Ալեքսանդրապոլ. Հայաստանի սահմանների հարցով Խատիսյանի կյանքի ծանր րոպեները

4066
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ի ամռանը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Տասնչորսերորդ գլուխ

Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը

Նախորդ հատվածը՝ այստեղ

Նոյեմբերի 30-ին թուրքերը ուղարկեցին դաշնագրի իրենց նախագիծը սահմաններով: Նրանց ծրագրով՝ Հայաստանին թողնվում էր 27 հազար քառակուսի կիլոմետր. Կարսի նահանգը և Սուրմալուի գավառը անցնում էին Թուրքիային, իսկ Նախիջևանն ու Զանգեզուրը դրվում էին Ադրբեջանի հովանավորության տակ: Հայաստանին իրավունք էր տրվում ունենալ 1.200 զինվոր, 20 գնդացիր, 8 թնադնոթ: Ժանդարմերիայի թիվը չէր սահմանափակվում: Բերդերը թողնվում էին, սակայն միայն փոքր տեսակի թնդանոթներով: Դաշնակիցների ներկայացուցիչները պետք է հեռանային Հայաստանից:

Դաշնագրի իսկական բովանդակությունը թուրքերը չհրատարակեցին: Բայց ես պետք է ասեմ, որ ամենամոտ, գրեթե բառացի բովանդակությունը հրատարակվել է Ա. Պուադըբարի «les traités Diplomatiques de l’armenie» ժողովածույում՝ իմ խոսքերի և հիշողությունների հիման վրա: Հրատարակության վերնագիրն է՝ La Transcaucasie et la République d’Arménie dan les textes Diplomatique du Traité du Brest-Litowsk au Traite de Kars (1918-1921) par Poidebard Paris 1923

Իմ կյանքում երկրորդ անգամ ինձ վիճակվեց ծանր րոպեներ ապրել Հայաստանի սահմանների խնդրի առթիվ: Առաջին անգամ 1918 թվի հունիսին Բաթումում, երկրորդ անգամ՝ Ալեքսանդրապոլում, այս օրերին: Մենք նորից տեսանք Հայաստանը երկաթե փականքների մեջ սեղմված, առանց Թուրքահայաստանի, առանց Կարսի նահանգի, առանց Նախիջևանի, առանց նույնիսկ Սուրմալուի:

Դաշնագրի հավելվածների բաժնում թուրքերը վեճի էին ենթարկում մեր ենթադրությունները 800 հազար հոգի Հայաստան վերադառնալու մասին՝ պակասեցնելով այդ թիվը մինչև 20 հազար, ժխտում էին հայկական մշակույթը՝ հայտնելով այն կարծիքը, թե «հայկական մեղեդին թուրքական արմատներ ունի» և այլն:

Նոյեմբերի 30-ի երեկոյան մենք ուղարկեցինք մեր պատասխանը թուրքական պատվիրակությանը:

Դեկտեմբերի 1-ին նշանակված էր երրորդ ընդհանուր ժողովը, որը կայացվա առավոտյան ժամը 11-ին: Թուրքերը վերջնագրի ձևով ներկայացրեցին իրենց արդն պատրաստած դաշնագիրը՝ պահանջելով անվերապահորեն ընդունել այն, հակառակ պարագայում՝ սպառնում էին, որ թուրքական զորքերը անմիջապես պիտի շարժվեն Երևանի վրա:

Մենք առարկություններ ներկայացրեցինք թուրքերին և որոշեցինք, որ, համենայն դեպս, պետք է դաշնագրի գլխավոր կետերը հաղորդենք Երևան և սպասենք հրահանգների մեր կառավարությունից: Ժամը չորսուկեսին Երևան հաղորդեցինք թուրքերի վերջնագրի պայմանները և խնդրեցինք պատասխանել շտապ կարգով: Գիշերը Վրացյանից ստացվեց հետևյալ պատասխանը.

«Կառավարությունը հրաժարական տվեց: Դիլիջանում և Քարվանսարայում մեր զորքերը առանց կռվի հանդիպեցին բոլշևիկյան զորքերի հետ: Կազմվում է կոալիցիոն կառավարություն բոլշևիկների հետ՝ Դաշնակցությունից մասնակցությամբ Դրոյի և Տերտերյանի: Թուրքերի պայմանները ստիպված ենք ընդունել: Դուք լիազորված եք ստորագրել դաշինքը»:

Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան մենք իմացանք, որ բոլշևիկյան հրամանատարը Քարվանսարայից Կարաբեքիր փաշային ուղարկել է հետևյալ շնորհավորական հեռագիրը. «Ռուսաստանի պրոլետարիատից ողջույն թուրքական պրոլետարիատին»:

Մենք հեռագրի էինք սպասում Հայաստանի նոր կառավարությունից:

Երեկոյան ժամը 6-ին Դրոն ինձ հրավիրեց ուղղակի հեռագրաթելի մոտ և ասաց հետևյալը.

«Հեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել դաշինքը կան ոչ»:

Լավ գիտակցելով դաշնագիրը ստորագրելու կամ մերժելու ամբողջ պատասխանատվությունը, ես երկրորդ անգամ հարցրեցի.

«Արդյոք կառավարությունը ստորագրելո՞ւ կողմ է, թե՝ մերժելու: Մենք սպասում ենք որոշ և պարզ հրահանգների»:

Դրոն պատասխանեց.

«Ես ձեզ ասացի արդեն: Գործեք համաձայն ձեր հասկացողության: Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից»:

Սիլինը բոլշևիկների ներկայացուցիչն էր:

Ես հավաքեցի պատվիրակության և խորհրդականների ընդհանուր նիստ և ասացի.

«Պարոններ, հեղափոխական կառավարությունը մեզ վրա է դնում ամբողջ պատասխանատվությունը: Մենք պարտավոր ենք ստանձնել այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ: Խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին հանձնել իր կարծիքը»:

Բոլորը միաձայնությամբ արտահայտվեցին հոգուտ դաշնագրի ընդունելուն և ստորագրելուն: Բոլորի պատճառաբանությունները միատեսակ էին:

Երեկոյան ժամը 8-ին կայացավ խաղաղության խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: Նիստը բացվելուց հետո մենք հայտարարեցինք, որ ընդունում ենք դաշնագիրը: Դրանից հետո սկսվեց դաշնագրի ընթերցումը հոդված առ հոդված: Քննության ընթացքում մեզ հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հոգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը Կարսի նահանգից Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը այդ խնդիրներում ոչ մի զիջում չարեցին:

Գիշերվա ժամը 2-ին՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի, երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը:

Մյուս օրը, դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8-ին, ուղղակի հեռագրաթելով հաղորդեցի Դրոյին, որ դաշնագիրը ստորագրված է և հարցրեցի՝ կարող է՞ արդյոք պատվիրակությունը Երևան գալ և կարող է՞ արդյոք իր ազատության երաշխավորություն ստանալ:

Մեկ ժամ անց Դրոն պատասխանեց. «Խորհրդային իշխանության ներկայացուցիչը խոստանում է ազատություն պատվիրակության անդամների համար, բայց չի կարող երաշխավորել այն»:

Շարունակելի

Լուսանկարում՝ Խատիսյանը Սարիղամիշում 1919-ի աշնանը