Ստեփան Սապահ-Գիւլեան. «Պատասխանատուները»

1519

ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՆՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ.- Մի ազգի գոյութեան հարցը դասակարգային խնդրից բարձր է. բոլոր դասակարգերը այդ մասին պիտի  աշխատին համագործակցաբար, իւրաքանչիւրը իր բաժին պարտականութիւնը բերելով՝ նիւթական, բարոյական, ֆիզիքական կալուածամասերի մէջ: Այդ մասին դասակարգերի մէջ՝ համերաշխութեան, համագործակցութեան սկզբունքը տիրապետող, անվիճելի պիտի լինի, վճռական րոպէին՝ որպէս պատմական անհրաժեշտութիւն: Դասակարգային կռիւը մի տեսակ ներքին կռիւ է, երկուսի մէջ պարփակուած. ազգայինը՝ երկուսի կողմից արտաքինի, մի երրորդի դէմ. այս դէպքում նրանք մի ճակատ պիտի յարդարեն, համագործակցութիւն ստեղծեն, առաջ բերեն՝ օրգանական մի միութիւն, մի ամբողջութիւն կազմելով:

Ուրեմն, ազգային խնդրի մէջ, ոչ միայն դասակարգերը իրարուց սերտ կախումն ունին եւ փոխադարձ ամուր, սեղմ կապերով իրարու հետ կցուած, կապուած են, այլ իւրաքանչիւր դասակարգ, իւրաքանչիւր դասակարգի անհատ՝ միւս դասակարգին, միւս դասակարգի անհատներին պարտաւոր է եւ անհրաժեշտաբար ստիպուած, հարկադրուած՝ օգնութեան հասնելու, ձեռնտուութիւն տալու, որպէս վեհագոյն պարտականութիւն: Այդպէս չհասկացող, այդպէս չանող, չկատարողները թերանում են եւ յանցանք գործում թէ՛ իրենց գլխաւոր, էական պարտականութիւն եւ թէ իրաւունքի դէմ: Այդպէս չվարուողները՝ կը նշանակէ ազգային ինքնաճանաչութիւն չունին, իրենց մէջ կրում են մի հոգի, որի տարրերն են ազգային գոյութեան, մնայուն շահերի անգիտակցութիւն, Ես-ական գծուծութիւն, որ ընդհանուրի, ազգի շահը ենթարկւում է իր դասակարգային եւ անհատական նեղ շահերի շրջանակին,- ինչ որ դատապարտելի է եղած ամէն ժամանակ եւ ամէն ազգերի մէջ:

Հետեւինք պարտազանց հերոսներին, որ մեր շուրջը վխտում են. դրանք նմոյշներ են, օրինակներ, տարբեր ընդհանուր երեւոյթը բացատրելու եւ մեզ շահագրգռող թէզը պարզելու:

Մի հայաշատ քաղաքի մէջ ենք, վտանգի օրեր են. ամէն րոպէ սպասւում է յարձակման. իրարանցումը ընդհանուր է. շարժման, ընդդիմադրութեան հոգին յեղափոխականներն են. ամէնքի աչքը դէպի նրանց դարձել, յոյսը նրանց վրայ է դրուած: Ուժը անբաւական է, հարկաւոր է աւելացնել, ուժեղացնել, ծաւալ տալ եւ պէտք եղած կերպով կռուողներին զինել: Ատանայի կոտորածի լուրը հասել է, մի կողմից սարսափ, երկիւղ, միւս կողմից՝ վրիժառական ոգի:

«Երեւելիների» եւ Յեղափոխականների խառն ժողով կայ. միջոցների, պատրաստութեան վրայ է խորհւում:

«Հարկաւոր է անմիջապէս դիմել Կ. – աղային. թող նա էլ օգնութեան հասնի չքաւոր երիտասարդներին զինելու գործին. ծախքերի մի մասն էլ թող յանձն առնի, քանի որ կարողութիւն ունի… Դուք կարող էք անել, միայն: Դուք կարող էք նրան հասկացնել», վերջացրեց Ա. – աղան՝ ինձ դիմելով:

Նամակ, այցքարտ է ուղարկւում. ժամադրութիւնը որոշւում է:

Մի ծովեզերեայ քաղաքի քարափի վրան, երկու նեղլիկ սենեակների մէջ՝ Կ. – աղան իր գրասենեակն է հաստատել: Մտնում եմ: Դռան առաջը նստած է ՝ ոտքից գլուխ զինուած՝ Ալբանացի պահապանը, մի կատարեալ կերբեր. խոժոռ եւ նրբաքննին հայեացք ձգտելու յետոյ՝ թոյլ է տրւում ներս անցնելու: Գրասենեակի վերի պատի տակ, անկիւնակողմում, մի խարխլած աթոռի վրայ, փայտոջիլներով կերուած մի սեղանի առաջ՝ նստած է Կ. – աղան, կէս ասիական, կէս եւրոպական իր տարազով, ճմռթկած ֆէսը գլխին, շապիկը, օձիքը իւղոտ, թեւերը աղտոտ, սեւցած: Նրա դիմացն է իր անբաժան փաստաբանը, Վ. – էֆէնդին, որ ծառայական դիրք ունի:

Կ.-աղան, առ նուզն ունի 300 հազար ոսկի՝ առձեռն. նա ընդարձակ ագարակների, կալուածների, հասութաբեր տների տէր է. շուկայի մի մասը իր սեփականութիւնն է, եւ դրա համար էլ իր անունն է կրում: Դա մի միլիոնատէր է, ունի ամուսնացրած միայն մի աղջիկ զաւակ. տարիքն է մօտ 56-60, ինքն է եւ իր պառաւ կինը:

Ասում եմ.- «Կ.- աղա, արդէն գիտէք այցելութեանս նպատակը, Ա. – աղան էլ Ձեզ գրել, խօսել է. հարկաւոր է անմիջական աջակցութեան հասնիլ, ո՛չ միայն բուն երկրի հազարաւոր պէտքերին, այլ նոյնիսկ ձեր քաղաքի, ձեր սեպհական պէտքերին. վտանգը ծայր է տուել եւ սպառնալից կերպարանք առել, ամէն րոպէ յարձակում կարող է տեղի ունենալ. հարկաւոր է թեւ թիկունք ունեցող բոլոր երիտասարդներին զինել, պատրաստ պահել. դիրքերը արդէն որոշուել, պահապանները դրուել են. եկած եմ Ձեզնից էլ խնդրելու, որ հանգանակութեան մասնակցէք եւ Ձեր ազգային քաղաքացիական պարտականութիւնը կատարէք…»:

Կ.- աղան պատասխանեց. «Կ’աղաչեմ, որքան որ ուրախ եմ ձեր այցելութեան համար, որ մեծ պատիւ է ինձ համար. բայց ցաւում եմ, որ Ա. – աղայի խօսքով նեղութիւն էք յանձն առել մինչեւ այստեղ գալ. ի՜նչ հարկ կար: Ես իմ պարտականութիւնս ճանչցող, կատարող Հայ եմ, կ’ուզէի որ ամէնքն էլ ինձ պէս լինէին: Եթէ մենք չտանք, մենք չանենք, մենք օգնութեան չհասնենք, ո՞վ պիտի անի, օտարնե՞րը: Նայէ՛ Յոյներին, նրանք ամէնքն էլ միացած, մէկ հոգի, մէկ սիրտ կը գործեն… Մե՞նք ինչո՛ւ չանենք: Քառասունէյիսուն տարի է, որ Ազգիս դրամ կը տամ, երբեք խնայած չեմ, դարձեալ պիտի տամ. դա պարտականութիւն է: Բայց մեր ազգային արժանապատուութեան դէմ է, որ Ձեզ նման մի գործիչ այցելութիւններով՝ խանութէ խանութ, տնէ տուն պտտելով՝ հանգանակութիւն անէր եւ մեր պաշտպանութեանը հոգ տանէր, ու մենք ինքներս ձեռքներս ծալած նստինք. դա կարելի չէ: Այցքարտդ ընդունելուս պէս, ես խնդիրը գիտցայ եւ անելիքս որոշեցի: Վաղը չէ՝ միւս օրը Կիւրակէ, Քաղաքական Ժողովը նիստ պիտի ունենայ. առաջնորդ Սրբազանն էլ այն տեղ պիտի լինի. ես ատենապետն եմ, անմիջապէս Ձեր առաջարկը սեղանի վրայ կը դնեմ, ժողովականներին կը ներկայացնեմ, եւ համոզուած եմ, որ բոլորն էլ սիրով կ’ընդունին, յօժարութեամբ կը մասնակցին: Իսկոյն կը պատրաստենք մի խոշոր գումար, ինքներս մեր մէջ, մի քանի ուրիշ դրամատէրերից էլ առնելով, եւ Երկուշաբթի, կէսօրից յետոյ, երեկոյան ժամը 5-6-ի ատենները կը գաք հոս եւ պէտք եղած գումարը ինձանից կը ստանաք՝ պէտքերը հոգալու մասին, թէ՛ այստեղ եւ թէ՛ ուրիշ տեղեր: Ես այդպէս եմ մտածել. գործը միայն այդպիսով կարելի է կարգադրել՝ առանց աղմուկի: Ուրեմն, Երկուշաբթի օր, Ձեր ուզած քանակութեամբ՝ դրամ պատրաստ կը լինի: Իսկ մինչ այդ՝ դուք, թէ՛ այստեղ եւ թէ՛ ուրիշ տեղեր, այնպէս գրեցէք, գործերնիդ այնպէս կարգադրեցէք, որպէս թէ դրամը Ձեր գրպանը գտնուած լինէր»:

Աւելի քան գոհ մնացի շնորհակալ եղայ:

Առաջին անգամ էր, կարծեմ, որ այդպիսի անոյշ լեզու, զգայուն սիրտ եւ պարտաճանաչ կամք էի տեսնում մի բուրժուայի կողմից, էն էլ Տաճկաստանի մէջ: Հիացած մնացի: Հրամցուած սուրճը «անոյշ» անելուց յետոյ՝ սրտատրոփ դուրս թռայ, քայլերս արագացրի, ուզեցի տարածութիւնը երկու շունչով կտրել, անցնել, ընկերներին, հաւաքուած երիտասարդներին իմաց տալ «յաջողութիւնը», որ ուրախութիւնը ընդհանուր լինէր:

Ճանապարհին միտս ընկաւ Գամառ-Քաթիպայի այն խօսքը թէ՝ եթէ հային մէկ ասի, դու տասը հասկացիր:

Սովորաբար՝ շատ քիչ կը պատահի, որ հայը հայի մասին լաւ խօսի.- դա անհատապաշտական, եսասիրական ոգին է, որ մեր մէջ բոյն դրել, զարգացել, մեծ տեղ է բռնել եւ վատ սահմանների հասել: Վատաբանել, փոքրացնել, ազատել, ունեցած արժանիքը, մեծութիւնը նսեմացնել, ստուերի տակ առնել. ունեցածը՝ չունեցած ցոյց տալ, շատը՝ քիչ, – դա առօրեայ երեւոյթ է: Իսկ երբ մէկը ստիպւում, պարտաւորւում է մի ուրիշ հայի մասին գովասանքով խօսիլ, գէթ նրա ունեցածի, արժանիքի մի փոքր մասը խոստովանել, ընդունելով, որ նա այս ու այն բարի, շինարար գործի տէրն է ու լաւ, դրական կողմեր ունի. – Դու նրա ասածի սահմանը է՛լ աւելի ընդարձակելու, թիւը ե՛ւս աւելի շատացնելու ես, կանխապէս համոզուած լինելով, որ դրանով դու աւելի մօտիկած կը լինես իրականութեանը, ճշմարտութեանը, աչքի առաջ ունենալով մեր ցեղային հոգու իրարավան, իրարաբաղխ բացասական կողմը, որ մի խոտելի ունակութիւն է դարձել:

Ճիշդ այդ եզրակացութեանը հասայ, ու է՛լ աւելի ամրապնդուեցայ բանաստեղծի ասածի տառական ճշմարտութեանը:

Կ. – աղան կեսրացի էր. ինքնաշխատութեամբ առաջ եկած մի մարդ, ինքը իր գործերի պտուղը, իր վաստակի արդիւնքը, դա այն մարդկանցից էր, որ անգլիացիները որակում են self made man անունով: Իր ամբաւ հարստութեան հետ միասին՝ մարդատեացի, անուղղայ կծծիի համբաւ  ունէր. բոլորն էլ, մանաւանդ իր դասակից-արհեստակիցները, նրան ատելով ատում էին: Ասում էին, որ ո՛չ աղքատին նպաստ կը տայ, ո՛չ էլ ազգային, ժողովրդական հաստատութիւններին, որ նա ամէն բան ոտնակոխ է անում, ամէն ինչ ենթարկում, զոհաբերում է իր սեպհական շահին, իր ես-ին: Իսկ եթէ նա մի գումար տար, տալուց առաջ հոգի կը հանէր. իսկ տալուց յետոյ, թէեւ մի քանի ոսկի, այլեւս հետը խօսել չէր կարելի. կ’ուզէր ազգային բարերար հռչակուիլ եւ ամէնքի կողմից ակնածանք, երկրպագութիւն ստանալ. եթէ ո՛չ՝ քիթը կը կախէր, յօնքերը կը պռստէր, քէն կ’անէր, հակապրոպագանդան կը սկսէր եւ կ’աշատէր ազգային հաստատութիւնները քանդել եւ նրանց ղեկաւարներին հետապնդել՝ նոյնիսկ շուկայի նրանց մասնաւոր գործերի մէջ, որպէս իր թշնամիների, իր մեծ արժանիքը չգիտակցողների, իր զոհաբերութիւնները ոտնակոխողների: Սոսկալի վրիժառուի հռչակ էր վայելում: «Իտտիհատ»ին մի քանի հազար ոսկի մի անգամից էր տուել եւ իրենց քաղաքի մէջ կազմուած՝ Դոքտոր Նազըմի թափօրի, շքախումբի դրամաների մեծ մասը ինքն էր հոգացած. հէնց այդ պատճառով էլ՝ նա թէ՛ ազատականի եւ թէ միանգամայն թրքասէրի մակդիր ունէր, թէեւ Սուլթան Համիդի ատենն էլ՝ կառավարական անձերի, բոլորի էլ սիրելին էր եղել: Վերջապէս նա մի մարդ էր, որին պէտք էր հաշուի առնել, քանի որ թէ՛ ահագին ազդեցութիւին ունէր եւ թէ՛ հետեւողների մեծ բացմութիւն:

Այդպէս էին ներկայացրել ինձ Կ. – աղան, բաւականին վաւերական եւ ճշմարտապատում աղբիւրներից. նոյնիսկ մեր ընկերները տհաճութեամբ, լաւ չէին խօսում նրա մասին, որպէս «անօգուտ» մէկի, ազգային, յեղափոխական տեսակէտից:

Ես, անայլայլ կերպով, աճապարեցի այդ բոլորը սովորական բամբասանք, զրպարտութիւն, չուզողացութիւն, անճանաչողութիւն համարել եւ կատարեալ իրաւունք տալ Գամառ-Քաթիպային:

Ուրախ, գրեթէ հրճուանքի մէջ, քայլերս ուղղեցի դէպի շուկան, մեր Ակումբը երթալու համար:

Ա.- աղան, հեռուց տեսնելով, ցնծագին տրամադրութիւնիցս մի բան գուշակողի դիմագծերով, մօտեցաւ եւ մեղմով հարցրեց.

«Ի՞նչ եղաւ»:

Ասացի.- «Շա՜տ լաւ, շա՜տ լաւ: Եղբայր, դուք բոլորդ էլ ի զուր այդ մարդուն հալածում էք եւ պատճառ դառնում ազգային գործերից մեկուսանալուն. նա շատ օգտակար, մի բարի եւ պարտաճանաչ ծերուկ է: Նա աւելի լաւ է խորհել, քան դուք բոլորդ: Եթէ նրա պէս մտածած լինէիք, ամէն բան մինչեւ ցարդ վերջացած կը լինէր եւ ես այս արիւնքրտինքից ազատ մնացած կը լինէի: Ամէն բան կարգադրուած, վերջացած է. երկուշաբթի պիտի երթամ պէտք եղած դրամը ստանամ: Նա խոստացաւ խնդիրը Քաղաքական Ժողովին հանել եւ ամէն բան տեղն ու տեղը կարգադրել, վերջացնել: Ես իմ պատրաստութեանս յետեւից պիտի լինիմ եւ ծրագրուած գնումներս կատարեմ»:

Ա.- աղան տեսաւ, որ ինձ տարհամոզել անկարելի է. ժպտաց. ասաց. – «Էֆէնդըմ, դուք եւրոպական դիւանագէտներ կարող էք լինել, բայց ո՛չ ասիական, դուք դեռ չգիտէք թէ ի՛նչ ասել է ասիական դիւանագիտութիւն: Եւրոպան դեռ շա՜տ բաներ ունի սովորելիք Ասիայից… Ձեր «բարի ծերուկը» պարզապէս ձեզ խաբել է, հասկացա՞ք…»:

Ես աւելի վրդովուեցայ.- «Ո՛չ, դա անկարելի է, պատասխանեցի. նրա անկեղծ շեշտը, ինքնաբուխ պատրաստակամութիւնը, ձայնի ցաւակցական ելեւէջը, երեսի արտայայտութիւնը… ո՛չ դա անհնար է. եւ սխալուողը դուք էք. նա մի պարտաճանաչ հայ է, որին դուք չէք ճանաչում եւ անարժանաբար հալածում»:

-Շա՜տ լաւ. քանի որ այդպէս է. երկու, երեք օրից յետոյ կը տեսնուինք, թող ձեր ասածին պէս լինի՝ առ այժմս», վրայ բերեց Ա. – աղան  եւ «Մնա՜ք բարեւ» ասելով՝ հեռացաւ, հարցական դիրքի մէջ դնելով ինքը իրեն:

Մենք մեր գործերի պատրաստութեան յետեւից էինք. ընկերներին, զէնքի կարօտ ընտրեալ երիտասարդներին վստահացրել էի, որ պահանջուելիք «խոշոր» գումարը գրեթէ եկած է. եւ իրենք գործերը այնպէս պիտի վարեն, որպէս թէ դրամը արդէն ստացուած, մեր գրպանի մէջ գտնուած լինէր. ուստի յանձնառութիւններին ընթացք կարող են տալ:

Անհամբերութեամբ սպասուած Երկուշաբթին եկաւ. որոշեալ –ժամին ներկայացայ. Արեւելեան ծիսակատարութիւն, խորին ակնածութեամբ ընդունելութիւն. ամէն ինչ ժպիտ:

Կ.- Աղան խնդումերես, հարցական նշանի դիրք առաւ:

-«Ի՞նչ եղաւ, ի՞նչպէս վերջացրիք. պատրա՞ստ է. կարո՞ղ եմ ստանալ…», ասում եմ:

-«Էֆէնտըմ, երէկ բոլորս էլ ժողովուեցանք, երկա՜ր սպասեցինք, Դուք չեկաք. ես էլ չհամարձակեցայ խօսք բանալ առանց Ձեզ, քանի որ միւսները շատ էլ մեծ ազգասէրներ չեն, ինչո՞ւ չեկաք. պատճառ ունէի՞ք: Եթէ եկած լինէիք ամէն բան մի անգամից վերջացած կը լինէր»:

-«Բայց իմ գալուս հարկ չկար, Դուք ինքներդ ամէն բան պիտի կարգադրէիք. այդպէս չեղա՞ւ մեր փոխադարձ հասկացողութիւնը անցեալ օր. չէ՞ որ Դուք ինքներդ այդպէս խօսեցիք եւ Դուք ամէն ինչ պիտի անէիք, առանց իմ ներկայութեան»:

-«Ո՛չ էֆէնտմ, հոդ սխալմունք, թիւրիմացութիւն կայ, ինձ այնպէս է թւում, եւ ես այնպէս էի հասկացած, որ Դուք ինքներդ պիտի գայիք եւ առաջարկը բերէիք. իսկ եթէ այդպէս չէ, ասել է թէ իմ կողմից կա՛մ մոռացութիւն է եղած, կա՛մ սխալմունք. ներողութի՜ւն. բայց համոզուած եղէ՛ք որ ես իմ պարտականութիւնս ճանաչող մարդ եմ. 50 տարի է, որ ազգիս դրամ կը տամ ու կը տամ. եթէ ես մէկ ոսկի տամ, ուրիշները յիսուն պիտի տան, որ տարիներ անցնելուց յետոյ՝ նրանց տուած գումարն էլ գայ իմինիս հասնի: Ինչ որ է ես այլեւս չեմ ուզում սպասել. ես կ’ուզեմ ժամ առաջ իմ պարտականութիւնս կատարել. բայց կ’աղաչեմ, որ իմ տալիքս ոչ ոք չգիտնայ. վերեւ Աստուած, ներքեւ՝ Դուք. մարդու բան մի՛ ասէք. հարցնողին, հետաքրքրուողին ասացէ՛ք որ ոչինչ չեմ տուել: Այս երկիրը, ո՜վ գիտէ ի՛նչ կը պատահի, վաղը իմ օձիքը կը բռնեն, ինչպէս որ Սուլթան Համիդի ատեն եղաւ. կ’ասեն թէ եղափոխականներին օգնել, դրամ ես տուել: Արդ, աջ ձեռքով տուածս թո՛ղ ձախը չիմանայ. ձեր հայրենասիրութիւնից կը սպասեմ, որ այս գաղտնիքը յաւիտեան մեր մէջ մնայ. ծեր եմ, գլուխս թող ցաւի տակ չընկնի»:

Այս ասաց, հազաց, կանչեց. «Ահմէ՛տ, մի քիչ դուրս գնա՛, մեզ առանձին թող»: – Յետոյ դառնալով դէպի ինձ՝ շանունակեց.- «Ինչքան էլ ոչ չլինի, դարձեալ անօրէն են. թող չգիտնան մեր մէջ եղածը»: Ասաց աղան. մօտեցաւ դարակին. բացաւ. երկար նայեց, մատներով աջ ու ձախ քրքրեց, խառնեց. վերջը երկու միատեղ գզրոցի մէջը տարաւ, մի բան կլորեց, փաթաթեց, կապեց, կանգնեց, ասաց.-«Էֆէնդմ մի քիչ առաջ եկէք». մօտեցայ. դողդողալով, աջ ու ձախ ակնարկներ նետելով, ապահովուելով որ որ ոչ ոք չի տեսնում, ծոցիցս գրպանը նայեց, ձեռքը ներս տարաւ եւ մի բան մէջը դրաւ. «Ահա՛ իմ բաժինը, թող միայն Աստուած գիտնայ», ասաց: Նստեցի տեղս. խնդրեցի որ դարձեալ աշխատի նախկին միտքը իրականացնել եւ իր մօտիկ բարեկամներին յորդորել, որ առատաձեռնութեամբ պարտականութիւն կատարեն:- «Շա՜տ լաւ, գլխիս վրայ, դա մեր սրբազան պարտականութիւնն է», վերջաբանեց:

Շնորհակալութիւն յայտնեցի, դուրս եկայ:

Ճանապարհին անդադար նայում էի, շօշափում, որ դրամը ծոցիցս չընկնի: Մտայ Ակումբը. ներկայ են բոլոր Հնչակեանները. թափուել են ահագին թուով հուժկու երիտասարդներ դրսից եւ պաշտօն, գործ, կարգադրութիւն են ուզում: Կարճ հաշիւ պահանջեցի մէկն ասաց, որ 500 պարկ կիր ու աւազ է կեդրոնացրել մի որոշեալ տեղ, որ առաջին նշանին պատուարները շինեն եւ յառաջապահները գործի սկսին: Ամէն մէկը իր արարքը եւ կատարած պատրաստութիւնն էր պատմում: Տաք, յեղափոխական մթնոլորտ էր, կարծէք թէ ամէն ոք պատրաստւում էր հարսանիք երթալու. եթէ մի ցաւ կար, այդ այն էր, որ սպասելիքը չէր գալիս, նշանը չէր տրւում. սպասողական վիճակը անտանելի էր դարձած:

Այդ ժամանակ ներս մտան 30 ընտիր, թիկնեղ, պարթեւակազմ երիտասարդներ, ու առաջին խօսքերը եղաւ. «Կ’ուզենք Հնչակեան գրուիլ»: «Բարի, շա՜տ լաւ», ասացի:

-«Ճանաչո՞ւմ էք այս հայրենակիցներին, ընկերներ», հարցրի. ամէնքն էլ դրական պատասխան տուեցին: «Մեր կազմական կանոնագրի ընդունելութեան բոլոր տրամադրութիւնները լրացնո՞ւմ են»: – «Այո՛», պատասխանեցին:- «Ուրեմն, արձանագրեցէ՛ք», հրահանգեցի: Վերջացաւ արձանագրութիւնը. նորեկ բոլոր ընկերներն էլ պատի տակ շարուեցան, սպասողական դիրք բռնած: Ես զբաղուած էի միւսներով, երբ լսեցի. «Ընկեր, հապա մեր զէնքե՞րը»: – «Ի՞նչ զէնք, չէ՞ որ դուք դեռ նոր արձանագրուեցաք. մեր արդէն ունեցած զէնքերը հազիւ հին ընկերներին բաւականութիւն տուին. ձեր մասին էլ վաղը, միւս օրը կը մտածեմ, տեսնեմ թէ ի՞նչ կարող եմ անել…», ասացի, մեկնում էի, երբ նորեկներից համարձակախօսը, վրայ բերեց. «Բայց դրամը արդէն կայ, քանի դեռ ուշ չէ՛, գնեցէք, մեր զէնքերը տուէք, վտանգի տակ ենք»:

Նորեկ ընկերները պատմեցին հետեւեալը.-«Մենք բոլորս էլ բնակւում ենք քաղաքի ամենավտանգաւոր մի թաղում. առաջին վտանգին ենթարկուողները մենք պիտի լինենք. գործերնիս քաղաքի միւս կողմն է. աւարտելուց յետոյ՝ թուրքերի մթին թաղովը տուն պիտի վերադառնանք. եւ որուհետեւ աշխատաւորներ ենք, մէկէն 5 ոսկի չէինք կարող զէնքի տալ, բոլորս միասին դիմեցինք Կ.- աղային. աղաչեցինք, խնդրեցինք, ստորագրութիւն, մուրհակ տալ խոստացանք, որ մեզ 5-ական ոսկի տայ, տոկոսով, զէնք առնելու համար, պայմանով որ իրեն ամսէ ամիս 1 ոսկի վճարենք. որով, տոկոսի հետ միասին, իր դրամը յետ պիտի ստանար՝ ուղիղ 5 ամսից յետոյ: Երբ Կ. – աղան տատանւում էր, մենք ասացինք, որ այս տեղից չենք դուրս գալ, մինչեւ որ դրամ չտաք. սպառնացինք, ասացինք, որ եթէ կ’ուզես, մեզ կառավարութեան յանձնի՛ր… քանի որ  պիտի մեռնենք, թո՛ղ այսպէս մեռնենք: Այն ժամանակ Կ.-աղան երդումով ասաց, որ ինքը արդէն ամէն հոգացողութիւն, կարգադրութիւն արել է՝ Ձեզ մի խոշոր գումար է  տուել, որպէսզի չքաւոր բոլոր երիտասարդներին զինէք. միայն, ասաց, որ «Հնչակեան պէտք է գրուէք, եթէ ոչ՝ չի լինիլ»: Մենք էլ, ահա՛, եկանք, իր պատուիրածին պէս՝ Հնչակեան գրուեցանք: Ու կը խնդրենք, որ այս գիշեր եւեթ մեր զէնքերը տաք»:

Միտքս ընկաւ. ձեռքս տարայ ծոցիս գրպանը, մտածեցի. ըսել է թէ՝ իրաւ, մի խոշոր գումար եղած պիտի լինէր. որովհետեւ 30+5 հավասար=150 ոսկու. եթէ մի քիչ էլ ուրիշ երիտասարդների մասին խորհած լինէր, մտքովս ասացի, ուրեմն 200 ոսկու չափ, առ նուազն, դրամ պիտի լինէր գրպանս: Բացեցի փաթէթը, տեսայ որ ամբողջը 8 ոսկի է: Շուարած մնացի. ամէն բան պարզուեց: Ո՛չ միայն ասիական դիւանագիտութիւնը ինձ էր խաբել, այլ ինձ նման 30 հոգու էլ, մի օրուայ մէջ: Կառք առայ, քշել տուեցի ուղղակի Կ.- աղայի գրասենյակը. դուռը փակ էր, ոչ ոք կար. հետեւեալ օրը նորից գնացի, ասացի որ գարսենեակը չի իջել. տուն գնացի, ասացի որ շրջանակները գիւղ էր մեկնել, բայց չգիտեն ո՞ւր: Տասն եւ հինգ օր մնացի, եւ նորից անկարելի եղաւ Կ.-աղային տեսնելու:

Ահա, քեզ, թէ՝ դասակարգային համերաշխութեան, համագործակցութեան խնդիրը, ի՞նչպէս էին ըմբռնում հայ աղաները, բուրժուաները, հոգեբանական մի պատասխանատու րոպէի մէջ:

Սա հարիւրաւորների միջից մի օրինակ է:

Ուրիշ նմոյշ:

-«Հ. – աղա, երկիրը զէնքի պէտք ունի. կտրիճ, բայց կարօտ երիտասարդներ շատ կան, նրանց պէտք է զինել՝ ամէն պատահականութեան առաջ. րոպէները վճռական եմ, թանկագին, պատասխանատու, չէի՞ք ուզիլ հանգանակութեան մասնակցիլ, պարտականութւն կատարել»- ասում է հանգանակիչ մասնախումբը:

-«Այս տարի շահս սպասածին պէս չեղաւ: Եւրոպայի մէջ ճգնաժամ ճգնաժամի յաջորդեց. օրապահիկս հազիւ եմ հայթայթում, չեմ կարող օգնել, թէեւ շատ ցաւում եմ, մի ուրիշ անգամ չեմ զլանալ պարտականութիւնս կատարել»:

Այս ասողը ծովափնյա քաղաքի իր մէկ մթերանոցի մէջ միայն 200 մեծ ու փոքր պաշտօնեայ ունէր, հրապարակի մէջ իր տեսակի առաջին վաճառականն էր. Մանչեստրի իր բամպակի եւ կերպասեղէնի առուտուրից, այդ տարի վաստակել էր զուտ շահ, 20 հազար սոկի: «Իտտիհատ»ին, միջազգային կերուխումների 1000ներ տուող է եղել նա. բայց ազգային, բարենպաստ հաստատութիւնների, յեղափոխական գործերի,-բնաւ երբեք:

Աւելի պատուական նմոյշը:

Թ.- աղան նրանցից է, որ գլուխը հազար քարի զարկելով, զրկանքով, իր ատամից, մսից կտրելով, խաբելով, ստելով, կեղծելով, շուկայի բոլոր լարերից անցնելով՝ վերջապէս մի քանի տասնեակ հազար ոսկու տէր է դարձել: Ունի երեք հասած որդի, որոնց շատ թեթեւ կրթութիւն է տուել, «Հայ ազգային դպրոցը» ուղարկելով, պարզապէս դրամ խնայելու համար: Հագուստը աղքատի, նիստ ու կացը գռեհկական: Տասը խանութ կը պտտի, աջ ու ձախ կռիւ կ’անի, հայոյանքներ կը թափի, կը լսէ՝ մի քանի փարայ, սուղ կամ աժան, աղած ձուկ, ձիթապտուղ, պանիր առնելու՝ նախաճաշի եւ ճաշի համար: Կեանքի ասպարէզն է՝ տնից խանութ, խանութից շուկայ, տուն: Նա ո՛չ եկեղեցու դրամ կը տայ, ոչ դրացու, ո՛չ աղքատի, ո՛չ էլ Յեղափոխականի: Գլխաւոր տօներին միայն եկեղեցի կ’երթայ քրթմնջալով, խելքը-միտքը միշտ դէպի շուկան, խանութը պահելով. գանձանակ պտտցնելիս՝ կա՛մ մի առ ժամանակ, մինչեւ որ աւարտի, անցնի, եկեղեցուց դուրս կը գայ գաւիթ, կա՛մ բոլորովին կը հեռանայ, մի քանի խաչ հանելուց, երկրպագութիւն անելուց յետոյ: Նա թրքատեաց է բնազդաբար:

Ընկեր Հայկ Էմիրեանը խնդրում է անպատճառ Թ.-աղային էլ այցելել, քանի որ ինքը խնդրել է եւ ուզել է անձամբ ծանօթանալ՝ եկեղեցու մէջ եղած դասախօսութիւնը լսելուց յետոյ: Տեղի եմ տալիս. մտնում ենք Թ.- աղայի ճոխ մթերանոցը. աղան ուրախ է. սուրճից յետոյ՝ ընկեր Հայկը խօսք բաց է անում:

-«Ինչո՛ւ չէ, ինչո՛ւ չէ, աչքիս վրայ, հարկաւ ես էլ մի բան պիտի տամ, պիտի մասնակցեմ. ի՞նչ ասել է, մի՞թէ ես հայ չեմ, իմ մէջ հայի հոգի, հայի արիւն չկա՞յ», ասաց  ու տղային պոռաց. «Զաւակս, անդիէն 5-10 ղուրուշ տո՛ւր ասոնք մերոնք են, Հնչակեան են, պիտի տանք»:

-Թ.- աղայ 5-10 ղուրուշով ի՞նչ կը լինի, տասնեակ հազարի տէր ես, ա՞յս է քո հայի հոգին, միսն ու արիւնը, ամօթ չէ՞, ես այդ դրամը չեմ առնիլ», պատասխանեց ընկեր Էմիրեանը:

-«Ի՛նչ կ’ըսես, ախպար, իմ տո՞ւնս պիտի քանդես, քանի մը փարա՞յ ես տեսեր. էֆէնտին ազգասէր է, կ’ուզէ՞ իմ գէշութիւնս, … աւելի չեմ կրնար տալ»:

Ահա քեզ սերունդ, որ պատմական րոպէների մէջ է եւ ազգային խնդիր վճռելուն պիտի նպաստի:

Ու այդ օրը, Յոյները, սուսիկ-փուսիկ, անձայն, անաղմուկ, 5000 հրացան 50ական փամփուշտով ցրուեցին իրենց թաղերը, ձրի, առանց մէկ փարա առնելու:

Ներկայ իրականութիւնը իր հեռաւոր պատճառներն ունի: