Լևոն Տեր-Պետրոսյանը դրամի ներդրման մասին 1993-ին և 1995-ին

1896

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը իշխանական Հայոց Համազգային շարժում կուսակցության 7-րդ համագումարում, 23 դեկտեմբեր, 1995թ.

Առաջին լուրջ սխալը, որն ունեցավ չափազանց ծանր հետեւանքներ, ես համարում եմ ազգային դրամի ներդրման հարցում մեր դրսեւորած հապաղումը 1993 թվականին: Ճիշտ է՝ այդ հապաղումն ուներ ծանրակշիռ քաղաքական պատճառ, այն է՝ վտանգի չենթարկել Հայաստանը՝ ռուբլու գոտու քայքայման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը լինելու մեղադրանքով, բայց հետին հաշվարկով, կարծում եմ, մենք պարտավոր էինք գործել ավելի համարձակ: Դրանով եթե անգամ չկարողանայինք խուսափել 1993 թ. աշնանն արձանագրված անկառավարելի արժեզրկումից, ապա, անկասկած, գոնե զգալիորեն կմեղմեինք այն:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հայկական հեռուստատեսությամբ 1993թ. նոյեմբերի 19-ին

Մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ միասնական ռուբլու գոտու ձևավորման խնդիրը քաղաքակիրթ, փոխհամաձայնեցված քայլերով իրականացնելու համար: Ռուսաստանի կոշտ դիրքորոշման և անջատ գործողությունների պատճառով, սակայն, ֆինանսական համակարգի փլուզման ընթացքը դուրս եկավ վերահսկելի հունից, և պահանջվեց ընթացքից մոտեցումների վերանայում: Արդյունքում` Ռուսաստանը ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց, օրերս նրան հետևեցին Ղազախստանը և Ուզբեկստանը, և մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը: Ռուբլու գոտու ձևավորման նման հեռանկարը, որքան էլ անցանկալի, այնուամենայնիվ, մեր կողմից կանխատեսվում էր, ու դրան համապատասխան ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր: Մասնավորապես, ամբողջությամբ տպագրվեց և հանրապետություն փոխադրվեց ազգային դրամանիշը` դրամը:

Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հոկտեմբերի 13-ին ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով:

Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշել է 1993թ. նոյեմբերի 22-ի 00 ժամից Հայաստանի տարածքում դադարեցնել ԽՍՀՄ պետբանկի և ՌԴ ԿԲ-ի 1991-92 թթ. նմուշի 1000, 5000 և 10000 ռուբլիանոց դրամների շրջանառությունը: Նման քայլը ենթադրում է նախ` կանխել այլ վայրերից շրջանառությունից դուրս եկող դրամանիշերի ներհոսքը Հայաստան:

Հանձնաժողովի որոշումը միաժամանակ ենթադրում է 1993թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել ՀՀ ԿԲ 1993թ. նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը: Դրանով իսկ շրջանառության մեջ է դրվում հայկական դրամը` ռուբլու հետ 1-ը 200 հարաբերությամբ:

… հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն տալ փոխել 50000 ռուբլի` ստանալով 250 դրամ:

50 հազարից ավելի 1991-92 թթ. 1000, 5000, 10000 դրամանիշերով գումարները անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ ձևավորել որպես ավանդ Խնայբանկի հատուկ հաշիվներում:

Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր իրենց վաստակած եկամուտները կձևակերպեն որպես ավանդ, կարող են վստահ լինել, որ դրանք կգտնվեն ապահով վիճակում, և կարճ ժամանակից հետո նրանք ազատորեն կարող են տնօրինել իրենց հաշիվները:

Սիրելի հայրենակիցներ, ցրտի ու կարիքի ծանր բեռի տակ կքված` մեզանից յուրաքանչյուրի համար նոր փորձություն, նաև անխուսափելի քայլ է դրամաշրջանառության այս վերափոխումը … մեր ազգի և ժողովրդի համար պատմական և արժանահիշատակ իրադարձություն է ազգային դրամի շրջանառությունը:

Հայաստանի Հանրապետութիւն, թիւ 231, 20 նոյեմբեր, 1993թ.