Թուրքերի հետ բանակցություններ. Թիֆլիսից՝ Տրապիզոն. 1918-ի փետրվար-մարտ

2038
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈԻԽ, մաս երրորդ

նախորդ մասը

Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ

Հեռագրում, ի միջի այլոց, կարդացինք. «Փետրվարի 11-ի վերջնագրի հետ համեմատած, թուրքերի այս նոր առաջարկը պայմանաժամ էր պարունակում: Այդ նկատումով, ինչպես նաև հաշվի առնելով գերմանացիների մերժումը՝ դադարեցնել պատերազմական գործողությունները հաշտություն կնքելուց առաջ, մենք որոշեցինք ստորագրել հաշտության դաշնագիրը առանց այն քննած լինելու և մեկնել անմիջապես: Ամենալուրջ վատթարացումը փետրվարի 11-ի պայմաններից այն է, որ Ռուսաստանից անջատվում են ինքնորոշման պատրվակով՝ Արդահանը, Կարսը և Բաթումը: Կարախան»:

Այս հեռագիրը մեծ զարմանք և հուսախաբություն պատճառեց: Մենք, որ երկար նիստերում քննության էինք առել Թուրքահայաստանի միացման պայմանները, այժմ իմանում էինք որ ոչ միայն Թուրքահայաստանը, այլև Անդրկովկասի գրեթե կեսը անջատվում էր և հանձնվում թուրքերին: Փոքրիկ տատանում ունեցանք՝ գնա՞լ, թե ոչ: Բայց, ի վերջո, զգացինք, որ մեր գնալը անհրաժեշտ է: Սակայն, բոլորիս սրտերում էլ արդեն մտել էր թունավոր ու ճնշող կասկածը: Կարծես նախազգացում ունեինք, որ անկարելի է այլևս հաշտության բանակցություններ վարել, երբ խնդիրը անձնատվության դուռն էր հասել: Այսուհանդերձ, անհրաժեշտ էր սրևէ ձևով ընդհանուր լեզու գտնել թուրքերի հետ, մանավանդ, որ Եվրոպայից եկած պատերազմական լուրերը մխիթարական չէին մեզ համար:

Ժողովուրդը հաշտություն էր ուզում, և մենք չէինք կարող չգնալ: Երբեմն մեզ թվում էր, որ եթե Բրեստ-Լիտովսկ մեկնեինք, թերևս կարողանայինք փրկել 1914-ի սահմանները:

Նույն գիշերը, այսինքն՝ փետրվարի 17-ին, Անդրկովկասյան Սեյմի նախագահ Չխեիձեն և կառավարության նախագահ Գեգեճկորին հաղորդեցին աշխարհի բոլոր կառավարություններին, որ Անդրկովկասը չի ճանաչում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և որ իր պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն:

Վեհիբ փաշան, սակայն, շուտով՝ փետրվարի 25-ին, հիմնվելով արդեն Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա, պահանջեց ամենակարճ ժամանակամիջոցում դատարկել Կարսը, Բաթումը և Արդահանը: Նույն օրն իսկ նրան պատասխանեցինք, որ Անդրկովկասի կառավարությունը չի ճանաչում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և Վեհիբ փաշայի պահանջը մերժում է համարում հաշտության բանակցություններ վարելու, որոնց համար Անդրկովկասյան Սեյմի կողմից հատուկ պատվիրակություն է արդեն մեկնել Տրապիզոն:

Անդրկովկասյան կառավարությունը իր տեսակետը ավելի ևս ամրապնդելու համար հարկ համարեց հետևյալ օրը՝ փետրվարի 26-ին, Սեյմի արտակարգ նիստ հրավիրել, որտեղ վարչապետ Գեգեճկորին զեկուցեց Վեհիբ փաշայի պահանջների, կառավարության պատասխանի և պատվիրակության մեկնելու մասին: Այդ զեկույցը տալու ընթացքում Գեգեճկորին առաջին անգամ հրապարակայնորեն և պաշտոնապես հիշեց, որ Անդրկովկասը գործում է որպես կատարելապես անկախ քաղաքական միավոր: Գեգեճկորին զարմացավ, որ թուրքերը, խոստանալով Բրեստ-Լիտովսկում պաշտպանել Անդրկովկասի անկախությունը, չսպասեցին Տրապիզոնի խորհրդաժողովին, այլ անջատ հաշտություն կնքեցին Ռուսաստանի հետ՝ ի վնաս Անդրկովկասյան հողամասերի: Գեգեճկորին հայտնեց, որ «հաշտությունը վտանգի տակ է, և ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն պատահականությունների»:

Բոլոր կուսակցությունները, բացի Մուսավաթից, ուժ տվեցին կառավարության անդրդվելի դիրքին, համաձայնելով, որ չպետք է ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Միայն  Խան-Խոյսկին՝ Մուսավաթի առաջնորդը, առաջարկում էր սպասողական դիրք գրավել և վճռական ոչ մի քայլ չանել, մինչև որ Տրապիզոնից նոր տեղեկություններ գան:

Սեյմի ընդունած բանաձևը մերժում էր Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և հավանություն տալիս կառավարության քայլերին:

Ծանրության կենտրոնը փոխադրվեց Տրապիզոն: բայց հոգեբանորեն Անդրկովկասը իրեն բոլորովին միայնակ էր զգում՝ լքված Ռուսաստանից, թեև պաշտոնապես դեռ անջատված չէր: Երկդիմի իրավիճակ էր ստեղծվել: Փաստորեն, անկախ Անդրկովկասը իրավականորեն տակավին անկախ չէր: Եվ թուրքերը դա բացատրում էին հայերի և մասամբ վրացիների ռուսասիրությամբ, ինչը նրանց ավելի էր գրգռում:

Զինվորական տեսակետից՝ հայերի վիճակը ամենից ծանրն էր: Եվ բնական է, որ ամենից ավելի անհանգիստ էին նրանք՝ սրտատրոփ սպասելով Տրապիզոնի բանակցությունների արդյունքին:

Երրորդ գլուխ

Տրապիզոնի խորհրդաժողովը

(1918 փետրվար 23-ապրիլ 1)

Տրապիզոն մեկնած պատվիրակության կազմը շատ բազմանդամ էր: Բոլորս միասին 40 հոգի էինք՝ պատվիրակության անդամներ, խորհրդականներ, քարտուղարներ, տնտեսական բաժնի վարիչներ, հատուկ հանձնարարությունների սպաներ: Դրանից բացի, մեր հետ էր 50 հոգուց կազմված պահակախումբ:

Այս ահագին բազմությունը ինքնին ցույց է տալիս, թե որքան անփորձ էինք տակավին հաշտության խորհրդաժողովի պատվիրակություն կազմելու համար: Մյուս կողմից, այն ապացույց էր, թե ինչ աստիճանի փոխադարձ անվստահություն կար պատվիրակությանը մաս կազմող զանազան ազգությունների ներկայացուցիչների միջև, որոնք ամենքն էլ ուզում էին իրենց սեփական խորհրդականներն ունենալ՝ չվստահելով ուրիշներին: Հետագայում, երբ հասանք Տրապիզոն, թուրքական թերթերը չարամիտ կերպով սրախոսեցին, թե «եթե եկածը զինվորական արշավախումբ է՝ փոքր է, եթե հաշտության պատվիրակութուն է՝ չափից ավելի մեծ է»:

Տեղավորվելով հատուկ գնացքում, փետրվարի 17-ի կեսգիշերին մեկնեցինք Թիֆլիսից: Փետրվարի 22-ին արդեն ծովում էինք: Մեր դուրս գալու մասին ռադիո-հեռագրով հաղորդցինք Պոլիս: Ճամփորդում էնք «Կարլ» նավով: