Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո. տեքստ և տեսանյութ

1201

Շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի, Հայաստանի հանրապետական կուսակցության Նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաև կուռ թիմ և տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։ Իսկ մեր երիտասարդ գործընկերները, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետևել մշտապես։

Եվ այսպես.

– Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։

Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։

– Երկրորդ խորհուրդը։ Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը։

Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ, անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը։ Պետականակերտության մեր վերջին երկուսուկես տասնամյակները փաստում են՝ թերի օրենքները դրանք հետևողական կիրարկողների ձեռքում ավելի մեծ օգուտ կարող են բերել, քան լավագույն օրենքները՝ վատ ձեռքերում։

Ի վերջո, ի՞նչ արժե սեփական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ։ Արժանի են նույնքան հարգանքի և հետևողականության, որքան դրանք ձեռք բերելու ճանապարհին մեր նախնիների ու ժամանակակիցների թափած արյունը։

– Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։

Եվ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ձեր պատասխանատվությունն է։ Մի՛ օտարացրեք ոչ մեկին և անդառնալիորեն մի՛ խռովեք որևէ հոգի։ Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի։ Ամենացավոտ որոշումն անգամ չի թշնամացնում, եթե հնչել են բոլոր փաստարկներն ու յուրաքանչյուրը խոսելու ու լսվելու հնարավորություն է ունեցել։ Միշտ ու ամենուր եղեք ժողովրդի կարիքներին հասու։ Եղե՛ք ժողովրդի ցանկություններին ու մտահոգություններին հաղորդ։ Լսե՛ք բոլորին և խոսե՛ք յուրաքանչյուրի հետ։ Օրենքը ուժի և հետևողականության միասնությունն է։ Եվ եթե ուժի անսպառ աղբյուրը ժողովուրդն է, ապա երկրորդը մեծապես կախված է առաջնորդներից և գործիչներից։

Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժի։ Ձեր հանդեպ վստահությամբ կամրջե՛ք անվստահության կղզյակները։ Մեր ժողովուրդն արժանի է նույնքան անխռով ու խաղաղ ստեղծագործելու, որքան անվստահ ու ձայնազուրկ է եղել մասնատված ու խռովված օրերում։ Արժանի է լույսի ու խաղաղության։ Արժանի է նույնքան, որքան հաճախ խռոված է եղել հայը հայից դարեր ու հազարամյակներ շարունակ։

– Չորրորդ խորհուրդը։ Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից։ Ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։ Փնտրե՛ք դրանք ամենուր։ Ձեր հայացքն ուղղե՛ք դեպի աշխարհի անծայրածիր տափաստաններն ու օվկիանոսները, դեպի հսկայածավալ շուկաներն ու նոր տեխնոլոգիաները։

Ինտեգրման գործընթացները ոչ թե հանգրվան են, այլ ուղի՝ դեպի նոր հնարավորություններ, նոր շուկաներ, նոր գործընկերներ, նոր գիտելիք ու նոր հմտություն։ Մեր ժողովրդի արարչագործ ոգին ու պրպտուն միտքն արժանի են արարման նույնքան մեծ հնարավորությունների, որքան մեծ են եղել դրան խոչընդոտող արգելքներն ու սահմանափակումներն անցյալում։

– Ձեր հինգերորդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը։

Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարևոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով և շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից և սակայն շարժվել առաջ։ Կարողանանք բարեփոխել մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերը, սակայն այդ փոփոխությունները պիտի լինեն հնարավորինս առանց ցավի ու մեծ կորուստների։

Հենց նման առաջընթացի է արժանի մեր համբերատար ժողովուրդը։ Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ։

Շտապե՛ք դանդաղ, քանի որ յուրաքանչյուր իրական առաջընթաց, առաջընթացի յուրաքանչյուր փուլ ունի իր ընթացքի հրամայականը։ Իր զարկերակը։ Աճի իր արագությունը։ Մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները և ցավոտ՝ մեր ցնցումները։

– Ձեր վեցերորդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Սա փոքրաթիվ ժողովրդի հարատևության մեկ այլ խորհուրդն է։

Այո՛, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, և եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր և ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի։

Նախնյաց մշակութային ժառանգությունը ճանապարհին թողած մեծաթիվ ժողովուրդն անհիշատակ կկորչի։ Մինչդեռ իր արժեքներին խնամքով ու հոգատար վերաբերվող ժողովրդի ապագայի ճանապարհներն իր նախնիներն են և իր անցյալը։ Ամեն անգամ նորը կերտելիս հիշեք, որ արարելու հնարավորություն ստացել եք հենց այն ամենի շնորհիվ, ինչը համարում եք հին կամ հնացած։ Ներկայի ձեր քարը դրեք անցյալի քարի վրա։ Միայն այս կերպ կկարողանաք ապագային շենք ու շինություն փոխանցել։ Մշակույթ։ Պատմություն։ Երկիր։

Անհոգաբար դեն նետած ձեր ժառանգությունն ուրիշին է հասնելու։ Օտարն է հավակնելու ձեր նախնիների ժառանգորդի պատվին ու անվանը։

Խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեք մեր ժողովրդի տարբեր հատվածների հարուստ ու բազմազան ժառանգությանը։

Եվ ուրեմն, տե՛ր մնացեք թե՛ հնին, թե՛ նորին։

Տե՛ր եղեք ձեռքբերումներին ու նաև՝ կորուստներին։ Տե՛ր եղեք լավին ու վատին։ Տե՛ր եղեք ճիշտ որոշումներին ու նաև՝ սխալներին։ Ձեր ու ձեր նախորդների։ Ձեր սերունդը, մեր սերունդը միայն մեր հավաքական տարածական ու ժամանակային ժառանգության շնորհիվ կարող է այս աշխարհում լինել ուժեղ ու մրցունակ։ Աշխարհում, որտեղ թույլերն ու անմրցունակները դատապարտված են մնալու պատմության լուսանցքներում։

Քաղաքակրթության արշալույսը դիմավորած մեր ժողովուրդն արժանի է մարդկության ապագա բոլոր աստեղային ժամերի խոսուն ականատեսը լինելու, նույնքան, որքան դատապարտված է եղել լինելու մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունների զոհն ու լուռ վկան։

– Եվ վերջապես՝ ձեր յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները։

Սահմանադրությունը, օրենքները երաշխավորում են երջանիկ ու ապահով լինելու իրավունքը, սակայն բոլորի երջանկության ու ապահովության համար յուրաքանչյուրն անելիք ունի։ Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ։

Փորձե՛ք լուծել ձեր առջև կանգնած խնդիրներն ու վստահե՛ք ապագայի խնդիրները սերունդներին։ Ձեզ բաժին ընկած դժվարությունները հաղթահարեք այնպես, որ ձեր հաջորդները չկքեն կրկնակի բեռի ծանրության տակ։ Ձեր բաժին անելիքում եղե՛ք պատվախնդիր։ Ձեր գործը ձեր ամենամեծ ժառանգությունն է։

Եղե՛ք իրատես, ձեր անելիքը կառուցե՛ք ամենաաննպաստ զարգացումների հեռանկարն աչքի առաջ պահելով։ Սակայն միշտ մնացեք լավատես։ Ամենածանր փորձությունների պահին լավատեսությունը, հանգուցալուծման հույսը, սեփական ուժերի հանդեպ հավատը, հայրենակցի հանդեպ սերը երբեմն դառնալու են ձեր միակ զինակիցը։

Եղե՛ք լավատես Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի հանդեպ։

Մեր ժողովուրդն ու մեր պետությունն արժանի՛ են լավագույնին։

Մեր յուրաքանչյուր հայրենակից արժանի՛ է Հայաստանում լինելու լավագույնը։

Աշխարհում լինելու առաջինը։

Սիրելի՛ հանրապետականներ, եղե՛ք դեպի լավագույնը, դեպի առաջին տեղը հայաստանցուն բարձրացնող սանդուղքի մեկ աստիճանը։ Թո՛ղ որ փոքր, սակայն հուսալի մեկ աստիճանը։

Շնորհակալ եմ: Եվ մեկ անգամ ևս բոլորիդ հավաստիացնում եմ, որ աշխատելու եմ նույն եռանդով, ինչ եռանդով աշխատում էինք միասին նախկինում:

Շնորհակալություն:

http://hhk.am/hy/news/item/2016/11/26/sargsyan/