Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախմբի մասին համաձայնագրի ստորագրմանը․ համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 14-ին հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման մասին»,- ասված է փաստաթղթում։
Համաձայն կարգադրության տեքստի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է երկրի արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը։
Ռուսաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ին ընդունել էր որոշում, որով Ռուսաստանի նախագահին առաջարկել էր հայկական կողմի հետ ստորագրել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիր»: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել էր նոյեմբերի 8-ին։
Համաձայն որոշմանը կից համաձայնագրի տեքստի՝ Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով։
Հունիսի վերջին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: