«Հաց բերող»-ի զրույցը «Հետք»-ի հետ

4034

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը «Հետք»-ին՝ Զարուհի Մեջլումյան և Սարո Բաղդասարյան, պատմել է անցյալ տարվա հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին:

Կարդալ նաև՝

Մարդը. Արթուր Սարգսյան

Արթուր Սարգսյանն այս իշխանությունների հետ կռիվ չուներ: Նրա ձեռքը սովոր էր հաց հասցնել սովյալներին: Իր բոլոր վերքերը նա ձեռք է բերել Ղարաբաղում 90-ականների սկզբին սահմանի տղաներին հաց հասցնելիս: Պատերազմից հետո նա անցավ փայտարվեստին: Ասել է, թե հաց հասցնելիս էլ կռիվ չունես ոչ մեկի հետ, միայն թե սովյալներ չլինեն:

«Սասնա ծռերին» հացի իրավունքից զրկելը Արթուրը չընկալեց: Չընկալեց եւ այդ մասին չբարձրաձայնեց: Հաջորդ առավոտյան տեղեկացանք, որ «մի հայորդի սնունդով բեռնված մեքենայով մտել է ՊՊԾ գունդ»: Մեր իշխանությունների մասին այսուհետեւ կարելի է խոսել միայն Արթուրի «միջոցով»: Փորագրիչի ձեռքին հացն է, իսկ իրենց ձեռքին՝ զենքը: Հացը մուսայի լռությունն է, այսինքն, մուսաները լռում են, երբ կերակրում են: Իշխանությունը, որ Ռոբերտ Ամիրխանյան ու Լեւոն Իգիթյան է խրախուսում, երբեք չի հասկանա անուն չունեցողին: Երբեք չի հասկանա, թե ինչպես է անանուն հանճարը թռնում անունով միջակների պատի վրայից, որպեսզի հաց հասցնի: Մի ամբողջ եկեղեցի լռեց, երբ այդ տղաներն օրերով սոված էին, բազմաթիվ արվեստագետներ լռեցին, իսկ Արթուրը հացը հասցրեց լուռ: Նրա աջ եւ ձախ ձեռքերը տեղեկատվության փոխարկիչ չէին, եւ ինքը գնաց ու ՊՊԾ գնդի տարածքը դարձրեց եկեղեցի, որպեսզի «Կամասուտրա» ժամացույցով շնացողների եւ ուսադրավոր հարբեցողների բանակն իմանա, թե այստեղով իրենցից զատ էլ ով է անցել: Արթուր Սարգսյանը ոչ մեկի հետ կռիվ չունի: Ու հենց սա է, որ չի ներվի նրան: Այսինքն, Հայաստանում կա մեկը, որը Սասնա ծռից էլ ծուռ է: Դե սա, ընկերներ, արդեն չափն անցնել է: Հասկանու՞մ եք, Սերժ Սարգսյանը մեր էպոսի հետ կռիվ ունի: Ինքը մի ամբողջ Հայաստան ու Ղարաբաղ ինտելեկտուալ առումով դարձրել է անապատ, որպեսզի կամքը հենարան չունենա, եւ հանկարծ Արթուր Սարգսյանի նման մի ծուռ ճեղքում է անվտանգության աննախադեպ պատն ու հաց հասցնում: Դե իհարկե նա  պետք է դատվի: Գուցե մտածեք նաեւ մահապատժի հոդվածը վերադարձնելու մասի՞ն: Չէ՞ որ հեռուստաընկերությունների նման «էլեկտրական աթոռներն» այլեւս չեն աշխատում, ընկերներ:

Անքնությունն արդեն մտել է իշխանություն, կերակրատաշտի «քաղտեխնոլոգներն» արդեն հմայությամբ են զբաղվում, որպեսզի վերջին ծռերին հանեն իրենց «որջերից» ու մշակեն: Հիմարներ: Դուք երբեք չեք հասկանա, որ, որքան էլ ՊՊԾ գունդ մտել են 30 հոգով, Միայնակ Գայլը Միայնակ Գայլ է, նա կոլեկտիվ հմայության չի տրվում: Դուք երբեք չեք հասկանա, որ նրանք իրենց չեն թուլացնի ուրիշի սպանությամբ, ինչպես դուք վարվեցիք Յուրա Տեփանոսյանին սպանելով: Եվ դուք ողորմելի եք ոչ թե տեխնոլոգիական բազում մտքերի անպտղությամբ, այլ որ ձեր կռիվը ուրիշի «տեսիլքը» մի կտոր հաց սարքելն է: Ձեր համար փորագրիչը Վերնիսաժից դենն աշխարհ չգիտի: Այս ամենի համար դուք Երանոսյան Լյովաներ եք բտել, որպեսզի «տեսիլքը» չափ ու սահման ճանաչի: Բայց Ծուռը հենց այն պատճառով է Ծուռ, որ «այս աշխարհից» չէ: Նա ապրելու «երեւակայության» եւ «տեսլիքների» մրցավազքի մեջ չկա: Նա Ծուռ է: Նիցշեն նրանից է հունցում իր Գերմարդուն, Կամյուն՝ իր աբսուրդ մարդուն, Դոստոեւսկին՝ Ապուշին: Նրանից են ստանում Յուրի Դետոչկինին կամ Ֆորեստ Գամփին: Այս մարդկանց դուք՝ «էլեկտրական աթոռի» ձեր կազմակերպվածությամբ վաղվա աշխարհ չեք առաջարկի, որովհետեւ նրանց տեսիլքը պարզ ցավն է՝ որտեղ ցավ, այնտեղ իրենց օգնությունը: Տեսա՞ք՝ աշխարհից մոռացված մի մարդ էր, պատերազմից հետո, ինչպես ասում են, ծպտունը չի լսվել: Հիմա նա նույնիսկ ձեր մարդ լինելու հնարավորությունն է: Գուցե ձեզնից վատ գիտի, որ Աստված չկա: Բայց ի~նչ հենարան է մեր եկեղեցու համար: Որովհետեւ վերջում, ընկերներ, ամենավերջում, ինքն է դառնալու պատմության լուսավոր էջ, նրա ծնունդն եք նշելու, նրա անունով եք հավակնելու խոսել սրբությունից եւ  մյուս սրբերից:

Բա ազգանունը: Այդպիսի ազգանունը ստվերելու է ձերը եւ, գուցե, պատմաբանի հավակնությամբ սերունդներն ընդունելության քննություններին խառնեն պատմական նույն ժամանակներին վերաբերող Սերժ Սարգսյանին եւ Արթուր Սարգսյանին: Ոմանք գուցե հուզմունքից չհանձնեն այդ քննությունը եւ անեծքներ թափեն այս տղայի գլխին Հրեշի հետ նույն ազգանունն ունենալու համար: Շտապեք ընկերներ, շտապեք բաց թողնել Արթուրին, որպեսզի գնա Ծռի իր աշխարհն ու իր անհասցե լռությամբ հարազատություն անի «Փոքր Մհերի» հետ, որպիսին էր ինքը մինչեւ այն օրը, երբ «սննդով բեռնված մի մեքենայով մտավ ՊՊԾ գունդ»: Շտապեք, որովհետեւ ձեր խղճուկության սրբագրիչն է այս մարդը, որը բոլոր սրբագրիչներին բնորոշ կախ գլխով իր գործն անում է այնպիսի խաղաղությամբ, որը ձեզ էլ չի հերիքում: Շտապեք, քանի դեռ այդ խաղաղությունը ձեզ չի հերիքել վաղը:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ