Հայերը թուրքերի հետ կարո՞ղ էին ուղղակի բանակցել 1919-ին

2215

1919թ հունվարին սկսվեց Փարիզի հաշտության վեհաժողովը, որտեղ Անտանտի հաղթող տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իտալիան և Ճապոնիան, վճռում էին Գերմանիայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Օսմանյան կայսրության ճակատագիրը:

Փարիզում հայերը երկու պատվիրակություն ունեին՝ արևմտահայերի պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, որոնք բուն վեհաժողովին մասնակցելու իրավունք չունեին:

Վեհաժողովի սկզբում մեծ տերությունները Հայաստանի ու հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեին՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, որոնք պատերազմի ժամանակ հարել էին Եռյակ միության երկրներին:

Մեծ Բրիտանիան վեհաժողովի սկզբում առաջարկեց, որ Օսմանյան կայսրության վեց վիլայեթների և Կիլիկիայի միավորմամբ ստեղծվի միացյալ Հայաստան, որի մաս էր լինելու նաև նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը: Միացյալ Հայաստանի մանդատը տրվելու էր տերություններից մեկին:

Հաշտության վեհաժողովում հայկական հարցը դարձավ երկարատև քննարկումների ու շահարկումների առարկա: Տերություններից և ոչ մեկը չէր ցանկանում զորք ուղարկել Հայաստան, ստանձնել նրա մանդատը:

Անկարող լինելով վճիռ կայացնել Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ Հաշտության վեհաժողովը 1919թ. հուլիսին որոշեց  Հայաստան ուղարկել ռեզիդենտ կոմիսար՝ ամերիկացի Ուիլյամ Նաֆյու Հասկելին։

Ռիչարդ Հովհաննիսյանը իր «Հայաստանի Հանրապետություն»-ում (հայերեն թարգմանություն, հատոր I, էջ 371-372) գրում է, որ «այսպիսով, Հաշտության վեհաժողովը, փոխանակ Հայաստանի համար նշանակելու մանդատատեր տերություն՝ ապահովելով որոշակի սահմաններ և երաշխավորված ապագա, նրան հրամցրեց ընդամենը ռեզիդենտ կոմիսար՝ խորհուրդներ տալու, վերահսկելու և մխիթարելու համար»։

1919թ. կեսին Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան կանգնած էին Հաշտության վեհաժողովի նոր փուլի շեմին, նրանք անօգնական վիճակում դիտում էին, թե ինչպես է Հայաստանի փայլուն հնարավորությունը ձեռքից փախչում։

Ռիչարդ Հովհաննիսյանն անդրադառնում է այն հարցին, թե կարո՞ղ էին արդյոք հայերը առանձին բանակցություններ սկսել թուրքերի հետ, որոնք թեև թուլացած ու մասնատված, բայց բավական զորեղ ուժ էին ներկայացնում (հատոր I, էջ 458-459):

«Պատմաբանները, որոնք քննադատում են հայկական կառավարությանն այն հարցում, որ նա չփորձեց հարցը ուղղակի լուծել Թուրքիայի հետ, մոռանում են հաշվի առնել մեկ ուրիշ գործոն: Այդ ո՞ր Թուրքիայի հետ պետք է բանակցեր Հայաստանը՝ Կոստանդնուպոլսում սուլթանի կառավարությա՞ն, թե՞ Անատալիայում հայտնված ազգայնական ընդդիմադիր կառավարության հետ: Հայաստանը այնքան հեռատես կարո՞ղ էր լինել, որ համաձայնություն փնտրեր վերջինիս հետ: Այսպիսի գործողությունը դավաճանություն չէ՞ր լինի այն նույն Դաշնակից տերություններին, որոնք պարտության էին մատնել Թուրքիային և խոստացել երաշխավորել հայերի ապագան: Ինչպես վկայում են 1919թ. Փարիզ հղված բազմաթիվ խնդրանքները, Հայաստանն անմիջապես նախազգուշացրել էր Թուրքիայում դիմադրական շարժման ներկայացրած վտանգի մասին, բայց ոչ ոք այն ժամանակ չէր կարող հավատալ, որ ազգայնական ուժերը կխեղճացնեն Դաշնակիցներին և կստիպեն նրանց զոհաբերել Հայաստանը:

Մյուս կողմից, եթե Հայաստանը բանակցությունների մեջ մտներ Կոստանդնուպոլսում սուլթանի երերուն վարչակարգի հետ, կարելի՞ էր սպասել, որ դիմադրության ղեկավարները կընդունեին այդ ձևով ձեռք բերված համաձայնությունը:

Փաստն այն է, որ համաձայնությունը Կոստանդնուպոլսի և Երևանի միջև կհրահրեր ազգայնականներին, նրանց կմղեր առավել անհաշտ դիրքորոշման, բացի, իհարկե, եթե Հայաստանը պատրաստակամություն հայտներ հրաժարվելու իր պահանջներից՝ արևելյան վիլայեթների և, թերևս, նույնիսկ Կարսի մարզի նկատմամբ: Բայց, ամենից առաջ, 1919թ. Հայաստանը չէր կարող վստահել ոչ սուլթանական, ոչ էլ ազգայնական Թուրքիային: 1915-1916 թվականների կոտորածների պատճառած մահացու վերքերը, օսմանցիների կողմից Երզնկայի 1917թ. զինադադարի խախտումը և ներխուժումը Անդրկովկաս՝ 1918թ., թարմ էին և չբուժված։

Ոչ թե դաշնակիցների նկատմամբ կույր հավատը, այլ քաղաքական հարկադրանքն էր, որ Հայաստանին ստիպեց խուսափել Թուրքիայի հետ ուղղակի հարաբերություններից:

Միայն մի բուռ հայ ղեկավարներ, նրանց թվում դաշնակցական Ռուբեն Տեր-Մինասյանը և սոցիալիստ-հեղափոխական Վահան Մինախորյանն էին հանդես գալիս հօգուտ երկկողմ համաձայնության, բայց իրենց իսկ խոստովանությամբ՝ իրենց ավելի շատ բնազդը, քան տրամաբանությունն էր թելադրում…»:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2017/01/06/british-policy-armenia-1919/

https://www.aniarc.am/2015/03/24/ruben-turkey-vs-russia/

https://www.aniarc.am/2015/03/03/armenia-turkey-1922-talks/