Շուրջ յոթ տասնամյակ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և նրա քաղաքացիների մեծագույն մասը, գիտակցաբար կամ ոչ, տոնել են Հայաստանի անկախության փաստացի կորուստը: Այս նախադասությունը, որքան էլ հեգնական է հնչում, պատմական իրողություն է:
1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան (այն ժամանակ՝ Քարվանսարա) և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Այսպիսով՝ նոյեմբերի 29-ը ընդունվեց որպես Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր:
1920թ. աշունը հայ ժողովրդի պատմության դժնդակ ժամանակներն էին: Արևմուտքից քեմալականներն էին հաղթական Քազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ անցել Ախուրյանն ու Արաքսը, գրավել Ալեքսանդրապոլն ու շարժվում էին դեպի Երևան: Կարմիր բանակը արդեն խորհրդայնացված Ադրբեջանի հետ հարձակումներ էր իրականացնում Արևելքից՝ այսօրվա Տավուշի և Արցախի սահմաններից:
Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները բանակցություններ էին վարում քեմալականների հետ Ալեքսանդրապոլում, երբ ռուսները Հայաստանի խորհրդայնացման պայմանագիր պարտադրեցին Երևանում:
Դեկտեմբերի 2-ին, մի կողմից Դրոյի ու Համբարձում Տերտերյանի, մյուս կողմից` Բորիս Լեգրանի միջև Երևանում կնքվեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիր: Հայաստանը հայտարարվեց անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որի կազմ էին մտնում Երևանի նահանգը՝ իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
Շուրջ 30 հազար քառ. կմ. սահմաններով Խորհրդային Հայաստանը մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, երբ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Վրաստանի հետ մտավ Խորհրդային Միության կազմ, ֆորմալ առումով անկախ պետություն էր:
Հայաստանի խորհրդայնացման օրը ոչ թե նոյեմբերի 29-ն է, ինչպես յոթանասուն տարի տոնել են Խորհրդային Հայաստանում, այլ դեկտեմբերի 2-ը: Իսկ նոյեմբերի 29-ը կարելի է համարել բոլշևիկների՝ անկախ Հայաստան ներխուժման օր:
Լայն հաշվով, դա ներխուժում էլ չէր, քանի որ հայ բոլշևիկների մուտքը Հայաստան եղավ առանց դիմադրության, իսկ իշխանության հասնելը՝ առանց մեկ կաթիլ արյան: Քեմալական արշավանքներից հյուծված, բոլշևիկյան դավերից հուսահատ՝ Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը այլ ելք չուներ, քան թուղթ ու գրիչով իշխանությունը հանձնել Հայհեղկոմին:
Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով` դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել. «Շատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը»:
Բաքվում ձևավորված և ռուսների օգնությամբ իշխանությունը զավթած Հայհեղկոմն ուներ վեց անդամ, որոնցից չորսը, այդ թվում՝ նախագահը, Շուշիից էին՝ Սարգիս Կասյան (Տեր-Կասպարյան), Ալեքսանդր Բեկզադյան, Իսահակ Դովլաթյան (Դովլաթով), Սահակ Տեր-Գաբրիելյան: Ասքանազ Մռավյանը Գանձակից էր, իսկ Ավիս (Ավետիս) Նուրիջանյանը՝ Կապանին կից Վաչագան գյուղից:
Հիմնականում Հայաստանից դուրս բարձրագույն ուսում ստացած, Բաքվի հեղափոխական «դարբնոցում» մկրտված և հայկական իրականությունից հեռու կանգնած այս գործիչներից չորսը՝ Կասյանը, Դովլաթյանը, Տեր-Գաբրիելյանը և Նուրիջանյանը (տեռորի սիրահար), դարձան ստալինյան տեռորի զոհը:
Թաթուլ Հակոբյան
29 նոյեմբեր, 2017թ