2007-ից Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել 335 հազար քաղաքացի. «Ազատություն»

1065

Վիճակագրությունը չի հաստատում «ավելի բարեկեցիկ» Հայաստանի մասին նախագահի պնդումները

Եթե 2007 թվականին երկրում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, ապա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այդ թիվը հասել է մոտ 30-ի: Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ․ պաշտոնական տվյալներով, վերջին 9 տարիներին Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել մոտ 335 հազար քաղաքացի:

Արդյո՞ք «ավելի բարեկեցիկ է» Հայաստանը, ինչպես իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով վերջին 9 տարիների սոցիալ-տնտեսական պատկերը:

«Ազատությունն» այս հարցի պատասխանը փորձել է պարզել՝ ուսումնասիրելով բացառապես պաշտոնական վիճակագրության տվյալները։ Մասնավորապես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, եթե 2007 թվականին երկրում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, ապա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այդ թիվը հասել է մոտ 30 տոկոսի: Այսինքն՝ այժմ Հայաստանում աղքատ է համարվում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին։

Վերջին ութ տարիներին Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ «ավելի բարեկեցիկ» կյանքով ապրող հայաստանցիներից մոտ 50 հազարը դարձել են գործազուրկ։ Եթե 2007 թ․ գործազուրկ էր բնակիչների 18,1 տոկոսը, ապա 2015-ին այդ թիվն աճել է, հասնելով 18,5 տոկոսի։ Ըստ ԱՎԾ-ի, 2008-ից հետո Հայաստանի պետական պարտքն ավելացել է ավելի քան 2,5 անգամ՝ 1,9 միլիարդ դոլարից հասնելով 5 միլիարդի։ Այսինքն՝ յուրաքանչյուր հայաստանցուն բաժին հասնող պարտքն այժմ կազմում է մոտ 1700 դոլար։ ՀՀԿ Համագումարի ընթացքում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը չէր շրջանցել պետական պարտքի թեման։

Չնայած այդ պարտքի կրկնապատկվելուն, վերջին ութ տարում Հայաստանի համախառն ներքին արդյունքը նույնպես անկում է արձագրել։ Եթե Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ ԱՎԾ-ի, 11,9 միլիարդ դոլար էր, ապա 2015-ին այն կրճատվել է 1,4 միլիարդով՝ կազմելով 10,5 միլիարդ դոլար։

Բարեկեցության խոսուն բնութագրիչ է նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության, 2007 թվականին այն կազմել է 23 160 դրամ, իսկ 2015-ին գոյություն պահպանելու համար անհրաժեշտ սննդի, հագուստի, դեղորայքի և կոմունալ վճարումների համար մեկ քաղաքացուն ամսական հարկավոր է եղել 57 հազար դրամ։ Մինչդեռ, Հայաստանում միջին կենսաթոշակը, ինչպես իր ելույթում նշել էր Սերժ Սարգսյանը, էականորեն բարձրացել է՝ հասնելով 42 500 դրամի:

Սակայն, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, Սարգսյանի պաշտոնավարման տարիներին էականորեն բարձրացել են նաև էներգետիկ համակարգում գործող սակագները։ Մասնավորապես, եթե 2007 թվականին 1կվտ ժամ էլեկտրաէներգիան արժեր 25 դրամ, ապա 2015-ին այդ թիվը 48 էր, իսկ 1 խմ գազի սակագինը 59 դրամից հասել է 146 դրամի։ Ստացվում է, որ 2007 թվականին 74 հազար դրամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին կարող էր նույնքան էլեկտրաէներգիա ու գազ գնել, որքան 2015-ին կարող էր գնել 150 հազար դրամ ստացողը։

Վերջում նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2007-ից մինչ այսօր Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել մոտ 335 հազար քաղաքացի:

Սիսակ Գաբրիելյան

Ազատություն ռադիոկայան

Կարդալ նաև՝

Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը. տեքստ և տեսանյութ

Դիտել նաև՝