Գառնառիճ գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

5390

Գառնառիճ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից՝ 24 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 37 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Գառնառիճ և Եղնաջուր գյուղերը: Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի Աղբաբայի ենթաշրջանի մեջ և ունեցել է Կուզիքենդ, Խոզիքենդ, Խոզլի, Խոզլի Չիվինլի, Խոզու, Կուզիկյանդ, Ղուզիքենդ անվանումները: Գառնառիճ է վերանվանվել 1991-ին:

Գառնառիճը գտնվում է Աշոցքի սարավանդում, Արփի լճի հյուսիս-արևմտյան ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա: Եղնաջուրը տեղադրված է Եղնաջուր գետի հովտում, Եղնախաղի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին` ծովի մակարդակից 2040մ բարձրության վրա:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Գառնառիճը ունեցել է 222 բնակիչ, բոլորը սուննի կարափափախ կամ այլ անվանումով՝ օսմանյան թուրք:

Գառնառիճը Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Գառնառիճ գյուղն ուներ 382 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ ավելի ճիշտ՝ սուննի կարափափախ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 379 և 455 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին, ըստ Կորկոտյանի, գյուղը ունեցել է 450 բնակիչ, որից 11-ը՝ հայ, 439-ը՝ թրքո-թաթար, այսինքն՝ կարափափախ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Գառնառիճը ունեցել է 463 բնակիչ, որից 20-ը՝ հայ, 443-ը՝ կարափափախ:

Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Գառնառիճն ուներ 497 բնակիչ, որից 141-ը նշված է “թուրքական խումբ” դասակարգման տակ, ինչպես նաև՝ 356 պարսիկ: Ինչպե՞ս են հայտնվել պարսիկներ այս գյուղում, երբ նախորդ բոլոր մարդահամարներում կամ հաշվառումներում պարսիկ բառը չի հանդիպում, դժվար է բացատրել:

Քանի որ մեթոդաբանությունը մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Գառնառիճ գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ, ինչպես նաև մեկ դեպքում՝ 1931-ին որպես հիմնական ազգություն նշվում է պարսիկ:

1939-ին Գառնառիճն ուներ՝ 577, 1959-ին՝ 546, 1970-ին՝ 856, 1979-ին՝ 996 բնակիչ:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, 1930-ական թվականներից դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Կարդալ և դիտել նաև՝