Հայկական բարձրտեխնոլոգիական արտադրանքի հիմնական սպառողը ԱՄՆ-ն է. Գրիգոր Հովհաննիսյան

1577

Հայ-ռուսական համագործակցությունը չի խանգարում հայ-ամերիկյան կապերի խորացմանը

Հայ-ռուսական համագործակցությունը չի խանգարում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Հայաստանը պատրաստ է խորացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Հայկական բարձրտեխնոլոգիական արտադրանքի հիմնական սպառողն ԱՄՆ-ն է, ասել է դեսպանը։

«Մեր հարաբերությունները մտերիմ են և է՛լ ավելի զարգանալու դեռ տեղ ունեն, և պատրաստակամություն կա թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ Հայաստանում»:

Դեսպանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ հատուկ բարիդրացիական դիրքորոշում ուներ դեռևս Առաջին աշխարհամարտից հետո. «Միացյալ Նահանգները, ուիլսոնյան Ամերիկան այն երկիրն է, որին մենք շնորհակալ ենք մեր ժողովրդի մի մեծ զանգվածի փրկության համար»:

30 տարի առաջ, երբ Հայաստանում սկսվել էր ազգային ազատագրական շարժումը, Միացյալ Նահանգներն այն ուժն էր, որը կանգնած էր հայ ժողովրդի կողքին. «Բաքվի, Սումգայիթի ջարդերի օրերին, այն ծանր օրերին, երբ Ղարաբաղի բնակչությունը դիմագրավում էր ադրբեջանական և սովետական ագրեսիային, Միացյալ Նահանգները մեր կողքին էր կանգնած»:

Դեսպանի խոսքով՝ այսօր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները զարգացնելու ճանապարհին որևիցե խոչընդոտ գոյություն չունի։ Հարցին, թե որքանով Երևանի սերտ համագործակցությունը Մոսկվայի հետ կարող է սահմանափակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը, նա նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության ոլորտներում.

«Որևիցե սահմանափակում չկա, Հայաստանի կողմից այդ ցանկությունը միշտ ակնհայտորեն ցուցաբերվել է, և Միացյալ Նահանգներում այդ մասին գիտեն: Պաշտոնական Երևանը ինձ այդպիսի որևիցե արգելքներ, կարմիր գծեր չի քաշել»:

Հայ-ամերիկյան հարաբերությունների կարևոր տարրերից մեկն է տնտեսական համագործակցությունը: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի մեծամասնությունը սպառվում է ամերիկյան շուկայում. «Մեր ապրանքափոխանակությունը, առևտուրն այսպես ասած դասական ապրանքների, սննդամթերքի, կոնյակի և գինու՝ հավաքական այս ամբողջ ծավալը 50-60 մլն դոլարը չի գերազանցում: Քառապատիկ այդքան մենք Միացյալ Նահանգներ արտահանում ենք բարձր տեխնոլոգիաներ»:

Ապագայում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը կարող է համալրվել նաև էներգետիկայի, բժշկության, կրթության և նոր սերնդի տեխնոլոգիաների զարգացման ոլորտներով:

«25 տարիների ընթացքում բոլոր վարչակազմերը, որ Սպիտակ տանը եղել են, նույն հավատարմությամբ հետևել են Հարավային Կովկասում, Հայաստանում զարգացումներին, հանձնառություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, և Միացյալ Նահանգների մասնակցությունը անփոփոխ շարունակական և դրական է եղել»,- ասել է դեսպանը: