«1489». իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների մասին

3559

Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր՝ IDFA ամստերդամյան փառատոնում արժանացել է գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակին և FIPRESCI մրցանակին, որը տրվում է կինոգետների և կինոմամուլի համաշխարհային ընկերակցության կողմից, գրում է epress.am-ը։

Շողակաթի ֆիլմը պատմում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 7-րդ օրը անհետացած եղբոր՝ դաշնակահար Սողոմոն Վարդանյանի մասին և վավերագրում նրան որոնելու երկար ու բարդ ընթացքը։ Զոհված զինվորի մասունքները գտել են մոտ կես տարի անց։ ԴՆԹ նույնականացման գործընթացը մեկուկես տարի է տևել։ 1489-ը այն համարն է, որ տրվել է նրա եղբոր անճանաչելի մարմնին։ Ֆիլմը նկարահանվել է հեռախոսով։

«2020 թվականին ես սկսեցի լրագրություն ուսանել, ճգնաժամի մեջ էի՝ չգիտեի, ինչ անել, երկար ժամանակ դադարել էի երաժշտությամբ զբաղվել։ Դասերը մեկնարկեցին սեպտեմբերին։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Եղբայրս բանակում էր, նա էլ է երաժիշտ։ Ես սկսեցի նրան փնտրել, ոչ մի տեղեկություն չէինք կարողանում ստանալ։ Պատերազմի 7-րդ օրը հասկացանք, որ նա կորել է՝ ոչ մի լուր չունեինք։ Բջջային լրագրության իմ ուսուցիչը զանգեց ինձ, ասաց, որ վերցնեմ հեռախոսը և սկսեմ վլոգ նկարել՝ ուղղակի նստիր հեռախոսի դիմաց և պատմիր ամեն օր, թե ինչպես ես փորձում գտնել եղբորդ։ Որովհետև ես այլևս չէի կարողանում սովորել, բայց ինձ չէին ուզում հեռացնել դպրոցից։

Առաջին օրը փորձեցի, բայց վլոգի գաղափարն ինձ հեչ դուր չեկավ։ Հետո սկսեցի հետս ման տալ հեռախոսներն ու ամրակալը, նկարել, երբ հանդիպում եմ ընկերներիս հետ։ Երրորդ օրը մտա հորս արվեստանոց ու․․․ չգիտեմ, ինչ որ բան իմ մեջ արձագանքեց։ Նա ինչ-որ բաներ էր խոսում, և ուղղակի սկսեցի նկարել։ Նայեցի հետո ու հասկացա, որ դա այն է, ինչ ես պետք է շարունակեմ անել։ Այդպես սկսվեց։ Շտատիվը մի կողմ դրեցի, սկսեցի ձեռքով նկարել։ Ինչ-որ պահի ցույց տվեցի ուսուցչիս, նա ասաց, որ կինո է ստացվում։ Ասաց․ «Շարունակի անել այնպես, ինչպես անում ես, ես ոչինչ չեմ ասելու»։ Կատակում էինք, իհարկե, որ եղբայրս հետ կգա, ցույց կտամ իրեն, ինչեր եմ նկարել, կասեմ՝ տեսնում ես, ինչ օրն ես մեզ գցել։ Ընթացքում սկսեցի ավելի լուրջ վերաբերվել պրոցեսին, նկատել՝ ինչպես են աշխատում իմ ուղեղն ու ձեռքերը», – Current time-ի հետ զրույցում պատմել է Շողակաթ Վարդանյանը։

Ռեժիսորի հետ հարցազրույցը ձայնագրվել է Ամստերդամում՝ նախքան փառատոնի մրցանակաբաշխությունը։

2500 (1)
սքրինշոթ ֆիլմից

Ֆիլմի մի մասը նկարահանվել է առաջին 5 ամիսների ընթացքում։ Սողոմոնի մասունքները դեռ չէին գտել, հույս կար, որ նա ողջ է․ «Բոլորն ասում էին, թե վերջ՝ ֆիլմն ավարտված է։ Բայց ինձ ինչ-որ բան խանգարում էր։ Պրոդյուսերները, որոնց ես մինչ այդ էի հանդիպել, ուրիշ ձև էին պատկերացնում ֆիլմը, շատ բան ուզում էին փոխել։ Բայց ես զգում էր, որ չպետք է լսեմ նրանց։ Անցավ ևս երկու տարի՝ շարունակում էի նկարել»:

Շողակաթը մանրամասն վավերագրել է ամբողջ ընթացքը՝ ԴՆԹ թեստ, երկար սպասում, դիարան․ «Հայաստանում կանայք սովորաբար դիահերձարան չեն գնում՝ մարմինը վերցնելու։ Բայց ես ասացի, որ կգնամ։ Սկզբում նրանք ինչ-որ բաներ, համարներ էին ցույց տալիս, հետո հայրս խնդրեց ինձ մոտենալ և լուսանկարել։ Սկսեցի նկարել՝ չիմանալով դեռ, թե ինչ է մեզ սպասվում։ Երբ որ մեզ ներս կանչեցին, ես նույնիսկ չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Բայց տեսախցիկը չանջատեցի։ Նկարել եմ այն ամբողջը, ինչ որ կա ֆիլմում։ Ինձ թվում է՝ նրանք մտածում էին, թե ես ինչ-որ խելագար եմ, բայց ոչինչ չէին ասում։ Թույլ տվեցին, որ շարունակեմ նկարահանել»,  և «ֆիլմի վերջին տեսարանը՝ մենք վերջապես հուղարկավորում ենք Սողոմոնին՝ իմ կրտսեր եղբորն ու ամենամոտ ընկերոջը»։

Ֆիլմում Շողակաթն է՝ նրա ծնողները, ընկերները․ «Կային պահեր, երբ, օրինակ, հայրս չէր ուզում, որ ես նկարեմ։ Նյարդերին ազդում էի։ Այդ պահերին չէի նկարում։ Մայրս երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ իրեն նկարահանեմ։ Բայց, ընդհանուր առմամբ, ինձ թվում է՝ նրանք այդ ժամանակ ուրիշ հոգսեր ունեին, նկարելու մասին չէին մտածում։ Չնայած շատ բարդ էր՝ նկարահանման այս պրոցեսը ինչ-որ ձև մտերմացրեց մեզ, նրանք իրենց ավելի հանգիստ էին զգում։ Գուցե՝ որովհետև ես անընդհատ իրենց կողքին էի։ Չգիտեմ՝ ծնողներիս հետ չեմ խոսել այդ մասին», «Ֆիլմի վերջնական տարբերակը միայն մայրս է տեսել։ Սևագիրը տեսել է նաև հայրս։ Մայրս ասաց, որ մոնտաժը լավը չէ (ծիծաղում է)։ Նրա առաջին ռեակցիան էր՝ տունը թափթփված է, ասում էր՝ «Եթե իմանայի, որ դու ֆիլմ ես նկարում, տները կմաքրեի»․․․»։

860 (2) (1)
սքրինշոթ ֆիլմից

Չնայած և՛ Շողակաթը, և՛ Սողոմոնը երաժիշտներ էին, ֆիլում երաժշտություն չկա։ Current time-ը հարցին՝ հատո՞ւկ է այդպես արվել, Վարդանյանը պատասխանել է․ «Ամենասկզբից, երբ տարբեր պրոֆեսիոնալներ ինձ հարցնում էին՝ երաժշտույթուն լինելո՞ւ է, ես հստակ գիտեի, որ երաժշտություն չպետք է լինի։ Ես զգում էի, որ չի կարելի կպնել այն իրականությանը, որը կա ֆիլմում։ Երաժշտությունը կարող էր այդ իրականությունը կոպտորեն դեֆորմացնել»։

Արդյո՞ք կինոն կարող է թերապևտիկ լինել՝ օգնել վերապրել կորուստը։

«Սկզբում, երբ նկարում էի, օգնում էր։ Երևի որովհետև երբ նայում ես տեսախցիկի միջով, ուրիշ ձև ես տեսնում։ Ուղղակի կանգնած չես, այլ ինչ-որ բան ես անում, նկարում ես։ Դա օգնում է։ Կենտրոնանում էի նկարահանման վրա։ Բայց մոնտաժի ժամանակ, հատկապես սկզբում, երբ մոնտաժում էին առաջին հինգը ամիսների նյութերը, շատ ծանր էր․ այդ ժամանակ արդեն ստացել էինք մահվան լուրը։ Ես ստիպված էի նայել այդ նյութերը և անընդհատ տեսնել՝ ինչի միջով եմ անցել ու շարունակում անցնել։ Այդ օրերին ինձ օգնում էր ապրել գիտակցումը, որ ես այս ֆիլմը արել եմ իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների համար»։

860 (1)
սքրինշոթ ֆիլմից

«Ֆիլմ, որը լույսի պես ներս է թափանցում՝ ցույց տալու վշտի թաքնված ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայության շոշափելի ներկայությունը: Կինոն որպես գոյատևման գործիք՝  նայելու այն, ինչ մենք կնախընտրեինք չտեսնել:  Եվ, ի վերջո, անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ», – գրված է IDFA փառատոնի գլխավոր մրցանակ կից նկարագրությունում։

«Ֆիլմը, որին մենք մրցանակ ենք տվել, բացահայտում է ձայնը սերնդի, որն անկաշկանդ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաանձնական ու խոցելի պահերին։ Այն առաջին դեմքի տեսակետից օրգանիկ ձևով գնում է դեպի լուռ դիտարկումներ նրա, թե ինչպես են իրադարձություններն արձագանքում ֆիլմը ստեղծողի ընտանիքում։ Մենք հիանում ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային՝ 1489-ի ուժեղ փորձառությունը վավերացնելու ինքնավար, համառ ջանքերով», – նշել FIPRESCI-ի ժյուրին։