Կառավարական հաղորդագրություն
Նոյեմբերի 18-ին մեր և թուրքերի միջև կնքված է զինադադար, և այդ օրից զինվորական գործողությունները կանգ են առել: Ըստ այդ զինադադարի պայմանների՝ թշնամու զորքերը բռնում են Ալագեոզ-Կրմզլի-Նալբանդ-Վորոնցովկա գիծը, իսկ հայ զորքերը՝ Սուրմալու-Արաքս կայարան-Կըզըլ Զիարեթ-Արագած-Տանագիրմազ-Բոզիքենդ Շերմատ-Յալվանդուզ գյուղը: Միջին տարածությունը պիտի մնա չեզոք՝ հայկական ադմինիստրացիայով: Իբրև զինադադարի պայման, թուրքերին տրվում է որոշ քանակությամբ զենք, ռազմամթերք և երկաթուղային ստացվածք: Զինադադարի վերջին օրն է նոյեմբերի 25-ի երեկոյան ժամը 6 և 45 րոպեն:
Նոյեմբերի 24-ի երեկոյան պիտի սկսվեն հաշտության բանակցությունները: Թուրքական պատգամավորությունը արդեն Ալեքսանդրապոլում է, իսկ հայկական պատվիրակությունը պատրաստ է մեկնելու:
Համաձայնվելով կնքել զինադադար՝ կառավարությունը միևնույն ժամանակ ձեռք է առնում ամեն միջոց ապահովելու Հայաստանի գերագույն իրավունքները:
Սակայն կառավարության քայլերը կլինեն հաջող այն ժամանակ միայն, երբ ժողովուրդն ու բանակը զգաստ աչքով նայեն ստեղծված իրադրությանը: Երբեք գուցե պետք չի եղել այնպես խիստ լարել մեր ուժերը, որքան այսօր:
Պետք է լավ գիտենալ, որ բանակցություններ սկսելը դեռևս հաշտություն չէ:
Հաշտություն ունենալու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և պատրաստ ամեն անակնկալի:
Հայաստանի Հանրապետության կառավարություն
1920թ. նոյեմբեր 20, Երևան
Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, երեքշաբթի, 23 նոյեմբեր, թիվ 257