Հայ-թաթարական/ադրբեջանական ջարդերի անցյալից. 1918-1920 թթ

1573

Հայ-թաթարական/ադրբեջանական ջարդերն ու բռնությունները ընթացել են երեք հիմնական փուլերով՝ 1905-1906, 1918-1920 և 1988-1994 թվականներ: Ներկայացնում ենք երեք հրապարակում 1920 թվականի ՅԱՌԱՋ օրաթերթից, որը ՀՅԴ Բյուրոյի օրգանն էր, լույս էր տեսնում Երևանում Սիմոն Վրացյանի խմբագրությամբ:

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերաճում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

Հայաստանում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, Ադրբեջանում՝ Մուսավաթը:

_________________________________________

Դարձյալ բարբարոսություններ

Յառաջ, խմբագրական, հատվածաբար, թիվ 10, 14 հունվար, 1920թ.

Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչները դարձյալ տեսակցություն են նշանակել Թիֆլիսում՝ մտադրություն ունենալով բարեկամական հարաբերություններ ստեղծել այդ հանրապետությունների միջև և վերջ տալ այն արյունահեղ ընդհարումներին, որ տեղի են ունենում գլխավորապես հայ և թուրք ժողովուրդների միջև:

Վրաստանը, որ շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համերաշխություն գլուխ բերելու համար միջնորդի դեր ստանձնել, մինչև այժմ կտրուկ քայլեր չի արել ազդելու իր դաշնակիցների՝ Ադրբեջանի վարիչների վրա՝ վերջ տալու այն բարբարոսություններին, որոնք կազմակերպվում և կատարվում են նրանց իսկ ձեռքով, նրանց գործակալների ջանքերով:

Ադրբեջանական դավադրությունների հետևանքները, արյունոտ դեպքերը փաստերով ապացուցված, օրը կեսօրին անգլիական և ամերիկյան ներկայացուցիչների աչքի առաջ կատարված, մենք արձանագրել ենք բազմաթիվ անգամ մեր թերթի էջերում: Այսօր էլ, երբ երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները Թիֆլիսում մտածում են համերաշխության հիմքը դնել, հեռագիրը բերում է մեզ հայ ժողովրդի ծով տառապանքների, հայ կանանց և աղջիկների բռնաբարությունների, սպանությունների և ավերածությունների ստուգված դժբախտ լուրը:

Դարեր շարունակ թուրք և թաթար խաներն ու բեկերը հայ ժողովրդի կրծքին ծնկած կրծել են նրա կոկորդը, արյունով հղբացել, այսօր էլ խավարամիտ և բարբարոս ամբոխի գլուխն անցած նույնն են անում՝ չխնայելով անգամ կանանց և աղջիկներին:

Եվ այս բոլորը մի՞թե կատարվում է հանուն անդրկովկասյան ժողովուրդների համերաշխության, սերտ միության, որ այնքան հաճախ հոլովվում է վերջին ժամանակներս մեր հարևանների բերանում: Հայ արնաքամ ժողովուրդը իրավունք ունի՞ այս բոլորից հետո չվստահելու իր հարևաններին:

Ի՞նչ արժեք ունեն մեր ավերված ժողովրդի աչքում երեք հանրապետությունների ներկայացուցիչների պաշտոնական մի շարք տեսակցությունները, զանազան կոնֆերանսները, և, վերջապես, վերջերս հրապարակ նետած ոչինչ չնշանակող կոնֆեդերացիայի լոզունգը, երբ այդ ժողովրդի կոկորդը դեռ չի ազատվել նենգամիտ հարևանի սրած դանակից:

Այդ ժողովուրդը համարձակություն և ուժ ունի նաև հայտարարելու. ոչ ոք ինձ ընկճել չի կարող, ես պետք է ազատ ապրեմ և ազատ կառուցեմ իմ պետական կյանքը, դա իմ իրավունքն է:

_____________

Գողթանի կոտորածը

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 13 հունվարի, 1920, թիվ 9

Գորիսից Մելիք Յոլչյանը հեռագրում է Հայաստանի արտգործնախարարին

Լրացուցիչ, ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի և Օրդուբադի թաթարները, թուրքական և ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությանը: Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ներքին Ագուլիսում՝ 1.000 մարդ:

Բնակչությունը կոտորված է գլխովին, բացառությամբ 20 գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրև նվերներ, բաժանվել են սպաներին: Հարուստ Փանեանի 16 տարեկան աղջիկը մատուցված է Էդիֆ բեյին:

Թե Ներքին և թե Վերին Ագուլիսների բնակչությունը բոլորովին անզեն էր և պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց:

Թաթարների առաջխաղաղացումը դեպի Գողթան շարունակվում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դեպի Մեղրի է քաշվում: Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին:

Զանգեզուրի ազգաբնակչությունը խորը կերպով հուզված ու զայրացած է և պահանջում է արմատական միջոցներ թուրքական և ադրբեջանական սպաներին և նահանգապետին Նախիջևանից հեռացնելու համար: Մեծ դժվարությամբ է հաջողվում զսպել նրանց:

Շուռնուխի խճուղին դեպի Ղափան բանալու առաջարկությանը ի պատասխան, թաթարները խնդրեցին պատվիրակներ ուղարկել: Ուղարկված հինգ պատվիրակները գազանաբար սպանված են: Նրանց ազատելու համար ուղարկված պահակը ենթարկվել է Շուռնուխի թաթարների հրացանային ու գնդացրային կրակի:

____________

Ադրբեջան. դիվանագիտական ներկայացուցիչ Վեքիլովի հուշագիրը

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 7 հունվար, 1920թ. թիվ 5

Վրաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Վեքիլով դեկտեմբերի 30-ին ներկայանալով գերագույն կոմիսար գնդապետ Հասկելին, նեկայացրեց մի հուշագիր հետևյալ բովանդակությամբ:

Ի լրումն իմ ամսի 29-ի թիվ 5198 գրության, հաղորդում եմ հետևյալը: Ես հավաստիացումներ եմ ստացել, որ հայկական զորքերը ավերել են Երևանի նահանգի մի շարք մահմեդական գյուղեր: Այդ ավերված գյուղերից հարյուրներով անցնում են Թիֆլիսով: Նրանց պատմած մանրամասնությունները շարունակվող տխուր դեպքերի մասին աննկարագրելի է: Պարտք եմ համարում հայտնել Ձերդ Գերազանցությանը, որ հայոց կառավարության ագրեսիվ տրամադրության լուրը հասել է Ադրբեջան, որտեղ ժողովրդի լայն խավերը իրազեկ են դարձել , որ նա կամենում է զենքի ուժով իրեն հպատակեցնել նրան չճանաչող մահմեդական շրջանները: Ժողովրդական մասսաները լցված են արդարացի զայրույթով  այդ մի շարք գյուղերի գազանաբար որնչացման դեմ, պահանջում են կառավարությունից ամենակտրուկ քայլեր անել նման երևույթներին վերջ տալու համար: Իմ կողմից Ձերդ Գերազանցության ուշադրությունն եմ հրավիրում, որ կառավարության այդ վերջին քայլերը, ինչպես և Զանգեզուրում մահմեդականների վրա հարձակվելը , որ տեղի ունեցավ ամսիս 13-ի համաձայնությունից հետո, Ադրբեջանում ծանր տպավորություն է թողնում և նախապես ժողովրդի աչքում վարկաբեկում է Թիֆլիսում գումարվելիք կոնֆերանսը՝ հնարավորությունից զրկելով վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու գաղափարը: Տխուր հետևանքներից խուսափելու համար, որ արմատապես քանդում է Ադրբեջանի կառավարության բոլոր նախաձեռնությունները՝ ուղղված անդրկովկասյան հանրապետությունների միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու համար, պատիվ ունեմ խնդրելու Ձերդ Գերազանցությանը օգտագործելու Ձեր հեղինակության ուժը և ձեռք առնել Ձեզանից կախված բոլոր միջոցները՝ անմիջապես դադարեցնելու հայկական զորքերի կողմից մահմեդական գյուղերի ավերումը և խաղաղ բնակչության տմարդի ոչնչացումը: