Հայկական բանակում 2016-ին մահացության 162 դեպք. ՀՔԱՎ տեղեկանք

1303

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում 2016-ի ընթացքում, այդ թվում՝ ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մահացության դեպքերի մասին տեղեկանք:

Ըստ ուսումնասիրության՝ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ 2015-ին եղել է 3, 2016-ին՝ 13 դեպք, ինքնասպանության դեպքերի թիվը՝  2015-ին՝ 6, 2016-ին՝ 13: Սպանություններից 3-ը դեռեւս չբացահայտված հանգամանքերում են տեղի ունեցել:

Տեղեկանքում անդրադարձ է կատարվել նաև հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հակառակորդի կիրառած զինատեսակներին և դրանց կիրառման հաճախականությանը, ինչից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմական գործողություններից առաջ նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում: Բացի դրանից՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված և 4 օր տևած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ.-ի հրադադարի կնքումից ի վեր:

Ընդհանուր առմամբ՝ 2016-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցվել է մահացության 162 դեպք (2015-ին՝ 76), ասվում է ՀՔԱՎ տեղեկանքում:

Դրանցից  77-ը՝ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/01/12/147-18-armenian-casualties-in-2016-razm-info/