Զանգեզուրը և Նախիջևանը՝ Խորհրդային Հայաստանի մաս, Լեռնային Ղարաբաղին՝ ինքնորոշման իրավունք

2713

Ադրհեղկոմի հռչակագիրը Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առթիվ

30 նոյեմբեր, 1920թ.

Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը խորին բերկրանքի զգացումով ողջունում է այն հերոսական ջանքերը, որ այս պահին հայ ժողովուրդն է գործադրում ավելի քան երկու տարվա ընթացքում Հայաստանին իսպառ քայքայման ու հուսահատության հասցրած դաշնակ կառավարության ատելի լծի դեմ մղվող պայքարում: Դաշնակների տիրապետության շրջանը արյունալի նախճիրի, ազգամիջյան սպանդի մի շրջան է, որի ընթացքում հեղվել է հայ և մահմեդական ժողովուրդների արյունը: Մուսավաթականների և դաշնակների` Անտանտային ծախու դարձած կառավարությունները ժողովուրդներին վերածել են վերջինի ձեռքի կույր գործիքի և իրենց իմպերիալիստական փափագներին հասնելու համար ժողովուրդներին լարել իրար դեմ` հարուցելով Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ու տարածքային այլ հարցեր, որոնք չէին լուծվի դաշնակ-մուսավաթական ռեակցիայի ջանքերով:

Հարյուրավոր ավերված գյուղեր, տասնյակ և հարյուր հազարավոր մերկ, սովյալ, իրենց հարազատ օջախներից զրկված մարդիկ. ահա ոչ հեռավոր անցյալի վկաները, անցյալ, որը ցույց է տալիս, թե ինչպես մի խումբ ավազակներ` համաշխարհային բուրժուազիայի լաքեյներ, իրենց անձնական շահերի պատճառով տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց մատնել են սովի, ցրտի ու մահվան:

Խորհրդային Ադրբեջանը, ընդառաջելով Հայաստանի և Զանգեզուրի սահմաններում մեր լավագույն կոմունիստ ընկերների անմեղ արյունը թափած և թափող դաշնակների իշխանության դեմ եղբայրական հայ աշխատավոր ժողովրդի պայքարին, հայտարարում է, որ այսուհետեւ ոչ մի տարածքային հարց չի կարող դառնալ երկու դարավոր դրացի ժողովուրդների` հայերի և մահմեդականների փոխադարձ արյունահեղության պատճառ: Զանգեզուրի և Նախիջևանի նահանգների տարածքները կազմում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք, Զանգեզուրի սահմաններում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են, իսկ Խորհրդային Ադրբեջանի զորքերը` հանվում:

Բացի այդ, Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանի առջեւ լայնորեն բացում է նավթի և այն բոլոր մթերքների անսպառ պաշարների դարպասները, որոնցով օժտված է:

Այդ հարստությունները, որոնք կորզվել են համաշխարհային իմպերիալիզմի գիշատիչների կողմից, և  հանուն որոնց արյունալի խրախճանքներ են սարքվել Անդրկովկասի տարածքում, այսուհետև կդառնան Ռուսաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի աշխատավորների սեփականությունը, որոնք, համախմբվելով, կուռ շարքեր կազմած, կքայլեն մինչև համաշխարհային կոմունիզմի վերջնական հաղթանակը:

Կեցցե՜ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի աշխատավորության եղբայրական դաշինքը:

Կեցցե՜ համաշխարհային հեղափոխությունը, որը բերում է խաղաղություն, եղբայրություն և ազատագրում աշխարհի ճնշվածներին:

Լուսանկարում՝ Նարիման Նարիմանով