Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նպատակը ոչ թե բարեփոխումներն են, այլ իշխանություն պահելը

1268

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ կառավարությունը չունի բարեփոխումներ կատարելու մեծ շանսեր, որովհետև ՀՀԿ-ն ոչ թե ցանկանում է բարեփոխումներ կատարել, այլ փորձում է իշխանությունը պահել:

“Բարեփոխումներ կատարելու առանցքային նախապայմանն այն է, որ ՀՀԿ-ն պատրաստվի իշխանությունից հեռանալ և խախտի ստատուս քվոն: Հայաստանում մոնոպոլիան ՀՀԿ-ն է ստեղծել, որպեսզի այս մարդկանցից խլի այդ մոնոպոլիաները և ազատ մրցակցություն ստեղծի, ապա ՀՀԿ-ն նախ պետք է պատրաստ լինի իշխանությունից հեռանալ: Բայց ՀՀԿ-ն նման պլան չունի, ավելին, Սերժ Սարգսյանը պատրաստվում է հիմա էլ վարչապետ դառնալ: Այդ տեսակետից բարեփոխումները զուտ կոսմետիկ են լինելու և հանրության աչքին թոզ փչելու նպատակ են հետապնդելու: Սերժ Սարգսյանը դեռ 2013-ին պահանջ էր դրել, որ բոլոր կառավարությունները պետք է ապահովեն 7 տոկոս տնտեսական աճ, այլապես պետք է հեռանան: Հիմա խոսել 3.2 տոկոսից մի փոքր ավելի աճի մասին դա ոչ մի բան է, ոչ մի բանի մասին չի խոսում”-, ասել է Գրիգորյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի որոշումն է եղել Կարեն Կարապետյանին կարգել վարչապետ, և նա Ռուսաստանից չի գործուղվել:

“Պարզապես Կարապետյանն ամենահարմար թեկնածուն էր, այդ նպատակով Սարգսյանը նրան որոշեց նշանակել: Դա Սարգսյանի նախաձեռնությունն էր: Ինչ մնում է Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը, ես կարծում եմ, որ իրեն ինքը տեսնում է ավելի շատ որպես վարչապետ: Սարգսյանը համակարգը շատ լավ հասկացել է, ինքը չի կարող դե յուրե իշխանությունը հանձնել մեկին, ինչպիսին, օրինակ, Կարեն Կարապետյանն է, ինքը մնա որպես կուսակցության ղեկավար: Սարգսյանն իրեն վարչապետ է տեսնում: Միանշանակ է, որ ինքը Սահմանադրությունը փոխել է, երկար տարիներ երազել է իր իշխանությունը ցմահ դարձնելու մասին: Նա ասել էր, որ չի առաջադրվելու, բայց անցյալ տարի այս օրերին, մի քանի օր առաջ էլ ակնարկեց վարչապետ դառնալու իր հեռանկարի մասին: Ավելի շատ գնալու է այդ քայլին, եթե հանգամանքների ինչ-ինչ փոփոխություն չլինի”-, ասել է Գրիգորյանը: