Դեսպան Միլս. Հայ ժողովուրդը ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա

1033

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեկտեմբերի 8-ին այցելել է Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակ և հանդիպել այդ կուսակցության ղեկավարության հետ՝ գլխավորությամբ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը, ասվում է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպան Միլսն իր խոսքում կարևորել է 2017-ի ապրիլին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի ապահովումը և հավելել. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ քվեախցիկում անարգել, թափանցիկ ու հաշվետու ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Դրա համար անհրաժեշտ է, որ ընտրություններին նախընթաց բոլոր քաղաքական կուսակցությունների, դաշինքների ու միությունների համար ապահովվեն խաղի հավասար պայմաններ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հայթայթման ու ծախսերի, լրատվամիջոցների հասանելիության ու մարզային ներկայացվածության առումով: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ընտրական գործընթացներին՝ նպատակ ունենալով աջակից լինել ինքնիշխան, բարեկեցիկ Հայաստանի, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»: