ԳԱԼԱ-ի հարցազրույցը կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի հետ:
– Պարոն Հակոբյան, քաղաքագետները կանխատեսում էին, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ կտանի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մինչդեռ ԱՄՆ–ի քաղաքացիներն ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրեցին հանրապետական գործարար Դոնալդ Թրամփին: ԱՄՆ նախագահի ընտրությունները մեզ համար հատկապես կարևոր են, երբ խնդիրը քննարկում ենք ԼՂ և ԱՄՆ–ՌԴ համատեքստում: Ինչպե՞ս եք գնահատում Թրամփի հաղթանակը:
-Ճիշտ եք նկատում, որ ամբողջ աշխարհը սպասում և ցանկանում էր, որ Դոնալդ Թրամփը պարտվի, բայց Թրամփի հաղթանակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ում ընտրությունները չեն կեղծվում, այսինքն շատ կարևոր է յուրաքանչյուր քվե: Բոլորս տեսնում էինք, թե հեռուստատեսություններն ինչ կատաղի հակաթրամփյան արշավ էին սկսել, վարկաբեկում նրան հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում նաև անձնական կյանքի: Հիշում ենք սեքս սկանդալների հետ կապված: Բայց, այնուամենայնիվ, այս ընտրությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ում ընտրությունները չեն կեղծվում, ժողովրդի քվեն հաշվի է առնվում:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում ունի շահեր և հատկապես ղարաբաղյան խնդրում Մինսկի խմբի համանախագահող երկիր է և բավականին ակտիվ է եղել՝ ներկայացնելով առաջարկներ, և բնականաբար կարևոր է այս իմաստով: Բայց ես չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահի անձն է կարևորվում, թե ինչպիսի լուծում կառաջարկվի ԼՂ հարցում: Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն ինստիտուտների պետություն է, այո, անձերը կարևոր դերակատարություն են խաղում, բայց մեծ հաշվով ամերիկյան շահն է միշտ հաշվի առնվում: Կլինե՞ն արդյոք ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր զարգացումներ, դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի նաև ԱՄՆ – ՌԴ հարաբերությունները: Այս իմաստով ես կարծում եմ, որ Թրամփի ընտրությունը շատ ձեռնտու է Հայաստանի համար հետևյալ համատեքստում:
Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում ակնհայտ էր, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի են վատանալու, այն դեպքում, երբ թվում է, թե այլևս վատանալու տեղ չկա: Սակայն Թրամփի հաղթանակի դեպքում հույսեր կան, որ ռուս-ամերիկյան մերձեցում կարող է լինել: Իսկ այդ մերձեցումից, իմ կարծիքով, շահելու ենք: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարումից մենք շատ հաճախ ստիպված կանգնում ենք երկընտրանքի առաջ: Մենք աշխարհագրորեն և բազմաթիվ թելերով կապված ենք Ռուսաստանին, և երբ որ ռուս-ամերիկյան հարաբերությունները վատանում են, դրանից տուժում է նաև Հայաստանը: Եվ որքան որ ռուս-ամերիկյան հարաբերությունները լինեն բնականոն և կառուցողական, դրանից կշահի Հայաստանը, որը հնարավորություն կունենա զարգացնել իր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից նաև համագործակցությունը շարունակել ԱՄՆ հետ: Այս իմաստով կարծում եմ դրական ազդեցություն կունենա:
–Թրամփին նախընտրական քարոզչության շրջանում հակառակորդները նաև մեղադրում էին, որ վայելում է Պուտինի աջակցությունը: Իսկ Թրամփն իր հերթին քարոզում էր ՌԴ հետ ալյանս կազմելու և «Իսլամական պետության» դեմ պայքարելու հեռանկարը: Եթե ՌԴ և ԱՄՆ քաղաքական ուղեգծերը ԼՂ հակամարտության հարցում չխաչվեն, չհակասեն, ապա դրանից կշահի՞, թե՞ կտուժի ԼՂ կոնֆլիկտի համակողմանի և օբյեկտիվ լուծումը:
-Իհարկե, այն հանգամանքը, որ մեղադրում էին, թե Թրամփը Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի, և Թրամփն էլ չէր հերքում, դա ինչ-որ տեղ նաև քաղտեխնոլոգների կողմից մշակված հատուկ սև փիար էր, և մտադիր էին վարկաբեկել Թրամփին: ԱՄՆ-ում ՌԴ համբավը լավը չէ, փորձ էին անում դրանով ազդել նաև ընտրողների կարծիքների վրա: Իհարկե, շատ միամիտ է այն տեսակետը, թե Ռուսաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա: Ոչ, բոլորովին, ԱՄՆ քաղաքացիները գնացել և իրենց կամքով ընտրել են Թրամփին: Լավ նախագահ կլինի նա, թե վատ, ցույց կտա ժամանակը, և դա առաջին հերթին Միացյալ Նահանգների քաղաքացիների խնդիրն է:
Վերադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ ես ուզում եմ հիշեցնել, որ միայն մեկ անգամ է եղել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն իրավամբ սկսել են գործընթաց ԼՂ հարցում, և դա շատ մոտեցրել էր, և թվում էր, թե լուծում կգտնվի: Դա 1999, 2000, 2001թթ. էին: Ավելի կոնկրետ 2001թ.-ն էր, երբ որ նախագահներ Քոչարյանն ու Ալիևը մեկնեցին Ֆլորիդա բանակցությունների, իսկ դրան նախորդել էին բանակցությունների մի քանի փուլեր: Այդ գործընթացը, որն ավարտվեց փաստորեն Քի Վեսթում կամ կիսատ մնաց Քի Վեսթում, սկսել էր Պուտինը և շարունակել էր ԱՄՆ-ն: Վերջերս ես առիթ ունեցա զրուցելու այն ժամանակ Մինսկի խմբում ԱՄՆ դեսպան Քերի Քավանոյի հետ, և նա պարզորոշ ասաց, որ այն ժամանակ Քի Վեսթում բավականին առաջ էին գնացել և անհավատալիորեն մոտ էին կարգավորմանը, որովհետև այն ժամանակ ՌԴ-ն և ԱՄՆ-ն միասին աշխատում էին առանց իրար հարվածելու՝ լուծումներ գտնելու համար:
Հետևաբար չի կարելի բացառել, որ եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը փորձեն առաջ տանել կարգավորման գործընթացը, ապա կարող է հարցն առաջ գնալ:
Այստեղ կարող է հարցեր առաջ գալ՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Որովհետև, եթե ասում ենք կարգավորման գործընթացն առաջ տանել, դա նշանակում է նախ փոխզիջումներ, և դա նշանակում է, որ կարգավիճակի դիմաց հայկական կողմը տարածք զիջի: Սա ներկայացված բոլոր փաստաթղթերում ու բոլոր առաջարկներում է: Հետևաբար, հարց է, թե մենք ինչ ենք ուզում: Եթե մենք ուզում ենք, որ ներկա ստատուս-քվոն պահպանվի, նշանակում է մենք լուծում չենք ուզում: Իսկ եթե լուծում ենք ուզում, պետք է հասկանալ, որ առանց ստատուս-քվոյի փոփոխության անհնար է պատկերացնել մի լուծում, որի տակ կլինի Ադրբեջանի ստորագրությունը: Այնպես որ, տեսնենք, թե ինչքանով ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կաշխատեն Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ:
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկու այս գերտերությունների ցանկությունն ու շահերի համընկնումը ԼՂ խնդրի լուծման հարցում ընդամենը մեկ հարթակն է, կա նաև երկու այլ հարթակ, որոնց դեպքում հնարավոր է լուծում: Երկրորդ հարթակն է Հայաստանի և Ադրբեջանի իշխող էլիտաների, վարչակարգերի ցանկությունը՝ գտնել լուծում, և երրորդ՝ ամենաներքին և ամենակարևոր հարթակն այն է, թե երկու ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները, լուծում ուզո՞ւմ են:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի