Հիմնադրամների անունից, այդ թվում՝ ԱՆԻ կենտրոնի, անհայտ անձինք գումարներ են շորթում

1516

Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ, բացառապես Երևանի բնակիչներ, զանգահարել են Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն և տեղեկացրել, որ անհայտ անձինք զանգահարել են իրենց բնակարաններ և ԱՆԻ կենտրոնի անունից գումարներ խնդրել տարբեր մարդասիրական ծրագրերի, հիվանդ երեխայի բուժման, զոհված ազատամարտիկի ընտանիքնին օգնելու և նմանօրինակ այլ նպատակների համար:

Այդ քաղաքացիներից մի քանիսը անմիջապես զանգել են ԱՆԻ կենտրոն և ճշտել՝ արդյոք իրենց զանգահարողները իրավամբ ԱՆԻ-ի աշխատողներ ե՞ն: Մի քանի դեպքերում քաղաքացիները խոստացել և տրամադրել են որոշակի գումար, որը չի գերազանցել 1000 դրամի սահմանը, և ապա զանգահարել ԱՆԻ կենտրոն՝ ստուգելու, արդյոք իրենց գումարը տե՞ղ է հասել:

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ԱՆԻ կենտրոնը չի զբաղվում բարեգործությամբ, իր գործունեության 2 տարիների ընթացքում բացառապես զբաղվում է հայկական ուսումնասիրություններով, 500 դրամով կամ որևէ այլ գումարով քաղաքացիներից գումարներ չի հանգանակում: Մեր կենտրոնին անգամ 1 դոլար տրամադրող քաղաքացիների և կազմակերպությունների անունները դրված են ԱՆԻ-ի կայքում.

https://www.aniarc.am/2015/06/30/ani-friends-30-june-2015/

Իսկ Ձեզ զանգահարում եմ նույն այն մարդիկ, ովքեր երեխաներին փողոց են ուղարկում՝ մարդկանցից փող մուրալու, շորթելու նպատակով:

Կասկածից վեր է, որ  քաղաքացիներից փոքր գումար շորթող մանր խաբեբաները՝ ԱՆԻ կենտրոնից բացի, զանգահարում և այլ հիմնադրամների և հաստատությունների անունից ևս գումարներ են հավաքում:

Ուշագրավ է, որ մեր կենտրոնի անունից մարդկանցից փող կորզելու նպատակով զանգում են քաղաքային հեռախոսից դեպի քաղաքային հեռախոս, որպեսզի համարը չարձանագրվի: Անշուշտ, հետևողականության դեպքում հնարավոր է Արմենթելի օգնությամբ պարզել այն հեռախոսահամարները, որտեղից խաբեությամբ դրամաշորթները մի քանի հարյուրական դրամներ են շորթում՝ վարկաբեկելով տարբեր հիմնադրամների և կենտրոնների անուններ: Հետևողականության դեպքում հնարավոր է գտնել մանր դրամաշորթներին և ենթարկել պատասխանատվության:

Ուզում ենք հատուկ շեշտել, որ ԱՆԻ կենտրոնը չունի քաղաքային հեռախոսահամար իր ստեղծման օրվանից: Մեր երկու հեռախոսահամարները բջջային են և դրված են ԱՆԻ կայքում.

Contact US

ԱՆԻ կենտրոնը ունի գրանցված 2 աշխատող, որոնց անուններն են՝ Թաթուլ Հակոբյան, լրագրող, և Արմենուհի Մանուկյան, ԱՆԻ կայքի և Ֆեյսբուքյան էջի համակարգող: Մենք այլ աշխատողներ՝ հաստիքային կամ արտահաստիքային, չունենք:

Մենք ներողամտություն ենք հայցում, որ ԱՆԻ կենտրոնի անունից խաբեբաները Ձեզանից տարել են մի քանի հարյուր դրամներ, բայց մյուս կողմից, մենք չենք կարող բռնել նրանց ձեռքը կամ հեռախոսը: Դուք, հարգարժան քաղաքացիներ, պետք է զգոն լինեք և չհավատաք մեր կենտրոնի և այլ հիմնադրամների ու հաստատությունների անունից Ձեզանից փող կորզողների սրտաճմլիկ պատմություններին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն