«Իթթիհատ»ի ճիգը՝ թշնամութիւն յառաջ բերել Ս. Դ. Հ. Կ.ի եւ Դաշնակցութեան միջեւ

1360

ԳԼՈՒԽ Դ.

ԳՈՐԾՈՒԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ

ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՀԵՏԵՒԱՆՔԸ.- Ատանայի կոտորածից յետոյ՝ Հայ Յեղափոխականները, անխտիր, բոլոր կուսակցութիւնները, միաժամանակ, պարտականութիւն ունէին անմիջապէս գործի սկսիլ, կտրուկ դիրք բռնել եւ գլխաւոր պատասխանատուներին, գէթ, օրինակելի պատժով պատժել: Ժողովուրդը աչքերը դէպի նրանց դարձրեց, րոպէ առ րոպէ դրան, այդ հակահարուածին սպասեց, բայց նա չեկաւ: Մի քանի չսպասուած վայրերից, կաշի կտրած, անուղղայ պահպանողականներից անգամ այդ մտքով թելադրութիւններ եղան: Սակայն Հայ Յեղափոխականները չշարժուեցան. լուռ մնացին, աչք փակեցին, չտեսնելու չիմանալու զարկեցին. «Թոյլ տուէք անելու» քաղաքականութեան հետեւեցան, հարկաւ լռելեայն:

Ամէն ինչ պարզուեց. Ատանայի կոտորածը սարքողը, կազմակերպողը, իր մանրամասնութեանց մէջ գծագրող, գործադրողը «Իթթիհատ»ն էր եղած: Օգտուելով րոպէի խառնափնթորութիւնից՝ նա գործի սկսեց. իրականացրեց ա՛յն, ինչ որ իր համար՝ տարիներ առաջ, եռանդագին իղձ եւ ցանկութիւն էր: Կիլիկիան, մասնաւորապէս նրա հայաշատ վայրերը՝ թուական տկարութեան մէջ դնել, հայերին տնտեսապէս, նիւթապէս քայքայել, երկրի հարստութիւնը քաղաքականապէս տիրող թուրքերի ձեռքն անցնել.- դա իր ծրագրային գործունեութեան մի մասն էր: Եւ նա պարզապէս, յարմար րոպէին, կիրառութեան մէջ դրեց ա՛յս՝ ինչ որ Սալոնիկի իր համագումարում որոշուել էր՝ ընդհանուր ծափահարութեամբ:

Երբ իրողութիւնը մերկապարանոց երեւան եկաւ, այդ տեղ կար պատասխանատուութիւն թէ՛ ներկայի թէ՛ ապագայի տեսակէտով. հարկաւոր էր դիրք բռնել, գործել: Հայ Յեղափոխականները այդ պարագային ասելիք խօսք, կատարելիք պարտականութիւն ունէին, չէին կարող պարզ հանդիսատեսի դեր կատարել, առանց ազդեցութիւնը, իրենց հետապնդած նպատակները հարուածուած տեսնելու: Վճռական էր րոպէն, ժողովուրդը սպասում էր, եւ հակահարուածը չէր տրւում:

Հաջի Ատիլ Բէյը դարձել էր օրուան հերոսը. թուրքերի ցնծութիւնը սահման չունէր: Կ. Պոլիս էին լցուել բոլոր յայտնի Ատանայասպաները: Փողոցների երթեւեկողների մէջ հպարտութեամբ մատնանշում էին, սրճարանների մէջ խօսակցութեան ընդհանուր առարկայ էին ա՛յն «հայրենասէրները», որոնք Ատանայի ջարդի ատեն նշանաւոր էին հանդիսացել եւ աչքի ընկնող դեր էին կատարել: Մի առանձին պարծենկոտութեամբ, հրճուանքով՝ ջարդարները ասում էին, որ այդ «գործը»  իրենց բերեց պաշտօնի բարձրացումն: Եւ արդարեւ, Ատանայից տեղահանուած պատասխանատու պաշտօնեաներին, աւելի մեծ ռոճիկով եւ բարձր պաշտօնով, ուղարկում էին Պրուսա, Գոնիա, Ադրիանուպոլիս եւ, հրհռո՜ց, քրքի՜ջ.- դա «օդափոխութիւն» էր, ինչպէս որ իրենք էին որակում բարձրաձայն, առանց մէկից քաշուելու:

Եւ այս բոլորը կատարւում էր հայ ժողովրդի աչքի առաջ. նա բորբոքուած, սրտմտութեամբ, արդար զայրոյթով լցուած՝ դիտում, ակնկալում էր: Եւ վե՞րջը: – Ոչի՛նչ, ո՛չ մի ձայն, ո՛չ մի շարժում, ո՛չ մի հակահարուած, հայակեր հերոսներին ո՛չ մի պատիժ, բացի հրապարակային վարձատրութիւնից: Եւ մինչ այդ՝ Ատանայի անմեղ հայերին կախաղան էին բարձրացնում, հարիւրներով բանտերը լցնում,աքսորավայրեր ուղարկում՝ պարզապէս ինքնապաշտպանութեան իրենց տարրական իրաւունքը գործադրած լինելուն համար:

Պետականութիւնը ինքնապաշտպանութեան դիմող հայերին կախաղանի պատիժ էր տալիս, իսկ հայաջնջութիւնը նշանաբան արողներին՝ աստիճանի բարձրացումն: Սա ո՞ր ժողովրդի վրան յուսահատութիւն չէր բերել: Եւ երբ կառավարութեան ակնյայտնի վարձատրութիւնն էլ տեսնուեցաւ, նա մի՞թէ է՛լ աւելի պատճառ չպիտի ունենար համակերպութեան քաղաքականութեան հետեւելու՝ ճարահատ. ի՞նչ կը լինէր այդ ժողովրդի հոգեկան վիճակը:

Ու այդ րոպէից, ահա՛, երբ Հայ Յեղափոխականը յառաջ չնետուեց եւ ջարդարարներից գէթ գլխաւրոներին, նիւթող, սկզբնաւորողներին պատժի արդար հատուցումն չտուեց,- Հայ ժողովուրդը յուսախաբութիւն ունեցաւ, կասկածեց, իր հաւատքը կորցրեց:

Այդ օրից՝ «Իտտիհատ»ի ազդեցութիւնը է՛լ աւելի բարձրացաւ, անկշիռ դարձաւ. եւ հայ ժողովուրդը տեսաւ, համոզուեց, որ նա զօրաւոր մի ուժ էր, որի սնուցած, պատրաստած ոճրագործերի բազուկները կտրելու կարողութիւնը չունէր Հայ Յեղափոխութիւնը՝ իր բոլոր Կուսակցութիւններով եւ մարտական կազմակերպութիւններով միասին:

Սուլթան Համիդի օրօք՝ Հայ Յեղափոխականը, այդպիսի դէպքերում, ինչ գնով էլ որ լինէր, իր խօսքն ասում, պատիժը տալիս էր. մինչդեռ, հիմա 30 հազար Հայ կոտորելուց յետոյ՝ նրա հեղինակները գովասանքների էին արժանանում, հանդիսապէս վարձատրութիւն ստանում. ու Հայ Յեղափոխականը տեսնում, լսում, լռում էր:

Այդտեղ էր, այդ օրուանից էր, որ կատարուեցաւ Մեծ եւ անդարմանելի Սխալը:

Հայ բոլորը Կուսակցութիւնները դրան պատասխանատու են:

Անշուշտ, մի Կուսակցութեան ծոցի մէջ, տարբեր խորհողներ կարող են գտնուիլ, որոշեալ խնդիրների մասին-ինչպէս որ այդ օրերում եղան,-բայց պատմութիւնը այդ չի փնտռում, նա չի ասում թէ՝ այս ու այն անհատը իր կուսակցութեան ո՞ր արարքին էր համամիտ, ո՞րին՝ ո՛չ. բաւական է՝ որ ամբողջութիւնը, հաւաքականութիւնը չի գործել:

Այդ սխալը աւելի քան շփացրեց թուրք ջարդարարներին, երես տուեց, գոռոզացրեց «Իտտիհատ»ին. իսկ Հայ ժողովրդին հիասթափութեան մատնեց. նրա յուսալքումի պատճառներից մէկը եղաւ, ու շատ տեղերում, նա այլեւս չուզեց մտածել ո՛չ ինքնապաշտպանութեան վրայ, ո՛չ «Իտտիհատ»ին հակառակ երթալ՝ ո՛չ էլ հակակառավարական դիրք բռնել. այլ ճարահատուած՝ մտադրուեց իր բախտը ամէն կերպով թուրքի հետ կապել, մանաւանդ որ այդ անգամ էլ եւրոպական դիւանագիտութիւնը Պիղատոսեան ձեռնալուայի արարողութիւնից անդին չանցաւ, սովորականին պէս, եւ Հայ Յեղափոխութեան հակառակորդները հակապրոպագանդայի մասնաւոր կեր գտան՝ իրենց թրքասիրական միտումներին լայն ծաւալ տալու:

Այդտեղ որոշ պատասխանատուութիւն կայ Հայ Յեղափոխականների վրայ. նրանք չկատարեցին իրանց պարտականութիւնը, չհասկացան րոպէի նշանակութիւնը, երկու ժողովրդների հոգեբանութիւնը, դէպի հետեւանքը, պատմական արժէքը. Այդ բոլորը պէտք եղածին պէս չկշռեցին, չգնահատեցին:

Ու դա մի մեծ սխալ էր, որ գործուեցաւ եւ իր որոշ հետեւանքը ունեցաւ ապագայի տեսակէտից:

«ԻՏՏԻՀԱՏ»Ի ՄԻ ՔՍՈՒԹԻՒՆԸ.- «Իտտիհատ»ը, կարծէք թէ, ինքն էլ սպասում էր՝ որ այդ օրերում, Հայ Յեղափոխականները կարող էին իրար հետ համաձայնիլ եւ իրեն հարուածել, ուստի ամէն միջոցներ ձեռք առաւ՝ մեր մէջ երկպառակտութիւն սերմանել. որպէսզի, մի՛ գուցէ, համագործակցութիւն յառաջանար իրեն դէմ: Կողմնակի երկար աշխատանքից յետոյ, նա բացէ ի բաց ճիգ թափեց անհաշտելի թշնամութիւն յառաջ բերել եւ խոր վիհ բանալ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան միջեւ: Իր պրոպագանդիստները՝ այդ ուղղութեամբ՝ տքնաջան աշխատանք չխնայեցին, մի առանձին ոգեւորութեամբ:

Միայն մի եղելութիւն:

«Պարլամենտական հետաքննութիւն» էր նշանակուած Ատանայի կոտորածի առթիւ. Պապիկեանի վերադառնալու օրերն էին. տիրում էր մտքերի մի կատարեալ խառնաշփոթութիւն: Ո՞վ, ի՞նչ էր Ատանայի կոտորածի պատճառը, պատասխանատուն: Ոմանք յամառօրէն պնդում էին, որ դա Յետաշրջանակների, րէակցիոներների, Սուլթան Համիտի կողմանկիցների գործն էր. նրանք, որպէս թէ, արեան այդ բաղանիքը սարքել էին, որ «Սահմանադրութիւնը» վարկաբեկէին: Ոմանք էլ ասում էին, որ դա հետեւանք էր Սահմանադրականութեան եւ հակասահմանադրականութեան: Հայերը, աւելացնում էին, «Սահմանադրականներ» լինելով, իրենց վրայ էին հրաւիրել հակա-«Սահմանադրական» թուրքերի ատելութիւնը ու դրանից էլ յառաջացել էր ընդհարումը: Եղածը, ուրեմն, պատմական մի շատ հասարակ երեւոյթ էր:

Շատ քչերն էին, եւ Ս. Դ. Հնչակեանները դրանց մէջ առաջինը, որոնք կասկածում էին ուղղակի «Իտտիհատ»ի վրայ: Մեր ստացած ընդարձակ տեղեկագրերից երեւում էր, որ կոտորածի սկզբնաւորողները, վարող ուժերը, գործադրողները եղած էին յայտնի «Իտտիհատ»ականները եւ նրանց «Կլիւբ»ները: Վերջնական համոզման յանգելուց առաջ՝ սպասում էինք լրացուցիչ տեղեկութիւնների՝ համաձայն մեր տուած հարցերին:

Պատասխանատութեան փնտռտուքի այդ օրերում, ընկեր Մուրատը (Համբարձում Պօյաճեան) եւ ընկեր Արամը (Գրիքոր Աչըգպաշեան), բաւականին յուզուծ, եկան ասացին, որ խօսակցութեան ժամանակ, ոչպէս պաշտօնական աղբիւր, Օսմանեան Պարլամենտի նախագահ՝ Ահմէդ Րիզա Բէյը իրենց որոշակի կերպով յայտարարել էր, որ Հ. Յ. Դաշնակցական ղեկավարները եկել եւ պաշտօնապէս իրեն ու իրենց կուսակցութեան միւս անդամներին հաղորդել էին, որ իրենց ստացած վաւերական տեղեկութիւնների համաձայն, Ատանայի կոտորածի բուն եւ անմիջական պատճառն ու պատասխանատուն Ս. Դ. Հնչակեաններն են, որովհետեւ նրանք ընդհանուր ապստամբութիւն են քարոզել, ժողովրդին դրդել են ոտքի ելնել՝ իրենց Մասնաճիւղերի առաջնորդութեամբ. ահա՛ դրանից է շարժումը, եւ նրա հետեւանք՝ կոտորածը:

Ընդհանուր այդ երեւոյթի առաջ՝ հաւանականութեան այն արտաքին նշանները կային, որ Կիլիկիայի շրջանի մէջ՝ բացարձակ տիրողը Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնն էր:

Մեր եւ Դաշնակցականների յարաբերութիւնները, այդ օրերում, թէեւ բարեկամական լինելուց շատ հեռու էին, բայց ծայր աստիճանի էլ թշնամական չէին: Ու իրողութիւնն այն էր, որ արտասահմանից Տաճկաստան գալուց յետոյ՝ նրանք շատ սերտ քչփչոցի մէջ էին «Իտտիհատ»ականների հետ. եւ մի առանձին ցուցամոլութեամբ՝ նրանց պաշտօնավայրերի շէմքերն էին մաշում, մի տեսակ «քիրվայական» մեղրալուսնի ախորժակով:

Որպէսզի պաշտօնական պատասխանատութիւն չի ծանրանար մեր ուսերի վրան եւ զրպարտութիւնը  ծաւալ չառնէր,-ինչպէս որ արդեն սկսուել էր,- Կեդրոնական Վարչութիւնը որոշում կայացրեց խնդրին ընթացք տալ եւ պաշտօնապէս հարց դնել Ահմէդ Բէյին՝ իր ասածի նկատմամբ:

Ընկեր Մուրատի հետ միասին, որ այդ ժամանակ երեսփոխան էր, «Մէջլիսի Մէպուսան» գնացինք: Օրակարգն էր «Ընկերակցութեանց օրէնքը»: Հետաքրքիր նիստ: Մի թեթեւ հայացք իսկ բաւական էր՝ սրտի փսխունք յառաջ բերելու: Դա մի տեսակ արեւելյան սրճարան էր: Ոմանք յօրանջում, նիրհում, քերուըտում էին, ոմանք էլ նստած տեղերից աջ ու ձախ պոռում: Պարլամենտական լրջութեան նշոյլ անգամ չկար այդտեղ: Ահմէդ Րիզան նախագահական աթոռի վրայ է. մեզ տեսածին պէս՝ մի առանձին պարծենկոտութեամբ ֆէսը շտկեց եւ զանգահարեց՝ իր նախագահական տիտղոսը արժեցնելու մեր առաջ: Սա մեր՝ տարիներից ի վեր՝ ճանչցած Րիզան չէր այլեւս. բոլորովին փոխուած կերպարանքով, ծեք-ծեք շարժ ու ձեւերով, նստած տեղը տրորւում էր ուղղակի: «Փաթթոցաւոր» երեսփոխանները սրբապղծութիւն պիտի ունենային, առանց ապտակելու գիտութեան, քաղաքագիտական ամենաբարձր խնդիրներից մէկին մօտենալու: Սա այն օրէնսդիր ժողովն էր, որ պատմութեան, ժամանակի յառաջդիմութեան ժանիքներից պիտի ազատէր անխուսափելի անկումի դատապարտուած մի պետութիւն: Այդ մարդիկը մեր հոգին, ուղեղը, իմացականութիւնը, երեւակայութեան թռիչքը, սրտի բաբախումն անգամ՝ սահմանների մէջ պիտի դնէին. սրանք էին որ մեզ պիտի թելադրէին ի՛նչ անել, ի՛նչ՝ ո՛չ: Կո՜յր բախտի հեգնութիւն.- արեւմտեան քաղաքականութեան ռահվիրայ՝ Հայը եւ Հելլէնը Տուրանա-Թաթարներից կեանքի համար օրէնքներ պիտի ստանային, եւ պատմութիւնը, քաղաքակրթութիւնը դա ոճիր չպիտի համարէ՜ր…:

«Հռետորները» ամբիոն են բարձրանում. մէկը միւսին յաջորդում.- կատարեալ մի կատագերգութիւն: «Մարդ չեղած տեղը՝ Թովմասն էլ ազնուական է», ասում է ռուսական առածը.- Պարլամէնտների ծաղրանակար՝ Օտտօմանեան Պարլամենտն էր դա:

Մի փաթթոցաւոր ամբիոն բարձրացաւ եւ իշխանական ձայոնվ ասաց.- «Ես կարդացի օրէնքը, շատ լաւ է. ես ընդունեցի, դուք էլ ընդունեցէք»: Մատերը բարձրացան, մեր գլուխը կտրուե՜ց. «Ընկերակցութեան օրէնքը» անցաւ…:

Ու մենք էլ Յեղափոխական, անջատական լինելուց դադրեցա՜նք, դարձա՜նք օրինակններ, օրինապահներ, գոյադրութեան մի նոր տեսակի փաթթոցաւորներ…

Դա ուղղակի հայհոյանք էր մարդկային բանակցութեան, յառաջադիմութեան օրէնքների դէմ:

Նիստը վերջանալուց յետոյ՝ ներկայացանք Ահմեդ Րիզա Բէյին, իր նախագահական առանձնասենյակի մէջ: Շրջապատուած 30-40 փաթթոցաւորներով եւ «ստամբուլին» հագնողներով՝ նա մեզ ընդունեց արեւելյան շուքով. թրքական հիւրամեծար բառերը առատութեամբ թափուեցաւ: Երեւի այդպիսով ուզում էր Ս. Դ. Հնչակեանութեան վրայ տարած իր յաղթութիւնը մատնանշել. մեզ ներկայացրեց իր շրջապատողներին՝ որպէս «Երկրի ազատութեան համար կռուող առաջին ռահվիրաներ»: Լսեցինք. նստեցինք. խօսքը բացուեց, եկաւ կարգը:

-Իրա՞ւ է, որ Դաշնակցական պատասխանատու անձերը եկած ձեզ յայտնած են, որ Ատանայի կոտորածի պատճառը մենք ենք, – հարցնում ենք:

– «Այո՛, մի քանի անգամ նրանք եկան եւ ուզեցին փաստերով ինձ ու իմ ընկերներին հաւատացնել, որ այդ կոտորածը դուք էք յառաջ բերել եւ պատասխանատուն ձեր Կուսակցութիւնն է, եւ ո՛չ թէ Հայ ժողովուրդը, կամ Թուրքը. որովհետեւ պահել էք դուք ձեր անջատողականութիւնը, առիթից օգտուելով՝ ընդհանուր ապստամբութիւն էք քարչոզել եւ ժողովրդին ոտքի հանել. եւ նրանք՝ մինչեւ անգամ, խօսք արեցին ձեր բաց թողած վերջին մի քանի շրջաբերականների մասին:

-Եթէ արդպէս է, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը Կենդրոնացման դրութիւն ունի, ապստամբական շարժման իրողութիւնը չէր կարող տեղի ունենալ, մեր Մասնաճիւղերը չէին կարող դրդողի, ղեկավարողի դեր ստանձնել՝ առանց Կեդրոնական Վարչութեան բացորոշ հրահանգի: Ուրեմն չէի՞ք հաճիլ միջոցներ ձեռք առնել, մեզ դատի քաշել, որպէսզի կա՛մ պաշտօնապէս ապացուցի եւ կա՛մ հերքուի. քանի որ ասուած, խօսուածը մենք սեւ զրպարտութիւն ենք համարում: Իսկ մեր բաց թողած թիւ 15 եւ 16րդ շրջաբերականները տպուած, պատերին անգամ փակցուած են, որոնց մէջ դրդիչ, խռովութիւն, ապստամբութիւն հանող ո՛չ մի բառ կայ: Ընդհակառակը՝ մեր հաւաքած տեղեկութիւններից երեւում է, որ կոտորածի ղեկավարութիւնը կատարել են, հէնց ձեր «Կլիւբ»ները եւ ձեր ընկերները:

Ահմէդ Րիզան, ինչպէս ասում են, խօսքը կտուրը նետելով՝ ասաց.- «Ես գիտեմ, որ դաշնակցականները ձեր անհաշտ թշնամիներն են, որ նրանք ամէն կերպով ուզում են ձեզ սեւացնել, կասկածելի ցոյց տալ. ես արդէն շատ մեծ հաւատ չընծայեցի, բայց ցանկացայ ձեզ իմաց տալ՝ թէ ի՛նչ մտածմունքներ կան. քանի որ դէպի ձեզ միշտ մասնաւոր յարգանք ունիմ, թէեւ մեր հակառակորդներն եղած լինիք, դժբախտաբար»:

-Բայց հաստա՞տ. դուք պնդո՞ւմ էք, որ Դաշնակցականները եկած, ձեզ այդպէս են ասել:

-«Այո՛, այդ մասին երկուութիւն մի՛ ունեցէք. ասածս զուտ ճշմարտութիւն է. նրանք ա՛յդպէս ասացին:

Մի փոքր նստելուց յետոյ՝ վեր կացանք, մնա՜ք բարով ասացինք ու վերադարձանք տուն: Խնդիրը արձանագրութեան առանք, որոշեցինք մեր պատշաճաւոր մարմնի միջոցով՝ բացատրութիւն պահանջել: Գործը յանձնուեցաւ Տաճկաստանի Գործադիր Յանձնախումբին, որի ատենապետն էր՝ այդ ժամանակ, հանգուցեալ Փարամազը: Փարամազը գրել էր, վերջնագրի ձեւ ունեցող մի սուր դիտողագիր եւ բաւարարութիւն էր պահանջած 24 ժամուայ ընթացքում: Քիչ էր մնացել, որ Ահմէդ Րիզան իր նպատակին հասնէր, որովհետեւ կրքերը սաստիկ բորբոքուած էին եւ ընդհարումը անխուսափելի էր թւում:

Մի քանի ժամից յետոյ, բարեբախտաբար, Հ. Յ. Դաշնակցութեան Տաճկաստանի պատասխանատու Մարմնի կողմից նամակ եկաւ, որով ասւում էր, որ իրենց եւ ո՛չ մի ընկերը այդպիսի խօսք է ասել Ահմէդ Րիզային, որ եղածը զրպարտութիւն է իրենց հասցէին եւ պատրաստ էին երես երեսի գալու:

Ես մեկնեցայ Փոքր-Հայք: Իմ բացակայութիւնը՝ Մուրատը, Վարդգէսը եւ Արմէն Կարօն ներկայանում են Ահմէդ Րիզային. նա պապանձւում է եւ ուրանում. ասելով թէ՝ ինքն ասել է, որ մի այդպիսի շշուկ իր ականջն ընկնել է՝ զանազան անձերի կողմից… «Ես ասացի՝ ասում են…»: Ու այս կերպով է գլուխ հանել իր քաղաքացիական առաքինութիւնը:

Ահմէդ Րիզայի թրքական իրարու տուող, քսու, անուղղայ հոգին շատ կարկառուն կերպով մէջտեղ էր եղած:

Խնդիրը այդպիսով փակուեց՝ ժամանակին լրագրութեան նիւթ դառնալուց յետոյ:

Այսպիսով, «Իտտիհատ»ականների լարած դաւը ջուրն ընկաւ եւ չկարողացան, այս անգամ, իրենց սեւ նպատակին հասնել եւ երկու Կուսակցությունների մէջ արիւնալի բաղխում յառաջ բերել:

Սա բնորոշիչ մի իրողութիւն է, ցոյց տալու թէ՝ «Իտտիհատ»ը սրտի, մտքի ի՛նչ գալարումների մէջ էր անցնում իր օրերը: