Շարունակվող ապրիլ՝ Սասուն Մկրտչյան. ՍիվիլՆեթ

1789

Ապրիլի 2-ին Թալիշում հակառակորդի գրաված դիրքերը հետ վերցնելու գործողությունների ժամանակ 27-ամյա Սասուն Մկրտչյանը զոհվում է։ Սասունի մայրը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմում է որդու կյանքի և ծառայության մանրամասների մասին։

Հատուկ նշանակության ջոկատի հետախույզ, գնդացրորդ 27-ամյա Սասուն Մկրտչյանը մինչև ջոկատային լինելը ծառայել էր խաղաղապահ զորքերում, աշխատել վերաքննիչ դատարանում։ Ծրագրում էր 2016-ի ապրիլին նշանադրվել, ամռանը ամուսնանալ և փոխել աշխատանքը։

Ապրիլի 2-ի առավոտյան տագնապի արդյունքում հատուկ նշանակության ջոկատը մեկնում է Թալիշ՝ հակառակորդի կողմից գրավված երեք դիրքերը հետ վերցնելու նպատակով։ Սասունն իր ծառայակիցների հետ հաջողությամբ հետ է վերցրել հակառակորդի կողմից վերահսկվող երկու դիրք։ Դրանից հետո Սասունի զենքը՝ գնդացիրը, փչացել է, հրամանատարը նրան թույլ չի տվել այլ զենքով մարտի դուրս գալ։ Սասունը փոքր լապտերի լույսի ներքո քանդել և վերանորոգել է զենքը՝ մյուսների հետ դուրս գալով հետ վերցնելու Թալիշի բարձունքում գտնվող և կարևոր երրորդ դիրքը։ Փոխհրաձգությունից հետո Սասունը առաջ է անցել և հակառակորդի արձակած գնդակից զոհվել։

Զինծառայողին ներքև իջեցնելուց և այնտեղ այլ զինծառայողի համար հայտնված շտապ օգնությանը հանձնելուց հետո ծառայակիցները գրավել են երրորդ դիրքը, սակայն նահանջելու հրաման են ստացել։ Ժամեր անց դիրքի վրա ծածանվել է ադրբեջանական դրոշը։ Մինչ այժմ այդ դիրքը հակառակորդի վերահսկողության տակ է։

Սասունի ծնողները՝ Ֆահրադ Մկրտչյանը և Նարինե Կիրակոսյանը, չեն աշխատում, ապրում են զոհված որդու թոշակով։