիտասարդը գայ եւ տիրանայ.- դա մի՞թէ յաւիտենական կեանք ընդգրկող մի ազգի յատկանիշը չէ:

Պատկերը:

1887-ի ամրանը՝ Նազիկ լճի ափին եմ. հեռուն տարածւում են Պլէօջանի կապտաւուն լեռները, աւանդական Պերճ արքայի ամրոցի փլատակներով: Շաբաթ երեկոյ է, հազիւ մթնկալած, խղիկներից դուրս եկան երկու գեղջկուհիներ՝ իրենց փոքրիկ հրեշտակների ձեռքից բռնած: Հասան լճի ափին, ջերմեռանդութեամբ, մի քանի անգամ, խաչ հանեցին, ճրագը վառեցին, ափի մօտ դրին ու աղօթքի կանգնեցան, սրտաբուխ աղօթքի,- ինչպէս հայ կինը, հայ մայրը գիտէ աղօթել: Երեսը աղօթարան դարձրած՝ չոքել, կանգնել, արտասուքի հեղեղ թափել, կուրծք ծեծել, գլուխը վեր բարձրացնել, ձեռքերը ամբարձած՝ անյարիր աչքով դիտել, մորմոքալ, հոգեկան վերացումի մէջ ընկնել եւ ապա կսկծալից լաց, ողբ արձակել, իր «սուրբերը» կանչել: – Այդպէս է սովորել աղօթելու հայ կինը, հայ մայրը, հայ կոյսը: Այդպէս էլ նրանք աղօթեցին: Վերջացաւ աղօթքը, նրանք լալոտ աչքերով սկսեցին քարեր նետել լճի մէջ՝ զանազան ձայներ արձակելով:

Թեթեւացած սրտով, անհրաժեշտ պարտականութիւն կատարողի գիտակցութեամբ՝ տուն էին վերադառնում. հարցրի.

-«Մա՛յրիկ, ինչո՞ւ կուլաք. ինչո՞ւ ճրագ վառեցիք»:

-«Քե մըռնիմ. ան տեղ հայու պաշտպան սուրբ կայ»:

Ու նրանք պատմեցին թէ «հայու պաշտպան» այդ սուրբը ո՛վ էր, ի՛նչ էր:

Դա Հայ Ազգի պատմական հոգու հրաշագեղ, ցնցող, այրող, նրան վե՜ր, միշտ վե՜ր բարձրացնող մի յուսադրիչ դրուագն է, սիրտ խշխշացնող, ջիղ, կորով, շունչ, առնականութիւն ներշնչող:

Ո՞վ սովորեցրեց հայ գեղջուկին այդ հոգեշունչ տաղը. ազատութեան պաշտամունքը նրա մէջ ո՞վ, ո՞ր ուժը յավերժացրեց: Ումի՞ց էր լսած, տեսած. ինչո՞ւ էր նոյնն անել ուսուցանում ե՛ւ իր փոքրիկներին, երբ մի օր նրանք էլ մամի, պապի «աթոռը» նստէին:

Այսօրուայ, երէկուայ պատասխանատուութի՞ւն.- ահա՛ թէ նա ո՞ր տեղից է գալիս: Այս Ազգը ապրելու, ազատ լինելու պատմական պատասխանատուութիւն է յանձն առել. իր բոլոր սրբերով, իր լճերով, լեռներով, դաշտերով, ձորերով: Նա իր մշտավառ հոգիովն է երդուել. եւ այդ երդումը կատարում է սերունդէ սերունդ, կեանքի բոլոր չար ու բարի բաւիղներից անցնելով:

Հայաստանի ո՞ր անկիւն, ո՞ր լերան վրայ, ո՞ր ձորի, ո՞ր հովիտի մէջ Հայը իր Ազգի համար «պահապան սուրբեր» չի ստեղծել եւ իր օրական կեանքի ելեւէջների մէջ նրանց առաջին ու բարձր տեղը չի տուել. կա՞յ այդպիսի մի վայր:

Բազմաթիւ են այն հէքիաթները, «Պատմութիւններ»ը, բարոյագիտական ասացուածքները, աւանդավէպերը, որոնք հային ոգի են տալիս իր ԵՍ-ը չմոռանալու, իր կռիւը, իր պապերի սկսած կռիւը յառաջ վարելու եւ փրկութեան յոյսը իր մշտագարուն հոգուց չհանելու:

Հայը մի անգամ իր գոյութեան կռուին պատասխանել է, մարտահրաւէրը ընդունել եւ իր դիրքին էլ հաւատարիմ մնացել՝- ամէն դառնութիւններ, ամէն տեսակի աղէտներ կրելով հանդերձ:

Եւ սա իրականութիւն է. սա իրողութիւն է. սա իր մէջ ծանր եւ պատմական պատասխանատութիւն ունի:

Մեր պապերը ապրել են ա՛յդ կեանքով, ա՛յդ իրակնութեամբ, ա՛յդ պատասխանատուութեամբ, եւ նոյնն էլ մե՛զ են յանձնել, մե՛զ թողել, մե՛զ կտակել:

Մեր այսօրը, ուրեմն, կապուած է մեր երէկուայ եւ միւս օրուայ հետ, մենք շղթայուած ենք. իսկ շղթայի օղակները շա՜տ հեռուից են գալիս:

Ասիական այն հսկայ կաթսայի մէջ, ուր շատ ցեղեր, շատ ազգեր հալուել, կերպարանափոխուել, եկել, գնացել են,- ա՛յն Ազգը՝ որ հրաշակերտել է Սասուցի Դաւիթը, Սասմայ Ծռերը, նա կորստեան, մահուան մտքի հետ գործ ունենալ չի կարող: Եւ դա եղել է մեր պատմութեան է՛ն տխուր օրերից մէկի մէջ:

Սասմայ Ծռերով Հայ Ազգի քաղաքական Վերածնութեան, փրկութեան գաղափարի յաղթանակն է երգւում: Ու դա երգել են Անտոքը, Խոյթը, Տաւրոսը, Քարքէն, Գրգուռը՝ Հայ պատմական հովիտները, ձորագետերը: Դա երգել, նւագել, զրուցել է Հայ Պապը, Մամը՝ իր սուրբ օջախի շուրջը. զաւակները, հարսները, թոռնիկները գլխին հաւաքած: Դրանով սերունդներ են դաստիրակուել, սերունդներ տոգորուել: Եւ անցեալի Հայը ներկային է կտակել այդ կրակը, այդ գաղափարը, այդ երգը վառ պահել, արծարծել, նրա հաւատարիմ պաշտպանը մնալ՝ իր բազուկներով, իր հոգւոյ բոլոր թելերով:

Կենսունակութի՞ւն, անխորտակելի կա՞մք, անտեղիտալի հոգի՞ մի ազգի.- ահա՛ այն:

Իրականութի՞ւն, պատասխանատուութի՞ւն.- ահա՛ թէ որտե՛ղ է ծայր առնում. ահա՛ թէ նա ո՛ւր տեղ է թագնուած:

Արտաւա՞զդը.- բայց դա ազատութեան կայծին ձգտող Հայ Պրոմէթէոսն է՝ Մասսայ Վիհերի մէջ կլանուած. թող դարբինը կռանը սալին իջեցնէ, ինչքան կ’ուզէ. թող շղթան պրկէ, ամրացնէ. այնուամենայնիւ, ազատութեան կայծը, լուսոյ նշոյլը նրա միջից անկարելի է լինում հանել. նա ճիշդ է անում եւ միշտ յաջողում շղթան մաշել…

Դա Հայ ազգի պատմական հոգին, նրա պատմական ԵՍ-ն է:

Թող նա պարաւանդուի շղթաների օղակների մէջ. թող գալարուի ցաւի, տանջանքի պարանների մէջ. թող անցնին նրա վրայից սոսկավիթխար կոհակներ, փրփրոտած ալիքներ, թող մահը ոռնայ նրա շուրջը.- պատմութիւնը մեզ ասում է, որ Հայը չի դադարել յուսալուց, չի դադարել ազատութեան ձգտելուց:

Դա է Ազգի Պատմական հոգին:

Հայի այդ հոգին անկարող եղան խորտակել հին ժամանակի խաւարային բոլոր ուժերը, ինչքան էլ որ փորձեցինք:

Հայը շարունակեց պահել նո՛յն հոգին, նո՛յն կորովը, նո՛յն յոյսը, նո՛յն իտէալը:

Նոյնը փորձեցինք անել ե՛ւ մեր ժամանակների բռնապետները.- դարձեալ անկարելիութիւն. Հայը իր վէրքերը փաթաթեց, կազդուրուեց եւ դարձեալ շարունակեց իր անծայրածիր ճանապարհը:

Ժամանակակից մեր վիպասանները, բանաստեղծները, երգահանները իրենց արտադրութիւնների մէջ շարունակել են արդէն եղածը. նրանցից ո՞րը ազատութիւնը չի պանծացրել եի իրեն յատուկ եղանակաւորումներ չի աստուածացրել:

Երբ մի ազգի հոգին այսպէս է կոփուել, երբ մի ազգի պատմա-անհատականութիւնը այսպիսի պայմաններով է կառուցուել, ասել է՝ թէ իր կեանքի, իր գոյութեան շարունակութեան համար, նա նախապէս պատրաստուած է եղել ընդունելու ամէն տեսակ աղէտ, ձախողանք, ամէն գոյնի փորձանք. միայն թէ՝ դրանով, իր գոյութիւնը ապահովում էր, իր ԵՍ-ը պահպանում էր:

Այն օրից, ուրեմն, երբ ուժերը հանդէս եկան Հային սպանելու, նրա քաղաքական ազատութիւնը կապտելու, այն օրից էլ Հայ Յեղափոխութիւնը սկզնբավորուեց: Եւ մեր պատմութեան ո՞ր տխուր շրջանը իր յեղափոխութիւնը եւ յեղափոխականները չի ունեցել:

Ներկայի պատասխանատութեան բաժինը շա՜տ հեռաւոր անցեալի իրականութիւններից է գալիս:

ՉԱՓԱՆԻՇԸ.- Ու այս բոլորի մէջ, առաջ եւ յետոյ, երէկ եւ այսօր, մեր պատմութեան թէ՛ ուրախ եւ թէ՛ տխուր օրերի մէջ, ո՞վ է եղել իսկական Հայը, իր կոչումի բարձրութեան վրայ կանգնողը, իր պապերի հարազատ ժառանգորդը եւ նրանց գործը շարունակողը.- նա, որ հայ իրականութեան համեմատ դիրք է բռնել, պատասխանատութիւն ստանձնել եւ իր բաժին պարտականութիւնը կատարել: Անհատի, դասակարգի արժէքի չափանիշը դրա մէջն է: Ամէն ժամանակ իր աղէտներն է ունեցել, որովհետեւ պայքար կար պատմականօրէն, որովհետեւ մահու եւ կենաց խնդիր կար՝ շատ երկար ժամանակներից: Պատասխանատուն, դատապարտելին չմասնակցողը, ժամանակի պահանջած պարտականութիւնը չկատարողը, աշխատանքի բաժին չբերողն է:

Մեր մէջ, երէկ եւ այսօր, Հայ Յեղափոխութիւնը, Հայ Յեղափոխականը, Հայ դիմադրող, կռուի ոգին դատապարտողները որոշեալ պարտականութեան չստանձնողներն են եւ Հայի պատմական ԵՍ-ից դուրս մնացողները: Եթե Հայերը չկարողացան Աւարայրի Դաշտում լրիւ յաղթութիւն տանել, Վասակը եւ Իւրայինները չէին՝ որ Վարդանանց կարող էին այդպիսի մի մեղադրանք ուղղել:

Մէկը շատ մեծ գիւտ արած չի լինիլ, եթէ իր պատմական թշնամուն գտնի, նրա վրայ մատնանշի: Թշնամին իր դերին մէջն է հէնց նրանով, որ թշնամի է. նա ոչնչացնող, մահացնող ուժն է, որ գալիս է: Այնուհետեւ իրերի բնութիւններից բղխող դիրքը՝ կռիւն է, որ րոպէի անհրաժեշտութիւն է դառնում: Պատասխանատո՞ւն.- նա՝ որ այդ կռուին աշխատանք չի բերում:

Հինգերորդ դարու պարտաճանաչ Հայը չբաւականացաւ լոկ Յազկերտների ցանկութիւնների խորը թափանցելով, նա տուեց իր Աւարայրը, իր բիւրաւոր նահատակները, սուրբերը: Հայ Ուժը երեւան եկաւ եւ երկու հակադիր ուժերի բաղխումից կազմուեց նոր համադրութիւնը.- դարձեալ Հայ կեանքի, նրա պատմական ԵՍ-ի շարունակութիւնը:

Իններորդ դարու մէջ՝ արաբական պետութեան քայքայման նշանները երեւում էին. բայց տեսնելը մինակ հերիք չէր. հարկաւոր էր շարժուել, գործել, զարկել. եւ մէջտեղ եկաւ իր ժամանակի Յեղափոխութիւնը եւ Յեղափոխականը:

Ժամանակակից քաղաքագիտութիւնը կորովամտութեան մի մեծ տիտղոս չէր տալ ո՛չ Նապոլէոն Գ.-ին, ո՛չ էլ նրա նախարարներին, եթէ սրանք փաստէին թէ ֆրանսիայի «Ահռելի Տարին» ստեղծող, յառաջ բերողը եղաւ Գերմանական ուժը, նրա պատմական ԵՍ-ը: Դրանով շատ բան պարզուած չի լինիլ եւ ամէն Ֆրանսիացի էլ՝ իր պարտականութիւնից թեթեւացած:

Մեր օրերում, Համիտականութիւն, Իտտիհատականութիւն՝ դրանք պատմական թշնամի ուժեր էին Հայի գոյութեան, Ես-ի դէմ ուղղուած:

Եւ ո՞վ է մնում պատասխանատուն.- նրանց դէմ կռուո՞ղը, զէնք բարձրացնո՞ղը: -Երբե՛ք:

Իսկական պատասխանատուն, դասալիքը, դատապարտելին նա՛ է, ա՛յն դասակարգն է, որ չուզեց ճանաչել Հայ իրականութիւնը, չկամեցաւ այդ իրակնութեան համապատասխան դիրք բռնել եւ պարտականութիւն կատարել՝ իր ուժի կարողութեան սահմանների մէջ:

Իտտիհատի արարքների վրայ լալուց, ողբալուց առաջ՝ նրա դէմ պէտք էր կռուիլ. հայ պատմական ԵՍ-ը, նրա իրականութիւնը այդ չէ՞ր թելադրում:

Հայ Ազգի կենսունակութիւնը արտայայտուել է իր գոյութեան համար մղած դարեւոր կռիւներովը: Ո՛վ որ այդ կռիւին գործօն կերպով չի մասնակցել, ո՛ր շրջանի մէջ էլ լինի, իսկական պատասխանատուն նա է մնում եւ ո՛չ թէ որոշ պարտականութիւնը կատարողը:

Այսօրուայ արտասուողը պիտի յիշէր, որ երէկ պարտականութիւն կար կատարելիք:

Մեր իրականութիւնը դեռ այսօր էլ նոյնն է մնում, ինչ որ երէկ եւ միւս օրը:

Ուզո՞ւմ ենք գիտակից հայ, պարտաճանաչ մարդ համարուիլ.- մեր վրայ ընկած րոպէի պատասխանատութիւնը ճանաչե՛նք եւ մեր պարտականութեան չափը՝ իր է՛ն բարձրագոյն կէտի մէջ՝ է ամփոփուած:

ՎՍՏԱՀՈՒԹԵԱՄԲ ԴԻՏԵ՛ՆՔ ԱՊԱԳԱՆ.- Որքան որ անողոք գտնուինք դէպի մեր թերութիւնները,- այնքան աւելի լաւ. ինչքան որ ուժեղ կերպով հարուածենք մեր անպարտաճանաչներին,- այնքան էլ՝ աւելի օգտակար: Բայց խնդիրը միայն այդտեղ թողնելու չէ:

Հարցը բուն Գործի շուրջն է:

Այսօրուայ եղածը պիտի լինէր. որովհետեւ դրա համար դիզուած շատ տարրեր կային վաղուց ի վեր:

Ո՛չ թէ պէտք է անիծել, ընդհակառակը՝ հոգեւին, ազգովին պէտք է փարել Հայ Յեղափոխութեանը եւ նրա զանազան ձեւերի կռիւը ընդգրկել: Համոզուած պէտք է լինել, որ Հայ Յեղափոխութիւնը ուղիղ արդիւնարար եւ շարունակողն էր մեր պատմութեանը: Նա էր, որ արուեստական սահմանները ջնջելով՝ բոլոր շրջանների Հայութիւնը կապեց, աւելի կամ պակաս, Ընդհանուր Գործի շուրջը եւ մեր ժամանակակից Դատը քայլեցրեց մինչեւ այսօր: Նա կատարելապէս օրհնաբեր եղաւ. որովհետեւ Հային փրկեց կորստեան անդունդից, ուր նրան գլորել էին աշխատում արտաքին ուժերը: Առանց նրան՝ Հայ Ազգը աստիճանաբար դէպի ձուլում պիտի  երթար՝ ժամանակի կորստաբեր գործօնների պատճառով:

Ի՞նչ է մնում անել, այս օրերիս մէջ.- սկսուած Գործը քաջութեամբ շարունակել մինչեւ վերջ, առանց վհատութեան որեւէ նշոյլ ցոյց տալու:

Մենք պատմական մի մեծ ազգ ենք. ժամանակաւոր ձախորդութիւնները, աղէտները, ինչքան էլ որ ահռելի լինին, չեն կարող փճացնել, կորստեան հասցենել մի ազգի, որ դարերից ի վեր կազմակերպուած է եւ ունի իր որոշ պատմա-անհատականութիւնը: Ինչքան էլ որ հարուածներ ընդունենք արտաքին թշնամուց, այնու ամենայնիւ, մեր վէրքերը կազդուրուելու, մեր ուժերը վերանորոգելու ներքին կենսունակութիւնը ունինք: Վստահանանք դրան:

Այսպիսի աղէտներ, մեր պատմութեան ընթացքում, առաջին անգամը չէ որ տեսնում ենք: Այս էլ կ’անցնենք, վստահ լինենք մեր ազգային ուժին. միայն թէ չթուլանանք եւ Գործը շարունակենք:

Համազգայի՜ն ուժ. որովհետեւ Խնդրի, Դատի, Գործի, Կռուի էութիւնը համազգային է: Ամէն Հայ, առանց դասակարգի եւ կուսակցական խտրութեան, իր կարողութեան բարձրագոյն սահմաններով պիտի մասնակցի Ազգային այս Պայքարին:

Հայաստանի եւ Հայ Ազգի փրկութեան գործի մէջ Ընդհանուր Համագործակցութի՜ւն.- ահա՛ ժամանակի պահանջը: Մենք բոլորս էլ պատմական պատասխանատուութեան առաջ ենք գտնւում. ուրեմն եւ՝ հրամայական պարտականութիւն ունինք կատարելիք:

Մեր արիւնախանձ թշնամին այս Պատերազմի ժամանակ գործադրում է այն՝ ինչ որ Խաղաղութեան Ժամանակ  որոճացել, նախածրագրել էր:

Եթե Հայ Ազգից կային տարրեր, որոնք դեռ մինչեւ երէկ, Խաղաղութեան Ժամանակ, թշնամու մտածմունքների մէջը չէին կարողացել թափանցել, այժմս ամէն ինչ պարզ է. իրականութիւնը՝ մեր առաջը: Եւ սրանից յետոյ էլ՝ անպարտաճանաչութեան մէջ գտնուիլ ո՛չ միայն ամենեւին նզովելի կը լինէր, այլեւ գիտակցական օգնութիւն՝ ընդհանուր թշնամուն տրուած:

Դատը, Գործը ամբողջինն է. Հայ ամբողջութիւնն էլ առաջ պիտի գայ եւ գործի գլուխ անցնի՝ իւրաքանչիւրը իր չափու կարողութեամբ:

Յետս չընկրկե՜նք, չտատանուե՜նք. վստահ, լիովին վստահ լինենք մեր յաղթութեանը, մեր ապագային:

Մեր մինչեւ այսօրուայ կատարած Գործը ցոյց է տալիս, որ յուսահատուելու ոչինչ ունենք:

Մեր թափած ջանքը՝ իր բոլոր ձեւերի մէջ, երէկ եւ այսօր, ամբողջ աշխարհի հիացումն է գրաւել:

Արար-աշխարհ տեսաւ թէ մեր ազգը ի՛նչ ծանրածանր զոհաբերութիւն կրեց՝ իր Փրկութեան Գործի համար:

Նորագոյն ազատագրուած ազգերի մէջ՝ մեզանից աւելի մեծ չափով՝ կորով, ճիգ թափողը չեղաւ. պատմութիւն կայ:

Մեր տուած անգին զոհերը, մեր կրած անլուր տառապանքները, մեր մղած երկարաշունչ կռիւները մեր ազատագրութեան այն տարրերն են, որ մարդկային ո՛չ մի արդարութիւն չի կարող ուրանալ:

Մեր ազատագրութեան իրաւունքը ո՛չ թէ մուրալով, այլ շահել ենք մեր արիւնով, մեր զէնքով, ազգային մեր ողջակիզումով:

Մեր կախաղանները, մեր դիակների լեռնակոյտերը, մեր կամաւորների հրաշագործութիւնները, Հայ ազգի ապստամբական շարժումները եւ տարած յաղթութիւնները. հայ կաթընկերի, մանուկի, կոյսի, կնոջ, պառաւի, ծերուկի կրած անպատմելի չարչարանքները. նրանց տեղահանութեան, կոտորածի եւ ընդդիմադրութեան դրուագները մարդկային ո՞ր արդարադատութիւնը կարող է ժխտել:

Կա՞յ արդարութիւն.- ապա մենք մեր արդար իրավունքը պիտի ստանանք:

Կա՞յ իրաւունք.- ուրեմն նա պիտի բերի Հայ Ազատագրութիւնը:

Սա է այն անդրդուելի հաւատքը, որ Հայ հորիզոնի վրայ պիտի փայլի:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Գահիրէի (1913, Դեկտեմբեր) առաջին հրապարակային Ժողովը վերջանալուց յետոյ՝ մեզ մօտեցաւ Եւրոպայի մի ունկնդիր:

Իր խօսքերը:

«Պարո՛ն, ես մասնաւոր հրճուանք են զգում  Ձեր ձեռքը սեղմելով. որքան որ Հայերէն լեզուն չեմ հասկանում, բայց Ձեր դեմքի արտայայտութիւնից, ձեւերից, շարժումներից շա՜տ բան հասկացայ: Իտալական անկախութեան համար կռուող յեղափոխականներից մէկն է եղել իմ Հայրս. ահա թէ ինչո՛ւ ես մի առանձին յարգանք ունիմ դէպի ամէն ազգի յեղափոխականները: Հայ ազգը իմ սրտիս շատ մօտ է. ես մասնաւոր սէր, համակրանք ունիմ դէպի նա ա՛յն օրից, երբ լսեցի նրա յեղափոխական շարժումները: Ձեր ազգի կենսունակութեան, նրա ընդունակութեան վրայ ուղղակի սքանչացած եմ: Մի հասարակ օրինակով ասածս հաստատեմ: 1896-ի աշնան առաջին օրերին Աղէքսանդրիա հասայ. քաղաքի շրջանակներում տեսայ շատ վրաններ, որոնց մէջ պատսպարուել էին Թուրքիայից փախած Հայերը: Իմ բարոյական առաջին պարտականութիւնս համարեցի, այդ օրերին, նրանց յաճախակի այցելել եւ իմ ձեռքից եկած օգնութիւնը հասցնել: Փախստականներից շատերի հետ ծանօթացայ այդ ժամանակ… Հազիւ մի քանի շաբաթ անցած՝ վրանները վայր առնուեցան, ո՛չ ոք չմնաց: Ո՛չ մէկը ուզեց նստել, սպասել եւ ձրի ուտել: Բոլորն էլ առաջին պատեհութեամբ այս ու այն կողմն ընկելով՝ գործ ճարեցին, աշխատանքի մտան: Հիմա, այս րոպէիս, ես ելեւմտական մի հաստատութեան տնօրէնն եմ. ձեռքիս ունիմ մի ցուցակ, որից երեւում է, որ այդ ժամանակուայ Հայերից շատ շատերը ո՛չ միայն կոկիկ գումարներ ունին, այլ շատերը՝ շէնքով-շնորքով՝ խանութների, կալուածների, տների տէր են եւ նոյն իսկ իմ տնօրենութեանս տակ գտնուող դրամատան մէջ էլ դրամներ ունին: Էլ այսպիսի ազգի ընդունակութեան, կենսունակութեան վրայ ինչպէ՞ս չզարամանալ: Քանի որ աշխատանքն է ամէն բան ստեղծողը, Հայ աշխատանքը չի թողնիլ որ հայ ազգը կորչի: Նրա աշխատանքը, նրա ընդունակութիւնը մի օր նրան իր նպատակին՝ իր ազատագրութեանը կը հասցնի. դա իմ համոզումն է. ու դրա համար էլ ասում եմ, որ թող ապրի՜, շատ ապրի Հայ ազգը եւ իր յեղափոխականները…»:

Այո՛ ամէն անաչառ դիտող, Իտալացի Բօնիչոյի նման, կը խոստովանի, որ մենք ուժեղ կենսունակութիւն ունենք եւ աշխատող, քրտինք թափող, ստեղծագործող ազգ ենք:

Շահ-Աբբասների, Լէնկ-Թիմուրների, Չինգիզ-Խաների օրերի. Թրքօ-Պարսկական, Ռուս-Պարսկական, Ռուս-Թրքական պատերազմների արհաւիրքները տեսնող, կրող ազգի այսօրուայ զաւակները ընդունակ կը լինին իրենց ժամանակի աղէտները տանելու եւ՝ իրենց աշխատանքով, իրենց ստեղծագործող յատկութիւններով՝ բացուած լայն վէրքերը գոցելու եւ նորից Հայ պատմական ԵՍ-ը շարունակելու:
Մեր ազգը այդ կարողութիւնն ունի:

1916, Փետրուար 5-ին, Միջերկրականի Ֆրանսիական Ծովակալի առաջն եմ: Նա հետեւեալն ասաց.

«…Ես շարունակ շփման մէջ եմ եղել Արեւելքի հետ. ուշի ուշով հետեւած եմ Հայ ազգի շարժումներին: Մեզ համար անծանօթ չէր, որ թէ՛ մեր եւ թէ՛ Եւրոպական ուրիշ ազգերի համալսարանների մէջ՝ բաւականին թուով էլ հայ ուսանողներ կային. գիտէինք, որ բաւականին թուով էլ գիտնականներ են եղած. լսել էինք ռուսական զօրաբանակների մէջ մեծ ընդունակութիւն ցոյց տուող Հայ հրամանատարների մասին. մեզնից ոչ ոքի անծանօթ էր մնացել  Հայի վաճառականական ընդունակութիւնը: Բայց, ինչ որ մեզ, վերջին ժամանակներս, ծանօթ չէր, դա Հայ ազգի, Հայ զանգուածի զինուորական յատկութիւնն էր: Համաշխարհային այս պատերազմը ցոյց տուեց, որ Հայ ժողովուրդը հիանալի զինուորական յատկութիւն էլ ունի: Ես տեսայ ժողովրդի զաւակ Հայ զինուորը՝ խիզախ, անվեհեր, ճապուկ, թեթեւոտն… Տեսայ նրան Ֆրանսիական ճակատի վրայ, տեսայ ե՛ւ Սուէտիոյ բարձրունքներում… Ներկայ պատերազմը արդարութեան եւ իրաւունքի պատերազմ է. այդ արդարութիւնը, այդ իրաւունքը անկարելի է զլանալ մի այնպիսի ազգի, որ իր գոյութիւնը պահելու զինուորական յատկութիւնն էլ լիովին ունի»:

Այսօր չէ, մենք կռւում ենք դարերից ի վեր. կռիւների մէջ կռած, կոփուած ազգ ենք. եթէ մեր զինուորական յատկութիւնը մինչեւ ցարդ ծածուկ էր մնացել դրսի աշխարհից, հիմա, նա էլ յայտնի եղաւ՝ ռազմաբեմի բոլոր ճակատներում:

Ու սրանից յետոյ մենք չենք, որ պիտի յուսահատուենք:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԻԳ.- Իր գլխաւոր գծերի մէջ՝ ի՞նչ արեցինք.- մենք եղանք այն ուժերից մէկը, որ Թրքական պետութիւնը կործանման հասցրինք եւ Ասիայի քարտէսից ջնջուելու վիճակին ենթարկեցինք: Մեր հարուածը է՛լ աւելի խորունկ, է՛լ աւելի տեւական է. եւ դեռ պիտի լինի:

Հայ երգը երգել էր.

«… Թաղել Իսլամի գլուխը դիւցազանց երկրում»:

Եւ արդարեւ Թուրքի գլուխն էլ, Հայ ազգի ձեռքով, այսօր թաղւում է ա՛յն երկրում, ուր նրանից առաջ թաղուել են Հայաստան արշաւող ուրիշ ազգերի գլուխները:

Լինի՛նք, ուրեմն, անվեհեր. շարունակենք մեր ազգային, համազգային ճիգը. ճանաչե՛նք մեր պատասխանատուութիւնը, կատարե՛նք մեր պարտականութիւնը եւ քայլե՛նք առա՜ջ, առա՜ջ, դիմաորելու համար Քաղաքական Ինքնաւար Հայաստանին, որ վառ արշալոյսով բարձրանում է Մայր Հայաստանի բոսորագոյն երկնակամարի վրայ:

Ասիայի բաժանման մէջ մենք մեր տեղը արդէն գրաւել ենք:

Չյուսահատուե՛նք. քաջարի լինի՛նք. պարտականութիւն կատարինք:

Մենք փրկուա՜ծ ենք: