Սերժ Սարգսյանի և իշխող ՀՀԿ-ի արժեքները

1533

Ներկայացնում ենք իշխող ՀՀԿ-ի պաշտոնական կայքից հատված

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆ

  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի եւ Հայրենիքի հավիտենության գաղափարներից:
  • Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային եւ համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ եւ իբրեւ գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի:
  • Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց աստվածատուր հայրենիքն է: Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետեւապես` մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` ՀՀԿ-ն մեր պատմության հեթանոսական եւ քրիստոնեական ժամանակաշրջաններՆ արժեւորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով:
  • Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, ՀՀԿ-ն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս և ազգային աշխարհասփյուռ կառույց, որն իր դավանաբանությամբ, նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին:
  • Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային եւ պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում անձնական եւ հատվածական շահերից:
  • Պետության գործունեության հիմնական սկզբունքների եւ ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի հետեւյալ մոտեցումները:
  • Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական եւ ամենաարդյունավետ միջոցն է:
  • Պետական կառավարման ձեւը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության եւ զարգացման հայեցակարգերի ու ծրագրերի վրա:
  • Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, մասնակի եւ փուլային բարեփոխումների ճանապարհով` հասարակության անընդհատ բարելավմանը: Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին` ուղղված լինելով դրա արդիականացմանը:
  • Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարեւան երկրների հետ բարիդրացիական եւ կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, աշխարհի բոլոր երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը:
  • Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական եւ մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդես գալով որպես սեփականության բազմաձեւության եւ ազատական տնտեսական համակարգի զարգացման երաշխավոր:
  • Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի եւ պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է` իր ֆիզիկական, մտավոր եւ բարոյական ներուժով: Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, երաշխավորի անհատի իրավունքների եւ ազատությունների զարգացումը, կարողությունների լիարժեք իրացումը: Պետությունը պետք է արդյունավետ միջոցառումներ իրականացնի իր քաղաքացիների կենսապահովման պայմանների բավարարման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ըստ արժանվույն գնահատի նրանց վաստակը Հայրենիքի առջեւ:
  • Հայ հասարակության հիմքն ավանդական ընտանիքն է: Ամուր եւ առողջ ընտանիքների ձեւավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարեւորագույն խնդիրներից:
  • Կրթությունը պետք է անհատին տա խոր եւ բազմակողմանի գիտելիքներ` միաժամանակ ապահովելով այն բանի գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի եւ Հայրենիքի հզորացմանը: Կրթության համակարգը պետք է ձեւավորի մարդկային եւ ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ` հաղորդակից մարդկայնորեն վեհ հայոց հոգեւոր, գաղափարական եւ բարոյական արժեքներին, նախնիների մեծագործություններին ու կորուստներին` պարզաբանելով մարդկության զարգացման այն օրինաչափությունը, թե մեծագործությունները պայմանավորված են ժողովուրդների ոգու, որով եւ գաղափարի ազնվությամբ ու զորությամբ, իսկ կորուստները` դրանց թուլությամբ: Պետությունը պետք է անվճար միջնակարգ ուսման հնարավորություն ապահովի բոլորի համար եւ հովանավորի առավել օժտվածների բարձրագույն կրթությունը:
  • Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգեւոր եւ նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի տոհմիկ կերպարը, աշխարհընկալումը եւ կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր եւ տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր: Մշակույթը, կրթությունը եւ գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա:
  • Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման եւ Սփյուռքի արժանապատիվ գոյատեւման, հիմնական նպատակ ունենալով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:

http://hhk.am/hy/program/