Կարաբեքիրը Հայաստանից պահանջում է հրաժարվել Սևրից. Ալեքսանդրապոլ, 1920թ նոյեմբեր

4447
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակում է Հայաստանում:

_______________________________

Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը

Ճիշտ ժամը 5-ին մենք հավաքվեցինք: Թուրքերը եկան ութ հոգի՝ երեք պատվիրակներ և հինգ պաշտոնյաներ: Թուրքերենի մեր թարգմանիչն էր արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Ջրբաշյանը:

Մենք մեր հայտարարությունները պատրաստել էինք ֆրանսերենով, ինչպես նաև քարտեզ՝ մեր նախագծած սահմաններով: Ես իմ ձեռքի տակ ունեի այն պատմական քարտեզը, որը հրապարակ էր գալիս խաղաղության բոլոր համաժողովներում՝ սկսած Բաթումից, որտեղ գծված էին Հայաստանի սահմանները:

Ժամը 5-ին բացվեց խորհրդաժողովը: Իմ առաջարկությամբ նախագահությունը ստանձնեց Կարաբեքիր փաշան: Իմ առաջարկը բխում էր միջազգային իրավունքում ընդունված այն սկզբունքից, որի համաձայն խորհրդաժողովներում նախագահում է այն պետության ներկայացուցիչը, որի իշխանության տակ է գտնվում ժողովի վայրը՝ ժամանակավոր կամ ընդմիշտ:

Նիստը բացելով՝ Կարաբեքիր փաշան պաշտոնապես ողջունեց պատվիրակներին և հետո ասաց, որ առաջին բանը, որ պետք է աչքի առաջ ունենալ, նախքան խորհրդաժողովի հետագա աշխատանքներին դիմելը, դա Թուրքիայի պահանջն է, որ պետք է ընդունեն հայերը այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Սևրի դաշնագրից: Քանի դեռ, հայտարարեց Կարաբեքիրը, հայկական պատվիրակությունը այդ պահանջին չի պատասխանել, խորհրդաժողովի աշխատանքները հետաձգվում են: Այս հայտարարությանը հայկական պատվիրակությունը պատասխանեց, որ կքննարկի այդ պահանջը: Ապա նիստը փակվեց:

Նիստից հետո խորհրդականների մասնակցությամբ մենք խորհրդակցություն ունեցանք: Մենք այսպես էինք խորհում. եթե մեծ պետությունները, որոնք ստորագրել էին հայերին բավարարող Սևրի դաշնագիրը, կցանկանան և կկարողանան իրականացնել այն, մեր ակներև պարտադրված հրաժարումը դրանից արգելք չի կարող լինել դրա իրականացման ճանապարհին: Իսկ եթե պետությունները իրենք կհրաժարվեն Սևրի դաշնագրից, ինչ որ տեղի ունեցավ հետագայում, այդ պարագայում մեր այսօրվա հրաժարումը, այս բացառիկ պայմաններում, միայն կօգնի մեզ Թուրքիայի հետ բարի հարևանության կապեր հաստատելու:

Մյուս կողմից՝ հրաժարվել առաջին պայմանից, որ թուրքերը դնում էին իբրև անհրաժեշտ նախապայման խորհրդաժողովը շարունակելու համար, համազոր կլիներ հաշտության բանակցությունները խզելուն և պատերազմական գործողությունները վերսկսելուն: Եվ ճիշտ դրանից էր, որ պետք է մենք ամեն կերպ խուսափեինք: Առանց այդ էլ թուրքերը մեկ օրով հետաձգեցին խորհրդաժողովի բացումը այն պատճառով, որ Երևանից մի քնի ժամով ուշացել էր այն գնացքը, որը բերում էր զինադադարի պայմանների համաձայն Թուրքիային տրվելիք ռազմամթերքը: Ուստի, հայկական պատվիրակությունը միաձայն որոշեց ընդունել Կարաբեքիրի նախապայմանը: Բայց աչքի առաջ ունենալով խնդրի կարևորությունը, մենք որոշեցինք հարցնել ՀՀ կառավարության համաձայնությունը: Այդ օրը արդեն սկսել էր գործել ուղիղ հեռագրաթելը Կարսի, Ալեքսանդրապոլի և Երևանի միջև:

Ես անձամբ խոսեցի վարչապետ Վրացյանի հետ: Խոսակցությունը տեղի ունեցավ երեկոյան մոտ ժամը 10-ին: Վրացյանը պատասխանեց գիշերը ժամը 2-ին՝ հայտնելով ՀՀ կառավարության համաձայնությունը:

Նոյեմբերի 26-ին մենք խմբագրեցինք մեր պատասխանը և հաղորդեցինք Կարաբեքիրին, որ մեր պատասխանը պատրաստ է: 27-ին նշանակվեց երկրորդ նիստը: Այդ նիստին մենք կարդացինք մեր պատասխանը, որով համաձայնություն էինք հայտնում հրաժարվել Սևրի դաշնագրից:

Մի բնորոշ մանրամասնություն. թուրքերը ոչ պաշտոնապես գիտեին մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև նախընթաց օրը, երբ տեղեկացրինք, որ մեր պատասխանը պատրաստ է, մենք լիազորեցինք մեր գործերի կառավարիչին անպաշտոն կերպով ավելացնելու, որ մեր պատասխանը կլինի դրական: Ծածկելը միտք չուներ, իսկ ճշմարտությունը կպարզեցներ մթնոլորտը: Այսպիսով, թուրքերը իմանալով մեր պատասխանը, այն շինության պատուհանների առջև, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողովը, տեղավորել էին զինվորական նվագախումբ, որը մեր պատասխանը կարդալու ընթացքում նվագեց Ինտերնացիոնալը, այսինքն՝ բոլշևիկյան կուսակցության օրհներգը:

Երբ թուրքերը լսեցին մեր պատասխանը, նախագահը հայտարարեց. «Այժմ, երբ մենք ազատվեցինք եվրոպական իմպերիալիստների ճնշումից, ազատ կարող ենք խոսել իբրև երկու հարևան ժողովուրդներ: Բայց նախքան մեր սահմանների և խաղաղության պայմանների մասին խոսելը, մենք պետք է ձեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ երբ Հայաստանը հրաժարվում է Սևրի իմպերիալիստական դաշնագրից, հայկական կառավարությունը դիմում է անգլիական թագավոր Գևորգ Ե-ին: Ահա այն ռադիո-հեռագիրը, որ որսացել է Կարսի մեր ռադիոկայանը, որը Երևանից ուղարկված է Գևորգ Ե-ին»:

Մենք վերցրեցինք այդ ռադիոն և բովանդակությունից իսկույն հասկացանք, որ հեռագիրը ոչ թե Գևորգ Ե-ին է ուղարկված, այլ Գևորգ Ե-ից է և այդ Գևորգ Ե-ն ոչ թե անգլիական թագավորն է, այլ հայոց կաթողիկոսը, որը, իրոք, հեռագրել է Փարիզ՝ խնդրելով իրեն օգնել հայերին սնունդ մատակարարելու հարցում: Բացատրեցինք թյուրիմացությունը:

Դրանից հետո երկու պատվիրակությունները պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքնաչյուրը կմշակի սահմանները և այդ մասին բացատրական զեկուցագիր, ապա միմյանց փոխադարձաբար կծանոթացնեն իրենց պայմաններին:

Նոյեմբերի 27-ի երեկոյան մենք նորից ուղիղ հեռագրաթելով խոսեցինք ՀՀ կառավարության հետ՝ ցանկանալով իմանալ իրերի դրությունը: Սիմոն Վրացյանը ասաց, որ պետք է ամեն կերպ աշխատել հենվել բոլշևիկների ներկայացուցչի պաշտպանության վրա: Ես պատասխանեցի, որ Մդիվանին թուրքերի պահանջով հեռացել է և զբաղված է մեր դեմ պրոպագանդա անելով: Վրացյանը կառավարության անունից հավանություն հայտնեց սահմանների վերաբերյալ տալ խաղաղության այն պայմանները, որ մենք բերել էինք Երևանից:

27-ին մինչև ուշ գիշեր մենք գրում էինք մեր բացատրական զեկուցագիրը և քրտեզի վրա գծում էինք մեր պահանջած սահմանները:

Նոյեմբերի 28-ին հատուկ սուրհանդակի միջոցով Երևանից ստացանք կառավարության մի ծրար, որում դրված էր Ժնևից ստացված ռադիո-հեռագրեր Ազգերի լիգայի ժողովում հայկական խնդրի վերաբերյալ եղած վիճաբանությունների մասին, որոնք տպագրված էին Թիֆլիսի և Երևանի ռուսական և հայկական թերթերում:

Նոյեմբերի 28-ին մենք Կարաբեքիր փաշային ուղարկեցինք մեր պայմանները: 29-ին Կարաբեքիր փաշան ինձնից խնդրեցառանձին տեսակցություն: Մենք հանդիպեցինք և խոսեցինք գրեթե երեք ժամ: Կարաբեքիր փաշան փորձում էր համոզել, որ հայերը բոլորովին լքված են և պետք է փորձեն ամեն կերպ մերձենալ թուրքերին: Նա կանգ առավ Ազգերի լիգայում արտասանված ապարդյուն ճառերի վրա, շեշտելով, որ Եվրոպան մեզ օգտագործել է արդեն ու այլևս մեր կարիքը չունի: Ասաց, որ Ռուսաստանը դեպի հարավ և տաք ծով իր պատմական առաջխաղացման գործում կկլանի Կովկասը և որ առանց Թուրքիայի օգնության և հովանավորության, մենք չպիտի կարողանանք պապանել մեր գոյությունը: Խոսելով մերձակա հարևանների մասին, Կարաբեքիրը կանգ առավ Վրաստանի վրա: Վրաստանի մասին նրա ասածը առանձնապես ուշագրավ էր:

-Դեռ հայերի դեմ պատերազմական գործողություններ սկսելուց առաջ, ասաց նա, Անկարայի ներկայացուցիչները, ի դեմս Յուսուֆ Քեմալ բեյի և Ալի Ֆուադ փաշայի 1920 թվի ամռանը եղան Թիֆլիսում և վրաց կառավարության հետ դաշն կապեցին, որի զորությամբ Վրաստանը, հայ-թուրքական պատերազմ ծագելու պարագայում պետք է չեզոքություն պահեր և դրա փոխարեն պետք է ստանար Բորչալուի և Ախալքալաքի գավառները և Արդահանի շրջանը: Կարաբեքիրը նույնիսկ ցույց տվեց այն քարտեզը , որի վրա գծված էին Վրաստանի սահմանները՝ համաձայն չեզոքության մասին կնքված դաշնագրի:

Հետագայում ես այդ խոսակցության մասին պատմեցի Վրաստանի ներքին գործերի նախարարՆոյ Ռամիշվիլուն, որը այդ բոլորը հերքեց: Բայց հայտնի է, որ Մուսթաֆա Քեմալի հրամանով քննություն էր կատարված այն մասին, թե որտեղից կարող էի ես ստացած լինել այդ տեղեկությունը: Քննությունը հանձնված էր Թիֆլիսում Անկարայի կառավարության ներկայացուցչին:

Այդ պատմությունը վերջացնելով՝ Կարաբեքիր փաշան ակնարկեց, որ թուրք-վրացական պատերազմի պարագայում, Հայաստանի հետ խաղաղություն կնքելուց հետո, հայերը Հայաստանի չեզոքությամբ կարող են ստանալ Ախալքալաքի գավառը և Բորչալուի գավառի մի մասը: Ապա Կարաբեքիրը անցավ խաղաղության  մեր պայմաններին և հուզված բացականչեց.

«Ձեր սահմանները մեզ ուղղակի ապշեցրին: Եվ դուք՝ նստած Ալեքսանդրապոլ, պարտություն կրելուց հետո, պահանջում եք Մուշը և Վանը: Ի՞նչ կլիներ, եթե դուք նստած լինեիք Վան: Ի՞նչ կմնար Թուրքիայից: Հավատացեք, որ ձեր պայմանները մենք պետք է թաքցնեինք մեր սպաներից և զինվորներից, ապա թե ոչ, նրանք ցրիվ պիտի տային ձեր պատվիրակությունը: Իմ սպայակույցտի սպաները պահեցին գաղտնիքը: Քննության առնել ձեր այս պայմանները անկարելի է: Մտածեցեք»:

Ես նրան պատասխանեցի, որ մենք մեր պարտքը համարեցինք մեր ժողովրդի առաջ ներկայացնել այն, ինչ որ անհրաժեշտ է մեր ժողովրդի գոյության և ապագայի համար: Ես ավելացրեցի, որ նույնիսկ իր՝ Թուրքիայի համար, կարևոր է ունենալ իբրև հարևան կենսունակ Հայաստան:

Կարաբեքիրը հետևյալ առարկությունը բերեց. հայերը փոքրաթիվ են և մեկ միլիոն ժողովրդի համար (որովհետև մնացածը Եվրոպա է, Թուրքիա կամ Ռուսաստան) բավական է եղած փոքր հողամասը. չէ՞ որ Բելգիան իր վեց միլիոն բնակչությամբ ունի ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր: Ես պատասխանեցի, որ մենք երկրագործ ժողովուրդ ենք և գյուղացիներին հող է պետք և թե հայերը արտասահմանից կվերադառնան Հայաստան: Նա ինձ հայտնեց, թե կուղարկի ինձ իր առաջարկությունները կետ առ կետ և հակառաջարկները: Մեր պայմանների  մեջ, ի միջի այլոց, կցված էր բացատրություն, որ զանազան երկրներից Հայաստան պիտի վերադառնան 800 հազար հայեր: Մենք այդպես էինք հաշվել, ելնելով այն ենթադրությունից , թե որոշ երկրներից կվերադառնան հիսուն տոկոսը՝ Բուլղարիա և Ռումինիա, մնացած տեղերից երեսուն տոկոսը՝ Վրաստան, Ռուսաստան և այլն: Յուրաքանչյուր երկրի համար վերցված է առանձին չափ: Խոսակցության ժամանակ Կարաբեքիր փաշան պնդում էր բանակցությունները շուտով վերջացնելու անհրաժեշտությունը, ակնարկելով, որ հակառակ պարագայում, նա ստիպված պիտի լինի շարժվել Երևանի վրա: Ես վերադարձա մեր բնակարան և տեղի ունեցած խոսակցության մասին հաղորդեցի ընկերներիս: