Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018-ի ամռանը հրատարակել է Հայաստանում:
_______________________________
Վեցերորդ գլուխ
Չորս ամիս Պոլսում
(1918 հունիս 15-նոյեմբեր 1)
Հուլիսի սկզբին մենք սպասում էինք, որ պիտի բացվի խորհրդաժողովը, որին մենք պատրաստ էինք լիովին: Բայց չբացվեց: Շարունակ նշանակվում էին բացման օրեր և միշտ հետաձգվում: Գլխավոր պատճառը ռազմաճակատների վրա անհաջողություններն էին: Որքան ավելի մեծանում էին այդ անհաջողությունները, այնքան ավելի թուրքերն ու գերմանացիները խուսափում էին խոսել խորհրդաժողովի մասին: Չորս ամիս այսպես սպասեցինք, և, ի վերջո, խորհրդաժողով չունեցանք: Պոլսում մեր դիվանագիտական աշխատանքը սահմանափակվեց մեր ունեցած տեսակցություններով Թուրքիայի ղեկավար անձնավորությունների և նրա զինակից դեսպանների հետ:
Խալիլ բեյից հետո մենք նույն օրն իսկ այցելեցինք Թալեաթ և Էնվեր փաշաներին: Հունիսի վերջն էր: Թալեաթ փաշան մեզ ընդունեց Բարձր Դռանը: Հարկավ, իր առաջին իսկ խոսակցության ժամանակ ջանաց հայկական եղեռնի համար իր վրայից նետել պատասխանատվությունը: Ամբողջ պատասխանատվությունը դնում էր զինվորական իշխանության, քրդերի և տեղական իշխանությունների վրա: «Ահա դուք ինքներդ պիտի տեսնեք, թե ինչպես պաշտոնյաները երբեմն կամայական կերպով աղավաղում են վերևից եկած հրամանները»,- ասում էր նա:
Նա պատմեց, թե ինչպես պատերազմի առաջին օրերին խնդրել էր Վարդգեսին [Վարդգես Սերենգյուլյան, Օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորներից] Թուրքիայի կողմը բռնել, և Վարդգեսը իր այդ խնդրանքին պատասխանել էր լռությամբ:
«Մեր թշնամիները ռուսներն էին, բայց երբ նրանք իրենց հրացանները դատարկում էին մեր զինվորների վրա, նրանց փամփուշտները դիպչում էին մեր զինվորների ոտքերին: Իսկ երբ սկսեցին կրակել թուրքահպատակ հայերը՝ իրենց հայրենիքի դավաճանները, փամփուշտները դիպչում էին մեր զինվորների սրտին»,- ասում էր Թալեաթը:
Այս տեսակցությունը, հարկավ, տանջանք էր մեզ համար: Ահարոնյանը խոսեց հանգամանորեն և բուռն կերպով, իսկ Պապաջանյանն ու ես աշխատեցինք մեր խոսակցության նյութը անցյալից փոխադրել ներկայի հրատապ հարցերի վրա:
Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մենք նախապես դերերը բաժանում էինք իրար մեջ, և ամեն մեկը հանձն էր առնում խոսել որոշակի նյութերի մասին:
Թալեաթ փաշան խոսքով իր հավանությունն էր տալիս մեր պահանջներին, բայց ասում էր, թե բոլոր հարցերը պետք է խորհրդաժողովը որոշի: Թալեաթի արտաքինը իր համար նպաստավոր տպավորություն չէր թողնում: Նրա ամբարտավան, ոչ-մտավորականի դեմքը, մարմնեղ կեցվածքը, կեղծ բարեկամության շեշտը կրող ձայնը չէին կարող նպաստավոր լինել: Ի վերջո, նա խնդրեց գրավոր կերպով ներկայացնել հայկական պահանջները՝ զեկուցելու նախարարների խորհրդին, և խոստացավ խոսել արտաքին գործերի նախարարի հետ:
Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվ
Հայաստանի պատվիրակների հանդիպումները Թալեաթի, Էնվերի, մյուս ջարդարարների հետ. 1918