Բոյկոտել «Հայաստան» հիմնադրամը և հանգանակություններ անել այլ ճանապարհներով

929

Հայկական Վերածնունդ համասփյուռյան շարժումը (որը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ) ինչպես նախկինում, այս տարի նույնպես դիմում է սփյուռքին կոչով` անվստահություն հայտնել «Հայաստան» համահայկական հիմանդրամին և նվիրատվություն չկատարել: Քանի դեռ հիմնադրամը ղեկավարվում է ռեժիմի կողմից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ղեկավարում են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, այս հիմնադրամը ենթակա է նույնպիսի կոռուպցիայի և թալանի, ինչպես ռեժիմի հսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության ողջ ռեսուրսները:

Մենք համարում ենք, որ Հայրենիքին օգնելը սփյուռքում բնակվող բոլորիս սրբազան պարտականությունն է, և մենք նույնպես դա անում ենք մեծագույն սիրով: Սակայն «Հայաստան» հիմնադրամը մի մեծ խաբեություն է և պետք է դադարել այն սնելուց: Սփյուռքին կոչ ենք անում անվստահություն հայտնել և զերծ մնալ այս կեղծ հիմնադրամին հանգանակություններ անելուց:

Փոխարենը առաջարկում ենք հանգանակություններ կատարել վստահելի, ռեժիմի հետ ոչ մի կապ չունեցող հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով, իսկ լավագույն դեպքում օգնությունը ուղղակի ձևով տրամադրելով հասցեատերերին, եթե դրա հնարավորությունը կա:

Հայաստանում բնակվող մեր սիրելի հայրենակիցները դեռևս սփյուռքի ֆինանսական օժանդակության կարիքը շատ ունեն, քանի դեռ ռեժիմի վարած տնտեսական ձախողումների և թալանի պատճառով կարիքավոր ընտանիքների թիվը խոշոր չափերի է հասնում: Այս ընտանիքների շարքում հատկապես խոցելի վիճակում են հայտնվել արցախյան պատերազմում զոհված և հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքները, ինշպես նաև քաղաքական և խղճի բանտարկյալների ընտանիքները (այդ թվում Սասնա Ծռեր խմբի և նրանց խաղաղ ցույցերով սատարած ձերբակալված անձանց ընտանիքները):

Հայկական Վերածնունդ կազմակերպությունը իր համեստ մասնաբաժինը ունի այս կատեգորիայի կարիքավորներին օգնելու հարցում:

Սույն կոչով հրավիրում ենք սփյուռքահայությանը միանալ մեր ջանքերին և մեր կազմակերպության միջոցով օգնել արցախյան հերոսների և քաղբանտարկյալների ընտանիքներին:

Հանգանակությունները կարող եք տրամադրել Հայկական Վերածնունդի կայքում՝ հետևյալ էջում http://www.armenianrenaissance.org:

Հայկական Վերածնունդ