Հայկական Թիֆլիսը

2123

Թիֆլիսը Վրաստանի մայրաքաղաք լինելուց բացի նաև արևելահայ գրականության, քաղաքական մտքի ու մշակույթի կենտրոնն է: Եթե դու կարդացել ես ու սիրում ես Րաֆֆի և Հովհաննես Թումանյան, հպարտանում ես Արամ Խաչատրյանով ու Գևորգ Բաշինջաղյանով, Մակար Եկմալյանով ու Ջիվանիով, ապա պետք է այցելես Թիֆլիս: Եթե քեզ ոգեշնչում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, ապա դու պիտի քայլես Ռուսթավելի պողոտայով, կանգնես Անդրկովկասյան սեյմի երկհարկ շենքի ու «Մարիոթ» հյուրանոցի վերածված մեծահարուստ Արամյանցի չորսհարկանի տան դիմաց:

Ամբողջ երկու ազատ օր կար մեր առաջ` կիրակի և երկուշաբթի: Ստեփանակերտից իմ «Միցուբիշի Մոնտերո» ջիփով Երևան եմ վերադառնում «Արցախ» ֆոնդի ատենապետ և ԱՌԻ ընկերության հիմնադիրներից Մելքոն Հակոբյանի հետ: Սիսիանի սարահարթի ճանապարհին մտածում և անմիջապես առաջարկում եմ.

– Եթե կիրակի վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Թիֆլիս, այնտեղ գիշերում, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան Վրաստանի մայրաքաղաքից վերադառնում, ապա դեռ մի քանի ժամ էլ ունենում ենք մինչև Երևան-Բեյրութ թռիչքը: Երկու ազատ օր Երևանում ի՞նչ ենք անելու:

Կան առաջարկներ, որոնք երբեք չեն քննարկվում: Սիսիանի ալպիական դաշտերով սլացող իմ սև ջիփը պետք է վաղը առավոտյան անցներ Կոտայքի մարզով, Սևանի ավազանով և անկրկնելի բնությամբ ու կանաչ, սաղարթախիտ անտառներով ծածկված Տավուշի մարզի տարածքով, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Դու կարող ես կարդացած լինել ողջ արևելահայ գրականությունը, բայց չիմանալ, որ մեր մեծերը թաղված են հենց Թիֆլիսում`Հավլաբար հայահոծ թաղամասի Խոջիվանքի պանթեոնում: Մելքոն Հակոբյանը գիտեր, որ հայկական Թիֆլիսի փողոցները շատ գաղտնիքներ ունեն, բայց առաջին անգամ էր ոտք դնում ՍԱՔԱՐԹՎԵԼՈ, այսինքն` Վրաստան:

Տավուշի մարզը սկսվում է Դիլիջան քաղաքով, ապա մինչև մարզկենտրոն Իջևան հասնելը ճանապարհն անցնում է անտառների մեջ «թաղված» Թեղուտ, Հաղարծին և Հովք գյուղերով: Մենք հինգրոպեանոց կանգառ տվեցինք Ոսկեպար գյուղ չհասած` անտառապատ բլրի մոտ, որտեղից քո առաջ բացվում է Ադրբեջանը: Խորհրդային Միության օրերին կառուցված Ջողազի ջրամբարը միմյանցից բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերը, որոնք դեմ-դիմաց են: Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ մի այլ վայրում հավանաբար չկան գյուղեր, որոնք այնքան մոտ են, որքան Բերքաբերն ու Մազամը: Մելքոն Հակոբյանին լուսանկարեցի` մեջքով դեպի Ադրբեջան: Ապա մենք անցանք հայ-ադրբեջանական սահմանի ամենավտանգավոր հատվածներից մեկով` Ոսկեպար-Բաղանիս ճանապարհով: Մինչև հայ-վրացական սահման ճանապարհն անցնում է մի քանի այլ գյուղերով և անտառապատ Նոյեմբերյան փոքրիկ քաղաքով:

Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո հսկիչ-անցագրային կետը մենք շատ դյուրին անցանք, քանի որ այդ ժամին մեքենաների կուտակումներ չկար: Մելքոն Հակոբյանը իր Հայաստանի անձնագրով առաջին անգամ էր այցելում արտերկիր: Մյուս կողմից` Վրաստանն ի՜նչ արտերկիր: Գոնե իմ տպավորությամբ և ընկալումով` Վրաստանը Հայաստանի շարունակությունն է: Հայ-վրացական սահմանից մինչև Թիֆլիս ընդամենը 60 կիլոմետր է:

Սոլոլակ հայաշատ թաղամասի մի հյուրանոցում մեկ ժամ հանգստանալուց և թեթև ճաշից հետո մենք սկսեցինք մեր ծանոթությունը հայկական Թիֆլիսի հետ: Ես, իհարկե, Թիֆլիսը վաղուց եմ ճանաչում: Մեկ տարի` 2002-2003 թթ., ես սովորել եմ այս քաղաքում, լրագրության իմ գործունեության քսան տարիներին բազմաթիվ անգամներ այցելել Վրաստան, ծանոթ եմ այդ երկրի գրեթե բոլոր անկյուններին, քաղաքական ու պետական գործիչների: Ավելին, մանկության և պատանեկության տարիներին իմ «մայրաքաղաքը» Թիֆլիսն էր: Իմ ծննդավայրից` Նոյեմբերյանից մինչև Թիֆլիս ընդամենը 80 կիլոմետր է, և գնումներ կատարելու նպատակով իմ ծնողների հետ հաճախ մեկնում էինք հենց Թիֆլիս, քանի որ մինչև Երևան 200 կիլոմետր էր: Այն տարիներին Թիֆլիսն ավելի հայաշատ էր, քան այսօր: Բայց այսօր էլ հայերի թիվը Թիֆլիսում պատկառելի է` շուրջ 90 հազար:

Մեր առաջին կանգառը այն տունն էր, որտեղ 1904-1923 թթ. ապրել և ստեղծագործել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նույն փողոցի վրա` դիմացի շենքում էր իր կյանքի մի մասն անցկացրել Արմեն Տիգրանյանը` «Անուշ» օպերայի հեղինակը: Ինչպիսի՜ զգացումներ պետք է ունենա հայ մարդը` կանգնելով այդ տների առաջ: Մելքոն Հակոբյանին լուսանկարչական ապարատով անմահացրի երկու տների առաջ:

Մեր հաջորդ կանգառը Հավլաբարն էր և Խոջիվանքի պանթեոնը, որտեղ թաղված են հայոց մեծերը: Մելքոն Հակոբյանը հատ-հատ մոտենում էր շիրմաքարերին ու բարձրաձայն կարդում` Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Սունդուկյան, Նար-Դոս, Ջիվանի, Գրիգոր Արծրունի, Ղազարոս Աղայան, Մուրացան, Պերճ Պռոշյան, Մակար Եկմալյան… Այս անունները բավարար են, որպեսզի Թիֆլիսը համարվի հայ գրականության, մշակույթի ու նաև քաղաքական մտքի մայրաքաղաք: Ի վերջո, այս քաղաքում է հռչակվել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Խոջիվանքից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի մի քանի հարյուր մետր է: Քանի որ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցի Սուրբ Գևորգը վերանորոգվում է, Թիֆլիսի միակ գործող հայկական եկեղեցին հենց Սուրբ Էջմիածինն է: Շրջեցինք եկեղեցու բակում, կարճ զրույցի բռնվեցինք հայ-ադրբեջանական վերջին ընդհարումների թեման քննարկող և հայկական բանակով հպարտացող թիֆլիսահայերի հետ: Մելքոն Հակոբյանը նաև մոմ վառեց եկեղեցում: Թիֆլիսում մի քանի այլ եկեղեցիներ էլ կան, որոնք փակ են կամ կիսով չափ խոնարհված: Դրանցից ամենանշանավորը 15-րդ դարի Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որին փորձում է տիրանալ վրաց եկեղեցին: Ժամանակի սղության պատճառով, մենք միայն անցանք այդ եկեղեցու կողքով:

Թիֆլիսում, ի տարբերություն Երևանի, պահպանվել են 18-19-րդ դարերի շինությունները: Մենք մեքենայով երկու անգամ` նախ ցերեկով, ապա գիշերով, անցանք ամբողջությամբ վերանորոգված և ռեստավրացիայի ենթարկված Մարջանիշվիլիի փողոցով: Ի՜նչ լավ կլիներ, եթե Երևանն էլ ունենար նման փողոց: Երևանը կարող էր ունենալ նման փողոց և այդ փողոցը կարող էր լինել այսօրվա Հանրապետության փողոցը: Ցավոք, մենք չկարողացանք պահել այդ փողոցի իրական` 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբի տեսքը:

Իմ տպավորությամբ, աշխարհի այն մայրաքաղաքները, որոնք գտնվում են ծովի ափին կամ որոնցով գետ է հոսում, ինքնին դառնում է գրավիչ քաղաք: Քուռ գետը Թիֆլիսը բաժանում է երկու մասի, և քանի որ քաղաքը կիլոմետրերով ձգվում է գետի ափով, քաղաքի երկու մասերը միմյանց հետ կապվում են կամուրջներով: Ես երբեք չեմ հաշվել այդ կամուրջները, բայց վստահ եմ, որ մեկ տասնյակ կլինեն: Թիֆլիսում գտնվելու ընթացքում մենք բազմաթիվ անգամ անցանք այդ կամուրջներով, որոնցից ամենանշանավորը Վորոնցովոյի կամուրջն է:

Թիֆլիսի ամենից հայտնի փողոցը կրում է Շոթա Ռուսթավելիի անունը: Այս փողոցի վրա են տեղակայված նախկինում Անդրկովկասյան Սեյմի երկհարկանի շենքը և հայ նավթարդյունաբերող Արամյանցի չորսարկանի հսկայական տունը` այսօր վերածված «Մարիոթ» հյուրանոցի: Ռուսթավելի պողոտան սկսվում է Ազատության հրապարակից, որին տարեց թիֆլիսցիները շարունակում են կոչել Երևանյան հրապարակ: Երբ 19-րդ դարի սկզբին ռուսական զորքերն ազատագրեցին Երևանը, Թիֆլիսում գտնվող ռուսական զորքերի հրամանատար Պասկևիչը կարգադրեց Թիֆլիսի կենտրոնական հրապարակը անվանել Երևանի անունով:

Օգոստոսի 11-ին` Թիֆլիսում մեր գտնվելու օրը, անտանելի շոգ էր: Թիֆլիսում եղանակը դուրեկան է տարվա գրեթե բոլոր եղանակներին` ձմռանը այնքան ցուրտ չէ, ինչպես Երևանում, իսկ ամռանը այնքան շոգ չէ: Երեկոյան անձրևեց, օդը դարձավ դուրեկան, ապա սկսեց փչել հաճելի քամի: Մենք հասցրինք ճաշակել վրացական խոհանոցի ամենից հայտնի երկու ուտեստները` խինկալին և իմերեթական խաչապուրին: Կեսգիշերից առաջ մենք մեքենայով զբոսնեցինք գիշերային Թիֆլիսով: Այսպիսով, վեց-յոթ ժամերի ընթացքում մենք հասցրինք բավականին բան տեսնել հայկական Թիֆլիսում:

Մյուս օրը վաղ առավոտյան մենք ուղղություն վերցրինք դեպի Երևան: Անցանք նույն ճանապարհը: Նախաճաշի համար կանգ առանք գողտրիկ Նոյեմբերյան քաղաքում:

Թիֆլիսը այն քաղաքներից է, որ հնարավորություն ստեղծվելու դեպքում պետք է տեսնի ամեն մի հայ: Երևանից Թիֆլիս ճանապարհը ընդամենը 280 կիլոմետր է: Այդ ճանապարհից ավելի քան 100 կիլոմետրն անցնում է Տավուշի մարզով: Արժե գոնե մեկ անգամ կտրել Տավուշի մարզը, հիանալ անտառներով ու հպարտանալ հայոց լեռներով:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայքում՝ 2014թ օգոստոսի 24-ին