Հատուած Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից։ Այս արժեքավոր հատորը վերջերս հրատարակել է ԱՆԻ կենտրոնը։
—
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՃՇԴՒՈՒՄ Է.- Թրքասիրութիւն, «Իտտիհատ»ասիրութիւն, «Իտտիհատ»ամոլութիւն, պատմական ուժերի, քաղաքական արժէքների անճանաչողութիւն, անգնահատութիւն,- ահա առաջին եւ գլխաւոր պատասխանատուութիւնը, որ ընկնում է այդ գաղափարների ետեւը կանգնող, նրանց ազդակը, արտայայտիչ բերանը հանդիսացող Հայ տարրերի վրայ:
Այժմս, պարզ է, թէ ինչո՛ւ մենք պէտք եղած ուժը, զօրութիւնը չկարողացանք իր ժամանակին մթերել, ամբարել, երեւան բերել, որպէսզի՝ այս օրերիս մէջ՝ թշնամու դէմ մղէինք, ու եղանք ա՛յն, ինչ որ ենք:
Այսօրուան Պատերազմական Դրութեան, նրա բազմադիմի եւ անհրաժեշտ պահանջներին ազդուօրէն բաւականութիւն կարենալ տալու մասին՝ Խաղաղութեան Ժամանակ խորհած պիտի լինէինք: Ներկայ ժամանակի յաջողութեան եւ անյաջողութեան պայմանների արմատները Խաղաղութեան շրջանից են գալիս: Իրերը ա՛յն ժամանակ էին խմորւում, թանձրանում, որոշեալ ուղղութիւն, դրական եւ բացասական ձեւ ստանում:
Արդ, իսկական պատասխանատութիւնը, ճշմարիտ պատասխանատուները ա՛յն ազդակների, հասարակական ա՛յն հոսանքների եւ տարրերի մէջ պիտի փնտռել, որոնք գործել, շարժուել, խօսել են Խաղաղութեան Ժամանակ:
Հայելին բաւականին մաքուր է: Պատասխանատուների մի որոշ մասը մեր ձեռքին ունինք:
Դա իրականութեան մի կողմն է:
ԳԼՈԻԽ Բ.
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆԲԱՒԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
ԿԱՆԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆ.-Դադար չառնե՛նք. քրքրե՛նք մեր վէրքերը. մեր փրկութիւնը հէնց դրա մէջն է: Չպահենք ոչի՛նչ, ցուցադրե՛նք, շօշափե՛նք, տեսնենք մեր ցաւերը՝ այս դառն օրերի մէջ. ունենք սրտի այդ քաջութիւնը. դա հարկաւոր է ո՛չ միայն այսօրուան, այլեւ վաղուան համար: Հանդէս քաշենք, ընդհանուր պատկերի մէջ իր որոշեալ տեղը տանք այն բոլոր ջլատիչ գաղափարներին, պրոպագանդային, որոնք մեր թուլութեան պառճառը դարձան եւ արգելք եղան կատարելու, յառաջ բերելու ա՛յն, ինչ որ անհրաժեշտ էր, հրամայական էր րոպէի պահանջի տեսակէտից:
Շարունակենք, ուրեմն:
Հէգելը ասում էր.
«Հաւատալ՝ որ պետութիւնների միջեւ բարոյական յարաբերութիւններ կարող են գոյութիւն ունենալ, թէ պատերազմը չարիք է, եւ դարմանելիք չարիք,- դա մի անմիտ պատրանք է: Ինչպէս որ քամիների հոսանքը պահում է ծովը անհրաժեշտութիւնից ծնող ապականութիւններից, նոյնպէս է պատերազմը թոյլ չի տալիս, որ ժողովուրդները անբարոյանան՝ անգործութեան մէջ»:
Ըստ էութեան՝ մենք փիլիսոփայի հետ համակարծիք չէինք կարող լինել. բայց աչքի առաջ ունենալով մեզ շրջապատող պայմանները, իրականութիւնը, որի մէջ գլորւում էինք, նրա ասածի մի մասը մեր թէզն էինք արել:
Մենք չէինք հաւատում «Իտտիհատ»ին, չէինք հաւատում, որ Թիւրքիան կարող էր բարեկարգուիլ, գոյութիւն ունենալ: Տեսնում էինք որ մեր՝ Հայ Ազգի եւ «Իտտիհատ»ի, թուրք ազգայնականութեան միջեւ կայ, գոյութիւն ունի ներքին, ծածուկ, անողոք մի կռիւ, պատերազմ, թէեւ խաղաղ ձեւերի տակ երբեմն, աւելի յաճախ՝ բուռն կերպով, թրքական պատմական մեթոտներով: Ասում էինք, որ «բարոյական ո՛չ մի յարաբերութիւն» նրան չէր կապում մեզ՝ Հայերիս հետ, որ նա վաղ՝ ուշ ծովածփանք պիտի յառաջացնէր մեզ խեղդելու, վերջնական ընկղմումի ենթարկելու: Եւ նա այդ միտքը, մղիչ ցանկութիւնը արտայայտեց, քանիցս կրկնեց՝ նոյնիսկ հրապարակապէս, Օսմանեան Պարլամէնտի ամբիոնից՝ թէեւ ընդհանուր, տաճկամիտ բառերով:
Մենք այդ բոլորը տեսանք, լսեցինք եւ արձագանգեցինք ամէն կողմեր՝ մեր ուժերի ներած սահմանների մէջ:
Թիւրքիա ոտք կոխած օրից, 1908-ից, մեր Կուսակցութեան առաջին խօսքն եղաւ, որ գոյավիճակը, եղածը զինադադար իսկ չէր. ուստի հարկաւոր էր զինուիլ, կազմակերպուիլ, պատրաստուիլ, ուժ հաւաքել: Անցեալից պէտք էր օգտուիլ: Ներկայացած հանգամանքները, պատեհ առիթը պէտք չէր փոխանցել. հրամայականն էր՝ զէնքի ուժ մթերել՝ իր բոլոր ձեւերի տակ, եւ ամէն րոպէի համար պատրաստ լինել: Մեր այդ թէզը հնչեց ամեն տեղ:
Եղան, որ մեզ լսեցին, հետեւեցան եւ այժմս քաղում են իրենց հեռատեսութեան արդիւնքը. դրանք նրանք են, որ այսօրուայ հերոսական ընդդիմադրութիւնն են կազմած երկրի զանազան կողմերը, եւ հարուածում են «Իտտիհատ»ի բազուկները: Եթէ նրանք մեռնում են, ապա մեռնում են պատուաւոր մահով, տղամարդի պէս:
Բայց եղան էլ ծանծաղամիտներ, թուլամորթներ, յամենայն դէպս պահպանողականներ, չմտածողներ, անուղեղներ, որ սկսեցին մեզ դէմ գոռգոռալ, մեզ պարսաւել, մեզ դատապարտել՝ որպէս որոշ միտումներով առաջնորդուողներ.- յեղափոխականներ, որ միտք ունէինք կանխամտածմամբ, լոկ խելքի փչոցից մղուած, տիրող խաղաղութիւնը խանգարելու, անհարկի յուզումներ, եւ խռովութիւններ, ապստամբութիւններ յառաջացնելու եւ նորանոր կոտորածների պատճառ տալու:
Ու տիրեց ասիական անշարժութիւնը, անփութութիւնը: Կանխապատրաստութեան անհրաժեշտութիւնը բարձիթողի եղաւ, զանազան փցուն պատճառաբանութիւններով, որոնք բնաւ չէին համապատասխանում աղաղակիչ իրականութեանը: Լսենք:
«ԻՏՏԻՀԱՏ»Ը ԶԷՆՔ ՊԻՏԻ ՏԱՐ.- Ինքնապաշտպանութի՜ւն, զէ՜նք, պատրաստութի՜ւն,- դրանց ո՛չ պէտքը կար, ո՛չ էլ տեղը. սա էր մեր հակառակորդների հակաթէզը: Նրանք մեզ հակաճառում, ասում էին, որ ինքնապաշտպանութի՜ւն, զէ՜նք ինչո՞ւ համար են. դրանց ի՞նչ հարկ կար, քանի որ «սահմանադրութիւն» գոյութիւն ունէր: Եթէ ինքնապաշտպանութիւնը պիտի լինէր «Յետաշրջականների», «Հին Թուրքերի», «Համիտականների» դէմ,- այն ժամանակ պէտք եղած զէնքը մենք կ’ունենայինք «Իտտիհատ»ի կառավարութիւից, աւելացնում էին նրանք՝ յաղթական կերպով:
Ու «Իտտիհատ»ի գործակալները, յայտնի թէ ծածուկ, մեզ մեղադրում էին ապստամբական միտումների, անջատողական ձգտումների մէջ:
Չուրանալով, բացատրելով հանդերձ, որ մեր անջատողականութիւնը, ճշմարիտ Սահմանադրական Թիւրքիայի հանդէպ, եթէ սա հնարաւոր լինէր, միայն Հայութեան ինքնուրոյն քաղաքական գոյութեան, պատմա-անհատական պայմանների կազմակերպութեան համար էին, մենք աղաղակում էինք, որ վտանգը, չարիքը պիտի գար՝ զէնքերի շտեմարանները, պահեստները իր ձեռքին ունեցող՝ հէ՛նց այդ «Իտտիհատ»ից, եւ նրա դէմ էր, որ պէտք էր զինուիլ, կանխապատրաստուիլ. որովհետեւ նա նոյնքան եւ աւելի վտանգաւոր, թունալից օձ էր, որքան որ «Յետաշրջականը», «Համիտականը»:
ԳԻՏԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐ.-Մեր ցանած սերմերը ամէն տեղ ապառաժների վրայ չընկան, մեր ձայնը ամէն վայրում անարձագանգ չմնաց: Յիշում եմ այն մի քանի շրջանները, այն մթին գիշերները, թաղերի յետ ընկած տների ժողովները, ուր հրաւիրւում, գտնւում էին եւ «զտուած մեծամեծները», «վստահելի երեւելիները», ժողովրդի զաւակների հետ միասին. երբ պարտաճանաչ, հաւատարիմ, ուխտապահ, Ս. Ղեւոնդի յաջորդը եղող Հայ Քահանան՝ Խաչի, Աւետարանի վրայ՝ գաղտնապահութեան երդումը տալուց յետոյ՝ խօսքն ինձ էր տալիս… Ու թափւում, թեթեւանում էի. այդ տեղ հարազատների առաջ էի… «Զէ՜նք, ինքնապաշտպանութի՜ւն, պատրաստութի՜ւն…»: Յիշում եմ հայ քրտինքի արդիւնքը՝ ափերով ոսկիները, որ անմիջապէս սեղանի վրայ էին թափւում, երբեմն հեկեկանքներով, օրհնանքներով: «Հայ Գութան»ը այս անգամ իր համար էր ուզում աշխատել: – Դրանք յեղափոխականի հանգստեան րոպէներ էին, եւ երջանիկ, հոգեզուարճ րոպէներ: Դրանք գործիչին նոր ոգի, շունչ, կայծ, կրակ, խթան տուող ժամեր էին. անմոռանալի՜ ժամեր, ուր մարդ բարձրանում, վսեմանում էր, առանձին հպարտութիւն էր զգում, որ մի մեծ ազգի զաւակ էր, ազգի՝ որ ուզում էր, վճռել էր ապրել, շնչել եւ դրա համար էլ պատրաստութիւն էր տեսնում՝ վտանգի վայրկեանին՝ իր մեծ ու պատմական ԵՍ-ը ալիքների վրայից նաւել տալու եւ մինչեւ խաղաղ նաւահանգիստը հասցնելու:
Ա՜խ, կազդուրիչ, հոգեպարար, վերամբարձ րեպէներ…
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այդ երեւոյթը ընդհանուր, համատարած չլինէր. պատմական ի՞նչ դժբախտութեամբ:
ՎԱԽԻ, ԵՐԿԻՒՂԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ.- Անցեալի կերած հարուածներից՝ ժողովուրդը վախի, երկիւղի զգացումով էր պաշարած՝ շատ տեղերում: Զէնքի պատճառով կրած հալածանքները իր մէջ ծնեցրել էին մի տեսակ զինատեցութեան ոգի: Ու երբ մենք՝ «զէ՜նք», «պատրաստութի՜ւն» էինք աղաղակում, մեզ պատասխանում էին շատ տեղերում, շատ կողմերից, թէ ի զուր ուշադրութիւն էք հրաւիրում մեր վրայ, պատճառ տալիս կասկածի, անվստահութեան. դա յանցանք է, որովհետեւ տխուր օրեր այլեւս չեն վերադառնալ եւ դրանց պէտք չենք ունենալ, «Եթէ զէնք ունենայինք, խոփ պիտի դարձնէինք, խաղաղ ժամանակը եկաւ. հիմա ամէն մարդ իր վաստակին պիտի նայի»: – Այսպէս էր բացատրում իրերի դրութիւնը մի հրապարակախօս, որի ասած-խօսածը մասնաւոր արժէք իր շրջապատի, իր հետեւողների համար, որոնք թուով արհամարելի չէին՝ սակայն:
Ի՜նչ ասել, եթէ ոչ այն, թէ անշարժութեա՜ն իմաստութիւն, ստրկակա՜ն հոգի, ինչե՞ր ստեղծելու ընդունակ չես:
Այսօր բարձրը, մեծը, պարտաճանաչը, ժամանակի նշանը հասկացողը՝ հայ իրականութեան մէջ՝ թշնամու առաջն է կանգնած եւ մեր հեւ ի հեւ օրերում՝ մեր լուսաճաճանչ փարոսն է հանդիսացած, մխիթարութեան վահանը, յոյսի նեցուկը: Նա կռւում է, նա մեռնում է, նա ապրեցնում է հայութիւնը…
Բայց անցնենք տխուր օրինակներին, պատասխանատուներին, նրանց Նմոյշներին: – Իր բացասականութեանը մէջ՝ դրանք շինիչ կողմեր ունին, մանաւանդ այս օրերիս մէջ:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԹԷԶԸ.- Կ. Պոլիս՝շքեղազարդ մի դահլիճի մէջ ենք. պերճանքը, ճոխութիւնը իր բարձր նրբութեանն է հասել: Ասիան, Եւրոպան ոչինչ չեն խնայել մարդկային յարմարութիւնները, կեանքի դիւրակեցութիւնները բազմառատ կերպով թափելու եւ տան տիրոջ ամէն տեսակի վայելք, հանգստութիւն պարգեւելու:
Խոսակցութիւնը առաւ լուրջ կերպարանք: Ամէն կողմ պաշտպանողական դիրքերի մէջ մտաւ եւ փաստերը սկսեցին տեղալ: Իւրաքանչիւր ոք աշխատում էր չխնայել իր հակառակորդին եւ վերջնական խօսքն ունենալ:
Հայաստանի զանազան անկիւներից մասնակի կոտորածների, բռնաբարութիւնների լուրեր են հասած:
Մեղադրւում է Հայ Յեղափոխականը. նա է, դարձեալ նա է գրգռողը. նա է պատճառ տուողը. եթէ ոչ՝ հայ գիւղացին հանդարտ կը մնար, վիզ կը ծռէր, ձայն չէր հաներ, զօրաւորի առաջ կը խոնարհէր եւ իր գլխին այդ փորձանքները չէր բերեր: Հայ Յեղափոխականներն էին նրան ոտքի հանողը, սխալ գաղափարներ տուողը եւ նրա տունը քանդելու իսկական պատասխանատուները. եթէ Յեղափոխականները չլինէին, դրանցից եւ ո՛չ մէկը կարող էր պատահել:
Նայեցէ՛ք.- գլխաւոր հակաճառողը, թէզի արտայայտիչ ըմբիշը Կ. Պոլսոյ արուարձաններից անդին դուրս եկած չէ. «գաւառը», «գաւառացի»ն նրան մնում են յաւիտենական անծանօթներ. նա միայն Պոլսոյ ասիական եզերքները, ամարանոցները գիտէ. նրա տեղեկութիւնները զովարար աղբիւրներից, քաղցրահամ ջրերից, վայելքների վայրերից անդին չեն: Նա Եւրոպայի կազդուրիչ բուժարանների բազմածախ հիւրն է: Շրջապատի համար՝ ազգային բարերար, աղքատին, եկեղեցուն, դպրոցին, տէրտէրին, տիրացուին առատ դրամ տուող՝ որպէս քրիստոնէական ողորմութիւն:
Սիրտս ճաթում էր. ինքս ինձ էի ուտում, որ դեռ 1910-ին էլ այդպիսի անձերի եմ հանդիպում: Ես ինքս ինձ, իմ ընկերներին էի մեղադրում, որ մեր պրոպագանդան ուժեղ, տարածուն չէր եղել, պատասխանատուն մենք էինք. եթէ ոչ՝ դժուար էր բացատրել այդպիսի ուղեղների գոյութիւնը, ուղեղներ՝ որ անհատական մտածմունքներ չէին յայտնում, այլ ուղիղ արտայայտութիւն էին ընկերային որոշ եւ ուժեղ ազդեցութիւն ունեցող մի մեծ շրջանի, խմբաւորումի:
Էլ չկաչողանալով ես ինձ զսպել, վճռական շեշտով հարցրի.
-Էֆէնդի՛, եթէ մէկը այս դահլիճի դուռը խորտակէր, ներս մտնէր, այստեղ եղածները յափշտակելու յետոյ՝ ձեր աչքի առաջ՝ ձեր կինը անպատուէր, դուք ի՞նչ կ’անէիք, ի՞նչ դիրք կը բռնէիք, որպէս ամուսին եւ ինչքի տէր. պատասխանեցէք վճռաբար եւ տղամարդի պէս, առանց պատ ի պատ խօսքերի:
«Էֆէնդի»ն զգաց թէ հարցը ո՛ւր պիտի գլորուէր, – չէ՞ որ իմ թէզը պիտի լինէր ցոյց տալ՝ որ Հայաստանցին շարժւում է, ընդդիմադրում է, որովհետեւ նրա պատիւն են բռնաբարում, քրտնաթոր աշխատանքի արդիւնքը՝ ինչքը, գոյքը յափշտակում:
Խորամանկը միտքս գուշակեց, իրեն թակարդի մէջ բռնուած զգաց, եւ մի քիչ շունչ առնելուց յետոյ, ճակատը սրբեց, ֆէսը գլխից հանեց եւ իմաստուն քաղաքագէտի հովեր առնելով՝ ասաց. – «Ես քեզ ուղիղն ըսեմ, ձայն չեմ հանիլ, եթէ այդպիսով իմ, զաւակներիս եւ կնոջս կեանքը կ’ազատեմ…»:
Դա մի սոսկալի խոստովանութիւն էր. դա մի սերունդի, մի որոշ դասակարգի հոգեբանութիւն էր՝ ճնշիչ, սիրտ պատառոտող. բայց այնու ամենայնիւ, դա իրականութիւն, պատմութեան մի որոշ շրջանի ստեղծած արդիւնք:
Ի՞նչ եղաւ հետեւանքը:
Ներկայ եղող միւս էֆէնդիները գայթակղուեցան, երեւութական սոսկումի, զզուանքի, բարկութեան արտայայտութիւններ արեցին, ֆէսերը գլխներից վայր առան եւ քրթմնջալ, փնթփնթալ, դժգոհել սկսեցին: Մէկը՝ բաւականին բարկացած շեշտով պոռաց. «Խենդեցե՞ր ես, Ե… էֆէնդի, ի՞նչ կ’ըսես, ատիկա ըլլալի՞ք բան է…»:
Ու հերոս էֆէնդին՝ թուքը կուլ տալով, ուժերը հաւաքեց եւ հաստատ, որոշ, աւելի համոզուած ձայնով՝ պատասխանեց. «Այո՛, ըսածս ճիշդ է…»:
Նորից լռութիւն:
Շունչս ուղղակի կտրւում էր:
-«Էֆէնդիներ, զիս ինչո՞ւ կը մեղադրէք. դո՞ւք ինչո՛ւ կը մեղադրեք. կը հասկնամ էֆէնդու ըսածները, ան յեղափոխական է, գիտեմ թէ ի՛նչ կ’ուզէ ըսել. բայց դո՞ւք, դո՞ւք ինչու զիս կը մեղադրէք»- ասաց, եւ տեղից վեր կենալով, գլուխը կախած, մի քանի քայլ յետ ու առաջ անելուց յետոյ, յանկարծ կանգնեց իր դասակից էֆէնդիների առաջ եւ՝ մի առանձին հանդիսական շեշտով՝ աւելացրեց.
«Եթէ ըսածս ուղիղ չէ, մե՛նք ալ յեղափոխականներ եղած կ’ըլլանք, ալ ինչո՞ւ ամէն օր այս մարդկանց կը հայհոյենք, կը մեղադրենք, կ’ամբաստանենք»:
Ընդդիմադի՛ր, ըմբոստացի՛ր, զէ՛նք առ, կռուի՛ր, հայ ժողովուրդ, քո փրկութիւնդ քեզանից, քո բազուկիցդ պիտի սպասես, ու դրա համար էլ արեան լճերի միջից պիտի անցնես, ազատութեանդ ուղին սա է. – ասել էր, քարոզել էր Հայ Յեղափոխականը՝ դեռ տասնեակ տարիներ առաջ, եւ ահա մարդիկ, էֆէնդիներ, կեանքը վայելող հարուստներ, ո՛չ թէ կղզիացած անհատներ, այլ ընկերային որոշ խմբաւորումներ, որոնք պատուի, անհատական, ազգային աշխատանքի իրաւունքների մասին բոլորովին տարբեր գաղափարներ ունէին. գաղափարներ՝ որ իրենց կեանքին ուղղութիւն էին տալիս, իրենց վարուելակերպին, բարոյական հասկացողութիւններին՝ ընթացք. գաղափարներ՝ որոնց տարրերը հազիւ թէ այդքա՜ն անարատութեամբ գտնուէին Միջին Դարերի ճորտերի ուղեղի մէջ:
Զէնքի, ինքնապաշտպանութեան հակառակ էին, դրամ չէին տալիս. պատիւ, գոյք, հարստութիւն կորցրին: Իրենք պատասխանատո՞ւ են իրենց կեանքին, թէ՞ ոչ:
Հասկացա՞ն հիմա, որ «Իտտիհատ»ը բազմագլխեան մի հրէշ էր, որի գլուխը պէտք էր շամփրել անխնայ՝ ժամ առաջ: Հարցը այժմս յստակ կերպով պարզուե՞ց: Իրենց դիրքը պիտի փոխե՞ն, դարձի պիտի գա՞ն, մեզ նեցուկ պիտի լինե՞ն:
Անցքերը, դժբախտաբար, չեկա՞ն մէկից աւելի, ցոյց տալու, որ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆը մի սրբազան եւ անձեռնմխելի իրաւունք էր. իսկ մեր կորստեան պատճառը՝ համակերպութիւնը, կրաւորականութիւնը:
Ինքնապաշտպանութեան հակառակորդների թէզը է՛լ աւելի պարզաբանում է հետեւեալ բնորոշ նմոյշ-պատմութիւնը:
Իզմիր ենք, 1909-ն է: Ադանայի կոտորածի բօթը ամէնքի բերանն է. իրականացումը մեծ է, յեղափոխական տարրը տանկն ու վրայ է եղած. յաճախ ժողովներ էին տեղի ունենում, մանաւանդ, որ հակահարուածը ուրիշ տեղերի վրայ տարածուելու երկիւղը կար. շատ չէզոքներ, անտարբերներ, արտակուսակցականներ, հայութիւնից իրենց դուրս համարողներ սկսել էին մեզ մօտենալ՝ իրենց կաշիի երկիւղից:
Խօսակցութիւնը, վիճաբանութիւնը բաւականին տաք է. ու հաւաքուած աղաներից միջից, բազմած տեղից՝ իրանը սեղմեց, գլուխը առաջ ուղղեց, բերանը բացաւ Ս. – աղան, որի խօսքերը տալիս ենք մօտաւոր հարազատութեամբ:
-«Կոտորածի պատճառը Հայերն են. եթէ հայ յեղափոխականները չդիմադրէին, այդքան մեծ արիւնահեղութիւն չէր լինիլ: Որովհետեւ առաջին անգամ կը կոտորէին, կը յագենային եւ յետոյ՝ ետ կը քաշուէին: Ընդդիմադրեցին, պատճառ եղան, որ կոտորածը աւելի՛ շարունակէր, աւելի՛ տարածուէր, աւելի՛ խստանար: Ընդդիմադրելը թուրքի մէջ վայրագութիւն, կատաղութիւն կը յառաջացնէ եւ կը ստիպէ է՛լ աւելի ջարդել, է՛լ աւելի կոտորել: Պէտք չէ թուրքը գրգռել, կրքերը սաստկացնել, նա գազան է. աւելի լաւ է լռել, ձայն չի հանիլ, թողնել որ անէ, ինչ որ կ’ուզէ, մինչեւ որ յագենայ, ինքն իրեն հանդարտի… Ինքնապաշտպանութիւնը վնաս է, մեզ նման ժողովրդի համար չէ՛, նա օգուտից աւելի՝ չարիքների դուռ կը բանայ: Համակերպի՜նք, եւ մեզ բախտին յանձնենք: Դրա համար էլ՝ դրամ չեմ տալ, որպէսզի, գէթ, խիղճս հանդարտ մնայ, երբ կոտորած, արիւնահեղութիւն պատահէ»:
Աչքի առաջ ունեցէք որ Ս. – աղան ամենից անկեղծը, ամենից անվերապահն էր: Նա ասում, խօսում էր ա՛յն, ինչ որ իր կարգի, իր նմանների համար շիտակ, ճշմարիտ, ուղիղ էր: Նա՝ միւսների նման՝ իր հոգին չվարագուրեց, կարծիքները չպահեց, իր զգացումները չկեղծեց. այլ ասաց ա՛յն, ինչ որ ներկայ եղողների բոլորի սրտի արտայայտութիւնը, նրանց ամէնքի քաղաքագիտական փիլիսոփայութիւնն էր:
Ու Ս. – աղան կղզիացած, պատահական երեւոյթ չէ՛, ո՛չ էլ առանձնայատուկ միայն մի որոշ միջավայրի. ընդհակառակը՝ նա արդիւնարարը, բերանն է մի ստուար դասակարգի, որի համշիրակները ահագին թիւ են կազմում, եւ հայ իրականութեան բոլոր շրջաններում լի են՝ դժբախտաբար:
Ուրիշ պատմութիւն:
Արհաւիրքը ամէն կողմն էԼ Կ. Պոլիս դիմումներ են եղած. պահանջ է դրուած որոշեալ թիւ հարուստների վրայ, Օ. եւ Ֆ. Շրջանների ազգաբնակչութիւնը զինելու համար:
-Ի՞նչ եղաւ ձեր հաւաքոյթի հետեւանքը, Ա.-Էֆէնդի, հարցնում ենք, ազգային մի ջոջից:
-«Հաւաքուեցանք. «միւսները» իրենց համար մինակ 15 հազար ոսկի ուզեցին. մենք էլ առիթից օգտուեցանք, ասացինք, որ եթէ 15 հազար ձեզ տանք, դրանից աւելին էլ Հնչակեաններին պիտի տանք. որովհետեւ նրանք աւելի հին Կուսակցութիւն են եւ է՛լ աւելի գործ են կատարել: Սկսեցաւ վիճաբանութիւնը: «Միւսները» պնդեցին, որ մինակ իրենց տանք եւ ո՛չ ձեզ, ասելով, որ եթէ մինակ իրենց տալու լինենք, յեղափոխական հասկացողութեամբ, այլեւս «նրանք» պահանջելու իրաւունք չեն ունենալ: Մենք էլ ասացինք, որ անկարելի է. տանք՝ «երկուսիդ» էլ պիտի տանք, եթէ ոչ՝ ո՛չ մէկիդ էլ պիտի չտանք: Ցրուեցանք, մի ուրիշ անգամ ժողովուելու համար…»:
-Լաւ, մենք համաձայն ենք. տուեցէք՝ որին ինչքան որ կ’ուզէք, միայն թէ իւրաքանչիւրին իր ներկայացրած պէտքերին եւ անհարժեշտութեանց համաձայն: Աճապարեցէք, ժամանակ չկայ, գործը վտանգւում է:
-«Մենք «միւսների» 15 հազարի առաջարկից օգտուեցանք ո՛չ թէ դրամ տալու, այլ խոյս տալու, փախչելու համար, որովհետեւ թակարդի մէջ էինք բռնուել՝ չգիտնալով: Այդ կերպով մեր օձիքը միայն ազատեցինք: Ո՛վ ինքնապաշտպանութեան, զէնքի պէտք ունի, թող դրամ տայ, առնի, մեր ի՞նչ գործն է. 15, 30 հազար չէ՛, փարայ էլ չենք տալ: Մենք ինչպէս որ ապրել ենք, էլի կը շարունակենք ապրիլ. տեղն եկաւ՝ կաշառք կը տանք, բերանները կը քաղցրացնենք եւ մեր գործը կը տեսնենք…»:
Ու Ա.-Էֆէնդին, հեգնանքի ժպիտը երեսին, քա՜հ քա՜հ ծիծաղում էր թէ ինչպէս սրամտութեամբ՝ կուսակցական մրցակցութիւնից օգտուեցան եւ «օձիքնին» ազատեցին միանգամ ընդ միշտ:
Ա.- Էֆէնդիների անմեղութեա՞նը ողբանք, թէ՞ տգիտութեանը, անպարտաճանաչութեանը: Սա ցաւալի չէ՞:
Մեր ընդդիմադրութեան ցանցառութիւնը, համեմատական անզօրութիւնը լաւ հասկնալու համար, այս հանգամանքները, հոգեբանութիւնը եւ ստեղծող տարրերը միշտ նկատողութեան պիտի առնել:
Հարցրէ՛ք Հայ Յեղափոխականին, բացէ՛ք նրա բազմատանջ, վիրալից սիրտը, քրքրեցէ՛ք նրա չարչարուած ուղեղի բջիջները, թերթեցէ՛ք արտասուքով թրջուած նրա յուշագրութիւնները եւ նա ձեզ հարիւրաւոր օրինակներ, պատկերներ կը ներկայացնէ՝ մէկը միւսից աւելի կարկառուն, մէկը միւսից աւելի համոզիչ, անհերքելի, սարսռեցուցիչ՝ ցոյց տալու համար թէ ասիական լուծը, թրքական բռնակալութիւնը ո՜ր աստիճան խաթարել, այլակերպել է Հայի սիրտը, հոգին, զգացմունքները, նրա բարոյականութիւնը:
Հասկնալի՞ է մեր տխուր իրականութիւնը:
Ո՞ւր են, հիմա, մեր՝ «մի ընդիմադիր չարին» գաղափարի պաշտպանները. զգացի՞ն այժմս զէնքի, նախապատրաստութեան, մարտական կազմակերպութեան, ինքնապաշտպանութեան արժէքը: Ինչո՞ւ ժամանակին չզօրեղացրին մեր բազուկները՝ որ իրենցն էր. ինչո՞ւ մեր թեւերը կտրատեցին եւ միջոց տուեցին, մեր տկարութեան երեսից, որ մեր թշնամին է՛լ աւելի ուժեղանար, է՛լ աւելի ամրապնդուէր, է՛լ աւելի վագրանար՝ արեան ծարաւի, անյագ դառնար:
Կը լինէ՞ր այդ թշնամին ա՛յն, ինչ որ է այսօր, եթէ օրը օրին նրա ատամները փշրելու գործիքը, ուժը, կազմակերպութիւնները ունեցած լինէինք: Եւ մի՞թէ դա մեր կարողութիւնից վեր էր, եթէ միջոցը լինէր. – բնաւ երբեք: